Հայոց Ցեղասպանութեան Իրողութիւնը Երիտթուրքերի Դատական Վաւերագրերում (1919-1921) (Ա. Մաս)

«ԱԿՈՒՆՔ»

Մելինէ Անումեան

Մելինէ Անումեան

Սոյն թուականի օգոստոսի 11-17 Թուրքիայի Քոճայելի նահանգի Դերբենթ գաւառում Եւրոպական միութեան ֆինանսաւորմամբ` «Աջակցութիւն Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հելսինքեան քաղաքացիական համաժողովի կողմից կազմակերպուեց «Եաւաշ-Կամաց» ամառնային դպրոցը, որին մասնակցեցին շուրջ 20 ուսանողներ եւ ուսուցիչներ Հայաստանից եւ նոյնքան էլ` Թուրքիայից: Օգոստոսի 15-ին, ամառնային դպրոցի ծրագրի համաձայն, «Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը երիտթուրքերի դատական վաւերագրերում (1919-1921)» վերնագրով դասախօսութեամբ հանդէս եկաւ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի թուրքերէն բաժնի պատասխանատու, պատմական գիտութիւնների թեկնածու Մելինէ Անումեանը, որի զեկուցումի առաջին մասը ներկայացնում ենք ստորեւ:

«Իթթիհատականների` հայերի բնաջնջմանն ուղղուած քաղաքականութիւնը Օսմանեան կայսրութեան կողմից պաշտօնապէս դատապարտուել է դեռեւս 1919-1921 թթ.` ռազմական արտակարգ ատեաններում կայացած 60-ից աւելի դատավարութիւնների արդիւնքում ընդունուած դատավճիռների միջոցով: Այդ բոլոր դատական գործերը յարուցուել են Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանեան կայսրութիւնում հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով: Երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան անդամների` 1919 թ. ապրիլ-յուլիս ամիսներին տեղի ունեցած դատաքննութիւնների համար հիմք են ծառայել ոչ միայն հայերի տեղահանման եւ ոչնչացման մէջ կարեւոր դեր ունեցած Յատուկ կազմակերպութիւնը հիմնելու, այլ նաեւ` առանց հիմնաւոր պատճառի երկիրը պատերազմի մէջ ներքաշելու, տնտեսական չարաշահումներ թոյլ տալու, սեւ շուկայում գործունէութիւն ծաւալելու եւ երկրի անվտանգութիւնը խախտելու մեղադրանքները: Ինչպէս նշում է հայաստանցի փրոֆեսէօր Նիքոլա Յովհաննիսեանը, հէնց այս դատաքննութիւնների արդիւնքում ընդունուած դատավճիռների միջոցով օսմանեան կառավարութիւնն արդէն իսկ պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Միաժամանակ այս դատավարութիւնները կարեւորւում են նաեւ Հայոց ցեղասպանութեան փաստի հաստատման առումով, քանի որ դատական գործերի նիստերում ներկայացուած մեղադրական եզրակացութիւնները, դատաքննութեան ընթացքում ունկնդրութեան արժանացած վկաների եւ ամբաստանեալների ցուցմունքները, ընթերցուած ծածկագիր հեռագրերը ու, յատկապէս, դատավճիռներն ընդգրկող փաստաթղթերն անհերքելիօրէն ապացուցում են, որ հայերի զանգուածային կոտորածները եղել են կանխամտածուած եւ ծրագրուած երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան կողմից:

Ա. Աշխարհամարտից յետոյ, զինադադարի շրջանում, Օսմանեան կայսրութեան` շատ արագ միմեանց յաջորդող կառավարութիւնների` Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներին բացայայտելու եւ դատապարտելու նախաձեռնութիւնն առաջին հերթին պայմանաւորուած էր հաշտութեան պայմանագրի դրոյթները եւ յաղթանակած տէրութիւնների դիրքորոշումը մեղմելու ցանկութեամբ, քանի որ կայսրութեանը վերջնական կործանում էր սպառնում: Թուրքիայի վրայ մեծ ազդեցութիւն ունեցաւ յատկապէս համաշխարհային հանրութեան` մեղաւորներին միջազգային դատարանին յանձնելու պահանջը: Հարկ է նշել, որ դեռեւս Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին, երբ արեւմտահայերի զանգուածային բռնագաղթի ու կոտորածների լուրը տարածուել էր ողջ աշխարհով մէկ, դաշնակից երկրները` յանձինս Ֆրանսայի, Մեծն Բրիտանիայի եւ Ռուսաստանի կառավարութիւնների, 1915 թ. մայիսի 24-ին բողոքի յուշագիր էին յղել Բարձր Դրանը` յայտարարելով, որ Օսմանեան կայսրութեան այդ նոր ոճրագործութիւններն ուղղուած են մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ, եւ որ դրանց համար իրենք պատասխանատու են ճանաչելու օսմանեան կառավարութեան բոլոր անդամներին, ինչպէս նաեւ` կոտորածներին մասնակից տեղական իշխանութիւններին:

Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ դաշնակից տէրութիւնները փորձեցին կոտորածների պատասխանատուների նկատմամբ կիրառել միջազգային իրաւունքի սկզբունքները, սակայն յաջորդ ամիսներին այդ նախաձեռնութիւնը հետզհետէ թուլացաւ եւ, ի վերջոյ, զոհ գնաց քաղաքական խարդաւանքներին:

«Իթթիհատ վէ Թերաքքը-ի ղեկավարութիւնը

«Իթթիհատ վէ Թերաքքը-ի ղեկավարութիւնը

Տեղի տալով համաշխարհային հանրութեան ճնշմանը` Օսմանեան կայսրութեան սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիտէտտինը եւ յաճախ փոփոխուող կառավարութիւնների ներկայացուցիչները փութացին պատժել Ա. Աշխարհամարտի տարիներին այստեղ կատարուած ոճրագործութիւնների, մասնաւորապէս` հայերի տեղահանութեան ու կոտորածների հեղինակներին: Այս հարցում կարեւոր դեր խաղաց նաեւ այն, որ 1918 թ. դեկտեմբերից իշխանութեան եկած կառավարութիւնները կազմւում էին Իթթիհատի հակառակորդ ու պատերազմի տարիներին հալածուած Ազատութիւն եւ համաձայնութիւն կուսակցութեան անդամներից:

Մուտրոսի զինադադարի կնքմանը յաջորդած ամիսներին Օսմանեան կայսրութեան հասարակութեան շրջանում նկատելի էր Ա. Աշխարհամարտում քրիստոնեաների դէմ իրականացուած կոտորածների մէջ իթթիհատականներին մեղադրելու եւ նրանցից զատուելու միտում: Այս ժամանակաշրջանում օսմանեան մամուլում խիստ մեղադրանքներ են հնչեցուել երիտթուրքերի դէմ: Յատկապէս սուր քննադատութեան է ենթարկուել հայերի նկատմամբ նրանց վարած քաղաքականութիւնը: Հայերի տեղահանութեան եւ կոտորածների խնդիրն ընդգրկուել է նաեւ տուեալ ժամանակաշրջանի օսմանեան խորհրդարանի օրակարգ, եւ վերջինս 1918 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դարձել է թէժ վիճաբանութիւնների թատերաբեմ: Օսմանեան խորհրդարանում կայացած քննարկումների արդիւնքում փաստուել է պատերազմի ժամանակ երիտթուրքական կուսակցութեան եւ կառավարութեան կատարած չարաշահումների եւ ոճրագործութիւնների իրողութիւնը: Դրանք քննելու նպատակով օսմանեան խորհրդարանում ստեղծուել է Հինգերորդ յանձնախումբը, որը, ի թիւս այլ մեղադրանքների, երիտթուրքական կուսակցութեանը մեղադրել է նաեւ պատերազմի տարիներին հայ բնակչութեան անհիմն տեղահանութեան, զանգուածային ոչնչացման եւ այդ բնաջնջումն իրականացնելու համար Յատուկ կազմակերպութիւն անուամբ անօրինական կառոյց ստեղծելու մէջ: Օսմանեան խորհրդարանի Հինգերորդ յանձնախումբը հարցաքննուած նախարարների մեկնաբանութիւններին եւ խոստովանութիւններին յաւելել է նաեւ բազմաթիւ փաստաթղթեր, որոնց մէջ եղել են կոտորածներին վերաբերող խիստ գաղտնի հրահանգներ: Այս վաւերագրերը հետագայում յանձնուել են Ռազմական ատեանների դատախազներին:

Հայոց ցեղասպանութեան պատասխանատուների հետաքննութիւնը Օսմանեան կայսրութիւնում գրեթէ միաժամանակ կատարուել է երեք տարբեր հետաքննիչ յանձնաժողովների կողմից: Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներին գտնելու ուղղութեամբ կարեւոր հետաքննութիւն է կատարել նաեւ Յանցագործութիւնների հետաքննիչ յանձնաժողովը, որը յայտնի է Մազհարի յանձնաժողով անունով: Վերջինս երկու ամսուայ ընթացքում ձեռք է բերել հայերի կոտորածների վերաբերեալ բազմաթիւ ապացոյցներ, այդ թւում` ծածկագիր հեռագրեր, պաշտօնական գրութիւններ, հրահանգներ ու հրամաններ, ինչպէս նաեւ` ականատեսների վկայութիւններ, որոնք եւս 1919թ. յունուարին յանձնուել են Պոլսի ռազմական ատեանին: Սակայն Առաջին ռազմական ատեանը, վերոյիշեալ հետաքննող յանձնաժողովների կողմից ձեռք բերուած նիւթերը թերի համարելով, հիմնել է նաեւ իր 5 հետաքննիչ յանձնաժողովները, որոնք եւս ձեռք են բերել մի շարք յաւելեալ տեղեկութիւններ, որ յանձնուել են ռազմական դատարանների դատախազներին:

Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան անդամների դատավարութիւնն սկսուել է 1919 թ. ապրիլի 28-ին եւ շարունակուել մինչեւ նոյն տարուայ մայիսի 17-ը: Դատավարութեան ժամանակ հեռակայ կարգով մեղադրուել են 11, իսկ ներկայ` 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտօնեաներ: Դատաքննուել են ներկայ հետեւեալ պաշտօնեաները` վարչապետ Սայիտ Հալիմ փաշան, արտաքին գործերի նախարարներ Հալիլ Մենթեշէն եւ Ահմեթ Նեսիմին, արդարադատութեան նախարար Իպրահիմ Փիրիզատէն, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ Քիւչիւք Թալէաթը, Յատուկ կազմակերպութեան անդամ Ռըզա պէյը, կենտրոնական կոմիտէի գլխաւոր քարտուղար Միտհաթ Շիւքրիւն, կենտրոնական կոմիտէի եւ Յատուկ կազմակերպութեան անդամ Զիա Կէօքալփը, պարէնաւորման նախարար եւ կենտրոնական կոմիտէի անդամ Քարա Քեմալը, հանրակրթական Շիւքրիւ պէյը, Պոլսի կայազօրի հրամանատար Ահմեթ Ճեւատը եւ Անգարայի պատգամաւոր ու Յատուկ կազմակերպութեան անդամ Աթիֆը: Հեռակայ կարգով դատուողներն էին` ներքին գործերի նախարար եւ վարչապետ Թալէաթը, ռազմական նախարար Էնվերը, ռազմածովային նախարար Ճեմալը, կենտրոնական կոմիտէի անդամ, հանրակրթական նախարար եւ Յատուկ կազմակերպութեան ղեկավարներից դոկտոր Նազըմը, կենտրոնական կոմիտէի անդամ եւ Յատուկ կազմակերպութեան Արեւելեան վիլայեթների բաժանմունքի ղեկավար ՊԷհաէտտին Շաքիրը, կենտրոնական կոմիտէի անդամ դոկտոր Ռիւսուհին եւ հասարակական անվտանգութեան նախարար ու Յատուկ կազմակերպութեան անդամ Ազիզը:

«Փախստական»-ները

«Փախստական»-ները

Սոյն դատական գործի առաջին նիստում դատական քարտուղար Շեֆիքի կողմից կարդացուել է մեղադրագիրը: Հարկ է առանձնայատուկ անդրադառնալ 41 միաւոր պաշտօնական եւ կիսապաշտօնական բնագիր փաստաթղթերի հիման վրայ կազմուած մեղադրական գրին, քանի որ այն բաղկացած էր այնպիսի խիստ կարեւոր վաւերագրերից, ինչպիսիք են ծածկագիր հեռագրերն ու բարձրաստիճան պաշտօնեաների եւ զինուորականների տուած վկայութիւնները: Այս դատական վաւերագրերը բացառիկ արժէք են ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, որ դրանցից իւրաքանչիւրն ուսումնասիրուել է Օսմանեան կայսրութեան արդարադատութեան եւ ներքին գործերի նախարարութիւններին ենթակայ իրաւասու պաշտօնեաների կողմից, որոնք հաստատել են դրանց վաւերականութիւնը: Բացի այդ` շատ դէպքերում մեղադրեալներին ցոյց են տրուել փաստաթղթերի տակ դրուած սեփական ստորագրութիւնները, եւ նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում: Գլխաւոր ամբաստանագրում տեղ գտած վաւերագրերի մեծ մասը բաղկացած էր կուսակցութեան կենտրոնական կոմիտէի եւ կառավարութեան անդամների կողմից յղուած գաղտնի հրահանգներից ու ծածկագիր հեռագրերից: Մեղադրականում նշւում էր, որ դատական գործի հիմնական նպատակը հայերի տեղահանման ժամանակ տեղի ունեցած ողբերգութեան հետաքննութիւնն է: Մեղադրագիրը ընդգծում էր, որ հայերի բնաջնջումը նախապէս որոշուել էր Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի մանրամասն քննարկումների արդիւնքում: Այսպէս` գրաւոր կերպով վկայութիւն տուած օսմանեան երրորդ բանակի հրամանատար Մեհմեթ Վեհիպ փաշան յայտնել էր, թէ հայերի հանդէպ կատարուած վայրագութիւններն ու կոտորածները, ինչպէս նաեւ` ունեցուածքի կողոպուտը որոշուած են եղել Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի կողմից, եւ որ այդ ջարդերի իրականացման համար Պէհաէտտին Շաքիրը երրորդ բանակի շրջանում պատրաստել է յատուկ մարդասպաններ, որոնց ղեկավարել է անձամբ: Ամբաստանագրում շեշտւում էր, որ երիտթուրքական կուսակցութեան ղեկավարների կողմից բանտերից ազատուած յանցագործներից ստեղծուած Յատուկ կազմակերպութեան բուն նպատակն է եղել ոճրագործութիւններ կատարելը, եւ նշւում, թէ տուեալ կազմակերպութիւնը սերտ կապերի մէջ է եղել Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան հետ, եւ որ սոյն կազմակերպութեան գլխաւոր պաշտօնեաները հանդիսանում էին կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամները: Նաեւ ընդգծւում էր, թէ Յատուկ կազմակերպութեան աւազակները հետագայում օգտագործուել են տեղահանման ենթարկուած հայերի բնաջնջումը կազմակերպելու նպատակով: Ամբաստանագրում շեշտւում էր, թէ հայերի տեղահանութեան ընթացքում տարբեր ժամանակներում եւ վայրերում տեղի ունեցած յանցագործութիւնների հետաքննութիւնը բացայայտել է, որ այդ ոճիրները ոչ թէ կրել են տեղական բնոյթ, այլ կանխամտածուել եւ իրականացուել են մեղադրեալներից կազմուած «յատուկ կենտրոնի» բանաւոր հրահանգներով ու գաղտնի հրամաններով, եւ որ լիովին ապացուցուել է, թէ հայերի կոտորածները կատարուել են Թալէաթի, Էնվերի եւ Ճեմալի անմիջական հրամաններով ու գիտութեամբ: Մեղադրականում ընդգծւում էր, որ իթթիհատականներն օգտուել են Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարաւորութիւնից` իրենց գաղտնի ծրագրերը իրականացնելու համար: Ամբաստանագրում հերքւում էր նաեւ Մեծ եղեռնի հեղինակների եւ Ցեղասպանութիւնը ժխտող թուրք պատմաբանների այն «փաստարկը», թէ տեղահանութիւնն իրականացուել է որպէս ռազմական միջոցառում: Ըստ մեղադրագրի` հաշուի առնելով այն փաստը, որ, օրինակ, Բալուն չէր համարւում պատերազմական գօտի, հաւաստում էր, որ հայերի բռնագաղթն ուղղուած էր կուսակցութեան նպատակների իրականացմանը. նման գործողութիւնները չէին բխում ռազմական անհրաժեշտութիւնից: Դրանք ո՛չ պատժիչ գործողութիւններ էին, ո՛չ էլ կարգապահական:

Մալթայի աքսորեալները

Մալթայի աքսորեալները

Մեղադրականը յատուկ անդրադառնում էր նաեւ հայերի բնաջնջման մեթոտներին, հայերի ունեցուածքի իւրացմանը եւ կատարուած չարաշահումներին: Ամբաստանագրում շեշտւում էր, որ երիտթուրքերի կուսակցութեան անդամների մեծ մասը հարստացել էր հայերի անշարժ ու շարժական գոյքերի կողոպտման հաշուին: Նաեւ նշւում էր, որ կուսակցութիւնն ու կառավարութիւնը բացայայտ հրաման էին արձակել հայերի կոտորածների համար: Որպէս ապացոյց բերւում էր այն ծածկագիր հեռագիրը, որում հրահանգւում էր ոչնչացնել հեռացուած հայերին: Փաստաթղթում ընդգծւում էր, որ հայերի կոտորածների գործում, կուսակցութեան կազմակերպութեան ցանցի հետ մէկտեղ, ներգրաւուած են եղել նաեւ քաղաքացիական եւ ռազմական իշխանութիւնները, եւ որ ջարդերն ուղղորդուել ու վերահսկուել են Ներքին գործերի նախարարութեան եւ անձամբ նախարար Թալէաթի կողմից: Ամբաստանագրում շեշտւում էր նաեւ, որ հայերին պաշտպանել համարձակուած պաշտօնեաներին ու հասարակ մարդկանց սպառնացել էին պաշտօնազրկմամբ եւ, անգամ, մահապատժով:

Կուսակցութեան անդամների դատավարութեան ժամանակ մեղադրեալները դատարանի նախագահին տուած հարցերին պատասխանելիս տուել են միանման ցուցմունքներ: Այս առումով մեծ դեր էր խաղացել այն, որ ամբաստանեալներին բանտում հնարաւորութիւն էր տրուել իրար հետ զրուցել ու քննարկել իրավիճակը եւ համադրել ապագայում իրենց կողմից տրուելիք ցուցմունքները: Յատկապէս առաջին նիստերի ընթացքում ամբաստանեալները տուել են խուսանաւող պատասխաններ, միաբերան ասել, որ տեղեակ չեն եղել հայերի կոտորածների մասին, ձեւացրել, թէ չեն հասկանում նախագահի հարցերը, ասել, որ բոլորովին չեն յիշում այն ժամանակուայ դէպքերը: Սակայն դատավարութեան հետագայ նիստերի ժամանակ ամբաստանեալները չեն կարողացել շարունակել այդ ռազմավարութիւնը: Ռազմական ատեանի կազմը, տարբեր մեթոտների դիմելով, կոտրել է նրանց յամառութիւնը: Կուսակցութեան անդամների դատավարութեան վերջին նիստերում դատարանը կիրառել է խաչաձեւ հարցաքննութեան մեթոտը, անսպասելիօրէն որպէս փաստ ընթերցել տուել մեղադրեալների սեփական ստորագրութիւնը կրող ծածկագիր հեռագրերը: Այս բոլոր մեթոտներն արդիւնաւէտ են եղել, եւ մեղադրեալները, հրաժարուելով կոշտ ժխտողական դիրքորոշումից, սկսել են յայտնել որոշ կարեւոր տեղեկութիւններ: Այսպէս` դատավարութեան վեցերորդ նիստի ժամանակ Յատուկ կազմակերպութեան անդամ Աթիֆը խոստովանել է, որ կուսակցութեան կենտրոնական կոմիտէն օժանդակել է «Թեշքիլաթ-ը մահսուսա»-ին (յատուկ կազմակերպութեան): Նոյն նիստում վերոնշեալ մեղադրեալը հաստատել է նաեւ Յատուկ կազմակերպութեան ջոկատների` բանտից հանուած յանցագործներից կազմաւորուած լինելու փաստը:

 

(Շար. 1)

 

 

Share this Article
CATEGORIES