«Վրաստանում Հակահայկական Տրամադրութիւններ Ստեղծելու Հարցում Մեծ Դեր Ունի Թուրք-Ազրպէյճանական Գործօնը». Արտակ Գաբրիէլեան

Interview_gabrielian«Թերթ.ամ»-ը Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիէլեանի հետ զրուցել է Ջաւախքի հիմնահարցերի, հայերի նկատմամբ Վրաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեան շուրջ:

Մեր զրուցակիցն ասում է, որ թէեւ Վրաստանում կան հակահայկական տրամադրութիւններ, սակայն դա չի կարող ասել ամբողջ վրացական հասարակութեան մասին: «Հակահայկական տրամադրութիւններ ստեղծելու հարցում հէնց մեծ դերակատարութիւն ունի թուրք-ազրպէյճանական գործօնը», նշեց նա:

Ըստ նրա, այս ուղղութեամբ միտումնաւոր ապատեղեկատուութիւն են տարածում թուրք-ազրպէյճանական հիմնադրամները:

ՀԱՐՑՈՒՄ.- Վրաստանի նախկին իշխանութեան ժամանակ Ջաւախքում շատ էր բարձրաձայնւում, որ բացի ընկերային խնդիրներից, առկայ են նաեւ ազգային հիմնահարցեր: Ինչո՞վ է պայմանաւորուած, որ հիմա աւելի քիչ է այդ մասին խօսւում:

ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Դա ունի իր առարկայական եւ ենթակայական պատճառաբանութիւնները: Ջաւախքի ժողովուրդը, «Վրացական երազանք» քաղաքական ուժի նախընտրական խոստումներից ելնելով, լիայոյս էր նոր ձեւաւորուող իշխանութիւնների հարցում` նախքան իշխանափոխութիւնը: Սակայն, ցաւօք սրտի, արդէն երկու տարի է, ինչ ժողովրդի այդ յոյսերը կամաց-կամաց մարեցին: Համեմատութեան մէջ գրեթէ նոյնն են` ինչ նախորդ իշխանութիւնները: Այստեղ ենթակայական հանգամանքներ էլ կան` պայմանաւորուած գործակցութեան համաձայնագրի ստորագրման հետ: Մենք չցանկացանք այս ընթացքում բարձրաձայնել մեր հիմնախնդիրների մասին, որպէսզի չխանգարենք այդ գործընթացին: Բացի այդ, մենք հաշուի առանք աշխարհաքաղաքական իրավիճակը` կապուած Ուքրանիայի դէպքերի հետ, առաւել եւս, որ այդ դէպքերի սկսման փուլում վրացի քաղաքական գործիչներից մի քանիսը բարձրաձայնեցին, թէ Ջաւախքում էլ ինչ որ անջատողական շարժումներ կան, շուտով Ջաւախքն էլ կ՛անջատուի եւ ջաւախցիներին արդէն ռուսական անձնագրեր են տրամադրում: Այդ բոլորը ապատեղեկատուութիւն էր` վրաց հասարակութեան ուշադրութիւնը հիմնականում կենտրոնացնելու ջաւախահայութեան վրայ: Մեծ հաշուով տարբերութիւն դեռեւս չենք տեսնում նախորդ եւ ներկայ իշխանութիւնների մէջ, թէեւ 2012 թուականի իշխանափոխութիւնից յետոյ բազմիցս յայտարարել ենք, որ յոյսեր կապում ենք ներկայ իշխանութիւնների հետ: Հիմա Ընկերակցութեան համաձայնագրի ստորագրումը, վաւերացումը որոշակի յոյսեր ներշնչում է, տեսնենք ապագայում ինչպէս կը լինի:

Հ.- Ի՞նչ գնահատական կարող էք տալ վերջերս մեր եկեղեցում տեղի ունեցած վիճաբանութեանը:

Ա. Գ.- Վիրահայոց թեմից հակասական յայտարարութիւններ եղան: Սկզբից յայտարարեցին, թէ կրօնական, ազգային փոքրամասնութիւնների հանդէպ խտրական վերաբերմունք է դրսեւորւում, իսկ յետոյ, երբ սրբազանը այցելեց Վրաստանի պատրիարքարան, այնտեղից յայտարարեց, որ զուտ կենցաղային հողի վրայ խուլիկանութիւն է եղել, հիմա գործը քննում են իրաւապահ մարմինները: Իմ կարծիքով, եւ ընդհանրապէս Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի կարծիքով, վէճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրայ:

Հ.- Ամէն դէպքում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքի միտում տեսնո՞ւմ էք:

Ա. Գ.- Ի հարկէ այո՛, յատկապէս Սահակաշվիլու իշխանութեան տարիներին մեծածաւալ քարոզչական աշխատանք տարուեց` ի վնաս հայութեան: Բացի այն, որ որոշ քաղաքական գործիչներ յայտարարում էին, թէ Ջաւախքում անջատողական շարժումներ կան, վրաց եկեղեցին եւս անմասն չմնաց այդ հակահայկական քարոզչութիւնից: Ի հարկէ, վրաց հասարակութեան որոշակի հատուածի մօտ նստուածք առաջացել է: Վրաստանում կան հակահայկական տրամադրութիւններ, սակայն դա չենք կարող ասել ամբողջ վրացական հասարակութեան մասին:

Հ.- Ազրպէյճանական գործօնը որքանո՞վ է անդրադառնում վրաց-հայկական յարաբերութիւնների վրայ:

Ա. Գ.- Հակահայկական տրամադրութիւններ ստեղծելու հարցում հէնց մեծ դերակատարութիւն ունի թուրք-ազրպէյճանական գործօնը: Այդ ապատեղեկատուութիւնները հիմնականում տարածում են թուրք-ազրպէյճանական հիմնադրամները: Վրաստանում գործում է «Սոքար» վառելանիւթի լցակայանների հսկայական ցանց, որը ֆինանսաւորում է մի շարք հիմնադրամների, որոնք էլ այդ հակահայկական տրամադրութիւնները ստեղծում են Վրաստանում:

Հ.- Հայերի նկատմամբ քաղաքական ճնշում նկատելի՞ է:

Ա. Գ.- Վրաստանում ապրող հայութեան հանդէպ վարուող ցանկացած հիմնախնդիրների ոլորտ քաղաքական ենթատեքստ է պարունակում: Ջաւախքում հիմնախնդիրները դասակարգւում են հիմնականում երեք ուղղութեամբ` հիմնախնդիրներ, որոնք բնորոշ են նաեւ Վրաստանի այլ շրջանների, դրանք հիմնականում ընկերային-տնտեսական են, հիմնախնդիրներ, որոնք յետխորհրդային ժամանակահատուածից յետոյ իշխանութիւնների կողմից առաջացել են արհեստական եւ ընդհանրապէս հիմնախնդիրներ, որոնք միայն քաղաքական են, դրանք ջաւախցիների` Վրաստանում հայութեան իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող հիմնախնդիրներն են: Մենք բազմիցս յայտարարել ենք այդ մասին: Դրանցից մէկը հայոց լեզուի հարցն է, որին ցանկանում էինք միջազգային օրէնքներին համապատասխան լուծում տալ, եւ կրթական ընկերային-տնտեսական հիմնախնդիրներն են:

Հ.- Աբխազական երկաթուղու շահագործման մասին հիմա աւելի քիչ է խօսւում, ի՞նչ ակնկալիքներ կան այդ հարցում:

Ա. Գ.- Աբխազական երկաթուղու հարցը երկու պետութիւնների բարձրաստիճան իշխանութիւնների քննարկման հարցն է: Վերջերս վրաց քաղաքական գործիչներից մէկը յայտարարեց, որ այդ երկաթգիծը Վրաստանը պատրաստ չէ հէնց այնպէս մատուցել Հայաստանին եւ դրա դիմաց ինչ որ բան է պահանջելու:

Հ.- Ինչպէ՞ս կ՛անդրադառնան հայ-վրացական յարաբերութիւններում երկու երկրների արտաքին քաղաքականութեան տարբեր կողմնորոշումները:

Ա. Գ.- Հայաստանի եւ Վրաստանի տարբեր աշխարհաքաղաքական բեւեռներին անդամակցելու հարցում լաւատես չեմ, չնայած երկու երկրների ղեկավարները վստահեցնում են, որ դա չի խանգարելու երկու պետութիւնների յարաբերութիւններին` լինի դա առեւտրատնտեսական, թէ քաղաքական հարցերում: Սակայն ես կարծում եմ, որ հէնց այս երկու պետութիւնները չէ, որ որոշում են ինչպիսի յարաբերութիւններ պէտք է ունենալ, որովհետեւ աշխարհաքաղաքական այդ երկու բեւեռները կ՛ունենան իրենց կանոնադրութիւնը, օրէնքները, եւ անդամակցող երկրները պարտաւորուածութիւն պէտք է զգան անել այնպէս, ինչպէս պահանջուի: Վրաստանն արդէն ստորագրել է Ընկերակցութեան համաձայնագիրը, սպասում ենք թէ Հայաստանի Մաքսային միութեանն անդամակցելուց յետոյ ինչ չափորոշիչներ կը լինեն սահմանային անցակէտերի, բեռների տեղափոխման հարցում: Սակայն այդ առումով ես լաւատես չեմ, որովհետեւ խօսակցութիւններ կան Վրաստանի եւ Հայաստանի հետ վիզային կարգ սահմանելու վերաբերեալ, թէեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը ժխտել է, սակայն եթէ Վրաստանն անդամակցի Եւրամիութեանը, յամենայն դէպս այցագրային (վիզա) կարգ կը սահմանուի:

 

Share this Article
CATEGORIES