«Լարուածութիւն Սկսելու Շահագրգռուած Կողմը Ազրպէյճանն Էր». Թոմ Տէ Վաալ

«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ»

Voice-of-America_de-vaalԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Պարոն Տէ Վաալ, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանաւորուած ներկայ լարուած իրավիճակը Ղարաբաղում, ունի՞ սա արդեօք որեւէ կապ աշխարհում տիրող ներկայ իրավիճակի հետ:

ԹՈՄ ՏԷ ՎԱԱԼ.- Ղարաբաղում տիրող ներկայ իրավիճակը անհանգստացնող է, քանի որ ամառնային ամիսների ընթացքում սահմանային գօտում գրանցուել են աւելի շատ զոհեր, քան` ամբողջ 2013 թուականի ընթացքում: Իսկ ներկայ լարումը, ըստ իս, մասամբ կապուած է նաեւ որոշ արտաքին նախապայմանների հետ:

Իրավիճակն Ուքրանիայում շեղում է մեծ տէրութիւնների ուշադրութիւնը, միեւնոյն ժամանակ Ազրպէյճանում գնալով աճում է Մինսքի գործընթացի ոչ արդիւնաւէտ ընթացքի շուրջ զայրոյթը, իսկ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ յարաբերութիւնների լարումը Մինսքի խմբի հետ համագործակցութիւնն աւելի է բարդացնում: Վերջին շրջանում մենք ականատես եղանք մի քանի տագնապալի միջադէպերի, նոյնիսկ` Նախիջեւանում, որտեղ մինչ օրս խաղաղ իրավիճակ էր տիրում:

Կարծում եմ այստեղ լարուածութիւն սկսելու շահագրգռուած կողմը Ազրպէյճանն էր, քանի որ, որպէս կանոն, պարտուող կողմն է հակուած իրավիճակը լարելուն, միեւնոյն ժամանակ հայկական կողմի ծաւալած գործողութիւնը յուլիսի 31-ին նոյնպէս հրահրեց զինադադարի խախտումը, այսպիսով մեղքը երկու կողմերինն է:

ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ըստ ձեզ, արդեօք Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումը Սոչիում բերե՞ց որեւէ արդիւնք:

ԹՈՄ ՏԷ ՎԱԱԼ.- Բնաւ պարզ չեն հանդիպման մանրամասները, սակայն գիտենք, թէ ինչի՛ չի բերել Սոչիի հանդիպումը, հասկանալի է, որ չհնչեց նախագահների համատեղ յայտարարութիւն, ինչը լաւ նախանշան չէ:

Շատերը յոյսով էին, որ հանդիպման ընթացքում հնարաւոր կը լինէր գալ զինադադարի վերահաստատման պաշտօնական համաձայնութեան, սակայն հնչեցին երկու կողմերի ընդհանուր յայտարարութիւններ, որոնք ժամանակաւորապէս մեղմեցին լարումը:

Փաստը, որ հանդիպման ընթացքում հնարաւոր չի եղել գալ որեւէ համաձայնութեան, որը ընդունելի լինէր կողմերի համար, ցոյց է տալիս, թէ որքա՛ն խորն է այս խնդիրը եւ որքա՛ն բարդ` դրա լուծումը:

ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ըստ ձեզ, կողմերը պատրա՞ստ են խաղաղութեան հաստատման: Եթէ այո, ինչո՞ւ չեն կարողանում համաձայնութեան գալ:

ԹՈՄ ՏԷ ՎԱԱԼ.- Կարծում եմ կողմերը պատրաստ չեն խաղաղութեան կամ պատերազմի, Ազրպէյճանը, որպէս պարտուող կողմ, աւելի հետաքրքրուած է հակամարտութեան վերսկսմամբ: Միեւնոյն ժամանակ Ազրպէյճանը հասկանում է հնարաւոր պատերազմի հետեւանքները:

Միւս կողմից` կարծում եմ կողմերից եւ ոչ մէկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու յանուն խաղաղութեան: Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկայ իրավիճակը:

Ինչ վերաբերւում է Ռուսաստանի դերին, ի տարբերութիւն շատերի, ես չեմ տեսնում ռուսական ռազմավարութեան լուրջ փոփոխութիւն Կովկասում:

Ռուսաստանը կենտրոնացած է ուքրանական խնդրի վրայ, խնդիր, որում ներգրաւուած են ռուսական արտաքին քաղաքականութեան բոլոր կարողութիւններն ու միջոցները:

Կարծում եմ Փութինը Սոչիի հանդիպման կազմակերպմամբ փորձեց աշխարհի առջեւ հանդէս գալ որպէս խաղաղարար, սակայն Սոչիի հանդիպումն աւարտուեց, եւ Փութինը վերադարձաւ իր օրակարգին:

ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Դուք նշեցիք, որ կողմերը պատրաստ չեն համաձայնութեան գալու: Ըստ ձեզ, խաղաղութեան հաստատման համար անհրաժե՞շտ է երրորդ կողմերի աւելի լուրջ ներգրաւուումը:

ԹՈՄ ՏԷ ՎԱԱԼ.- Կարող ենք երկար վերլուծել, թէ ինչո՛ւ կողմերը չեն գալիս համաձայնութեան, մոռանալով հակառակ հարցը, թէ ինչո՞ւ կողմերը պէտք է գան համաձայնութեան:

Ո՛չ Ազրպէյճանի, ո՛չ Հայաստանի հասարակութիւնը պատրաստ չէ լուրջ փոխզիջումների: Այսպիսով, նախագահները փոխզիջումների գնալով` կը կորցնեն իրենց ժողովրդականութիւնը, մեծ տէրութիւններն էլ զբաղուած են այլ խնդիրներով` Ուքրանիա, Մերձաւոր Արեւելք:

Այսպիսով, չկայ որեւէ կողմ, ում համար խնդրի լուծումը առաջնահերթութիւն է:

Միջազգային համայնքը պատրաստ է կայունութեան հաստատման ուղղութեամբ ջանքեր ձեռնարկելու, սակայն պատրաստ չէ անելու աւելին:

ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ըստ ձեզ, Սոչիի հանդիպումից կարելի՞ է եզրակացնել, որ Ռուսաստանը հնարաւոր է ստանձնի խնդրի լուծման միջնորդութեան մենաշնորհը` դուրս մղելով Մինսքի խմբին:

ԹՈՄ ՏԷ ՎԱԱԼ.- Կասկածում եմ, որ որեւէ կողմ հետաքրքրուած է խնդրի լուծման միջնորդութեան մենաշնորհը Ռուսաստանին յանձնելու:

Կարծում եմ Ռուսաստանի դերը կը սահմանափակուի լարուած իրավիճակում հանդիպումներ կազմակերպելով եւ ոչ աւելին: Այսպիսով մնում է Մինսքի գործընթացը, որը սպասուածի պէս արդիւնաւէտ չէ, սակայն այլընտրանք չկայ:

ԻՆԵՍԱ ՄԽԻԹԱՐԵԱՆ.- Ո՞ւմ օգտին է ծառայում խաղաղութեան գործընթացի յետաձգումը:

ԹՈՄ ՏԷ ՎԱԱԼ.- Կարճաժամկէտ առումով խաղաղութիւնը ձեռնտու է բոլոր կողմերին, իսկ հեռատեսօրէն խնդրին նայելիս` հասկանալի է, որ այս իրավիճակը որքան երկար շարունակուի, այնքան դրա լուծումը աւելի կը բարդանայ, այսպիսով ներկայ իրավիճակը ձեռնտու չէ եւ ոչ մի կողմին:

 

 

 

Share this Article
CATEGORIES