«Առաջին Լրատուական»-ի Հարցազրոյցը` Ընկ. Հայկազուն Ալվրցեանի Հետ. «Հայաստանն Ու Վրաստանը Չեն Կարողացել Ջաւախքը Հակադրութեան Դաշտից Դարձնել Համագործակցութեան Դաշտ»
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Ալվրցեան, առանձնայատուկ հետաքրքրութիւն են ներկայացնում Հայաստանի եւ Վրաստանի յարաբերութիւնները` հաշուի առնելով առաւելապէս ռուս-վրացական պատերազմից յետոյ ստեղծուած իրավիճակը եւ աննախադէպ այն լարուածութիւնը, որ առաջացաւ Հայաստան-Ազրպէյճան սահմանային ողջ շփման գծով, նաեւ` ղարաբաղա-ազրպէյճանական սահմանին, ինչը լրջօրէն անհանգստացրեց Վրաստանին: Վրաստանի իշխանութիւնները տարբեր մակարդակներում` նախագահից սկսած, յոյս էին յայտնում, որ Հայաստանն ու Ազրպէյճանը կը կարողանան լիցքաթափել լարուած իրավիճակը: Ինչո՞ւ էր առաւելապէս Վրաստանին անհանգստացնում այդ լարուածութիւնը, եւ ինչո՞վ կարող էր սպառնալ լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսումը Վրաստանին:
ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Տարածաշրջանի որեւէ անկայունացում այսպէս թէ այնպէս ազդում է երկրների, պետութիւնների շահերի վրայ, բայց այս պարագայում Վրաստանի հարցը շատ նուրբ է, որովհետեւ հարցը գնահատելու համար մենք պէտք է հաշուի առնենք մի շարք հանգամանքներ: Վրաստանը ռազմավարական լուրջ դաշինքի մէջ է Թուրքիայի եւ Ազրպէյճանի հետ, որն ամրագրուած է իրենց անվտանգութեան հայեցակարգում, թէեւ Հայաստանը գրանցուած չէ որպէս ռազմավարական դաշնակից, բայց իրենք ուզեն, թէ չուզեն, Հայաստանի հետ յարաբերութիւնները ռազմավարական շահեր են շօշափում:
Ի՞նչ է ստացւում. հայ-ազրպէյճանական պատերազմը հարուածում է հարեւան պետութիւնների եւ շատ ծանրօրէն հարուածում է Վրաստանի շահերին, որովհետեւ Վրաստանը տնտեսապէս բազմաթիւ թելերով կապուած է Ազրպէյճանի հետ: Պաքու-Ճէյհան նաւթամուղը նախ Վրաստանով է անցնում, որից նա տարեկան մեծ գումարներ է ստանում: Յետոյ երկաթուղի, կազ, քարիւղ, առեւտուր, Կասպից ծովը Սեւ ծովի հետ կապող հիմնական ուղիները` ցամաքային եւ երկաթուղային, անցնում են այդ տարածաշրջանով, դրան գումարած` Պաքու-Ճէյհան նաւթամուղը: Սա նշանակում է, որ այդ բոլոր հաղորդակցութիւններն ուղղակի վտանգւում էին, եւ Վրաստանն ինչ-որ չափով շրջափակման մէջ էր յայտնւում: Պատկերացնո՞ւմ էք` կտրւում են նրա կապերը Ազրպէյճանի հետ: Մինչդեռ Վրաստանը ոչ միայն Ազրպէյճանի հետ տնտեսական լուրջ համագործակցութեան մէջ է, այլ նաեւ Ազրպէյճանի միջոցով` Թուրքիայի: Ազրպէյճանական ապրանքները, ի վերջոյ, Թուրքիայով են անցնում, իսկ թուրքական ապրանքները Վրաստանով են անցնում Ազրպէյճան: Այս առումով նա շահող է բոլոր տեսակէտներից` թէ՛ Վրաստան-Թուրքիա-Ազրպէյճան յարաբերութիւններում, թէ՛ Ազրպէյճան-Թուրքիա յարաբերութիւններում, ե՛ւ անմիջապէս կորցնելու էր ամէն ինչ, եւ հետաքրքիր է այն, որ ոչ միայն մնում էր Ռուսաստանի յոյսին, այլ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում ստիպուած էր լինելու լուրջ փոփոխութիւններ կատարելու:
Տարածաշրջանում սա հազուադէպ երեւոյթ էր, որ Վրաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկան, եւ ճիշդն ասած` Ռուսաստանին այս պահին այդ պատերազմը ձեռնտու չէ:
Հ.- Տարբեր փորձագէտներ նշում են, որ Ռուսաստանն է հրահրողը:
Հ. Ա.- Ռուսաստանը կարող է լինել եւ չլինել: Եթէ անգամ հրահրողը Ռուսաստանն էր, ապա պէտք է մտածել` տեսէք, ես կարող եմ հրահրել եւ կանչել ու հաշտեցնել: Այսինքն նա փորձում է ցոյց տալ, որ տէր է: Ուքրանիայի հետ այսպիսի առճակատման պայմաններում, երկրորդ ճակատը Կովկասում Ռուսաստանի համար մահ է, մահ է քաղաքական, ռազմավարական մի շարք առումներով: Նա չէր կարողանայ դիմակայել: Եթէ սկսուի հայ-ազրպէյճանական պատերազմ, այստեղ ինքը չի կարող ունենալ այն ազդեցութիւնն ու դերակատարութիւնը` ունենալով Ուքրանիան: Տեղականի դէպքում, եթէ Ուքրանիան չլինէր, ինքն էր տէրն ու տնօրէնը, Ուքրանիայի դէպքում շատ լուրջ հարցականներ են առաջ եկել: Կովկասում Միացեալ Նահանգները, ՕԹԱՆ-ն շատ աւելի մեծ դերակատար եւ հարց որոշող պէտք է լինէին:
Երկար ժամանակ խօսք է գնում խաղաղապահների, տեղապահների տեղակայման մասին, եւ խաղաղապահներն էլ ըստ էութեան երկու կողմից կարող են լինել` կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Արեւմուտքի: Այստեղ արեւմտեան խաղաղապահների խնդիրն էր գալիս օրակարգ, այստեղ կայ Իրանի գործօնը: Իրանը շատ ու շատ սպասելիքներ ունի Արեւմուտքից, որոնց դիմաց ինչ-որ բան պէտք է զիջի: Ոչ ոք չի կարող ասել, թէ չի լինի: Քաղաքականութեան մէջ ասել, որ անհնար է, որովհետեւ սա այսպէս է, արդէն իսկ սխալ է, որովհետեւ քաղաքականութիւնը, ի վերջոյ, մեծ առեւտուր է: Իրանին ոչ թէ Արեւմուտքը ձեռնտու չէ, այլ ռուսական խաղաղապահները ձեռնտու չեն: Միւս կողմից` Իրանը Արեւմուտքին շատ աւելի պէտք է, քան` Ռուսաստանին: Արեւմուտքը Իրանից կարող է անսահման քանակութեամբ կազ եւ քարիւղ ներկրել եւ կախուածութիւնը նուազեցնել Ռուսաստանից: Ուղղակիօրէն սա Իրանի շահերին համընկնում է, եւ այդ տեսակէտից Ռուսաստանին թուլացնելը ձեռնտու է իրեն, իսկ մենք բարդ խնդիրներ ենք ունենում:
Տարածաշրջանում ըստ էութեան բոլոր կողմերը շահող էին լինելու: Մենք յոյս ունենք, որ պատերազմի դէպքում շահող պէտք է լինենք: Կորցնող լինելու են առաջին հերթին Ազրպէյճանը, երկրորդ հերթին` Վրաստանը: Դրա համար Վրաստանի անհանգստութիւնը, ի դէպ, Ազրպէյճանինը եւս հասկանալի է. նա մասնակից է: Տեսնելով սա` հասկացանք, որ տարածաշրջանային քաղաքականութեան մէջ Վրաստանի կողմից Հայաստանի մեկուսացումը շատ ծանր է նստելու Վրաստանի վրայ հեռանկարում եւ ապագայում: Ե՛ւ հայերի համար, ե՛ւ վրացիների, այսօր շատ հետաքրքիր ժամանակ է` վերանայելու եւ վերարժեւորելու այն, ինչ կատարուել է մինչ օրս:
Այդ հարցը պէտք է անընդհատ շօշափուի, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Վրաստանը չեն կարողացել Ջաւախքը հակադրութեան դաշտից դարձնել համագործակցութեան դաշտ:

