«2015 Թուականը Ոչ Թէ Հայոց Պահանջատիրութեան Սահմանագիծն Է, Այլ Ազգային Վերազարթօնքի Նոր Հանգրուանը»
Ինչպէս նախապէս հաղորդած էինք, 20 սեպտեմբերին Ալեքսանտր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնին մէջ տեղի ունեցաւ Հայաստան-սփիւռք 5-րդ համաժողովի փակման արարողութիւնը, որուն մասնակցեցաւ նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան: Ստորեւ կու տանք համաժողովի փակման արարողութեան ընթացքին նախագահ Սարգսեանի արտասանած խօսքը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետութիւնը կրկին իր յարկի տակ ընդունեց աշխարհասփիւռ մեր գործիչների Հայաստան-սփիւռք համաժողովը: Այսօր հայրենիքում են հաւաքուել հայկական սփիւռքի 150 կազմակերպութեան շուրջ 700 ներկայացուցիչներ աշխարհի աւելի քան 60 երկրներից: Այս դահլիճում հաւաքուել են հոգեւոր աշխարհի, համահայկական կառոյցների, համայնքային կազմակերպութիւնների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրագրողներ, մեծ դերակատարութիւն ու հեղինակութիւն վայելող առանձին անհատներ:
Սրտանց ողջունում եմ բոլորիդ մայր հայրենիքում: Ինչ դժուարութիւններով էլ անցնեն, զաւակներն ի վերջոյ միշտ վերադառնում են իրենց ծնողների ընտանեկան յարկի տակ: Եւ այս` արդէն հինգերորդ հաւաքը եւս մեր ընտանեկան վերամիաւորման միջոցառում է:
Վստահ եմ, որ երկօրեայ քննարկումների ընթացքում դուք առաջարկել, քննարկել եւ ընդունել էք համահայկական նոր ծրագրեր, մշակել Հայաստան-սփիւռք գործակցութեան առաջնահերթութիւնները, որոնք ձեր աշխուժ մասնակցութեամբ կեանքի կը կոչուեն առաջիկայում եւ կը նպաստեն Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան հետագայ զարգացմանը:
Համահայկական հարցերի լուծմանն ուղղուած ձեր լայնածաւալ աշխատանքներն ու ջանքերը, ձեր հետեւողական ու հայրենանուէր մօտեցումը համազգային առաջնահերթութիւնների հարցում, հայի հնարաւորութիւններն ու ներուժը աշխարհին պատշաճ ներկայացնելու ձեր գործողութիւնները գնահատուած են Հայաստանի Հանրապետութիւնում: Աւելի՛ն, այս օրերին հնչած որեւէ միտք եւ գաղափար չի վրիպելու մեր ուշադրութիւնից, այլ ենթարկուելու է մանրազնին վերլուծութեան սփիւռքի նախարարութեան եւ այլ կառոյցների մասնագէտների կողմից:
Սիրելի՛ գործընկերներ,
Հայաստանը հետեւողական եւ նախանձախնդիր է սփիւռքի հետ կապերի ամրապնդման հարցում: Հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով եւ զօրեղ սփիւռքով:
Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննութիւնը Հայաստանի պետականութեան առօրեայ կեանքի կազմակերպման գործն է: Եթէ մեզ յաջողուեց յաղթահարել ամենաբարդ քննութիւնը, որն էր պատերազմը, ապա մենք իրաւունք չունենք ընկրկելու այսօրուայ խնդիրների յորձանուտում:
Այն, ի հարկէ, ռազմի դաշտ չէ, որտեղ ակնյայտ են «մերոնք» եւ «հակառակորդները»: Արտաքին վտանգի դէմ համախմբուելն այդքան էլ դժուար գործ չէ: Առօրեայ կեանքում մենք պիտի հասկանանք, որ այդ պայմանական «հակառակորդը» յաճախ, իսկ աւելի ճիշդ` մշտապէս, մենք ինքներս ենք: Ուստի եւ պէտք է պայքարենք մեր ունեցած բացթողումների, թերութիւնների, թուլութիւնների, թափթփուածութեան դէմ:
Հայի տեսակի վաղուայ օրը որոշւում է հայրենի երկրում: Հայի տեսակի առաջընթացն ու հզօրութիւնը, ապագան ու հեռանկարը կոփւում են Հայաստանում, քանի որ արդի աշխարհում ժողովրդի առյաւէտ գոյութեան ամենահզօր եւ միակ գրաւականն ազգային պետութիւնն է:
Այսօր չկան հայրենիքը եւ սփիւռքն իրարից բաժանող անցեալ դարաշրջանի անջրպետները: Եւ դա ինքնին ազգային համախմբուածութիւնը խրախուսող հանգամանք է: Սակայն այդ համախմբուածութիւնը ինքնանպատակ չէ: Այն անհրաժեշտ միջոց է, որպէսզի մենք յաղթահարենք ինքներս մեր մէջ բացայայտած վատը:
Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մէկը եղել է արտագաղթը: Արդի իրողութիւնն այնպիսին է, որ այսօր կարող ենք խօսել հայաստանցիների` նոր սերնդի սփիւռքի գոյութեան մասին: Եւ իրար թէ՛ հայրենիքում, թէ՛ սփիւռքում մեղադրելու փոխարէն մենք պէտք է գործնական միջոցներ գտնենք եւ ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները եւ արձանագրենք, թէ ի՛նչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել:
Համոզուած եմ, որ հայրենիքը երբեք հայի համար բանտ պիտի չդառնայ: Բայց այն նաեւ պիտի չլինի հիւրանոց: Հիւրանոցը հիւրի համար է, իսկ Հայաստանում իւրաքանչիւր հայ պէտք է տոգորուած լինի իր տանտէր լինելու հանգամանքով: Իւրաքանչիւր հայ իր տունն ու օճախը պէտք է ունենայ հայրենիքում:
Ահա այստեղ եմ տեսնում հայրենիքի հզօրացման ու շէնացման գործում սփիւռքի ներուժը ներդնելու առաջնահերթ ուղղութիւնը: Համաշխարհայնացման ներկայ մարտահրաւէրների պայմաններում անհրաժեշտ է համախմբել համայն հայութեան կարողութիւնները, մասնագիտական ունակութիւններն ու հնարաւորութիւնները, զարգացնել երիտասարդների հայրենասիրական, ազգային զգացումները: Սփիւռքի մտայղացումներն անհրաժեշտ են Հայաստանի պետութեան կերտման, անվտանգութեան, կայունութեան ու զարգացման համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Բոլոր դժուարութիւնների եւ վտանգների պահին սփիւռքը եղել է մեր ամենամօտ եւ ամենահարազատ յենարանը: Սակայն, արդեօ՞ք բոլոր կապերը, հնարաւորութիւնները, ֆինանսական ու քաղաքական կարողութիւններն ենք կարողացել օգտագործել: Ի հարկէ` ոչ: Ոչ, քանի որ Հայաստանի հզօրացումը չենք դարձրել գերխնդիր, չենք դարձրել բոլոր հայկական կառոյցների եւ անհատների հոգածութեան առարկան:
Հայրենիքի եւ սփիւռքի գործակցութեան շառաւիղը պէտք է ուղղել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Հայ ժողովրդի կարողութիւններն ու հնարաւորութիւնները շատ ազգերի նախանձն են շարժում, սակայն դրանց չնչին մասն է տրամադրւում հայրենիքի շէնացման համար: Ամէն մի հայ պէտք է հարց տայ իրեն, թէ այլ երկրներ եւ տնտեսութիւններ շէնացնելուց զատ ի՞նչ է արել իր հայրենիքի համար, ինչքանո՞վ է փորձել թեթեւացնել նրա հոգսը: Եւ այս հարցում ինչպիսի՞ աշխատանք են տարել մեր յարգանքին ու շնորհակալութեանն արժանի հայկական կառոյցները:
Սփիւռքը մայր հայրենիքի հետ կապելու նպատակով մենք ողջունում եւ խրախուսում ենք սփիւռքի իւրաքանչիւր նախաձեռնութիւն Հայաստանում: Պետութիւնը պատրաստակամ է սփիւռքահայերին հնարաւորութիւններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ինչի նպատակը բարեգործութիւնից փոխշահաւէտ գործընկերութեան անցնելն է:
Ազատ ու անկախ Հայաստանն իրականութիւն է: Ուստի կոչ եմ անում ձեզ առաւել աշխուժ ներգրաւուել համազգային խնդիրների լուծմանն ու ապագայի ծրագրերի մշակմանը:
Յարգելի՛ գործընկերներ,
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծումը բոլորիս նպատակն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարաւոր է միայն քաղաքական-դիւանագիտական հարթութեան մէջ` բանակցային ճանապարհով:
Այժմ անհրաժեշտ է բոլոր ճակատներում պատշաճ կերպով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման օրինական պահանջը, նրան պարտադրուած գոյամարտը, Արցախի ժողովրդի խիզախութիւնն ու տոկունութիւնը, անկախ եւ արժանապատիւ ապրելու կամքն ու բնական իրաւունքը:
Պատերազմը դեռ չի աւարտուել, այն պսակուել է մեր յաղթանակն արձանագրած զինադադարով: Եւ այսօր հայկական սահմանները պաշտպանուած են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիւ: Կարծում եմ` իւրաքանչիւր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահութիւնն ու սէրը եւ կազմակերպուածութեան օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինուորներով ու սպաներով կը կանխի ցանկացած ոտնձգութիւն, երբեք չի ընկրկի եւ իր մարտական պատրաստուածութեամբ, ազգային ոգով ու հայրենասիրութեամբ անառիկ կը պահի հայոց երկու պետութիւնների սահմանները:
Հայաստանը, Արցախը եւ սփիւռքն այսուհետ եւս միասնաբար պէտք է պայքարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային հանրութեան լիիրաւ անդամ դառնալու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
2015 թուականին մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Այն վերստին հաստատելու է հայրենազրկուած հայ ժողովրդի` ապրելու եւ արարելու, յարատեւելու կամքն ու վճռականութիւնը, փաստելու է մեր միասնականութեան, ազգային իղձերի իրականացման մեր հետեւողականութիւնը: 2015 թուականը քաղաքական լուրջ նախաձեռնութիւնների եւ ձեռքբերումների տարի պէտք է դառնայ Հայաստան-սփիւռք-Արցախ եռամիասնութեան համար: 2015 թուականը նաեւ դառնալու է իր ծաւալով ու նշանակութեամբ նախադէպը չունեցող միջոցառումների եւ գործողութիւնների տարի: Դրանով մէկ անգամ եւս կը փաստենք, որ համատեղ ուժերով կարող ենք հսկայածաւալ շարժում ստեղծել մեր ազգային նպատակների իրականացման համար: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղութեամբ եւ 2015 թուականին ակնկալում ենք մի շարք պետութիւնների ղեկավարների այցելութիւն Հայաստան:
Ձեզանից շատերն ընդգրկուած են Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող տարածաշրջանային յանձնախմբերի կազմում: Բոլորիդ նպատակը արդարութեան վերահաստատումն ու մարդկային բանականութեան յաղթանակն է խաւարի, մարդատեաց գաղափարախօսութիւնների հանդէպ:
Նպատակաուղղուած աշխատանքներ են կատարում նաեւ հոգեւոր կառոյցները, աւանդական կուսակցութիւնները, համահայկական եւ հասարակական կազմակերպութիւնները: Այս գործում լուրջ անելիքներ ունեն նաեւ հայրենիքում եւ սփիւռքում գործող զանգուածային լրատուութեան միջոցները:
2015 թուականը ոչ թէ հայոց պահանջատիրութեան սահմանագիծն է, այլ ազգային վերազարթօնքի նոր հանգրուանը: Նման իւրայատուկ հանգրուան էր Ցեղասպանութեան 50-րդ տարելիցը, երբ արհաւիրքից տասնամեակներ անց, խախտելով լռութիւնը, ամբողջ սփիւռքն ու հայրենիքը միասնաբար ոտքի կանգնեցին Հայոց ցեղասպանութեան դատապարտման եւ պաշտօնական ճանաչման պահանջով: Մեծ էր դրանում ժողովրդի պանծալի զաւակների` Հայաստանի Համայնավար կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի առաջին քարտուղար Եակով Զարոբեանի եւ, ի հարկէ, Ամենայն Հայոց Վազգէն Ա. կաթողիկոսի դերակատարութիւնը: Այս պարագայում եւս Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին պետականութիւնից զրկուած ազգին կարողացաւ համախմբել ազգային իղձերն իրականութիւն դարձնելու նպատակի շուրջ:
Այսօր առողջ բանականութիւնը ստիպում է թուրք հասարակութեանը կասկածի տակ առնել պաշտօնական կեղծ պատմագրութիւնը եւ հազարաւոր թուրքեր մերժում են սեփական երկրի` ցեղասպանութեան ուրացման պաշտօնական քաղաքականութիւնը: Այդպիսով, ակնյայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանութեան ուրացման` Թուրքիայի իշխանութիւնների քաղաքականութիւնը քայլ առ քայլ սպառում է իրեն, մտնում փակուղի: Այս զարգացումների հետեւանքով թուրք պաշտօնեաները սկսել են որդեգրել նոր վարքագիծ, նոր գործելաձեւեր, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանութեան ուրացման քաղաքականութեան նորացուած, աւելի կատարելագործուած ու վերաձեւակերպուած տարբերակներ:
Ես քանիցս ընդգծել եմ, որ ցեղասպանութիւնների կանխարգելման միակ բանաձեւը մարդկային պատմութեան սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Մենք շարունակելու ենք կոչ անել Թուրքիայի ղեկավարութեանը` վերջ դնել ուրացման անհեռանկար քաղաքականութեանը, թարմացնել խամրած յիշողութիւնը, վերանայել անցեալի մութ էջերը, առերեսուել պատմութեան հետ եւ ճանաչել ու դատապարտել անցեալում կատարուած ոճիրը, մաքրել սեփական խիղճը եւ ազատուել դարաւոր բեռից:
Ի դէպ, մի գաղափար եմ ուզում առաջ քաշել եւ ակնկալում եմ ձեր արձագանգը: Առաջարկում եմ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը 2015թ. վերանուանել «Համահայկական խորհուրդ», որը կը դառնայ համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մէկը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տարածաշրջանային հակամարտութիւնների հետեւանքով սփիւռքի մեր հայրենակիցների մի ստուար հատուած ստիպուած կրկին բռնում է գաղթի ճանապարհը: Փոփոխւում են հայկական սփիւռքի առկայ ձեւաչափերը. կազմալուծւում են հին համայնքները, ձեւաւորւում նորերը, որոնք օգնութեան լուրջ կարիք ունեն:
Սիրիական ճգնաժամի հետեւանքով արիւնաքամ լինող Սիրիայի կենսունակ հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը` մօտ 12 հազար հայորդի, հաստատուել է Հայաստանում:
Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցները ուշադրութեան, աջակցութեան կարիք ունեն: Նրանք եղեռնը վերապրած մեր նախնիների բեկորներն են, ովքեր, սփռուելով աշխարհով մէկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականութիւնը:
Այսօր Հայաստանի պետական բոլոր կառոյցները ներգրաւուած են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու աշխատանքներում: Սիրիահայերը արագօրէն համարկւում են Հայաստանի հասարակութեանը: Այսօր պետականօրէն լուծուած են սիրիահայերի կրթութեան, առողջութեան, ընկերային խնդիրները: Լուրջ աշխատանքներ են տարուել եւ տարւում նրանց աշխատանքի տեղաւորելու, պիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցութիւն ցուցաբերելու ուղղութեամբ: Սիրիահայերին գրկաբաց ենք ընդունել, նրանք իրենց հայրենիքում փախստական չեն կոչւում, նրանք մեր երկրի տէրն են, նրա մի մասնիկը: Բոլորիս հաւաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների բնակարանային, աշխատանքային հարցերը վերջնական լուծումներ պէտք է ստանան:
Համայն հայութիւնը, այդ թւում եւ Հայաստան պետութիւնը, պէտք է աջակցեն նաեւ նրանց, ովքեր մնում են Սիրիայում` պահպանելու հայկական օճախը: Հաւատում եմ, որ դեռ կը գան խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի եւ նրա հայ քաղաքացիների համար: Սիրիայի հայկական համայնքը կը վերածնուի եւ կը շարունակի իր ստեղծագործ ուղին` ի նպաստ մայր հայրենիքի եւ բնակութեան երկրի զարգացման ու բարգաւաճման:
Ցաւօք սրտի, տարածաշրջանային հակամարտութիւնները գնալով աւելանում են, եւ մեր գերնպատակը պէտք է լինի աշխարհի ցանկացած ծայրում փորձութեան մէջ յայտնուած իւրաքանչիւր հայի ցաւին ու տառապանքին արձագանգելը` անկախ աշխարհագրական հեռաւորութիւնից, միասնական ուժերով նրանց օգնելն ու սատարելը:
Մեր միասնութեան եւ համախմբուածութեան շնորհիւ միայն հայութեան ազգային իղձերը իրականութիւն կը դառնան, եւ հայն աշխարհին կը ներկայանայ որպէս հաւաքական կամքի օրինակ` ի չիք դարձնելով բոլոր հակառակորդների, յետադիմական բոլոր ուժերի ու հոսանքների հակահայ նկրտումները:
Սիրելի՛ բարեկամներ,
Սփիւռքն իր գոյութեան առաջին օրուանից պայքարել է հայապահպանութեան համար: Սփիւռքում հայապահպանութիւնը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան կենսական շահերից: Հայաստանը, ի դէմս սփիւռքում եւ Հայաստանում գործող համահայկական կառոյցների, պէտք է առաւել գործուն լինի հայկական մեծ ու փոքր համայնքներում հայապահպանութեան, մշակութային ու կրթական նախաձեռնութիւններին աջակցելու հարցում:
Մայրենի լեզուի իմացութիւնը, դրա սերունդներին փոխանցումը մեր ազգային գերխնդիրն է: Հետեւաբար, այստեղ հաւաքուած բոլորիս կարեւոր պարտականութիւնն է, օգտագործելով բոլոր կառուցակարգերը, մեթոտներն ու ձեւերը, երիտասարդութեանը դարձնել հայախօս, մայրենիի նկատմամբ ակնածանք եւ սէր դաստիարակելով: Հայապահպանութեան գլխաւոր կռուաններն են` հայոց լեզուն, հայ ընտանիքը եւ իրական հայրենիքը ճանաչելը:
Հայաստան-սփիւռք գործակցութեան հիմքում ընկած են այս առաջնահերթութիւնները: Այդ գործակցութեան սկզբունքը երկուստեք փոխվստահութեան, միմեանց աջակցելու, համահայկական ընդգրկուածութիւն ունեցող հարցերում միասնական դիրքորոշում մշակելու մէջ է:
Ուղիղ երեք տարի առաջ սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների 4-րդ համաժողովում ես առաջարկեցի հետեւեալ բանաձեւը. «Հայրենիքի հնարաւորութիւնների առաւելագոյնը` սփիւռքի եւ սփիւռքի հնարաւորութիւնների առաւելագոյնը` հայրենիքի համար»:
Եւ կարող ենք արձանագրել, որ մեր իւրաքանչիւր նախաձեռնութիւն ստանում է համահայկական բնոյթ, համազգային ընդգրկում:
Բոլորիս նպատակն է, որ միասնաբար յաջորդ սերունդներին թողնենք զարգացած, ժողովրդավարական, հզօր, խաղաղ ու ապահով Հայաստան:
Աւարտելով խօսքս` շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի կապակցութեամբ եւ կոչ եմ անում բոլոր հայերին անընդհատ ամրացնել կապը հայրենիքի հետ:
Մենք միասնութեամբ ենք ուժեղ, իսկ ուժը յաղթանակ է:
Շնորհակալութիւն:

