Երեք Պատերազմի Երեք Լուսանկարների Հետքերով
ՄԵՐԻ ՄԱՄԵԱՆ
Լուսանկարիչ-լրագրող Օլեկ Քլիմովը գրեթէ 20 տարի յետոյ որոշում է գտնել այն մարդկանց, ում նկարել է հակամարտութիւնների ընթացքում: Պատերազմը վաւերագրած լուսանկարիչը խոստովանում է, որ պատերազմի ընթացքում իր լուսանկարած մարդիկ իր համար միայն պատերազմի կերպարներ էին. նա չգիտեր, թէ ում է նկարում: Նրա լուսանկարները ժամանակին տարածուել են միջազգային մամուլի էջերում` դառնալով պատերազմի խորհրդանիշներ:
Վաւերագրող Մաշա Նովիքովան ժապաւէնի միջոցով ներկայացրել է, թէ ինչպէս է Օլեկը փնտռում իր լուսանկարների հերոսներին: Օլեկը ընտրել է երեք լուսանկար երեք պատերազմներից` Ղարաբաղի, Աբխազիայի, Չեչենիայի:
«Նամակներ ինքս ինձէ (Letters to myself) ժապաւէնը սկսւում է Ղարաբաղից: Ղարաբաղեան պատերազմից Օ. Քլիմովն ընտրում է «Մատոննան քալաշնիքովը ձեռքին» լուսանկարը: Այդ օրուանից Օլեկը յիշում է միայն այն, որ դա Ստեփանակերտն էր, որտեղ շատ փախստականներ կային: Օլեկն ու Մաշան երկար էին փնտռում այդ կնոջը Ղարաբաղում: Շատերը յիշում էին նրան, բայց տեղեկութիւն չունէին նրա մասին:
Փնտռտուքների արդիւնքում պարզւում է, որ լուսանկարի կինը Էլոն է` Շահումեանից, ով այժմ ապրում է Վարդենիսում: Էլոն անգամ տեղեակ չէր, որ իր նկարը ժամանակին յայտնուել է համաշխարհային մամուլի էջերում: Այժմ նա ապրում է իր որդու եւ նրա ընտանիքի հետ: Հօրը սպաննել են պատերազմի ընթացքում, իսկ միւս տղան պատերազմի տարիներից ի վեր անհետ կորած է: Մաշան խոստովանում է, որ տեսնելով Էլոյին` շատ է խղճացել նրան: Նա համոզուած է, որ նիւթապէս ոչ լաւ պայմաններում ապրող այս ընտանիքը յատուկ ուշադրութեան եւ օգնութեան կարիք ունի:
«Նկարից կարելի է կարծել, որ նա կռուող է, բայց նա պարզապէս պաշտպանում էր իր ընտանիքը», ասում է Մաշա Նովիկովան:
Ղարաբաղից յետոյ ժապաւէնում ներկայացուած է Աբխազիայի պատերազմից մի լուսանկարի պատմութիւն: Լուսանկարն արուել է 1993թ.` Սոխումի ազատագրման օրը, այնտեղի հանգստեան տներից մէկում: Այսօր էլ նոյն տեղում դեռ կանգնած է դաշնամուրը, որը ոչ ոք չի նուագում:
Մ. Նովիքովան յիշում է, որ Աբխազիայում Օլեկին ընդունում էին ինչպէս իւրայինի, մէկին, ով իրենց հետ հաւասար կռուել է, չնայած պատերազմի ժամանակ Օ. Քլիմովը զէնք չի վերցրել: Սոխում այցի ժամանակ Օլեկն այստեղ կազմակերպում է իր լուսանկարների ցուցահանդէսը: Փնտռելով իր լուսանկարի հերոսներին` նա տեղեկանում է, որ լուսանկարում պատկերուած կինն արդէն մահացել է: Նա աբխազուհի էր, ամուսինը` վրացի: Պատերազմի ժամանակ, երբ այդ երկու ազգերը կռւում էին միմեանց դէմ, այս ընտանիքում դժուար իրավիճակ էր ստեղծուել, եւ ամուսինները որոշում են երկրից հանել իրենց տղային: Իսկ լուսանկարի դաշնակահարը արհեստավարժ պարող է, ով այժմ էլ աշխատում է իր մասնագիտութեամբ:
Երրորդ պատմութիւնը տանում է Չեչենիա: Լուսանկարն արուել է այն ժամանակ, երբ պէտք է կատարուէր փոխանակում ռուս եւ չեչեն զինուորների միջեւ:
«Պատերազմի ժամանակ փորձում էի լինել առարկայական: Այստեղ հասկացայ, որ այդ պատերազմն ինձ էլ է վերաբերում, եւ դա ինձ համար անձնական տրամա էր որպէս Ռուսաստանի քաղաքացի: Անձամբ ինձ համար դա վատագոյն պատերազմն է»: խոստովանում է Օ. Քլիմովը:
Ռուս զինուորները, որոնք գերի էին ընկել, ասում էին, որ իրենց դաւաճանել են, այդ պատճառով նրանք ստիպուած էին գերի յանձնուել հակառակորդին:
Երեք պատմութիւններին զուգահեռ ընթանում է Օլեկի պատմութիւնը, ով տարիներ շարունակ լուանկարել է պատերազմ, դեռեւս չի յաղթահարել պատերազմի տարիների ծանր հոգեվիճակը, որովհետեւ «մահուան զգացողութիւնը հետապնդում է անգամ այստեղ»: Չնայած երկար տարիներ պատերազմ չէր լուսանկարում, բայց երբ տեղի ունեցան Խրիմի դէպքերը, չկարողացաւ չգնալ: Նա խոստովանում է, որ ծայրայեղ պայմաններում աւելի հետաքրքիր է նկարել, որովհետեւ մարդիկ աւելի ազատ, անկեղծ ու բաց են:
«Ընտրեցի այս մասնագիտութիւնը, որովհետեւ մարդիկ սկսեցին ասել ճշմարտութիւնը: Հիմա իրավիճակը փոխուել է. լրագրութեան մէջ ընդունուած է սուտ ասել», եզրափակում է Օլեկը:
«Հետք»

