Թուրքիան Եւ «Իսլամական Պետութիւնը»

«ԹԵՐԹ»

Tert_isis-2Թուրքիան ստիպուած է միանալ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դէմ ռազմական արշաւին: Անգարայի անորոշութիւնն արմատական «Իսլամական պետութեան» նկատմամբ ունի խոր քաղաքական, ինչպէս նաեւ պատմական արմատներ, անգլիական «Օփըն Տեմոքրասի» կայքում գրում է յայտնի վերլուծաբան Վիգէն Չետերեանը:

Յօդուածագրի ասութեամբ, 2011 թւականին Սիրիայում սկսուած քաղաքացիական պատերազմին մասնակցելու համար օտարերկրացի զինեալներն առանց թուրքական ոստիկանութեան կողմից որեւէ խոչընդոտի` Թուրքիայով մեկնում էին Սիրիա: Թուրքական եւ ամերիկեան զանգուածային լրատուամիջոցները սկսել են տեղեկութիւններ հրապարակել, որ Ռեճեպ Թայիփ Էրտողանի կառավարութիւնն այդ տարիներին որոշել է մարդասիրական օգնութիւն ուղարկել Սիրիայում գործունեայ ծայրայեղ ահաբեկչական խմբերին, որոնք կապուած էին «Քայիտա»-ի, իսկ այժմ արդէն նաեւ` «Իսլամական պետութեան» հետ:

Թուրքիան, օգնութիւն տրամադրելով Սիրիայի ապստամբների միջից սալաֆի ճիհատականներին, գիտակցուած ընտրութիւն է արել` ուժեղացնելով նրանց միջից ամենածայրայեղական ուժերին` այդպիսով նպաստելով «Իսլամական պետութեան» յայտնուելուն, նշում է Չետերեանը` յաւելելով, որ սեպտեմբերի 20-ին «Իսլամական պետութեան» կողմից պատանդ պահուող 49 թուրքերի ազատ արձակումը կարող է վկայել գոյութիւն ունեցող յարաբերութիւնների մասին:

Անգարան իր քաղաքականութեան հարցում, որն օգնել է «Իսլամական պետութեան» աճին, մի քանի հաշուարկներ ունի, որոնցից է Պաշշար Ասատի վարչակարգի տապալումը, սիրիացի քրտերի շրջանում ռազմական Քրտական աշխատաւորական կուսակցութեան ազդեցութեան թուլացումը, ինչպէս նաեւ` որոշ արաբական պետութիւնների (հիմնականում` Քաթարի) հետ դաշինքի ուժեղացումը:

Յօդուածագրի համաձայն, «Իսլամական պետութեան» ներկայիս գործադրած բռնութիւնները բացառիկ եւ նոր չեն, այլ ծագում են Օսմանեան կայսրութեան քաղաքականութիւնից: «Իսլամական պետութեան» կիրառած գործելաձեւերն օգտագործուել են դեռեւս 1914-1918 թուականներին: Չետերեանը յիշատակում է Հայոց ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ ասորիների, եզիտիների, քրտերի կոտորածները, որոնք նաեւ շարունակուել են հետագայ տարիների ընթացքում Թուրքիայում եւ Իրաքում, եւ նշում, որ դրանք չեն դատապարտւել նոր իշխանութիւնների եւ միջազգային հանրութեան կողմից եւ, փոխարէնը, մոռացութեան են մատնուել:

«Իսլամական պետութեան» առաջնորդ Ապու Պաքր Պաղտատիի խալիֆայութիւն ստեղծելու յայտարարութիւնը Օսմանեան կայսրութեան կորուստը վերականգնելու նրա ցանկութեան արտայայտութիւնն է:

«Իսլամական պետութեան» բռնութիւնները սարսափելի են, բայց նոր չեն Միջին Արեւելքի համար: «Իսլամական պետութիւնը» կարող է պարտուել, եթէ միայն նրա գործողութիւնները որակուեն որպէս յանցագործութիւն եւ անընդունելի համարուեն: Թուրքիան բարոյական պարտաւորութիւն ունի այժմ` դատապարտել ե՛ւ անցեալի, ե՛ւ ներկայի կոտորածները», եզրափակում է յօդուածագիրը:

 

Share this Article
CATEGORIES