Թուրքիան Նոր Նախագահ, Նոր Վարչապետ, Բայց Հին Մտքեր Ունի
«ԱՆԿԱԽ»
Այս տարի պատմութեան մէջ առաջին անգամ Թուրքիայում երկրի նախագահին ընտրեց ժողովուրդը, ուղիղ քուէարկութեամբ:
Նախագահի պաշտօնում փոխարինելով Ապտիւլլա Կիւլին` Թուրքիայի նախագահ դարձաւ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Հայկական շահերի տեսանկիւնից, ի հարկէ, հետաքրքիր է, թէ ինչ կը փոխուի Թուրքիայում:
Արձանագրենք մի կարեւոր հանգամանք. թուրքական օրէնսդրութեան համաձայն, երկրի նախագահը պէտք է լինի անկուսակցական: Հետեւաբար նախկին վարչապետ ու նոր նախագահ Թայիփ Էրտողանը պէտք է հրաժարական տար իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում (ԱԲԿ) կուսակցութեան նախագահի պաշտօնից: Իսկ նրան ոչ միայն վարչապետի, այլեւ ԱԲԿ ղեկավարի պաշտօնում փոխարինեց նախկին արտաքին գործոց նախարար Ահմեթ Տաւութօղլուն: Հարց է առաջանում, թէ ինչո՞ւ վարչապետի ու կուսակցապետի պաշտօններում Էրտողանին փոխարինեց նրա արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն: Որովհետեւ, ի դէմս Տաւութօղլուի, Թուրքիան ներկայում ունի մի վարչապետ, որը Թուրքիայի ներքին քաղաքական կեանքում, ինչպէս հաւաստիացնում են փորձագէտները, երբեք որեւէ էական դեր չի խաղացել:
«Նա երբեք քաղաքական դէմք չի եղել. սկզբում եղել է գիտական ոլորտի ներկայացուցիչ, յետոյ էլ զբաղուել է արտաքին քաղաքականութեամբ»,- ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը:
Իսկ վարչապետի գործառոյթներն այնպիսին են, որ նա պէտք է առաջին հերթին զբաղուի երկրի ներքին քաղաքական ու տնտեսական կեանքով:
Անդրադառնալով Տաւութօղլուի վարչապետ նշանակուելու հանգամանքին` քաղաքագէտ, «Կովկաս» հիմնարկի տնօրէն Ալեքսանդր Իսկանդարեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Տաւութօղլուն ոչ միայն վարչապետ չէ, այլեւ նոր օսմանականութեան գաղափարախօսն է. «Տաւութօղլուն գաղափարական մարդ է, բայց ինձ թւում է, որ նրա համար դժուար կը լինի կատարել իր պաշտօնական առաքելութիւնը, նա այդպիսի կերպար չէ»:
Տաւութօղլուի նշանակումը վարչապետի պաշտօնում ըստ երեւոյթին պայմանաւորուած էր ոչ թէ նրա իրական հնարաւորութիւններով, այլ Էրտողանի անձնական վերաբերմունքով` առ Տաւութօղլուն, կամ էլ այն հանգամանքով, որ Տաւութօղլուն, իր քաղաքական դէմքն ու կշիռը չունենալով, Էրտողանի համար վտանգ չի ներկայացնում:
Ինչպէս այս պարունակում նշում է թուրքագէտ Գէորգ Պետրոսեանը, պարզ է` Տաւութօղլուի միջոցով Էրտողանն իր հսկողութեան տակ կը պահի կառավարութիւնը, Կիւլի վարչապետ լինելու դէպքում ամբողջական վերահսկողութեան հարցը բարդ կը լինէր Էրտողանի համար:
Այնուամենայնիւ, շուրջ մէկ տարի Տաւութօղլուն կը լինի կառավարութեան ղեկին եւ Էրտողանի անմիջական վերահսկողութեամբ կ՛իրականացնի իր պարտականութիւնները ինչպէս վարչապետի, այնպէս էլ ԱԲԿ ղեկավարի պաշտօնում:
2015 թ. Թուրքիայում խորհրդարանական ընտրութիւններ են, որոնք այս երկրում դեռեւս ամենակարեւորն են: Այսինքն ներքին ճակատում Էրտողան-ԱԲԿ զոյգի առաջնային խնդիրներն են 2015-ի ընտրութիւններում վստահ յաղթանակն ու սահմանադրական փոփոխութիւնները, որոնք կը բերեն նախագահի լիազօրութիւնների ընդլայնում: Տաւութօղլուի խնդիրն էլ մինչ ընտրութիւններն այս ամէնի կազմակերպումն է:
«Ընդհանուր գնահատական եթէ տանք, ապա կարծում եմ, որ Տաւութօղլուի նշանակումը վարչապետի պաշտօնում Էրտողանի` որպէս նախագահի առաջին սխալն էր: Չեմ կարծում, որ Տաւութօղլուն, բարդ քաղաքական միքնայութիւններում, ներքաղաքական դաշտում լինելով եւ՛ վարչապետ, եւ՛ կառավարող կուսակցութեան ղեկավար, կարողանայ ճիշտ կողմնորոշուել», ասաց Ռուբէն Սաֆրաստեանը:
Էրտողանը փորձելու է նոր սուլթանութիւ՞ն ստեղծել որ Էրտողանը փորձելու է ամրապնդել ու էլ աւելի ուժեղացնել իր դիրքերը, համոզուած է նաեւ Ալեքսանդր Իսկանդարեանը, ըստ որի, պէտք է սպասել, որ Էրտողանը դեռ փոխելու է Թուրքիայի սահմանադրութիւնը, եւ այդ փոփոխութիւններն ուղղուած կը լինեն նախագահի լիազօրութիւնները մեծացնելուն:
Այս առումով բաւականին ուշագրաւ համեմատութիւն արեց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը` նշելով, որ եթէ գնահատելու լինենք Թուրքիայում ընտրութիւններից յետոյ ստեղծուած իրադրութիւնը` կապուած կարեւորագոյն պաշտօնների նշանակումների հետ, ապա պէտք է արձանագրենք, որ Թուրքիան հիմա առաջին քայլերն է անում` ամրապնդելու Էրտողանի միապետական իշխանութիւնը:
Հասկանալու համար, թէ ի՛նչ կը փոխուի տարածաշրջանում, եւ ինչպէ՛ս թուրքական իշխող վերնախաւի պաշտօնների փոփոխութիւնը կ՛անդրադառնայ Հայաստանի ու հայ-թուրքական յարաբերութիւնների վրայ, պէտք է նշել, որ Էրտողանն ու ԱԲԿ-ն շարունակում են իշխել Թուրքիայում, ընդ որում` ստանալով լայն զանգուածների աջակցութիւնը: Այսինքն Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Թուրքիային պատրաստում են Էրտողանն ու Տաւութօղլուն: Բայց պէտք է դիտարկել նաեւ նոր արտաքին գործերի նախարարի` Մեւլութ Չաւուշօղլուի գործօնը, որ նախկինում եղել է Եւրոպական խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահողը, աչքի է ընկնում ընդգծուած ազրպէյճանամէտ դիրքորոշմամբ, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ պայքարի առաջամարտիկներից է:
«Նրա առաջին յայտարարութիւնները վկայում են, որ մի կողմից չես ասի, թէ հմուտ դիւանագէտ է, միւս կողմից` շատ մեծ տուրք է տալիս ազգայնամոլական տարբեր արտայայտութիւններին ու դիրքորոշումներին: Ես կարծում եմ, որ այս նշանակումը նոյնպէս պայմանաւորուած չէ անձի արհեստավարժ յատկանիշներով, այլ Էրտողանը հաշուի է առել, հաւանական է, նրա անձնական հաւատարմութիւնն իրեն, եւ հաւանական է այն, որ նա ներկայացնում է ծայրայեղական մօտեցումներ», Թուրքիայի նոր արտաքին գործերի նախարարի մասին նշեց Ռուբէն Սաֆրաստեանը:
Թուրքագէտի բնորոշմամբ` այս նշանակումը մտնում է Էրտողանի այն հաշուարկների մէջ, որ իր իշխանութիւնը ուժեղացնի ոչ միայն երկրի ներսում, այլեւ Թուրքիան իր դիրքերն ուժեղացնի տարածաշրջանում եւ դառնայ տարածաշրջանի միակ գերիշխող ուժը: Նրա այդ նպատակն իրագործելու համար Էրտողանին պէտք էր Չաւուշօղլուի նման ծայրայեղական անձնաւորութիւն:
Այսպիսով, Չաւուշօղլուի յայտնուելն արտաքին գործերի նախարարի աթոռին նախընտրելի տարբերակ չէ Հայաստանի համար, եւ թուրքագէտները Հայաստանի համար որեւէ դրական փոփոխութեան ակնկալիք չունեն Թուրքիայի քատրային փոփոխութիւններից: Մեզ յայտնի են թէ՛ Էրտողանը, թէ՛ Տաւութօղլուն: Տարիներ շարունակ նրանք են որոշել Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, որը եղել է ճնշման եւ հարկադրման քաղաքականութիւն, նաեւ գիտենք Չաւուշօղլուի բաւական ծայրայեղական յայտարարութիւնները Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Արցախի հարցի ու Հայաստանի վերաբերեալ:
«Ես կարծում եմ, որ մենք Հայաստանի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան որեւէ դրական տեղաշարժ սպասելու հիմքեր չունենք: Իսկ 2015 թ. ընդառաջ` առաջիկայ ամիսներին թուրքական ճամբարում կարելի է աշխուժացման սպասել, որոնցով թուրքական իշխանութիւններն այս կամ այն կերպ փորձելու են մեղմել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ազդեցութիւնը` դրա համար դիմելով այնպիսի քայլերի, ինչպիսին, օրինակ, Տաւութօղլուի այցն էր Երեւան, Էրտողանի ապրիլքսանչորսեան ուղերձը եւ այլն», ընդգծում է թուրքագէտ Գէորգ Պետրոսեանը:

