Յայտարարութիւն. Թուրքիան Ծրագրել Է Հիւսիսային Սիրիան Գրաւել

ARF_Logo-coloredԱնկախ սիրիական տագնապի ամբողջ տեւողութեան Թուրքիայի որդեգրած դերակատարութիւնից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահուածքը Սիրիայի հիւսիսային շրջաններում իրադարձութիւնների, յատկապէս` Հայոց ցեղասպանութիւնից վերապրածների կողմից հիմնադրուած Արաբունար (քրտերէն` Քոպանի, արաբերէն` Այն Արապ) քաղաքի վրայ Իսլամական պետութեան յարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան յստակ ծրագիր է հետապնդում Իսլամական պետութեան միջոցով գրաւել հիւսիսային Սիրիան:

Այս մասին է վկայում Թուրքիայի որոշումը` այս պահին եւ այս դէպքում փակել Սիրիայի հետ իր սահմանի այս հատուածը` թոյլ չտալու, որ Թուրքիայի ճամբով օժանդակութիւն հասնի Քոպանիի քրտական դիմադրութեանը: Այս դէպքում Թուրքիայով ճամբան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թոյլ է տուել, որ աշխարհի տարբեր երկրներից զինեալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը` դէպի Սիրիա, ներառեալ` Քեսապ:

Թուրքիան իր այս կեցուածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ յայտարարելով. իրականում, սակայն, նպատակն է Քոպանիի անկումից յետոյ յարձակումները շարունակել դէպի Գամիշլի եւ այլուր` մարդկային բոլոր զոհերով հանդերձ: Փաստօրէն աջակցելով Իսլամական պետութեան այս գործողութիւններին` Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցութեան տակ առնել նրան եւ այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձութիւնների վրայ:

Հայ յեղափոխական դաշնակցութիւնը`

– Իր զօրակցութիւնն է յայտնում փաստօրէն թուրքական այս նախայարձակումին դիմադրող բոլոր ուժերին:

– Պահանջում է միջազգային համայնքից` բոլոր միջոցներով առաջքն առնել այս նախայարձակումին, ապահովել խաղաղ ազգաբնակչութեան անվտանգութիւնը ամբողջ շրջանում:

– Պահանջում է Թուրքիայի դաշնակից պետութիւններից սանձել Թուրքիայի կողմից հովանաւորուած նախայարձակումը` զսպելով Թուրքիայի ծաւալապաշտ քաղաքականութիւնը:

Քոպանիում արդէն տեղի ունեցած եւ հետագայ բոլոր ողբերգութիւնների, մարդկութեան դէմ ոճիրների գլխաւոր պատասխանատուն համարում ենք Թուրքիային:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

8 հոկտեմբեր, 2014

 

 

Share this Article
CATEGORIES