Արա Կիւլերը Պատմել Է, Թէ Ինչո՛ւ Է Թաքցրել Իր Հայ Լինելը

Թարգմ.` ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ

Yerkir_Ara-gulerԹուրքական «Հիւրրիյէթ» թերթի լրագրող Իզզեթ Չափան բացառիկ հարցազրոյց է արել պոլսահայ լուսանկարիչ Արա Կիւլերի հետ:

հարցազրոյցը ներկայացնում ենք ստորեւ:

– Գիտեմ` հիմա այնքա՜ն բանի մասին կը պատմէք, բայց ես չգիտեմ` որտեղից սկսեմ:

– Արա՛, բա՛ ինչու՞ ես եկել, նստել դէմս:

– Առաջին րոպէ, առաջին կոլ… Մոռացայ` ի՛նչ պէտք է հարցնէի: Լա՛ւ, գոնէ լրագրողների անգիր արած հարցերից սկսեմ: Խօսենք ձեր մանկութեան մասին:

– Ամառային մի օր` օգոստոսի 16-ին, բռնել են մօրս ցաւերն, ու 6:15-ին ես եմ ծնուել: Այդ օրուանից մինչ հիմա ապրում ենք էլի:

– Աստուած ձեր կեանքը երկարացնի: Փոքր-ինչ զրուցե՞նք ձեր հօր ու մօր մասին:

– Հայրս իրականում շապինգարահիսարցի է: Մայրս` պոլսեցի: Մեծ պապս միայն Քատըքոյում վեց տուն ունէր, դրա համար էլ չգիտեմ` մօրական կողմս յստակ որտեղ էր բնակւում Պոլսում:

– Այսինքն ձեր մայրը հարուստ ընտանիքի զաւակ է…

– Այո՛, այդպէս է:

– Իսկ հօրական կողմը՞:

– Հօրական կողմից մէկը չկար որ… 1915 թուի` հայերի տեղահանութեան ժամանակ աքսորուելուց յետոյ, նրանց ընտանիքից լուր չեն ստացել: Մարդը (հայրը) մնացել է որբ: Նրան ուղարկել են հայկական գիշերօթիկ դպրոց, դրա համար էլ ողջ է մնացել: Եթէ գնացած չլինէր, նրան էլ կը կոտորէին: Մեծ աղէտներ են եղել այս երկրում: Աստծոյ անիծած երկիր էր. պարզ չէր` ե՛րբ ինչ կը լինի:

– Ինչեւէ, մի կողմ թողնենք երկիրը, վերադառնանք ձեր հօրը…

– Դեղատան տէր, հարուստ մարդ էր: Այն ժամանակ Պոլսում ընդամէնը 4-5 դեղատուն կար, ու այսօրուայ նման չէր, որ խանութի նման մտնէիր ու ուզածդ գնէիր: Դեղերը պատրաստւում էին դեղատան յետնամասում: Հայրս մեծ քիմիագէտ էր:

– Ձեր տանն ինչպիսի՞ մթնոլորտ էր:

– Այն ժամանակ այստեղի հայերն ապրում էին ֆրանսացի ընտանիքների նման: Մտաւորական էինք: Ամէն մէկս առնուազն 2-3 լեզուով էինք խօսում: Ինձ էլ միշտ ամենալաւ դպրոցներն են ուղարկել:

– Իսկ դուք քանի՞ լեզու գիտէք:

– Թուրքերէն, ֆրանսերէն, անգլերէն, հայերէն: Մնացածը չհաշուեմ հիմա, ս… արա:

– Ես ձեզ չեմ պատկերացնում` դասարանում նստած դաս անելիս: Իսկապէս, ինչպիսի՞ աշակերտ էիք:

– Ինչպիսի՞ն պէտք է լինէի` անհնազանդի մէկը: Երեք անգամ մնացել եմ նոյն դասարանում: Եթէ ինձ հարցնես, նոյն դասարանում չմնացածից մարդ դուրս չի գայ: Միշտ ինչ-որ վախ կայ աշխատասէր աշակերտների մէջ, դրա համար էլ միշտ սովորում են:

– Տանեցիներն ի՞նչ էին ասում ձեր` մարդ դուրս գալու վերաբերեալ այս «տեսակէտի» մասին:

– Որպէսզի փողոցում աւարայութիւն չանեմ, հայրս ինձ աշխատանքի տեղաւորեց դպրոցի անկիւնում գտնուող «Իփեք» շարժանկարի ընկերութիւնում: Տնօրէնը` Իհսանը, հօրս դեղատան ընկերն էր:

– Իսկ ի՞նչ գործ էիք անում կինոընկերութիւնում:

– Ին՞չ գործ պէտք է անէի, արա՛, ինչ տալիս էին: Այնտեղ աշխատողները` բոլորը, բացի ինձնից, բեմադրիչ դարձան: Իմ արկածներն այնտեղ կիսատ մնացին:

– Ինչո՞ւ:

– Նոր շարժապատկերի թրէյլըրի (հանդիսատեսներու հետաքրքրութիւնը շարժելու համար պատրաստուած հատուած – Ա.) ցուցադրման համար տասնեակ ընկերութիւններ էին հրաւիրել: Ցուցադրութեան ընթացքում որ բացեցի դուռը, տեսայ` ամէն տեղ այրւում է, հրդեհ է շէնքում: Հրշէջների կողմից փրկուած ամենավերջին մարդը ես էի: Մայրս այդ օրը անհանգստութիւնից շաքարախտ ստացաւ: Հայրս էլ այլեւս թոյլ չտուեց դրանով զբաղել:

*Արա Կիւլերը պատմում է, թէ ինչպէս է մասնակցել հեքիաթի մրցոյթի` օգտագործելով կեղծ անուն (Ալի Իհսան Այկուն), որում զբաղեցրել է առաջին տեղը*:

– Իսկ ինչո՞ւ էք կեղծել ձեր անունը:

– Ոնց թէ` ինչո՞ւ: Որպէսզի հայ լինելուս պատճառով գործիս առաջ ձեռնափայտ չդնեն (չխոչընդոտեն): Բայց մրցոյթում յաղթելուց յետոյ գնացի եւ ասացի` իմ անունը Արա Կիւլեր է:

– Ծանօթացե՞լ էք Աթաթուրքի հետ:

– Ֆլորիա պալատի կողքին, հանրային ծովափի մօտ, տուն ունէինք: Աթաթուրքն էլ երբեմն գալիս եւ ծովն էր մտնում: Տեսել եմ նրան, քանի որ միշտ այնտեղ էր նստում` իր զոլաւոր լողազգեստով: Այդ ժամանակ դեռ երեխայ էինք: Չգիտէինք` ով էր:

– Գոնէ յետոյ ծանօթացա՞ք:

– Արա՛, ի՞նչ ծանօթանալ: Ասում եմ` երեխայ էի, չի հասնո՞ւմ տեղ: Մի հատ ջարդուած նաւակ ունէր, ես էլ դրա յետեւը բռնած` լողացող երեխաներից մէկն էի: Եղած-չեղածը սա է:

– Խօսենք լրագրողի «վիրիւսով» վարակուելու մասին:

– Երբ շարժապատկերի ընկերութիւնն այրուեց, հայրս ինձ նոր Պոլիսէ պարբերականում գործի դրեց: 1950 թուականին լրագրող դարձայ: Դրանից յետոյ էլ ընկայ ք…ի մէջ, հասայ այս օրերին:

– Այսինքն սեպտեմբերի 6-7-ի դէպքերի ժամանակ դուք լրագրող էիք: (1955 թուականի սեպտեմբերի 6-7-ը լուրեր էին տարածուել, թէ ռմբակոծուել է Մուսթաֆայ Քեմալ Աթաթուրքի տունը` Սելանիկում, որից յետոյ Թուրքիայի գրեթէ բոլոր շրջաններում բողոքի ցոյցեր սկսուեցին եւ յարձակումներ` Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների, այդ թւում` հայերի վրայ: Պոլսի ցոյցերի ընթացքում գրանցուել են զոհեր):

– Ի հարկէ, այդ օրերը շատ լաւ եմ յիշում: 1955 թուականն էր: Ժողովրդական պարերի տարածման եւ պահպանման համար յանձնախումբ կար: Պէտք է ելոյթ ունենային Աչըքհաւա թատրոնում: Իմ պարտականութիւնն էլ նրանց լուսանկարելն էր: Ինչեւէ, ճամբայ ընկայ դէպի Իսթիքլալ փողոց: Մէկ էլ ի՞նչ տեսնեմ` ամէնուրեք ջարդուխուրդ են անում:

– Իսկ ի՞նչ արեցիք:

– Թաքսիմի շարժապատկերի սրահի դիմաց մի սրճարան կար` պատշգամբով: Արագ այնտեղ պատսպարուեցի: Դրսում բոլորը գոռում են իրար վրայ, խանութների ապակիներն են ջարդում, կարճ ասած` կատարեալ քաոս: Ժողովուրդը խանութների ջարդուած ցուցափեղկերից ներս էր մտնում եւ նոր զգեստներով դուրս գալիս: Խոշոր-խոշոր մարդիկ երեք վերարկու իրար վրայից էին հագնում: Թալան էր, բացայայտ թալան:

– Կատարեալ խայտառակութիւն…

– Մեհմեթ Ճեմալի յիշատակին «Կիլտա» անունով զարդերի խանութ կար: Երբ գնում էինք, փորձում էին մեզ խոչընդոտել` ասելով. «Սա Ճեմալ փաշայի խանութն է»: «Կիլտա» անունը թուրքական չէ: Ի՞նչ է նշանակում «Կիլտա» ասելով` դա էլ քանդեցին: Եթէ այդ մտածելակերպն այսօր լինի, ամբողջ Թուրքիան կը քանդուի: Մէկ խանութ անգամ չի մնայ, քանի որ ո՛ւր նայում ես, կեաւուրի անուանումներ են:

– Ձեր միտքն էլ ձեր դեղատան կողմն էր…

– Սեպտեմբերի 6-ի դէպքերն սկսուեցին կէսօրից յետոյ, եւ մինչեւ սեպտեմբերի 7-ի առաւօտ աւերուել էր 73 եկեղեցի, 2 վանք, գործարան եւ 5538 սեփականութիւն, սակայն Պէյօղլուում գտնուող միակ խանութը, որ ձեռք չէին տուել, հօրս դեղատունն էր:

– Բախտաւոր է եղել…

– Արա՛, ի՞նչ բախտ: Մեր դեղատունը վերածել էին շտապօգնութեան կենտրոնի, դրա համար էլ չէին քանդել: Բոլոր վիրաւորներն այնտեղ էին: Դեղատունն էլ չէին քանդել, քանի որ իրենց ձեռնտու է եղել: Թէ չէ շրջակայ բոլոր խանութները թալանել էին: Յետամնաց երկիր էր, է՜, յետամնաց:

– Նախկին վարչապետերից Ատնան Մենտերեսի հետ շատ ժամանակ էք անցկացրել…

– Մի՛ ասա: Ատնան Մենտերեսն ինձ դիւադադար է արել այդ ժամանակ:

– Խե՛ր լինի, ինչո՞ւ:

– Բռնագրաւումների ժամանակ միշտ ուզում էր` կողքին լինեմ, էլ ինչո՞ւ:

– Մինչդեռ դուք այնքան էլ նման չէք մարդու, ով կը մնայ իր չցանկացած տեղում:

– Այդ ժամանակ «Հայաթ» ամսագրում էի աշխատում: Առաջին հրատարակման ժամանակ մտածում էինք` 100.000 հատ կը վաճառուի, այդպէս էինք հաշուարկն արել: Բայց երբ 400.000 հատ վաճառուեց, ընկանք ք…ի մէջ: Պատկերացրու` թղթերը Հունգարիայից են գալիս…

– Դուք էլ նորերը պատուիրէիք…

– Արա՛, դու հասկանո՞ւմ ես` խօսքը ո՛ր ժամանակաշրջանի մասին է: Տպագրուած թղթերի բաշխումը կապուած էր պետութեան հետ: Իրենց ուզած լուրերը չհրատարակողներին թուղթ-մուղթ չէին տալիս: Մենք էլ ստիպուած էդ շան տղերքի ջրով էինք գնում: Ու քանի որ Ատնան Մենտերեսը ինձ սիրում էր, նրան «իւղուելու» գործն ինձ էր տրուած: Դրա համար էլ` ո՛ւր գնում էր, ես յետեւում էի նրան:

«Երկիր»

Share this Article
CATEGORIES