Արդար Թուրքեր, Ովքե՞ր Են Եւ Ինչո՞ւ Են Նրանք Կարեւոր

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԵԱՆ

Demoyan_orphԱռնուազն վերջին հինգ տարուայ ընթացքում կարելի է լսել խօսակցութիւններ Ցեղասպանութեան ընթացքում թուրքերի կողմից հայերին փրկելու դէպքերի մասին: «Թուրքեր, ովքեր փրկել են հայերին» արտայայտութիւնը, խոստովանենք, հայի ականջին խորթ է հնչում, եթէ չասենք` ցասում առաջացնում: Բայց արդեօք այդ պատմութիւնները ճի՞շդ են: Այո՛, ճիշդ են: Կան բազմաթիւ օրինակներ Ցեղասպանութիւնը վերապրածների գրաւոր եւ տպագրուած յուշերում, ինչպէս նաեւ` բանաւոր պատմութիւններում, որոնք վկայում են, որ շարքային մուսուլմանները (թուրքեր, քրտեր, արաբներ) հայ անհատներին եւ ամբողջական ընտանիքներին օգնել են գոյատեւելու, թէկուզ եւ` ժամանակաւոր:

Այսուամենայնիւ կայ երկու հարց, որ պէտք է հաշուի առնել այս թեմայի մասին խօսելիս: Դրանցից առաջինը վերաբերում է այս դէպքերի դասակարգմանը: Առհասարակ պատերազմների, զանգուածային կոտորածների եւ բնական աղէտների ժամանակ մարդկային վարքագիծը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ: Հայոց ցեղասպանութեան մասին խօսելիս ամենաառաջին եւ ամենակարեւոր սահմանումն այն է, որ հայերի կանխամտածուած զանգուածային բնաջնջումը կազմակերպուած էր օսմանեան պետութեան կողմից, եւ այն, անտարակոյս, ցեղասպանութիւն էր:

Աւելի՛ն. հայերի ցեղասպանութեան պարագայում Օսմանեան կայսրութեան մուսուլման բնակչութեան մեծամասնութիւնը դրական արձագանգեց պետութեան կողմից ծրագրուած յանցագործութեանը: Վերջիններս նման քաղաքականութիւնը համարում էին պետութեան անվտանգութեան տեսանկիւնից բխող գործողութիւն: Այն նաեւ ընկալւում էր որպէս լաւ հնարաւորութիւն հայկական ունեցուածքը կողոպտելու եւ բռնագրաւելու միջոցով հարստանալու համար, իսկ Օսմանեան կայսրութեան ծայրայեղական մուսուլմանների համար` որպէս հնարաւորութիւն «անհաւատներին» սպաննելու միջոցով դէպի դրախտ իրենց մուտքն ապահովելու համար: Օսմանեան կայսրութեան քրիստոնեայ բնակչութեան դէմ կատարուած յանցագործութիւններում թուրքերի զանգուածային մասնակցութիւնը, այդ թւում` թուրք եւ քիւրտ կանանց եւ երեխաների, պայմանաւորուած էր նաեւ երիտթուրքերի կառավարութեան կողմից տարուող պատերազմական քարոզչութեամբ, յատկապէս կայսրութեան` պատերազմի մէջ մտնելուց կարճ ժամանակ անց` 1914թ. նոյեմբերի վերջին արուած ժիհատի յայտարարութեամբ: Սա ճակատագրական դարձաւ հայերի եւ այլ քրիստոնեաների` պետականօրէն ծրագրաւորուած ցեղասպանութեանը սատարելու նպատակով օսմանցի մուսուլմաններին համախմբելու համար: Հայերի դէմ իրականացուող յանցագործութեան մէջ թուրք տարրի զանգուածային մասնակցութեան հարցը վառ կերպով ներկայացուած է Պոլսի գերագոյն յանձնակատարի` ծովակալ Ռիչըրտ Վեպի կողմից Փարիզի Խաղաղութեան համաժողովին ուղարկուած ծանուցագրի մէջ (ապրիլի 13, 1919 թ.).

«Հայերի դէմ կատարուած ոճրագործութեան համար բոլոր յանցագործներին պատժելն անհրաժեշտութիւն կ՛առաջացնի զանգուածաբար պատժի ենթարկելու բոլոր թուրքերին, ինչի պատճառով առաջարկում եմ հատուցումն իրականացնել ինչպէս ազգային մակարդակով` մասնատելով «հանգուցեալ» Օսմանեան կայսրութիւնը, այնպէս էլ անհատական մակարդակով` դատելով բարձրաստիճան պաշտօնեաներին, ովքեր կան իմ ցանկում, եւ ում ճակատագիրը կարող է օրինակ դառնալ միւսների համար»:

Սա նշանակում է, որ պատերազմի աւարտից յետոյ Դաշնակից պետութիւնների ներկայացուցիչները հասկացել էին յանցագործութիւնների մէջ զանգուածաբար ներգրաւուած բոլոր թուրքերին պատժելու անհնարինութիւնը:

Երկրորդ հարցը վերաբերում է «արդար թուրքերի» թեմայի շուրջ հետզհետէ աճող հետաքրքրութեանը եւ փրկութեան դէպքերի դասակարգման անհրաժեշտութեանը: Այսօր` Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի նախաշեմին, մենք ականատեսն ենք Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս երկու թէժ թեմաների լայնօրէն քննարկման: Առաջինն այն թուրքերի մասին է, ովքեր փրկել են հայերին, իսկ երկրորդը վերաբերում է այսպէս կոչուած «ծպտեալ հայերին», նրանց, ովքեր մինչ օրս ապրում են Թուրքիայում:

Մեծ միջոցներ են տրամադրուել այս թեմաներով հետազօտութիւններ եւ փաստագրում իրականացնելու համար` չհաշուած վերջին տարիներին այս թեմային նուիրուած մի քանի միջազգային գիտաժողովների կազմակերպումը: Ցաւում եմ, եթէ տապալում եմ ինչ-որ մէկի վարդագոյն եւ լաւ հաշուարկած ծրագրերն ու հեռանկարները, բայց պէտք է նշեմ, որ հայերի փրկութեան դէպքերի վրայ, որոնց իսկութիւնը վերը հաստատեցի, չափազանց կենտրոնանալու դէպքում դժուար չէ նկատել, որ մենք գործ ունենք Հայոց ցեղասպանութեան բուն թեմայից շեղելու` դէպի երկրորդական թեմա տանելու յստակ մարտավարութեան հետ: Չնայած սա ցեղասպանութեան արդարացման կամ ժխտման փորձ չէ, այդուհանդերձ, նման շեշտադրումները նպատակ ունեն իրագործուած ցեղասպանութեան թեմայի պարունակում այս պատմութիւնները դարձնելու գերակայ եւ առաջնային:

Ծիծաղելի կը լինէր, եթէ ասէինք, այո՛, հայերի ցեղասպանութիւն եղել է, բայց այդ «ողբերգական իրադարձութիւնների» ընթացքում եղել են թուրքեր, ովքեր փրկել են հայերին: Ցանկացած փորձ` ուղղուած Հայոց ցեղասպանութեան հիմնական պատումը փոխելուն, եւ ցանկացած ֆինանսական ներարկում` նման փորձերին օժանդակելու համար, անարդիւնաւէտ են լինելու եւ վատ անդրադարձ կ՛ունենան երկու կողմերի հաշտեցման գործընթացի վրայ: Իրական հաշտեցում կը լինի միմիայն իրագործուած յանցագործութեան եւ դրա հետեւանքների վերացման անհրաժեշտութիւնը ընդունելու դէպքում:

Մէկ այլ հարց է, թէ ինչո՛ւ են այս պատմութիւնները հայկական կողմի համար նոյնպէս կարեւոր: Նախ եւ առաջ Ցեղասպանութեան ընթացքում թուրքերի կողմից հայերի կեանքը փրկելու վերաբերեալ բոլոր պատմութիւնները, թէեւ դրանք այնքան էլ շատ չեն, այդուհանդերձ, պէտք է բարձրաձայնուեն, քանի որ դրանք կոծկելը կամ դրանք յիշատակելուց խուսափելը հաւասարազօր կը լինի ժխտողականութեան դրսեւորման: Այլ կերպ ասած` թուրքերի կողմից հայերին փրկելու պատմութիւնները Հայոց ցեղասպանութեան ընդհանուր պատմութեան անբաժանելի մասն են: Աւելի՛ն. այդ պատմութիւնները կարեւոր են, քանի որ դրանք լրացուցիչ կերպով հաստատում են այն պնդումը, որ Ցեղասպանութիւնը պետականօրէն ծրագրաւորուած եւ իրագործուած էր օսմանեան պետութեան կողմից: Հայերին փրկող մուսուլմանները ընդդիմանում էին թրքական պետութեան քաղաքականութեանը եւ թաքցնելով հայերին` վտանգում էին իրենց եւ իրենց ընտանիքների միւս անդամների կեանքը: Յայտնի փաստ է, որ, թրքական բանակի յատուկ հրամանի համաձայն, ցանկացած մուսուլման, ով իր տանը հայ թաքցնէր, ենթակայ էր իր տան առջեւ կախաղան բարձրացուելուն, իսկ նրա տունը` ամբողջութեամբ հրդեհուելու:

Սա թեմային վերաբերող կարեւոր մի կէտ է, քանի որ հայերի փրկութեան պատմութիւններին անդրադառնալիս պէտք է պարզաբանենք, թէ ով, ինչ պայմաններում եւ ումից է փրկել հայ զոհերին: Ակնյայտ է, որ այս հարցադրումները մղւում են երկրորդ գիծ: Հարկ է նշել, որ այն դէպքերը, երբ հայերի կեանքը փրկել են վերջիններիս շահագործելու կամ նրանց ունեցուածքը բռնագրաւելու համար, չեն կարող համարուել փրկութեան դէպքեր: Դա նոյնն է, երբ թուրքը, քիւրտը կամ մէկ այլ ազգութեան ինչ-որ մէկը փրկում էր հայ ընտանիքի բոլոր անդամներին, որպէսզի ամուսնանար նրա գեղեցիկ աղջկայ հետ: Սրանք պարզապէս ֆիզիքական փրկութեան դէպքեր էին, եւ յաճախ փրկուած հայերը, այդ թւում` երեխաները, բռնի կրօնափոխ էին լինում, թրքացւում իրենց նոր ընտանիքներում, կորցնում իրենց ինքնութիւնը, ինչը նոյնպէ՛ս համարւում է ցեղասպանական գործողութիւն` համաձայն ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կանխարգելման եւ դրա համար պատժի հռչակագրի  դրոյթների:

Վերադառնանք հիմնական սահմանմանը. իրական փրկութեան օրինակ է այն դէպքը, երբ թուրք անհատը կամ մի ողջ թուրք ընտանիք, ընդդիմանալով հայերին բնաջնջելու պետական ծրագրին, վտանգի տակ դնելով սեփական կեանքը, թաքցրել կամ փրկել է հայերին տեղահանութիւնից կամ անշահախնդիր օգնել է նրանց փրկուելու անխուսափելի մահից:

Իսկ մնացեալ պատմութիւնները վերաբերում են բռնութեան եւ ամօթալի ցեղասպանական գործողութիւններին:

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԵԱՆ
Հայոց ցեղասպանութեան
թանգարան-ինստիտուտի տնօրէն

Share this Article
CATEGORIES