ԻԼԻՊ-ը Բռնագրաւել Է Մուսուլից Գաղթած Հայերի Անձնագրերը. Նրանք Չեն Կարողանում Տեղաշարժուել

ԱՆՈՅՇ ԹՐՈՒԱՆՑ 

A-T_Melqon-MelqonyanԻԼԻՊ-ը («Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» խմբաւորումը, որը վերջերս անուանակոչուեց «Իսլամական պետութիւն» – (ՏԱՀԵՇ – «Ա.») դարձել է Միջին Արեւելքի, ընդհանրապէս` աշխարհի վերջին շրջանի սարսափներից մէկը. խմբաւորման անդամները բնակավայրեր գրաւելով` սպաննում կամ տեղահանում են հազարաւոր մարդկանց, ոչ միայն քրիստոնեաներին ու եզիտիներին, այլ նաեւ` բոլոր նրանց, ովքեր խոչընդոտ են հանդիսանում խալիֆայութիւն ստեղծելու իրենց գաղափարի իրականացման ճանապարհին:

Գրաւելով Իրաքի երեք խոշորագոյն նահանգները` ԻԼԻՊ-ն ամիսներ շարունակ հսկողութեան տակ էր պահում նաեւ երկրի խոշոր նահանգներից Անպարը: Եւ ահա 13 հոկտեմբերին Անպարի նահանգապետարանը պաշտօնապէս յայտարարեց, որ նահանգի ռազմական ուժերն այլեւս չեն հերիքում դիմադրելու ծայրայեղ իսլամականներին, եւ նահանգն ամբողջութեամբ յանձնուելու ճանապարհին է: 13 հոկտեմբերին սպաննուել է նաեւ Անպարի ոստիկանապետը, իսկ «Տը Սանտէյ թելեկրաֆ»-ը հաղորդել է, որ Անպարի նահանգապետարանի դիմումները` ամերիկեան ռազմական ցամաքային օժանդակութիւն ստանալու առումով, մնացել են անպատասխան:

Անպարում աւանդաբար հայեր չեն ապրել, սակայն, նկատի ունենալով, որ նահանգը շատ մօտ է Պաղտատին (գտնւում է մայրաքաղաքից 13 քմ հեռաւորութեան վրայ), վտանգ կայ, թէ Իլիպ-ի թիրախներից է դառնալու նաեւ Պաղտատը, որտեղ կենտրոնացած է Իրաքի հայութեան մեծ մասը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում պաղտատահայերը` ստեղծուած կացութեան պայմաններում, եւ ի՞նչ տրամադրութիւն է տիրում իրաքահայութեան շրջանում. «168 Ժամի» հարցերին պատասխանում է Պաղտատի Ազգային Կեդրոնական վարչութեան ատենապետ, Պաղտատի Ճարտարուեստի համալսարանի փրոֆեսէօր Մելքոն Մելքոնեանը:

Հ.- Պարոն Մելքոնեան, լուրերը, թէ երկրի խոշորագոյն նահանգներից մէկը, որը շատ մօտ է Պաղտատին, ծայրայեղ իսլամիստների կողմից գրաւուելու ճանապարհին է, տագնապ առաջացրե՞լ է Պաղտատում:

ՄԵԼՔՈՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Տագնապ միշտ կայ: Մանաւանդ 13 հոկտեմբերի լուրերից յետոյ, երբ լսեցինք, թէ ինչ ծայրայեղ լարուած վիճակ է տիրում Անպարի ներսում եւ շրջակայքում: Փաստօրէն, երկար դիմադրելուց յետոյ նահանգն այլեւս անզօր է ծայրայեղ իսլամիստների դէմ, որոնք ուժեղ են, լաւ պատրաստուած են եւ մարզուած: Աւելի քան 10,000 զինեալների մասին են հաղորդում լուրերը: Ճիշդ է, բնակչութիւն արդէն չի մնացել Անպարում, նրանք լքել են իրենց տներն ու աւելի ապահով վայրեր են տեղափոխուել, բայց նահանգի հնարաւոր ամբողջական տիրապետումը` ծայրայեղ իսլամիստների կողմից, անշուշտ, փոքր քայլ չի լինի նրանց վերջին շրջանի գործողութիւնների շարքում: Անպարը ռազմավարական մեծ նշանակութիւն ունեցող մարզ է:

«Հ.».- Հնարաւոր համարու՞մ էք Պաղտատի վրայ յարձակումը:

Melkon-M_Musul-2Մ.Մ.- Մենք բոլորս այն յոյսով ենք ապրում, որ Պաղտատը կարմիր գիծ կը լինի նրանց համար, եւ չեն համարձակուի մօտենալ, մանաւանդ այստեղ բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ են գործում, Պաղտատում է գտնւում Միացեալ Նահանգների աշխարհում ամենամեծ դեսպանատներից մէկը, այլ դեսպանատներ, եւրոպական կառոյցներ կան, եւ այլն: Յուսանք` բոլորն իրենց ջանքերը կը գործադրեն, որ արաբական աշխարհի երկրորդ խոշոր քաղաքը, որ նաեւ աշխարհի հնագոյն քաղաքներից է, չդառնայ ծայրայեղ իսլամականների հերթական թիրախը. բոլորս էլ տեսնում ենք, թէ նրանք ինչպէս են վարւում գրաւուած քաղաքների ու բնակչութեան հետ: Իրաքի երկրորդ խոշորագոյն քաղաքը` Մուսուլը, վաղուց նրանց տիրապետութեան տակ է: Մուսուլի դէպքում ներսից աջակցեցին, որ նրանք մտնեն քաղաք: Հնարաւոր է` Պաղտատում էլ կան նման ուժեր, որոնք արտաքնապէս տեսանելի չեն մեզ համար: Սովորաբար այդպէս է լինում` քաղաքների կամ գիւղերի ներսում նրանք ունենում են աջակցող ուժեր:

Հ.- Ի դէպ, Մուսուլի հայութիւնից տեղեա՞կ էք` ու՞ր են հիմնականում գնացել:

Melkon-M_Musul-1Մ.Մ.- Աւելի ապահով շրջաններում են` Էրպիլի եւ այլ հիւսիսային վայրերում, բայց ծայրայեղ իսլամականները նրանց անձնագրերը եւ այլ փաստաթղթեր բռնագրաւել են, մօտ 120 ընտանիք կայ գաղթական վիճակում: Ճիշդ է, նրանց նպաստ է տրամադրւում հայկական միութիւնների կողմից, առաջնորդարանը հագուստ, ուտելիք եւ այլ միջոցներ է ուղարկում, բայց այդ մարդկանց ճակատագիրն անորոշ է, նրանք զրկուել են իրենց տարիների ունեցուածքից, իսկ այսօր էլ անձնագիր չունենալու պատճառով չեն կարողանում տեղաշարժուել: Մենք բազմիցս բարձրացրել ենք Մուսուլից տեղահանուած հայերի հարցը, բայց, փաստօրէն, թէ՛ Հայաստանի դիւանագիտական կառոյցները, թէ՛ այլ հայկական կազմակերպութիւններ ի վիճակի չեղան լուծելու այս հարցը: Այն, ինչ տեղի է ունենում Իրաքում, մեծ խնդիր է, որ հայութեան հետ չէ կապուած, խոշոր տէրութիւններին առնչուող հարց է, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելն էլ հայկական ու մեր համայնքային ուժերից շատ-շատ վեր է: Իրաքի բնակչութիւնը հայեացքը դուրս ուղղած` սպասում է, որ գերտէրութիւնները վերջ դնեն այս ամէն ինչին: Ես օրերս եմ վերադարձել Հայաստանից, Հայաստան-սփիւռք խորհրդաժողովին էլ այս հարցն առաջ քաշեցի. Միջին Արեւելքում, այդ թւում` Իրաքում, հայութեան վիճակը տագնապալի է, Հայաստանի կառավարութիւնը դեսպանատների կամ այլ միջոցներով պէտք է կազմ ու պատրաստ լինի, որ ծայրայեղ դէպքերում (ինչը հեռու չէ, նախադէպեր էլ կան), անմիջապէս կարողանայ թէկուզ ժամանակաւորապէս տեղափոխել հայութեանը: Դեսպաններին յաւելեալ լիազօրութիւններ պիտի տրուեն, որպէսզի դիմումի, անցագրի, անձնագրային ձեւակերպումների համար երկար ժամանակ չպահանջուի, եւ մարդիկ կարողանան արագ տեղաշարժուել:

Հ.- Որքա՞ն հայ է մնացել Իրաքում:

Մ.Մ.- Վերջին շրջանում իրաքահայերի մեծ տեղաշարժեր են եղել, առաջուայ հայաշատ գաղութից մօտ 10,000 հայ է մնացել, որի կէսը Պաղտատում է:

Հ.- Հիմա Պաղտատում ինչպիսի՞ տրամադրութիւն է:

Մ.Մ.- Աշխատանքային: Մարդիկ իրենց գործերով են զբաղուած, հայկական համայնքում եկեղեցին, ակումբը գործում են, մարդիկ կարծես սովորել են այս մթնոլորտին, հակառակ ամէն ինչին` կեանքը շարունակւում է, ես հիմա, սովորականի պէս, իմ առաւօտեան թէյն եմ խմում, քիչ յետոյ լսարան պիտի մտնեմ` նոյն ձեւով դաս պարապելու, ապրելու ոգին պահում ենք, հակառակ դէպքում շատ դժուար կը լինի:

 

«168 Ժամ» 

 

Share this Article
CATEGORIES