Համշէնը* Ներկայացնում Է Համատեղ Մշակոյթ Եւ Բարձր Լեռներում Բնակուողների

ՈՒՂՈՒՐ ՊԻՐԵՈԼ

Akunq_Hopa-KarciԱյսօր համշէնցիների մեծամասնութիւնը ժխտում է, որ հայ է: Շրջանում կիրառուող տեղանուններից մինչեւ առօրեայ կեանքում գործածուող առարկաների անունները հայերէն են: Շարունակւում են այնպիսի հայկական աւանդոյթներ, ինչպիսիք են Վարդավառը, Հոդոչը:

Համշէնը տեղանուն է, որը տրուել է այսօր Ռիզէի Չամլըհեմշին, Փազարհեմշին եւ Արդուինի Քեմալփաշայում գտնուող Համշէն տեղանուանն ու այնտեղ ապրողներին: Համշէնը/համշէնականութիւնը ներկայացնում է համատեղ մշակոյթ եւ բարձր լեռներում բնակուողների(1):

Համշէնցիները միայն Սեւ ծովի արեւելեան շրջանում չեն բնակւում: Յայտնի է, որ պանդխտութեան իբրեւ հետեւանք` Թուրքիայի բազմաթիւ շրջաններում եւ նախկին գաղթերի պատճառով Սեւ ծովի արեւմտեան ափերին եւ Էրզրումում եւս համշէնցիներ են բնակուել:

Սեւ ծովի արեւելեան ափ ասելիս` առաջինը, որ մարդու միտքն է գալիս, Չամլըհեմշինն է, որը կառուցուել է Սեւ ծովի արեւելեան շրջանի ամենաբարձր կէտ հանդիսացող Քաջքար լեռների փէշերին` պատմական Թաւրիզ-Տրապիզոն մետաքսի ճանապարհի կարեւոր կէտում: Չամլըհեմշինում բնակուողների մեծ մասն ամրան ամիսներին բարձրանում է եայլա:

Քանի որ Փազարհեմշին «նահիէ»-ում բնակուողների մեծամասնութիւնը բարձրանում է Չամլըհեմշինի տարածքում գտնուող եայլաներ, երկու Համշէնի միջեւ աշխուժութիւն է առաջանում:

Աշխարհագրական դիրքով հեռու լինելու պատճառով արեւելեան համշէնցիների խումբն այս մերձեցումից բաւականին հեռու է մնում: Թէեւ յայտնի են որպէս համշէնցիներ, սակայն որպէս արեւմտեան խումբ յայտնի չամլըհամշէնցիների եւ փազարհամշէնցիների հետ այդքան էլ առնչութիւն չունեն:

Արեւելեան Համշէնցիներ (Հոմշեցի)

Turkey_Provinces_locator_RizeՓիթըր Անտրուզն իր «Թուրքիայի ցեղային խմբերը» գրքի «Համշէնցիներ» բաժնում գրում է, որ Հոփա- Քեմալփաշայի կողմերում բնակուողներն իրենց անուանում են «հոմշեցի»:

Այս արեւելեան խմբի համշէնցիների բնակեցման վայրերը Արդուինի նահանգում տեղակայուած են Հոփայի եւ Քեմալփաշայի միջով անցնող գետի մակարդակից վերեւ: Արեւելքում Ճորոխ գետը բնական սահման է կազմում(2):

Արեւելեան խմբի համշէնցիների լեզուն հայերէնն է: Խօսում են արեւմտեան բարբառով եւ նաեւ` թուրքերէն: Շրջանի բնակիչները որքան էլ որ պնդեն, որ խօսում են համշեներէն, նման լեզու գոյութիւն չունի(3):

Երբ 1990-ական թթ. Սարպիի սահմանը բացեցին, Ռուսաստանից առաջինը հայերը եկան Սեւ ծովի արեւելեան շրջան: Սկզբում, երբ հայերը առեւտրի համար Հոփա էին գալիս, նկատեցին, որ շրջանի բնակչութեան հետ լեզուական նմանութիւններ ունեն:

Akunq_hemiԱյսօր որքան էլ որ ժխտեն, որ իրենց լեզուն հայերէն չէ, այն հայերէն է եւ որոշ աղբիւրների համաձայն, հայերէնի բարբառ է: Ըստ Փիթըր Անտրուզի, հայերէնը, որով խօսում են, ամենաքիչը երկու բարբառ ունի, որը գիւղից գիւղ տարբերւում է: Լեզւում, որի հնչիւնական համակարգում կարելի է հանդիպել տարբերութիւնների, զարմանալի նախնական տարրերի հետ միասին կան նաեւ թուրքերէնից փոխառութիւններ(4):

Հալէ Սէօյսիւն, ով, օգտուելով Փիթըր Անտրուզի` արեւելքում բնակուող համշէնցիների վերաբերեալ աշխատութիւնից, «Ցեղերի դուռ-1» աշխատութեան մէջ (էջ 123-141) համշէնցիներին ներկայացնելուց յետոյ աշխարհագրական շրջանը բաժանում է երկու հատուածի` «հայերէն խօսողների» եւ «թուրքերէն խօսողների»: Թէեւ արեւելեան խմբում հիմնականում լեզուական գործօնից ելնելով են ինքնութիւնը որոշել, սա չի նշանակում, որ ժխտւում է հայկական ինքնութիւնը: Ամբողջութեամբ թրքացած արեւելեան խումբը թէեւ խօսում է հայերէն, սակայն ժխտում է իր հայկական ծագումը: Հալէ Սէօյսիւն իրավիճակը հակիրճ այսպէս է բնութագրում` «հայերէն ասում են, որ հայ չեն»:

Արեւելեան խմբի համշենցիների առօրեայ կեանքում կիրառած որոշ բառերից են` մար (մայր), դադ (հայր), մոմի (տատիկ), չուր (ջուր), ձառ (ծառ), թուռ (դուռ):

Akunq_kerԱրեւելեան համշէնցիները եւս, միւս համշէնցիների պէս, ունեն եայլայի մշակոյթ: Բացի այդ` կարելի է ասել, որ հագուստից մինչեւ կերակուրի մշակոյթ, ժողովրդական տարրերն ու ծիսակարգերը իւրայատուկ են Արդուինին:

Արեւելեան Համշէնում մի ճաշատեսակ կայ, որը կոչւում է ապուր. պատրաստում են կարմիր կաղամբով եւ փորոտիքի իւղով: Թանձրանալու համար աւելացնում են եգիպտացորենի ալիւր: «Ապուրո՞վ ես մեծացել» արտայայտութիւնն արեւելեան համշէնցիների շրջանում օգտագործում  են այն մարդկանց համար, ովքեր գիւղից դուրս չեն եկել, անկիրթ են:

Թէ՛ աշխարհագրական դիրքի եւ թէ՛ լեզուի տեսանկիւնից արեւելեան համշէնցիներին (հոմշեցի) արեւմտեան համշէնցիներից տարանջատող տարբեր ինքնութեան պատճառը  անյայտ է մնում:

Արեւմտեան Խումբ (Արմենի)

Արեւմտեան համշէնցիներ կոչուած խումբը Չամլըհեմշինի եւ Փազար-Հեմշինի բարձր լեռներում բնակուող եւ ցեղային ինքնութիւն ներկայացնող ժողովուրդ է: Նրանց հարեւան լազերն այս համշէնցիներին կոչում են արմենի(5):

Akunq_shouՏարածուած խօսք կայ` «հաստակող հայ»: Սակայն այլեւս համշէնցիների եւ լազերի միջեւ նմանատիպ տարածուած արտայայտութիւններ չեն մնացել: Մրցակցութիւնը եւս կամաց-կամաց անհետանում է, մէկը միւսին աղջիկ չտուող եւ թշնամի համարող  երկու հասարակութիւններն արդէն աւելի անկեղծ են դարձել: Այն, որ լազերը թէյ մշակելու համար գալիս են Համշէնի լեռնային գիւղեր, մերձեցրել է երկու ժողովրդին: Համշէնի վերաբերեալ ուսումնասիրութիւններ կատարած բազմաթիւ գրողներ ասում են, որ արեւմտեան խմբի համշէնցիներն ամբողջութեամբ թուրքացուել են եւ մերժում են իրենց հայկական ծագումը:

Այսօր արեւմտեան հեմշինցիները խօսում են տարբեր առոգանութեամբ թուրքերէնով, որի մէջ կան նաեւ հայերէն բառեր: Մինչ որոշ հետազօտողներ ասում են, թէ արեւմտեան խմբի համշէնցիները մոռացել են իրենց լեզուն, ոմանք էլ ասում են, թէ նման լեզու գոյութիւն չի ունեցել, հետեւաբար չէին կարող մոռանալ (ինչպէս, օրինակ, լազերէնը):

Թէեւ արեւմտեան խմբի համշէնցիները մերժում են իրենց հայկական ծագումը, սակայն շարունակում են տօնել այնպիսի հայկական աւանդոյթներ եւ տօներ, ինչպիսիք են Վարդավառը (Համշէնում Վարդեւոր են անուանում), Հոդոչը(6):

Արեւմտեան խմբի համշէնցիների ամենակարեւոր տարբերութիւնն արեւելեան խմբի համշէնցիներից հացթուխի եւ հրուշակագործի մասնագիտութիւնն է, որը վերածուել է գրեթէ ինքնութեան: 19-րդ դարի սկզբին համշէնցիները, գնալով Ռուսաստանի եւ Եւրոպայի որոշ քաղաքներ, սովորել են այս մասնագիտութիւնները եւ վերադառնալով Թուրքիա`  տարածել են այստեղ, ինչը բացել է պանդխտութեան դռները: Այսօր մեծ քաղաքներում եւ անգամ Հաքքարիում յայտնի հրուշակեղէնի խանութների եւ փռերի մեծ մասը պատկանում է համշէնցիներին:

Համշէնի Պատմութեան Վերաբերեալ

Հարցը, թէ համշէնցիները հայկակա՞ն ծագում ունեն, թէ՞ թուրքական, բազմաթիւ ենթադրութիւնների  առիթ է հանդիսացել` ծաւալելով բազում քննարկումներ:

Ֆահրէտտին Քըրզըօղլուն մէկն է նրանից, ովքեր փորձում են ապացուցել, թէ համշէնցիներն ունեն թուրքական ծագում: Ըստ նրա, համշէնցիների պապերը  պարթեւների հետ միասին 2200 տարի առաջ Ամատան շրջանում բնակեցուած Ամատունիների մի ճիւղն են, ովքեր ծագումով թուրք են: Սրանց առաջնորդը իշխան չի եղել, այլ` «Իլպեկլերի» Համամը: Պենինհաուզը, քննադատելով Քըրզըօղլուի բազմակողմանի մօտեցումը` պնդում է, որ նա Կրոսեթից վերցրած տեղեկութիւնները խեղաթիւրել է, իրականում Համամ պէյ կոչուած անձը պատկանում է Ամատունի իշխանական տոհմին, որը հայկական ծագում ունի(7):

Համաձայն որոշ հետազօտողների, պարթեւները, ովքեր ենթադրաբար համշէնցիների նախնիներն են եղել, առաջին դարերում մեծ պետութիւն ստեղծելով` տարածուել են Արեւելեան Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան, «Ակունք»-ի խմբ.) եւ Կասպից ծովի հարաւային եւ արեւմտեան հատուածներով մէկ:

Ք.Ա. 50-ական թթ. սկսած պարթեւների եւ հռոմէացիների միջեւ ծագած պատերազմների ժամանակ այս շրջանում բնակուող հայերը անցնում են պարթեւների կողմը, եւ ժամանակի ընթացքում երկու հասարակութիւնները սկսում են խառնուել:

Հետագայ դարերում բազմաթիւ պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանում արաբների ժամանակաշրջանում ստեղծւում են թագաւորութիւններ, որոնցից երեքը` Բագրատունիների, մէկն էլ` Արծրունիների գահակալութեամբ: Արաբների ճնշումներին այլեւս դիմանալ չկարողացող հայերի մի հատուածը ապստամբում է, եւ ըմբոստութիւնը հանգուցալուծւում է գաղթով: Ապստամբութիւն սկսած եւ գաղթն առաջնորդող Համամ եւ Շապուհ Ամատունի պէյերը 789-790 թթ. 12,000 հայերի հետ գաղթում են այսօրուայ Համշէնի տարածք:

Այս իշխաններն այստեղ քաղաք են հիմնում` անուանակոչելով իրենց անուամբ` Համամաշէն: Ասել է թէ` համշէնցիները, համաձայն այս պատմական բեմագրութեան, արաբական դաժանութիւններից խոյս տուած հայերի եւ պարթեւների միախառնումից առաջացած ժողովուրդ են:

Համշէնցիների հայկական ծագման վերաբերեալ մի ընդարձակ աշխատութիւն գրած փրոֆեսէօր Լեւոն Խաչիկեանը համշէնցիներին անուանում է «Համշէնի հայեր»: «Համշէնի առեղծուածը» գրքում Խաչիկեանը գրում է համշէնցիների պատմական ճանապարհորդութեան մասին. «Բիւզանդական կայսրութեան հիւսիսարեւելեան անկիւնում` Խալտեոում, Հայաստանից գաղթի արդիւնքում ձեւաւորուած Համշէնի հայկական համայնքը շարունակել է գոյութիւն ունենալ դարեր ի վեր` խաղալով դրական դեր հայ ժողովրդի քաղաքական եւ մշակութային պատմութեան մէջ»: Խաչիկեանն այս գաղթի վերաբերեալ պատմիչ Ղեւոնդից մէջբերում կատարելով` Համշէնի հայկական «պէյլիք»-ութեան ստեղծումը թուագրում է Եսայիի արքեպիսկոպոսութիւնից յետոյ` Օպայտուլլահի եւ Սուլէյման ոստիկանների ղեկավարման տարիներին` 789-790 թթ., երբ «Շապուհ եւ Համամ Ամատունիները, առաջնորդելով Հայաստանից գաղթը եւ ճնշելով արաբ զաւթիչների ապստամբութիւնը, մօտ 12 հազար հպատակի համար Բիւզանդական կայսրութեան հովանու ներքոյ ապահով մի անկիւնում բոյն հիմնեցին: Ասում են, թէ «Համշէն» անունը ծագում է Համամ Ամատունու անունից(8)»:

Այսօր համշէնցիների մեծամասնութիւնը ժխտում է իր հայկական ծագումը: Ըստ էութեան, շրջանում օգտագործուող տեղանունները (Օրսաղանթ, Չէյմաքջուր, Սամիսթա եւ այլն) եւ առօրեայ կեանքում օգտագործուող գործիքների անունները որքան էլ որ խօսուածքային, բայց, այնուամենայնիւ, հայերէն են: Շարունակում են այնպիսի հայկական աւանդոյթներ, ինչպիսիք են Վարդավառը, Հոդոչը: Յայտնի է, որ Էլեվիտ եայլայում եկեղեցու աւերակներ են եղել:

Akunq_timԲնականաբար այս բոլորը բաւարար չէ համշէնցիների հայկական ծագումը ապացուցելու համար, սակայն ճիշդ չէ ասել, որ համշէնցիները օղուզ թուրքերի մի ճիւղն են: Համշէնցիներին օղուզների հետ նմանեցնելիս անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ, թէ հին թուրքական ո՞ր աւանդոյթն են շարունակում: Հետեւեալ նախադասութիւնը ցոյց է  տալիս, թէ կայսեր հիւանդութիւնը բժշկելու համար Քաջքար լեռների արօտավայրերում դեղաբոյս փնտռող ճանապարհորդ Քարի Քոչի «Ռիզէի ճանապարհորդագրութիւն» աշխատութիւնն ինչպէս են փորձում ծառայեցնել թուրքական թեզն ամրապնդելու նպատակներին. «Մեհմեթ Պիլկինի պատմական հիւրատների եւ տների դռների երկաթէ չորսուները թուրքական արուեստը մատնանշող շատ կարեւոր ստեղծագործութիւններ են: Այս չորսուներում պատկերուած են ոչխարի եւ գայլի գլուխներ, որոնք աղաղակում են թուրքականութեան մասին»:

Բնականաբար այս նախադասութիւնը Քարի Քոչին չի պատկանում: Խեղճ մարդը թերեւս բաւարար չի համարել գիրքը գերմաներէնից թարգմանելը, որ գրքի վերջում յաւելել է նաեւ իր թեզերը:

Այս ազգայնական անձինք իրենց թեզերն արդարացնելու համար չեն վարանել օգտագործել Քարի Քոչին, ով ասել է, որ բոլոր հայ գրողները խորամանկ են, պէտք է նրանց գրածներն այրել(՞): Բացի այդ` Չամլըհեմշին-Համշէնի տների դռների երկաթէ չորսուներից եւ ոչ մէկը ոչխար-գայլի գլուխ չունի: Համշէնցիների երաժշտական գործիք թուլումն անգամ Յունաստանում են նուագում (նրանք անգամ պնդում են, որ թուլումը միջինասիական է): Եթէ Միջին Ասիայում մէկը թուլումի հանդիպել է, թող ձայն հանի…

Akunq_19_3Եւս մէկ ճանապարհորդ` Նիլ Աշերսոնը, ում ճանապարհն անցել է Քաջքարի փէշերով, իր «Սեւ ծով» աշխատութեան մէջ հանդէս է եկել հետեւեալ համոզմամբ. «Քեմալական գաղափարախօսութիւնը Եւրոպայում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ժամանակաւոր «արդիական»  ազգայնականութեան որոշ ծայրայեղական հասկացութիւններ է իւրացրել: Միատարրութիւնը` մէկ լեզու, մէկ կրօն, հզօր եւ անկախ պետութիւն ունենալն անհրաժեշտութիւն է համարուել:

Այստեղից հետեւութիւն են արել, որ բազմացեղ, կենտրոնամէտ չեղող եւ որոշ առումներով հանդուրժողական Օսմանեան կայսրութեան կոյր դասակարգումների եւ տարբերութիւնների չափ այս գիտական ոգու դէմ որեւէ կազմաւորում չի լինի:

Մօտ 250 հազարի հասնող լազերը սեփական ինքնութեան հարցում ծայրաստիճան զգուշաւորութիւն են ցուցաբերել` հեռու մնալով հրահրումներից, սակայն մօտ 20 հազարի հասնող համշէնցիների փոքր խումբը յատկապէս հնազանդուելու հարցում դժուարութիւններ է կրել: Անյայտ անցեալում իսլամ ընդունած այս խմբի անդամները հայկական արմատներ ունեն եւ չնայած դեռեւս հայերէն են խօսում, սակայն 80 տարի առաջ տեղի ունեցած քրիստոնէական-հայկական դէպքերից հեռու են մնացել…»:

Akunq_19_0Աշերսոնի այս համոզմունքները թէեւ համապատասխանում են ճշմարտութեանը, սակայն չի կարելի ասել, թէ կողք կողքի բնակուող երկու ժողովուրդներ` համշէնցիները եւ լազերը, ունեն իրենց ցեղային ինքնութիւնը: Յայտնի չէ, թէ քրտերի նման ապստա՞մբ են եղել, թէ՞ ոչ, սակայն հանգիստ կարելի է ասել, որ երկուսն էլ արդէն հաւատարիմ հպատակ են:

Վերադառնալով համշէնցիների հայկական ծագում ունենալ-չունենալու քննարկմանը` եթէ համշէնցիներին բնորոշեն որպէս հայ կամ թուրք, ես կը նախընտրեմ բնութագրել որպէս Սեւ ծովի արեւելեան լեռներում իրենց գոյութիւնը առեղծուածային կերպով շարունակող ժողովուրդ: Իսկ եթէ կարեւորը բազմամշակութայնութիւնն է, ապա կարծում եմ` կարիք չկայ, որ յենման կէտ ունենան:

 

* Յօդուածում հեղինակը Համշէն տեղանունն օգտագործում է Հեմշին ձեւով, իսկ համշէնահայ անուանումը` հեմշինցի  ձեւով, «Ակունք»-ի խմբագրութիւն:

ՈՒՂՈՒՐ ՊԻՐԵՈԼ
Եգէեան համալսարանի հաղորդակցման եւ
կապի բաժանմունքի լրագրութեան բաժին

«Պիանեթ»

 

Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ

«Ակունք»

 

Լուսանկարը` «Ակունք»-ի

 

Ծանօթագրութիւն

1.- Յայտնի է, որ Համշէն տեղանունը սովորական տեղանուն չէ: Որովհետեւ եթէ անգամ նկատի ունենանք աշխարհագրական գործօնը, ապա, օրինակ, Չամլըհեմշինի սահմաններում համշէնցիներն ու լազերը որպէս բնիկ երկու ժողովուրդ են ապրում: Համշէնցիների եւ լազերի գիւղերի բաժանումը բաւական ակնյայտ ձեւով կարելի է կատարել: (Erhan G. Ersoy, Birikim, Etnik Kimlik ve Azinliklar, s-139-143, sayi:65):

2.- Peter Andrews, Turkiye՛de Etnik Gruplar, (181 -184)

3.- Michael Meeker 1971 The Black Sea Turks: Some Aspects of The-ir Ethnic and Cultural Background՛ (S-318-345) Մէջբերում Էրհան Կ. Էրսոյից. «Միքրն ասում է, որ Արեւելահայերէնը համշէնցիների շրջանում լաւ պահպանուել է: Թէեւ Թուրքիայի հայերը գրեթէ կարողանում են հասկանալ Հոփայի համշէնցիների հայերԷնը, սակայն վերջիններս միւս հայերին ընդհանրապէս չեն կարողանում հասկանալ»:

4.- Dumezil, G. 1964 (P. Andrews,a.g.e)

5.- Էրհան Կ. Էրսոյը գրում է. «Գետնի վրայ աշխատանքների ընթացքում վկայուած բանաւոր մրցակցութեան օրինակները ներառում են բաւականին ցեղակեդրոն տարրեր: Օրինակ`  նախակրթարանի աշակերտների շրջանում տարածուած արտայայտութիւններից է «լազերի սրբին բակում մի դիր»: Համշէնցի մեծերի շրջանում եւս յաճախ հանդիպում են այնպիսի գնահատականներ, թէ քաղաքակրթութեան տեսանկիւնից լազերն իրենցից  ցածր են, արեան վրէժի նման բարբարոսական աւանդոյթներ ունեն, անփորձ են, հնում անկրօն կամ էլ ոչ մուսուլման են եղել: Լազերն էլ փորձում են համշէնցիներին ներկայացնել խաղամոլ, հարբեցող եւ հայերից սերած: Երկու հասարակութիւնները նաեւ մշակութային տեսանկիւնից լուրջ մրցակցութեան մէջ են (թուլումի նուագակցութեամբ հորոններում):

6.- Թէեւ այսօր համշէնցիները (մեծաւ մասամբ) թւում է, թէ մոռացել են իրենց արմատները, սերնդէ սերունդ փոխանցած բանաւոր առասպելներում չեն թաքցնում, որ իրենք հայ համայնքի հետ ազգակցական կապեր  ունեն:

7.- Պենինհաուզ, անդրադառնալով Քըրզըօղլուին, արդարացիօրէն մատնանշում է, որ այս մարդու անհիմն եւ հակասական թեզերը շրջանում բաւական ազդեցիկ են, որովհետեւ այս տողերի հեղինակը եւս գետնի վրայ աշխատանքների ժամանակ այդ անուանը յաճախ է հանդիպել, ինչպէս նաեւ իմացել է, որ Համշէնի պատմութեամբ հետաքրքրուող եւ շրջանում ազդեցիկ անձինք Քըրզըօղլուի հետ մօտ յարաբերութիւններ ունեն, սա էլ մատնանշում է ազդեցիկ քարոզչութեան գոյութիւնը: (Erhan G. Ersoy, Birikim, a.g.m)

8.- Levon Hacikyan, Hemsin Gizemi

9.- Neal Ascherson, Karadeniz…

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )