Գասպար Իփէկեան Թեհրանի Առաջին Հայ Քաղաքապետը

1025kaspar-Ipekian1916 թուին Թեհրանի Հայկազեան հայոց ազգային դպրոցի հոգաբարձութեան հրաւէրով հայոց լեզուի դասատու նշանակուեց Գասպար Իփէկեանը:

Նա պոլսահայ էր: Գրագէտ, լեզուաբան, թատերագէտ եւ ազնիւ մի անձնաւորութիւն: Ամուսնացել էր իրանահայ արուեստագիտուհի Հռիփսիմէ Խոսրովեանի հետ: Ստանձնելով ուսուցչական պաշտօնը` նաեւ զբաղւում էր թատրոնով: Իր կնոջ եւ մի խումբ հայ արուեստագէտների հետ միասին կազմել էր թատերախումբ եւ յաջողութեամբ բեմադրել ֆրանսացի Մոլիէրի երկու երգիծական, եւ հայ  անուանի գրող Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկանները», որով արժանացել էր բարձր գնահատանքի ու յարգանքի հայ համայնքի կողմից:

Երեք տարի դասաւանդելուց յետոյ հրաժարուելով` ընդունում է Իրանի կրթական նախարարութեան գլխաւոր հսկիչ եւ ղեկավարի պաշտօնը:

1921 թուի յեղաշրջումից յետոյ Ղաճար թագաւորութիւնը կործանուեց եւ նոր վարչապետ  Սէյետ Զիաէտին Թապաթապային, որոշեց բարելաւել մայրաքաղաքի վիճակը:

Պատմութիւնում նշուած է Միրզա Աբբաս խան, Խալիլ խան Սաղաֆի, Մոհամմատ խան եւ Մոհամմատ խան Ղաճարի անունները որպէս Թեհրանի քաղաքապետներ, բայց որեւէ պատճառով անկարող են եղել ղեկավարել քաղաքը եւ իրենց գործի ընթացքը:

Վարչապետը օրինակելով Լոնտոնի, Փարիզի կամ Պերլինի քաղաքապետարաններից` ծրագրեց ունենալու նման մի քաղաքապետարան:

Ճանաչելով Գասպարին` առաջարկեց ընդունելու որպէս իր աւագ խորհրդատու եւ, ստանալով լիազօր իրաւունք, նշանակուեց Թեհրանի քաղաքապետ: Հրաժարուեց կրթական պաշտօնից եւ սկսեց նոր աշխատանքը:

Նրա ծրագրած աշխատանքի պահանջներն ու սպասելիքները պակաս չէին:

Վարչապետի ցանկութիւնն էր ստեղծուէին առանձին կառավարական հիմնարկութիւններ, հովանաւորուել եւ անցնել նախարարութեան հսկողութեան տակ: Գասպարը, կարճ ժամանակում, Մէյտան Թուփխանէ հրապարակի (Հրետանու հրապարակ) հիւսիսային մասում կառուցել տուեց քաղաքապետարանի շէնքը:

Քաղաքապետարանում ստեղծուեցին վեց տարբեր բաժիններ` ժողովրդին ծառայելու համար, որոնցից են.

1) Ինքնութիւն եւ վիճակագրութիւն.

2) Հաշուարկում եւ եկամուտ.

3) Իրանական հանրային աջակցութիւն.

4) Բարեգործական.

5) Ելեկտրականութիւն եւ ջուր.

6) Անձնակազմ.

Այդ միջոցում վարչապետը պաշտօնազուրկ դառնալով` Ռեզա շահը տէր կանգնեց երկրին եւ իր հսկողութեան տակ վերցրեց ամէն ինչ:

Ռեզա շահը հայրենասէր էր եւ ծանօթ էր իր վիճակին եւ հովանաւորելով Գասպարին` ուզեց, որ նա  շարունակի իր աշխատանքը:

Նա պարտադրեց ու ստիպեց բոլոր խանութպաններին` տեղադրել ամուր դռներ, փակցնել ցուցատախտակներ խանութների ճակատին:

Թեհրանի յայտնի պողոտաներ` Լալեզար, Ամիրիյէ, Ֆերտոսի, Նասեր-Խոսրով եւ Իսթանպուլում ապահովեց, պատրաստելով ձէթի ճրագներ, գիշերները լուսաւորելու համար:

Իր ծրագրում ունէր Մէյտան Մաշղում (վարժութեան հրապարակ) կառուցել պաշտպանութեան եւ արտաքին գործոց նախարարութեան եւ այլ շէնքեր, բայց դժբախտաբար 1923 թուին հեռացուեց իր պաշտօնից եւ նրան յաջորդեց Սարթիփ  Պուզարճօմեհրին:

Նրա մահը նշուած է 1930-1935 թուին, որտե՞ղ, յայտնի չէ: Նրա կատարած փայլուն գործունէութիւնը մնացել է յաւերժ Իրանի պատմութեան մէջ:

Յ. Գ.- Գասպար Իփէկեանը ապա մեկնել է Պէյրութ, ուր տարիներ նուիրուել է թատրոնին, յետոյ, 1952թ. մարտ 7-ին մահկանացուն է կնքել:

Թարգմանեց
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԳՈՐԵԱՆ

Ներկայացրեց`
ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Share this Article
CATEGORIES