Դաշնակցութեան Արխիւներում` Երուանդ Փամպուքեանի Հետ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Փաքրամարմին, կեանքով լի այս մարդը աշխատում է առաւօտից կէսգիշերն անց: Նա աշխատում է Պէյրութի հայկական նշանաւոր ճեմարանի գրադարանում, երեկոյեան ժամերին, դէպի Միջերկրական նայող Մզհերի իր տան պատշգամում, ժամանակ առ ժամանակ` ամերիկեան Պոսթըն քաղաքի ՀՅԴ արխիւներում: 81-ամեայ պատմաբան եւ մեր ժամանակների լաւագոյն հայագէտներից Երուանդ Փամպուքեանը ոչ միայն լաւ պատմաբան է, այլ նախ եւ առաջ` լաւ մարդ, ընկեր ու բարեկամ: Հայոց պատմութեան եւ հայագիտութեան վերաբերեալ շուրջ երեք տասնեակ գրքեր է կազմել ու խմբագրել: Այսօր նա վեր է հանում Դաշնակցութեան արխիւները, որոնք հատորների շարքով հրատարակում է Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչութիւնը` «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով:
Եթէ Պէյրութում եմ, ապա իմ ժամանակի ազատ մասը անց եմ կացնում Փամպուքեանի հետ` «Ազդակ»-ի խմբագրատանը կամ Մզհերի` Միջերկրականին նայող նրա բնակարանի պատշգամում: Հայագիտութեան եւ հայոց պատմութեան մասին աւելի լաւ դասախօսութիւն այլ տեղ չեմ կարող ունկնդրել` ուիսկիի եւ սիկարի պարտադիր համեմունքով:
Դաշնակցութեան արխիւների մասին տեսակէտներն ու խօսակցութիւնները խիստ հակասական են: Թուրքերն պնդում են, որ ՀՅԴ արխիւները փակ են: Փամպուքեանը, սակայն, ասում է, որ ՀՅԴ արխիւներում «թաքցնելու բան չկայ»:
Իրականում ՀՅԴ արխիւի նիւթերը հրատարակուել սկսուել է «Հայրենիք» ամսագրում` Սիմոն Վրացեանի դասաւորումով: Ապա 1934 եւ 1938 թուականներին ՀՅԴ արխիւային նիւթերը հրատարակուել են երկու հատորով` «Դիւան ՀՅ Դաշնակցութեան» խորագրով: Արխիւի որոշ նիւթեր 1930-ականներին տպագրուել են «Դրօշակ» եւ «Վէմ» հանդէսի էջերում: 1962-ին Վրացեանը ՀՅԴ արխիւի նիւթերն է օգտագործել «Հին թղթեր նոր պատմութեան համար» հատորում:
ՀՅԴ Բիւրոյի որոշումով կուսակցութեան արխիւները համակարգուած ձեւով` հատորներով սկսեց պատրաստել եւ խմբագրել Հրաչ Տասնապետեանը` «Նիւթեր ՀՅ Դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով: Տասը տարիների ընթացքում` 1972-1982 թթ., լոյս տեսաւ չորս հատոր: Տասնապետեանի հիւանդութիւնն ու մահը հետագայ հատորների լոյս ընծայումը դադարելու պատճառ դարձան: Աւելի քան երկու տասնամեակ ընդմիջումից յետոյ այդ գործը շարունակեց Երուանդ Փամպուքեանը:
«ՀՅԴ արխիւը միայն կուսակցութեան արխիւը չէ, այլ` հայ ժողովրդի պատմութեան համար կարեւոր աղբիւր», կում անելով «Black label»-ը եւ քաշելով ծխամորճը, պատմում է Փամպուքեանը: Մինչեւ 2015-ի ապրիլ նա հրատարակութեան կը պատրաստի մատենաշարի 11-րդ հատորը, որը կը ներառի 1913-1915 թթ. արխիւի նիւթերը: «Ես կարող եմ եւս չորս-հինգ հատոր պատրաստել», շարունակում է նա:
Հատորներում սկզբնաղբիւրի արժէք ունեցող հսկայածաւալ նիւթեր կան եւ առատ փաստաթղթեր: Կուսակցական, քաղաքական, գաղափարական ու մարտական բնոյթի փաստաթղթերի կողքին, այս հատորներում ամբարուած են Արեւելեան (ռուսական) եւ Արեւմտեան (թուրքական) Հայաստանին վերաբերող տեղագրական, ազգագրական, վիճակագրական, մշակութային եւ այլ բազմահազար վաւերագրեր:
Այս հատորներում ընթերցողը հանդիպում է` Աւետիք Իսահակեանին, Սեւաքարցի Սաքոյին, Անդրանիկին, Արմէն Գարոյին, Նիկոլ Աղբալեանին, Ռոստոմին եւ նշանաւոր այլ հայ գործիչների: Հատորներում ներկայացուել են նաեւ մի շարք նշանաւոր դէմքերի ձեռագրերի տպագրական լուսապատճէնը` Գեղամ Տէր Կարապետեան, Գէորգ Չաւուշ, Ռուբէն Տէր Մինասեան, Արամ Մանուկեան: «Այս արխիւներում աշխատելով եւ փաստաթղթերը կարդալով` զգում ես, որ այս մարդիկ` Անդրանիկը, Նժդեհը, Ռոստոմը, մեր նման, սովորական մարդիկ են, որ կարող են խռովել ընկերներից, մարդկանցից, կեանքից», ասում է Փամպուքեանը:
Հիմնադրման օրուանից` 1890-ից, ՀՅԴ-ն նախանձախնդիր է եղել իր արխիւները պահելու հարցում: Սկզբնական շրջանում, մինչեւ Ա. Աշխարհամարտի աւարտը, այդ արխիւը Ժընեւում էր, որտեղ էր «Դրօշակ»-ի խմբագրութիւնն ու Արեւմտեան Բիւրոն: Ապա արխիւը տեղափոխուեց Փարիզ` Բիւրոյի հետ միասին: Հետագայում դրանք տեղափոխուեցին Պոսթոն` «Հայրենիք» ամսագրի խմբագրատուն: 1915-ից մինչեւ 1921 թթ. արխիւը գրեթէ ամբողջութեամբ բացակայում է: Դրանք մասամբ կարելի է գտնել Հայաստանի պետական արխիւում: 1914-1915 թթ. փաստաթղթերից շատ քիչ բան է մնացել, որի պատճառներից մէկը եղել է արխիւի փոխադրութեան դժուարութիւնը:
Փամպուքեանը ոչ միայն վերծանում է յաճախ դժուարընթեռնելի, հարիւր տարի առաջ գրուած ձեռագիր փաստաթղթերը եւ դասաւորում, այլ իւրաքանչիւր հատորի համար գրում ամփոփ առաջաբան եւ ամէնից կարեւորը` կատարում ծանօթագրութիւններ: Ամէնից քրտնաջան աշխատանք պահանջող գործը հէնց ծանօթագրութիւններն են, քանի որ առանց դրանց` շատ դժուար կը լինի հասկանալ եւ վերծանել փաստաթղթերը, դրանցում օգտագործուած ծածկանունները:
Հատորները հրատարակւում են անհատ հայերի բարերարութեամբ: Դրանց շարքում առաջին հերթին պէտք է նշել Գաբրիէլ եւ Անժել Չեմբերջեաններին ու «Փիւնիկ» հիմնադրամին (այսինքն` նոյն Գաբրիէլ Չեմբերջեանին):
Եթէ Հայաստանի որեւէ կառոյց` ակադեմական կամ համալսարանական, կուսակցական կամ պետական, բարեգործական կամ հասարակական, պատրաստ չէ եւ կամ ժամանակ չունի, ապա Երուանդ Փամպուքեանի հատորները ես պէտք է ներկայացնեմ Հայաստանի հանրութեանը: Դա պէտք է անեմ միայնակ` գնահատելով եւ արժեւորելով Երուանդ Փամպուքեանի քրտնաջան, դժուար, կեանքի օրեր եւ տեսողութիւն խլող կոթողային գործը:
Յատուկ «Ազդակ»-ի համար

