Լաւատեսութիւն` Հիմնուած Վստահութեան Վրայ, Որը Չկայ

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Հոկտեմբերի 27-ին Ֆրանսայի մայրաքաղաքում նախատեսուած է Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հերթական հանդիպումը: Երկու պետութիւնների ղեկավարների` Փարիզում հանդիպելու առաջարկը Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլանտինն է:

Ինչպէս յայտնի է, օգոստոսի սկզբին Սերժ Սարգսեանը եւ Իլհամ Ալիեւը Վլատիմիր Փութինի նախաձեռնութեամբ հանդիպել են Սոչիում, այնուհետեւ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերրիի միջնորդութեամբ` նաեւ Ուելսում:

Սոչիի հանդիպումը, ըստ էութեան, մէկ նպատակ էր հետապնդում` թոյլ չտալ, որ իրավիճակը հասնի վտանգաւոր եզրագծի, եւ հանդիպումը լուծեց այդ խնդիրը` որոշակի չափով թուլացնելով լարուածութիւնը հակամարտութեան կողմերի շփման գծում:

Իսկ ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել փարիզեան «ռանտեւու»-ն: Ինչպէս օրերս Երեւանում լրագրողներին յայտնեց Հայաստանում Ֆրանսայի դեսպան Անրի Ռենոն, հանդիպումը, մի կողմից, թոյլ կը տայ պատկերացում կազմելու այն գործիքների մասին, որոնք կարող են նպաստել վստահութեան հաստատմանը եւ, որպէս հետեւանք` խուսափելու զինծառայողների եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհերից, միւս կողմից` նոր խթան կը հանդիսանայ բանակցութիւններին, որոնք ընթանում են երեք հիմնարար սկզբունքների հենքի վրայ` տարածքային ամբողջականութիւն, ազգերի ինքնորոշման իրաւունք եւ ուժի չկիրառում: Իր հերթին, ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկեան համանախագահ Ճէյմս Ուորլիքը կարեւորեց Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների կանոնաւոր հանդիպումների անցկացումը եւ հակամարտութեան կարգաւորման տարրերում տարբերութիւնների վերացմանն ուղղուած աշխատանքի շարունակումը:

Դժուար չէ նկատել, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ-երկրների ներկայացուցիչները ցուցաբերում են որոշ զսպուածութիւն եւ կարգաւորման գործընթացի հեռանկարների վերաբերեալ բարձրագոչ յայտարարութիւններ չեն անում: Պէտք է ասել` դա լիովին օրինաչափ է, քանզի Փարիզի հանդիպումից ճեղքում սպասելու հիմքեր չկան, եւ ներկայումս Մինսքի խմբի համանախագահների հիմնական խնդիրը լայնածաւալ պատերազմի վերսկսումը կանխելն է: Այն պարագայում, երբ համանախագահները կողմերի լիովին հակադիր դիրքորոշումների պատճառով չունեն նրանց հետ համաձայնեցուած կարգաւորման ծրագիր, հրատապ խնդիրը, այսպէս ասած մինի-ծրագիրը, մնում է նրանց միջեւ վստահութեան հաստատումը: Սակայն իրականանալի՞ է, արդեօք, թէկուզ այդ ծրագիրը:

Ծանօթանալով վստահութեան միջոցների հաստատման անհրաժեշտութեան մասին ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների յայտարարութիւններին, երբեմն այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ նրանք պարզապէս ծանօթ չեն Ազրպէյճանի նախագահի արտայայտութիւններին, որոնք չնչին լաւատեսութեան տեղ անգամ չեն թողնում: Թէեւ ի պաշտօնէ նրանք, ի հարկէ, չեն կարող չիմանալ դրանց մասին, սակայն, ըստ երեւոյթին, լաւատեսութիւնը միջնորդական առաքելութեան բնորոշ յատկանիշներից մէկն է, այլապէս նրանց գործունէութիւնը կ՛իմաստազրկուէր:

Նշուած հանգամանքի հաշուառումով Մինսքի խմբի համանախագահներն, առաւել հաւանական է, տեղեակ են Իլհամ Ալիեւի` հոկտեմբերի 6-ին ազրպէյճանական կառավարութեան նիստին արտաբերած յայտարարութիւններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի բացառապէս Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Այլ ճանապարհ չկայ», անառարկելիօրէն յայտարարեց Ալիեւը: Եւ աւելի մեծ համոզչութեան համար յաւելեց, որ` «մենք կը վերականգնենք մեր տարածքային ամբողջականութիւնը: Ընդ որում, կարեւոր դեր են խաղում քաղաքական, դիւանագիտական, տնտեսական, ռազմական գործօնները»:

Ինչպէս տեսնում ենք, Ազրպէյճանի նախագահը նախկինի պէս կողմնորոշւում է ռազմական ուժի օգտին` քաղաքակիրթ երեւալու համար շղարշելով այն քաղաքական, դիւանագիտական, տնտեսական գործօններով: Եւ դա այն դէպքում, երբ Մինսքի խմբի համանախագահները կարգաւորման հիմնարար սկզբունքների թւում անփոփոխ կերպով ընդգծում են ուժի չկիրառումը, ինչն Ալիեւի կողմից քամահրւում է: Ասենք, հարկ է նկատել, որ Մինսքի խումբն ինքն էլ քամահրւում է նրա կողմից: Կառավարութեան նշուած նիստին Ալիեւը ոչ մի խօսք չասաց համանախագահների կողմից առաջարկուած սկզբունքների վերաբերեալ եւ Մինսքի խումբը յիշատակեց միայն այն բանի համար, որ նրան մեղադրի անգործունէութեան մէջ: Աւելի՛ն. Ազրպէյճանի նախագահն ընդգծելով, որ` «իրաւական տեսակէտից մեր դիրքորոշումը բաւական ամուր է», որպէս հիմնախնդրի կարգաւորման համար հիմնական փաստաթղթեր անուանեց® ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի 90-ական թուականների չորս յայտնի բանաձեւերը, որոնք, ինչպէս յայտնի է, միանշանակ պահանջում էին ռազմական գործողութիւնների դադարեցում, եւ դրանց չհետեւեց հէնց ազրպէյճանական կողմը: Այլ կերպ ասած, պաշտօնական Պաքուն ցուցադրում է ինչպէս ճչացող իրաւական կանխակալութիւն, այնպէս էլ` բացայայտ կեղծաւորութիւն, քանի որ խօսքով հռչակելով Մինսքի խմբի հովանու ներքոյ հակամարտութեան լուծման մէջ շահագրգռուածութիւն, գործով չի դադարեցնում նրա միջնորդական գործունէութեանը խոչընդոտելու իր փորձերը: Տուեալ իրավիճակում տեղին է խօսել ոչ միայն հակամարտութեան կողմերի, այլեւ Ազրպէյճանի եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների միջեւ վստահութեան պակասի մասին:

Կարգաւորման գործընթացի բոլոր մասնակիցների միջեւ վստահութեան պարտադիր լինելու հարցում տարակարծութիւն չի կարող լինել: Ճշմարտութիւնն ինքնայայտ է: Ինչպէս ինքնայայտ է եւ միւս ճշմարտութիւնը` վստահութիւնը, որ ենթադրում է քաղաքական հակառակորդի հանդէպ առնուազն տարրական յարգանք: Սակայն կարելի՞ է վստահութեան յոյս պահել, երբ Ազրպէյճանի նախագահը, անտեսելով մարդկային բարոյականութեան տարրական կանոնները, մշտապէս վիրաւորանքներ է հեղում իր հայ գործընկերոջ հասցէին: Պատասխանն աւելի քան ակնյայտ է: Ահա եւ նախարարների իր խորհրդի յիշատակուած նիստին Ալիեւն իրեն թոյլ տուեց Հայաստանի գործող իշխանութիւններին անուանել յանցագործ, բռնատիրական վարչակարգ: Յարակարծական չէ՞, որ բռնատիրութեան մասին բարբաջում է մի պետութեան ղեկավար, որը վերջերս լուրջ ճնշման է ենթարկւում բազմաթիւ միջազգային, այդ թւում եւ իրաւապաշտպան կառոյցների կողմից աննախադէպ բռնաճնշումների համար` ուղղուած Ազրպէյճանի այն քաղաքացիներին, ովքեր համարձակուել են ունենալ սեփական` պաշտօնականից տարբերուող կարծիք: Սակայն յարակարծութիւն չկայ, դա է ազրպէյճանական ներկայ ղեկավարութեան էութիւնը, որի քաղաքականութիւնը հիմնուած է ստի, կեղծիքի, յարձակողապաշտութեան եւ բարոյականութեան ընդունուած կանոնների եւ միջազգային իրաւունքի հանդէպ արհամարհական վերաբերմունքի վրայ: Եւ Մինսքի խմբի համանախագահներն անպայման պէտք է հաշուի նստեն դրա հետ այնպիսի մեքանիզմ մշակելիս, որն ի վիճակի կը լինի նպաստել վստահութեան հաստատմանը:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ»
պաշտօնաթերթի խմբագիր

Share this Article
CATEGORIES