«Ցեղասպանութեան Ժամանակ Հայ Կինն Ունեցել Է Երկարաձգուած Հոգեվարք…» Հարցազրոյց Քալիֆորնիայի Համալսարանի Գիտաշխատող, Հայոց Լեզուի Եւ Գրականութեան Դոկտոր Ռուբինա Փիրումեանի Հետ

Զրուցեց` ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

interview_peroomianՀայ կանանց միջազգային ընկերակցութեան 7-րդ համաժողովին մասնակցում էր Քալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզուի եւ գրականութեան դոկտոր Ռուբինա Փիրումեանը, ում հետ եւ զրուցել է «Հայերն այսօր»-ը:

Այս համաժողովը ոչ միայն սփիւռքի եւ հայրենիքի կանանց է մօտեցնում իրար եւ մօտ յարաբերութիւններ ստեղծում` ապագայում ծրագրերի, համագործակցութեան համար (ինչը եւ տեղի ունեցաւ նախորդ համաժողովներից յետոյ), այլեւ զանազան խնդիրների, պատմական, գրական, ընկերային հարցերի վերաբերեալ մտայնութիւններն է մօտեցնում: Միաժամանակ սփիւռքը տեղեկանում է հայրենիքի մէջ ապրող հայ կանանց հարցերին, խնդիրներին, իսկ Հայաստանում ապրող կանայք ծանօթանում են, թէ ինչ հնարաւորութիւններ, նախաձեռնութիւններ կան սփիւռքում:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Տիկին Ռուբինա, ո՞րն է հայ կնոջ դերը Սփիւռքում եւ Հայաստանում:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Յիշում եմ, երբ 20-25 տարի առաջ մենք նման գիտաժողովներ էինք կազմակերպում եւ քննարկում հայ կնոջ դերն անցեալում եւ ներկայում, այլ էին մեր մտապատկերը, ապագայի համար մեր ցանկութիւններն ու իղձերը: Այդ ամէնն այսօր ես որոշ չափով իրականացած եմ տեսնում: Սփիւռքում այսօր մեծանում է մի սերունդ, որի համար կնոջ եւ տղամարդու իրաւունքների հարց այլեւս գոյութիւն չունի: Ի հարկէ, ես խօսում եմ Ամերիկայի իրականութեան մասին: Միջին Արեւելքի երկրներից ծանօթ եմ միայն Իրանին (որովհետեւ ես Իրանից եմ), որտեղ վերջին 30 տարիներին այն ազատութիւնը չկայ, ինչը կայ Ամերիկայում: Նախքան յեղափոխութիւնը կանայք Իրանում շատ մեծ դեր ունէին ինչպէս հայկական համայնքում, այնպէս էլ իրանական միջավայրում, ինչն այսօր վայրէջք է ապրել:

Իսկ պատկերն Ամերիկայում այլ է, կինը կարողացել է գտնել իր տեղն ու դիրքը թէ՛ ընտանիքում, թէ՛ համայնքում:

Ունենք զանազան կազմակերպութիւններ, որոնք ղեկավարում են կանայք: Եւ կինն իր կարողութիւնների պատճառով է այդտեղ հասել, այլ ոչ նրա համար, որ կին է: Ունենք նաեւ կին քոնկրեսականներ:

Հայաստանում կանայք դեռ այդպիսի բարձրութեան չեն հասել, որքան ես նկատում եմ, քանի որ շատ յաճախ եմ լինում Հայաստանում: Եւ դա առաջին հերթին սկսւում է ընտանիքից: Հայ կինը նախ պէտք է արժեւորուի, գնահատուի իր ընտանիքում եւ ապա իր ճանապարհը գտնի համայնքում, հասարակութիւնում:

Այս ամէնին զուգահեռ, նաեւ նկատել եմ, որ Հայաստանում դաստիարակւում է նոր սերունդ, որի համար վերելքն իր սեռի հետ կապ չունի: Նա ունի իղձեր, ցանկութիւններ, ապագայի ձգտումներ եւ հասնում է դրան` առանց մտածելու, որ կին է ու չի կարող: Բարդոյթ, որը ունէին մեր սերնդի կանայք: Մէկ օրինակ բերեմ. ես Հայ կրթական հիմնարկութեան անդամ եմ, եւ երբ կրթաթոշակներ էինք բաժանում ուսանողներին, նրանց 90 տոկոսը աղջիկներ էին: Ես նաեւ առիթ ունեցայ խօսելու շրջանաւարտների հետ, որոնք այդ տարիքում արդէն շատ ինքնավստահ էին, իսկ շատերն արդէն միջազգային կազմակերպութիւնների անդամ են եւ փորձում են այդ ճանապարհով առաջանալ: Նրանք Հայաստանի ապագան են եւ ինչպիսի յաջողութիւնների էլ հասնեն, դա նաեւ մեր երկրի յաջողութիւնն է: Աղջիկներին ոգեւորելու համար երբեմն ընդունուած, նորաձեւ խօսքեր ենք ասում, թէ դուք էք Հայաստանի ապագան, Հայաստանը դուք էք ղեկավարելու, բայց իրականութիւն կայ այդ խօսքերի մէջ:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Տիկին Ռուբինա, ձեր երեք հատորները նուիրուած են Հայոց ցեղասպանութեան գեղարուեստական գրականութեան ուսումնասիրութեանը: Ինչո՞ւ ընտրեցիք այդ ոլորտը:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Հայոց ցեղասպանութեան գեղարուեստական գրականութեան ուսումնասիրութիւնն ինձ համար եղել է իմ կեանքի ճանապարհը: Վերլուծելով եւ այն անգլերէն ներկայացնելով` փորձել եմ ցոյց տալ աշխարհին, թէ ի՛նչ է եղել իրականում: Ես մեծ հաւատ ունեմ գեղարուեստական գրականութեան նկատմամբ: Ես չեմ փորձում Ցեղասպանութիւնը փաստել, այն վաղուց փաստուած է ինձ համար: Ինձ համար Հայոց ցեղասպանութիւնը կայացած իրողութիւն է եւ մեկնակէտ է իմ գործի համար:

Կարծում եմ, որ գեղարուեստական գրականութիւնը աւելի հաղորդական է եւ հնարաւորութիւն է տալիս աւելի լաւ հասկանալու Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, ցոյց տալու, թէ ի՛նչ է կատարուել եւ, վերջապէս, որն է մեր պահանջը:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Տիկին Ռուբինա, ձեր հատորներում դուք անդրադարձել էք հայ կնոջը: Հետաքրքիր է, ինչո՞ւ էք առանձնացրել հայ կնոջը եւ ի՞նչ բովերի միջով է նա անցել:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Որպէս կին ցեղասպանագէտ` կանացի բնազդս ինձ ենթագիտակցօրէն ուղղորդեց այդ «ճամբով», որովհետեւ Ցեղասպանութեան ժամանակ հայ կնոջ իրավիճակը շատ տարբեր է եղել: Եթէ հայ տղամարդիկ սպաննուել են անմիջապէս, հայ կինն ունեցել է երկարաձգուած հոգեվարք: Նա մի կողմից պայքարել է, պաշտպանել է իր ընտանիքը, միւս կողմից` իր պատիւը: Ինչպէս Լորենս Լանկերն է ասում` ընտրանք, որը ընտրութիւն չունի: Հայ կինն այդպիսի ընտրութեան առջեւ է կանգնել` մեռնե՞լ, թէ՞ թուրքի հետ ամուսնանալ, իսլամանալ, երեխային տալ թուրքի՞ն, թէ՞ պահել, ու հարց է` երեխան կը փրկո՞ւի արդեօք: Ընտրութիւն` կեանքի եւ մահուան միջեւ, որը ոչ մի պարագայում փրկութեան չէր տանում: Եւ անդադար այդպիսի ընտրանքների առջեւ կանգնելով` հայ կինը որոշումներ է ընդունել միայնակ:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Ի՞նչ ընտրանքի առջեւ է կանգնած հայ կինն այսօր:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Հայ կինը, իմ կարծիքով, կանգնած է մէկ շատ պարզ ընտրանքի առջեւ` լինել պարզապէս տանտիկին եւ մտածել, որ իր պարտականութիւնները միայն տան ղեկավարութիւնն է, երեխաների դաստիարակութիւնը: Շատերն ասում են` «Օ՜, ես երեխաներ ունեմ դաստիարակելու, եւ դա արդէն մեծ պարտականութիւն է»: Բայց չէ՞ որ հայ կինը շատ աւելի ներուժ ունի եւ միայն ընտանիքում պէտք չէ սահմանափակուի: Նա պէտք է դուրս գայ հասարակութիւն, որովհետեւ շատ մեծ դեր ունի կատարելու համայքնում, երկրի բարելաւման աշխատանքներում բաւականին ներդրում կարող է ունենալ:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Տիկին Ռուբինա, դուք ինչպիսի՞ ճանապարհ էք անցել:

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Իրականում, եթէ ես յաջողել եմ, պարտական եմ իմ ամուսնուն, ով շատ ազատամիտ մարդ է եղել եւ իրապէս օգնել է ինձ: Հանդուրժել է այն պարագան, որ իմ ժամանակը ընտանիքին նուիրելու փոխարէն` ես մեծ տարիքում, երբ երկու տղաներս արդէն պատանիներ էին, վերադառնամ համալսարան, ծանր բեռ վերցնեմ իմ ուսերին, հայագիտութիւն սովորեմ, գրքեր գրեմ: Հանդուրժել է, որ զօրուգիշեր կարդամ Ցեղասպանութեան մասին: Հոգեբանի պէս փորձել է ինձ դուրս քաշել այդ մթնոլորտից, որպէսզի կարողանամ առողջ դատել:

Ընտանիքը պէտք է քաջալերի, ոչ միայն ամուսինը, այլեւ` երեխաները: Նկատել եմ, որ յատկապէս տղաները խորթ աչքով են նայում իրենց մայրիկին, քոյրիկին, երբ նա փորձում է հասարակական կեանքի մէջ մտնել:

Նախ հաւասարութիւն պէտք է լինի ընտանիքում, որպէսզի երեխաները հետագայում այդ ամէնը կարողանան այլ վայրերում էլ ընդունել:

Կարեւոր է նաեւ աշխատասիրութիւնը, հետեւողականութիւնը: Եթէ յաջողել եմ (չգիտեմ` որքան), իմ աշխատանքում եղել եմ աշխատասէր եւ հետեւողական:

 

 

Share this Article
CATEGORIES