ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՄԱՍՏՈՒՆ ՈՒ ՈՐԱԿԵԱԼ ՀԱՏՈՒԱԾԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայաստանեան իրականութեան մէջ ուշագրաւ անհատականութիւններ կան, որոնք հաստատում են կանացի ինքնատիպ մտածելակերպի, լուծումներից լաւագոյնը գտնելու կարողութեան, անելանելիից պատուով դուրս գալու եզակի յատկանիշները: Նման անհատականութիւն է Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալստեանը, որ չի դադարում ժողովրդի խօսափողը լինելուց. միշտ աչքի է ընկնում իրեն, ուրեմն եւ մեզ յուզող, մտահոգող խնդիրներին նոր մօտեցումներ առաջադրելու կրքոտութեամբ, սայլը տեղից շարժելու հաստատակամութեամբ:

Մանկութիւնն ու պատանեկութիւնը անցկացնելով սասունցիների միջավայրում (Աշնակ գիւղում), Երեւանի պետական համալսարանում սովորելուց եւ բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճան, այնուհետեւ Ամերիկեան համալսարանում եւ Եւրոխորհրդի քաղաքական ուսումնասիրութիւնների դպրոցում քաղաքագիտութեան բարձրագոյն կրթութիւն ստանալուց յետոյ էլ Լիլիթ Գալստեանը երբեք չի հեռացել իր ամուր արմատներից: Նրա թեկնածուական թեզը «Սասունի բարբառն» է: Ուսումնասիրութեան հիմք է հանդիսացել այն իրողութիւնը, որ աշնակցիները Սասունի տասը նահանգներից եօթի վերապրողներն են. եւ իրաւամբ Աշնակի խօսուածքը ներկայացնում է արեւմտեան ճիւղի այս ամենահարուստ բարբառներից մէկի յուշարձանային ընդհանրական պատկերը: Լ. Գալստեանը նաեւ գրականութեան մարդ է: Թարգմանել եւ տպագրել է ամերիկեան արձակի «Տասներկու պատմուածք եւ մէկ փիես», «20-րդ դարի անգլիագիր արձակ» ժողովածուները, կազմել եւ խմբագրել է «18-ից 33» արդի հայ արձակի ծաղկաքաղը, ու նաեւ` գիտական մի շարք ժողովածուներ: ԱԺ պատգամաւոր դառնալով` վայրկեան անգամ չէր կասկածում, որ իր տեղը կրթութեան, մշակոյթի, գիտութեան յանձնաժողովում է: «Ես ինձ մշակութային դաշտի պատգամաւորն եմ համարում»:

Ինքն իր դատաւորն է, պարտքի գիտակցութեամբ, թէեւ յաճախ է կանգնում «աւգեան ախոռներից» գլուխ հանելու անելանելիութեան առաջ, բայց «նահանջի տեղ չունենք»ի համոզումը առաջ է մղում: Նրա նախաձեռնութեամբ, սկսած 2007 թուականից, մշակոյթի ոլորտը կարգաւորող մի շարք օրէնքներ են ընդունուել: 2008 թ.ին Լ. Գալստեանի յամառ պնդումների արդիւնքում մշակութային բնագաւառի աշխատողների աշխատավարձը բարձրացուեց 20 տոկոսով, թէեւ «35,000 դրամի 20 տոկոսը մի մեծ բան չէ»: Նրա հեղինակութեամբ էր, որ օրէնքով արգելուեցին ֆոնոկրամային համերգները` մի շարք «աստղերի» խամրելու եւ դժգոհութեան պատճառ դառնալով: Նրա նախաձեռնութեամբ օրէնսդրօրէն սահմանուեց մշակութային այն կազմակերպութիւնների ու հաստատութիւնների շրջանակը, որոնք կարող են յաւակնել «ազգային» կարգավիճակի` «Ազգային պատկերասրահ», «Ազգային գրադարան», «Ազգային թատրոն», միեւնոյն ժամանակ ամրագրելով պետութեան յատուկ վերաբերմունքն ու մշտական հոգածութիւնը: Այսուհետ ազգային կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպութիւնների ֆինանսաւորումը պետական պիւտճէում առանձին տողով է արտայայտուելու:

Շատ կարեւոր օրէնքների մի փաթեթ վերջերս ընդունուեց` փոփոխութիւններ եւ լրացումներ «Գովազդի մասին», «Լեզուի մասին» օրէնքներում, «Վարչական օրէնսգրքում»` առանցքում մայրենիի անաղարտութեան խնդիրն է ու նրա պաշտպանութիւնը: Սահմանուեցին գովազդի նկատմամբ ընդհանուր պահանջները` եւ յատկապէս գրական հայերէնով ձեւակերպելու պայմանը:

Ըստ Լ. Գալստեանի, մայրենիի նկատմամբ մեղանչումները անթոյլատրելի սահմանում են թէ՛ գովազդում, թէ՛ պաշտօնական խօսքում, թէ՛ յատկապէս հեռուստատեսութիւնում: «Այսօր հեռուստաընկերութիւնները կարծես մեր հոգեւոր նահանջի կազմակերպիչները լինեն` հասարակութիւնն առողջացնելու, արժէքներ, ուղենիշեր ու չափանիշներ թելադրելու փոխարէն` բարոյական անկումի ու անհեռանկարայնութեան մթնոլորտ են տարածում: Որքա՞ն կարելի է անդէմ ու անհայրենիք սերիալներով սնել սեփական ժողովրդին: Սրանց թւում է, թէ մենք իւրայատուկ յիմար ազգ ենք, որին պէտք է նոյն սերիալը օրը երեք անգամ ցոյց տալ: Երբեմն մտածում եմ, թէ սա մի ծրագիր է` միտուած մեզ մտաւորապէս սնանկացնելուն: Անգամ Հանրային հեռուստատեսութիւնը, որ բառացիօրէն սնւում է մեր պիւտճէից եւ պէտք է ծառայէր հասարակութեան բոլոր շերտերի կրթական, հասարակական, մշակութային, տեղեկատուական պահանջների բաւարարմանը, իրականում ճիշդ հակառակ արտացոլանքն ունի: Գրեթէ բոլոր հեռուստաընկերութիւնները հեղեղուած են քրէական վիպապաշտութեամբ, տաղտկալի, անգրագէտ, անիմաստ երկխօսութիւններով, էժանագին լեզուով լեցուն սերիալներով: Սոկրատն ասում էր, որ «աղաւաղուած լեզուն աղաւաղուած բարքերի նշան է»: Շատ յաճախ այդպէս էլ կայ, բայց չէ՞ որ չի կարելի այդքան պարզունակ լինել ու արագ դրամ աշխատելու համար մեր արժեզուրկ իրականութիւնը ներկայացնել որպէս օրինաչափութիւն»:

Լ. Գալստեանի նախաձեռնութեամբ մի շարք փոփոխութիւններ կատարուեցին «Լեզուի մասին» օրէնքում: Սահմանադրութեամբ «Լեզուի մասին» օրէնքով ամրագրուած է, որ պետական լեզուն հայերէնն է, բայց ահա ԱԺ պատգամաւորի առաջարկով առաջին հայեացքից փոքրիկ թուացող, բայց շատ կարեւոր մի փոփոխութիւն կատարուեց. խօսքը ոչ թէ հայերէնի, այլ գրական հայերէնի մասին պէտք է լինի: Այսինքն իւրաքանչիւր պետական պաշտօնեայ պէտք է պարտաւորութիւն ունենայ հետեւելու իր լեզուի անաղարտութեանը: Գովազդի լեզուն նոյնպէս գրական հայերէնն է, իսկ օրէնքի խախտումը պատժելի է 150,000-ից 300,000 դրամական տուգանքով:

ՀԱՐՑՈՒՄ.- Չէ՞ք կարծում, որ մեր այս աղաւաղուած, անբարոյ, նիւթականացուած իրականութիւնը բոլոր տեսակի ազնիւ մղումներին եւ անգամ եղած օրէնքներին դիմադրելու մեծ ուժ է ձեռք բերել: Ի՞նչ ելք էք տեսնում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ելքը խելամիտ, ապագայի ու յատկապէս ազգային պետութեան տեսլական ունեցող իշխանութիւն ունենալն է: Իշխանութիւն, որը շահագրգիռ է ձեւաւորելու կազմակերպուած հասարակութիւն, քաղաքացիական բարձր մշակոյթ ունեցող հասարակութիւն:

Հ.- Ուրեմն ներկայիս իշխանութիւններին պէտք չէ կազմակերպուած քաղաքակիրթ հասարակութիւն:

Պ.- Գուցէեւ այդպէս է, բայց իրական ազգային իշխանութիւնները չեն կարող չմտածել պետականութեան որակների ու երկրի կայացման մասին: Երկրի կայունութիւնն ու ապագայի հեռանկարը նաեւ բարոյական ու հոգեւոր ներդրումներ են պահանջում: Անհրաժեշտ է հասարակութիւն ձեւաւորել, որն արժեւորում է պետականութիւնը, կրթութիւնը, մշակոյթը, տնտեսական առաջընթացը, համամարդկային այնպիսի հիմնարար արժէքներ, ինչպիսիք են արդարութիւնն ու հաւասարութիւնը: Իսկ եթէ այս ըմբռնման մէջ հանրային ընկալում ու շահագրգռութիւն չկայ, ապա թէ՛ իշխանութիւնը, թէ՛ երկիրը շարունակական ցնցումների ու անհամերաշխութեան են դատապարտուած: Մի բան, որ ամենաքիչը հէնց իրենց է ձեռնտու: Ձայներ առնելով` իշխանութիւնը ապրանքի են վերածում. ով շատ կը տայ, նա էլ կ՛ունենայ: Այս մոտելով ձեւաւորուած իշխանութիւնը դատապարտուած է: Կաշառուած ու կաշառող, զիջումների գնացող, յարմարուող հասարակութիւն ունենալը, որի ձեւաւորման համար, ըստ իս, ջանք ու եռանդ չի խնայւում, չի կարող պետութեան համար բարոյական հենք հանդիսանալ: Մեր անկումները այստեղից են սկսւում` ներքին նահանջից ու պարտութիւնից:

Հ.- Ուրեմն, ի՞նչ պէտք է արուի:

Պ.- Մեզ արժէքների յեղափոխութիւն է անհրաժեշտ: Երեսպաշտութիւնը, կեղծիքը, սուտ հայրենասիրութիւնը, թռցնողի ու սպառողի հոգեբանութիւնը, յարմարուողականութիւնն ու պատեհապաշտութիւնը կեանքի սկզբունք են դարձել:

Հ.- Բայց յաճախ ժողովրդին են մեղադրում` ասելով, որ ժողովուրդն արժանի է իր իշխանութեանը: Իսկ ժողովրդին բարոյազրկելու ներկայումս հազար ու մի մեքանիզմ է գործում` սկսած էժանագին արուեստով ուղեկցուող զանգուածային ուրախութիւնների» կազմակերպումով, մինչեւ իսկական տաղանդներին յետին գիծ մղելը: Չէ՞ք կարծում, որ մշակոյթի, գրականութեան, գիտութեան մարդուն` մտաւորականին անկիւնում սեղմելը հէնց նպատակային է, քանի որ քաղաքական ցնցումներից խուսափելու համար նախ պէտք է չէզոքացնել մտածող խաւին. մի բան, որ եղել է բոլոր ժամանակներում: Այսինքն մտածող, հոգեւորի կրող խաւը հալածուած, արհամարհուած լինելու է, դատապարտուած` ի սկզբանէ: Դժուար է նուաստացած մարդու մէջ բարձր իտէալներ փնտռելը, նրանից անհնազանդութիւն պահանջելը: Այս պայմաններում, երբ գրողի, արուեստագէտի քաղաքացիական խիզախութիւնը նոյնպէս քամահրուած, արժեզրկուած է, հնարաւո՞ր է ձեր ասած յեղափոխութիւնը:

Պ.- Ես դա տեսնում եմ համակարգային փոփոխութիւնների մէջ, որոնց սկիզբների սկիզբը դպրոցն է ու կրթութիւնը, որն այսօր աւաղ վարկաբեկուած է, որակ ու հեղինակութիւն չունի: Ցաւալի է` մի կողմից խօսում ենք գիտելիքի ու կրթութեան կարեւորութեան մասին, ու կրթական համակարգը շարունակում է ամենափտածներից  մէկը լինել: Մեզ առողջ մշակութային քաղաքականութիւն է պէտք, մեր բոլոր ռազմավարական ծրագրերը դատապարտուած են ձախողման, եթէ մշակոյթը առաջնահերթութիւն չէ ու շարունակելու է պիւտճէական լուսանցքում լինել: Մեզ արդար ընտրութիւններն են հարկաւոր, որտեղ ձայների գնումն ու վաճառքը բացառուած կը լինեն, որտեղ ժողովրդի ձայնը տեղ հասնելու հնարաւորութիւն կ՛ունենայ, որտեղ պատգամաւորները հակահրետանային պաշտպանուածութեան վարագոյրների ետեւում չեն լինի: Երբ իւրաքանչիւր քաղաքացի գիտակցի իր ձայնի գինն ու տէր կանգնի, ցանկացած պահի իրաւունք ունենայ բռնելու իր պատգամաւորի օձիքից ու արդարութիւն պահանջի: Մեզ նաեւ իսկական մտաւորական վերնախաւ է հարկաւոր, որ ընտրութիւնից ընտրութիւն հերթական նախագահի շահող թեկնածուի համար պալատական երգչի չի վերածւում: Գրեթէ Փոքր Մհերի պէս ստացուեց, բայց հաւատում եմ…

Հ.- Կարծում էք դա հնարաւո՞ր է: Չէ՞ որ մենք ընտրակեղծիքների հիանալիօրէն «կատարելագործուած» մեքանիզմներ ունենք արդէն:

Պ.- Մենք բոլորս այս իրականութեան մասն ենք, մասնակից եւ դերակատար. այն ամէնի համար, ինչ կատարւում է, պատասխանատու ենք բոլորս: Եթէ շարունակենք միայն ազգովի դժգոհել, երկրից փախչելու հնարներ փնտռել` արդարացնելով, թէ սա՛ է մեր հեռանկարը, ապա մեզ համար միեւնոյնն է, թէ ո՛վ է գալու իշխանութեան գլուխ: Ես չեմ հաշտւում:

Հ.- Դաշնակցութիւնը Աժ-ում քաղաքական փոքրամասնութիւն լինելով` որքանո՞վ է կարողանում ազդել ընդհանուր մթնոլորտի վրայ:

Պ.- Մեր բազմաթիւ նախաձեռնութիւններ յաճախ մեծամասնութեան չինական պատին են բախւում: Ինչեւէ, խորհրդարանը մեր երկրի հիմնական քաղաքական ամպիոնն է ու ամէն ինչ անում ենք մեր սկզբունքային դիրքորոշումներով, խմբագրումներով էական բարեփոխումներ մտցնելու համար: Յաճախ եմ ինձ հարց տալիս. հարիւրաւոր օրէնքներ ենք ընդունում, ո՞ւր է միջին թուաբանական հային ուղղուած օրէնքը, որ արժանավայել ապրելու հեռանկար պիտի ապահովի նրան: Ազգս մաշւում, հիւծւում է բացասական սպասումների մէջ` աչքը սահմանը հատելուն: Յոռետեսութեան բոլոր հիմքերը կան, բայց յոյսս մեր ժողովրդի իմաստուն ու կենսունակ հատուածի վրայ է: Մեր իրականութեան մէջ, քաղաքական տարբեր հատուածներում միտք ու կարողութիւն ունեցող հրաշալի ներուժ ունենք, այդ որակեալ տեսակի համախմբման մէջ եմ տեսնում մեր հեռանկարը:

Զրոյցը վարեց`
ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ

6 յուլիս, 2011

Share this Article
CATEGORIES