Թուրքիան` Առանց Հայկական Շնորհաւորանքի

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Չորս տարի շարունակ` 2010-ին, 2011-ին, 2012-ին եւ 2013-ին, նախագահ Սերժ Սարգսեանը  շնորհաւորական ուղերձ էր յղում իր թուրք գործընկեր Ապտիւլլա Կիւլին եւ շնորհաւորում Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրութեան օրը` հոկտեմբերի 29-ը: Այս տարի, սակայն, Սարգսեանը նման շնորհաւորական ուղերձ չյղեց Թուրքիայի նոր նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանին: Պատճառը հաւանաբար այն էր, որ աւելի վաղ` սեպտեմբերի 21-ի` Հայաստանի անկախութեան տօնի առիթով, Էրտողանը շնորհաւորական ուղերձ չէր յղել: Միմեանց ազգային տօները շնորհաւորելու նախաձեռնութիւնը գալիս է նախկին նախագահ Կիւլից, ով առաջինը` 2010-ի սեպտեմբերի 21-ին, շնորհաւորական ուղերձ յղեց Սարգսեանին եւ հայ ժողովրդին:

Սարգսեանի եւ Կիւլի միջեւ անձնական լաւ յարաբերութիւններ էին հաստատուել, եւ երկու նախագահները դա չէին թաքցնում: Դրան նպաստել էր նաեւ Կիւլի այցը Հայաստան եւ Սարգսեանի այցը Թուրքիա` միասին դիտելու ֆութպոլի ազգային հաւաքականների հանդիպումները: Սարգսեանը ակնյայտ յարգանքով էր վերաբերւում Կիւլին: Թուրքիայի նախկին նախագահը, ի տարբերութիւն Էրտողանի, ոչ միայն փոխադարձում էր յարգանքը, այլ Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցէին վիրաւորական յայտարարութիւններ թոյլ չէր տալիս: Ընդհանուր առմամբ, Կիւլը կրթուած էր, համեստ եւ մտաւորական, ի հակադրութիւն Էրտողանի, ով անկիրթ է, կոպիտ ու ամբարտաւան:

Բազմաթիւ օրինակներից միայն մէկը յիշեցնեմ: 2008-ին, երբ խորհրդարանի ընդդիմադիր  Ժողովրդահանրապետական կուսակցութեան պատգամաւոր Ճանան Արըթմանը հրապարակաւ յայտարարեց, որ Կիւլի մայրը հայ է, Թուրքիայի նախագահը առանց ջղաձգումների հակադարձեց, որ իր ընտանիքը «մուսուլման է եւ թուրք»: Ապա Կիւլի ընտանիքը հայց ներկայացրեց դատարան ընդդէմ տիկին Արըթմանի: Դատարանը «Թուրքիայի նախագահի ազգային ծագման մասին անհիմն յայտարարութիւններ անելու» մեղադրանքով 1 թուրքական լիրայով (կէս տոլար) տուգանեց ընդդիմադիր պատգամաւորին:

Այս տարուայ օգոստոսին Էրտողանը հեռուստաելոյթի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայում ինքնութեան խնդրին եւ իր ազգային  պատկանելիութեանը, մասնաւորապէս` իրեն հայ անուանելու դէպքերին, ակնայայտ արհամարհական եւ զայրացած թոնով գոռգոռաց. «արմատներով ես Ռիզէից եմ, ծնուել-մեծացել եմ Պոլսում: Բայց ինչե՜ր չեն ասում իմ մասին: Մէկն ասաց, թէ Էրտողանը վրացի է: Մէկն էլ տեղից վեր կացաւ, կը ներէք արտայայտութեանս, շատ աւելի կեղտոտ ձեւով ասաց` Էրտողանը հայ է: Պապիցս ու հօրիցս եւ բոլորից գիտեմ, որ ես թուրք եմ»:

Ահա այսպիսի մարդը չի կարող շնորհաւորել Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային տօնը` սեպտեմբերի 21-ը: Եւ պէտք էլ չէ, որ շնորհաւորի: Աւելի՛ն. քանի դեռ Թուրքիան արդէն քսան տարուց աւելի շրջափակման տակ է պահում Հայաստանը, որպէսզի մեր երկիրը տնտեսապէս թուլացնի ու ծնկի բերի, քանի դեռ բացայայտ աջակցում է Ադրբեջանին, քանի դեռ միջազգայնօրէն արշաւ է տանում Հայոց ցեղասպանութիւնը հերքելու ուղղութեամբ, նրա շնորհաւորանքները անկեղծ չեն կարող լինել:

Նոյնը վերաբերում է նաեւ Հայաստանին: Ինչո՞ւ պէտք է շնորհաւորել մի երկրի հիմնադրման տօնը, երբ գիտես, որ այդ երկիրը վեր է բարձրացել հայկական հողերի, հայկական ոսկորների, հայկական անցեալի, հայկական երազանքի վրայ: Աւելի՛ն. 1920-ին քեմալական թուրքերը զաւթեցին Հայաստանի Առաջին հանրապետութեան մեծութեամբ երրորդ քաղաք Կարսը եւ ողջ շրջանը, եւ մինչեւ օրս Բագրատունեաց չքնաղ Անի մայրաքաղաքը նրանց ձեռքում է: Թուրքերը գրաւեցին նաեւ Իգդիր-սուրմալուն: Ի դէպ, եթէ հոկտեմբերի 29-ը Թուրքիայի հիմնադրման օրն է, ապա  հոկտեմբերի 30-ը Կարսի անկման օրն է: 1920-ի այդ օրը առանց կռուի ընկաւ քաղաքը: Ցաւօք, Հայաստանում եւ սփիւռքում այդ օրը գրեթէ չի յիշւում: Փոխարէնը, թուրքերը ամէն տարի Կարսում կազմակերպում են տօնակատարութիւն` նշելով «հայերից քաղաքը ազատագրելու» օրը: Այդ տօնակատարութիւններին երբեմն մասնակցում են նաեւ երկրի նախագահը եւ վարչապետը:

Եթէ անգամ թուրքերը շնորհաւորում են Հայաստանի անկախութեան տօնը, ապա Հայաստանի որեւէ նախագահ պարտաւորուած չէ փոխադարձաբար շնորհաւորել Թուրքիայի հիմնադրութիւնը: Պետութիւնները եւ նրանց ղեկավարները միմեանց ազգային տօները շնորհաւորում են, երբ կայ յարաբերութիւնների նուազագոյն մակարդակ: Եթէ Սարգսեանն ու Կիւլը միմեանց հանդէպ ունէին խորը յարգանք, ապա կարող էին շնորհաւորել միմեանց ծննդեան օրերը, ինչը, ի դէպ, չէին անում: Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդները կարող են շնորհաւորել միմեանց ընտրութիւնը նախագահի պաշտօնում, ինչը անում են սկսած 1991-ից: Վերջերս Սերժ Սարգսեանը շնորհաւորեց Էրտողանին` նախագահ ընտրուելու առիթով եւ երդմնակալութեանը մասնակցելու նպատակով Անգարա գործուղեց արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանին, ով Էրտողանին փոխանցեց 2015-ի ապրիլի 24-ին Երեւան այցելելու Սարգսեանի հրաւէրը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )