Ազնաւուրը Թուրքական Որոգայթում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Շարլ Ազնաւուրը իրաւունք ունի լինել Հայաստանի ազգային հերոս: Շանսոնիէն արդարացիօրէն Հայաստանի ազգային  հերոս է: Աւելի՛ն. նա առասպել է, նա մարդ-դարաշրջան է: Իւրաքանչիւր հայ հպարտ է, որ Ազնաւուրը իր հայրենակիցն է: Սակայն Ազնաւուրը (ներողամտութիւն եմ հայցում այս խօսքերի համար) իրաւունք չունի լինել Հայաստանի դեսպան Զուիցերիայում կամ որեւէ այլ երկրում: Հայաստանի իշխանութիւնները կոպտագոյն սխալ են թոյլ տուել` նրան ծանրաբեռնելով դիւանագիտական աշխատանքով, անգամ եթէ դա եղել է շանսոնիէի փափաքը:

Անցեալ շաբաթ Ազնաւուրը ընկաւ թուրքական որոգայթի մէջ: Անկասկած, այն, ինչ արեցին թուրքերը, անբարոյական էր, անմարդկային եւ ստոր արարք: Բայց եկէք` նաեւ անկեղծ լինենք եւ ընդունենք, որ տեղի  ունեցածի մէջ մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն ու Ազնաւուրը:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը եւ թուրք արտադրիչ Էրքան Օզերմանը Ազնաւուրին հրաւիրել էին ճաշի, որի ընթացքում նրան յուշանուէր էին փոխանցել, նկարել այն նուիրելու պահը եւ բազմաթիւ այլ դրուագներ: Աւելի՛ն. այդ հանդիպումից յետոյ թուրքական պուլվարային թերթերից մէկում` «Փոսթա»-ում, յայտնուեց հարցազրոյց Ազնաւուրի հետ, որտեղ շանսոնիէին վերագրուել էին խօսքեր, որոնք հայկական աշխարհում միանշանակ չընդունուեցին, իսկ որոշ շրջանակներում խստիւ քննադատուեցին:

Այդ հարցազրոյցում իբր Ազնաւուրն ասել էր, որ` «ինքը չի շարժւում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է օսմանեան ժամանակի հին դէպքերը վեր հանելը», «պէտք չէ հնում մնացած վէրքերը փորփրել»: Աւելի՛ն. իբր Ազնաւուրն ասել էր, որ իր մայրը թուրք է:

Պարզուեց եւ դա հաստատեցին նաեւ Ազնաւուրին ծուղակի մէջ ներքաշած թուրքերը, շանսոնիէն որեւէ հարցազրոյց չի տուել: Օզերմանը հայկական մամուլին ասել է, որ Ազնաւուրը իրեն հարցազրոյց չի տուել, իսկ այն, ինչ ներկայացրել էր որպէս հարցազրոյց, եղել էր Ազնաւուրի` տարբեր ժամանակներում եւ տարբեր լրատուամիջոցների հետ հարցազրոյցներից ծաղկաքաղ, ինչպէս նաեւ` ճաշի ընթացքում Ազնաւուրի արտայայտած որոշ մտքեր:

Աւելի անբարոյ քայլ 90-ամեայ մարդու նկատմամբ դժուար է պատկերացնել: Մարդուն հրաւիրում են ճաշի, որպէսզի նրան վարկաբեկեն ու փորձեն ծառայեցնել թուրքական արտաքին քաղաքականութեան նպատակներին: Ազնաւուրը բաւականին խիստ արձագանգեց. «Ես որեւէ հարցազրոյց չեմ տուել թուրքական «Փոսթա» թերթին: Խորապէս վիրաւորուած եմ այդ ստոր ձեռնածուութիւնից»:

Ազնաւուրի դառնութիւնը հասկանալի է: Սակայն, միւս կողմից, կատարուածի մէջ մեղքի իր բաժինը ունի նաեւ Ազնաւուրը: Այստեղ խօսքը ոչ թէ երգիչ Ազնաւուրի, այլ Զուիցերիայում Հայաստանի դեսպան Ազնաւուրի մասին է:

Առաջին, ինչո՞ւ է դեսպան Ազնաւուրը ընդունում Ֆրանսայում Թուրքիայի դեսպանի` ճաշի հրաւէրը, երբ դրան ներկայ են լինում եւս առնուազն չորս այլ թուրքեր (դա երեւում է նկարներից), որոնցից մէկը` շոու պիզնեսի ներկայացուցիչ Օզերմանը, ով էլ յօրինել է Ազնաւուրի հետ հարցազրոյցը:

Երկրորդ, ինչո՞ւ է դեսպան Ազնաւուրը ընդունում նուէր թուրք դեսպանից: Աւելի՛ն. նուէրը ընդունելուց յետոյ նա նուէրը ձեռքին նկարւում է թուրք դեսպանի հետ: Այդ փոքր նուէրը թուրքական մամուլում ներկայացուեց որպէս մրցանակ, իբր թուրքերը Ազնաւուրին մրցանակ են շնորհել:

Եղածը` եղած է, եւ անիմաստ է ողբերգութիւն սարքել: Լաւ չէ, որ մենք մեր սխալների վրայ ենք սովորում եւ մեր սխալներից ենք դասեր քաղում: Պէտք չէ նաեւ մտածել, որ այս պատմութիւնից թուրքերը յաղթած դուրս եկան: Այս պատմութիւնը մէկ անգամ եւս ցոյց տուեց թուրքական դիւանագիտութեան նենգութիւնը: Արդարացուած կը լինի, որպէսզի Ազնաւուրը յետ վերադարձնի թուրք դեսպանի ձեռքից ստացած նուէրը եւ առաւել արդարացուած կը լինի, եթէ դա անի հրապարակաւ:

Գնահատելով Ազնաւուրին, խոնարհուելով նրա հանճարի առջեւ, այդուհանդերձ, պէտք է յիշեցնել, որ քանի դեռ նա Հայաստանի դեսպանն է (անկախ նրանից, թէ որ երկրում), նա իրաւունք չունի հրապարակային յայտարարութիւններով եւ գործողութիւններով հակադրուել Հայաստանի արտաքին քաղաքականութեանը:

Յիշեցնենք դրանցից մի քանիսը: Այսպէս, այս տարուայ սեպտեմբերի կէսերին ամերիկեան «Հոլիվուտ Ռիփորթեր»-ին Ազնաւուրն ասել է, որ իր դիւանագիտական գործունէութեան ընթացքում աշխատում է ինքնուրոյն` առանց նախագահին (Սերժ Սարգսեանին) հարցնելու, թէ ի՛նչ պէտք է անել, բայց յետոյ յայտնում է իր կատարած քայլերի մասին: «Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազուագիւտ բան է, բայց ես նախապէս չեմ տեղեկացրել այդ մասին, քանի որ կարող են ինձ ասել, թէ պէտք չէ դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում», ասել է Ազնաւուրը: «Կան դժուարութիւններ ոչ միայն թուրքերի հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ` նրանց հետ, ովքեր չեն ուզում, որ ես բարեկամական յարաբերութիւններ ունենամ Թուրքիայի հետ: Հետեւաբար պէտք է զգուշ լինեմ», ասել է Ազնաւուրը` յաւելելով, որ ինքը ոչինչ չունի այսօրուայ թուրքերի դէմ, քանի որ Ցեղասպանութիւնը կատարել են նրանց պապերը:

Այս հարցազրոյցը ցոյց է տալիս, որ Ազնաւուրը դեռ շաբաթներ առաջ է պատրաստուել Ֆրանսայում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը:

Երեք տարի առաջ Ազնաւուրը ֆրանսական «Վիվըման Տիմանշ» հաղորդման ընթացքում` Ցեղասպանութեան մասին հարցին ի պատասխան ասաց. «Դա խանգարող բառ է: Այն նաեւ ինձ է խանգարում: Այն, ինչ հիմա կ՛ասեմ, կարող է ինձ մէջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ` դա կարեւոր չէ: Եթէ իսկապէս թուրքերը ազնուութիւն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանութիւն» բառն է, մենք այլ բառ կը գտնենք, միայն թէ սահմանները բացուեն, եւ թուրքական կառավարութիւնը մտածի մեզ հետ երկխօսութիւն սկսելու մասին»:

Շատ հայեր չհաւատացին, որ Ազնաւուրը կարող է նման բան ասած լինէր: Մի քանի շաբաթ անց Փարիզի «Նուվել տ՛Արմենի» հանդէսի հետ հարցազրոյցում Ազնաւուրը աւելի առաջ գնաց` բառացիօրէն ասելով. «Հայաստանը մեծ վտանգի մէջ է, եւ բոլորը յապաղում են ցեղասպանութիւն բառի վրայ: Ես չեմ տեսնում, թէ դա ինչպէս է նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանութիւնը»:

Նոյն հարցազրոյցում Ազնաւուրը շարունակում է. «Ինձ պարբերաբար Թուրքիա են հրաւիրում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անգամ ինձ հրաւիրել է արձակուրդս անցկացնելու իր մօտ… Ես ուզում եմ, որ սահմանը բացուի, եւ այս երկիրը (Հայաստանը) մի փոքր շունչ քաշի»: Նա նաեւ հայերին խորհուրդ է տալիս հրաժարուել թուրքերից հող պահանջելուց. «Գերմանացիներն այլեւս չեն պահանջում Էլզաս-Լոթարինկիան, իսկ մենք (նկատի ունի ֆրանսացիներին) այլեւս չենք մտածում Ռուհրի մասին: Պէտք է գոնէ խելացի լինել: Պէտք է հասկանալ իրերի դրութիւնը: Այս ամէնը վերջացած է: Ես աւելի հեռուն կը գնամ: Եթէ անգամ նրանք (թուրքերը) մեզ վերադարձնեն տարածքները, ո՞վ կը գնայ: Ո՞վ կը գնայ ապրելու այդ տարածքների վրայ: Ոչ ոք»:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )