ԼՂՀ Մասնակցութիւնը Բանակցութիւններին` Որպէս Հրամայական

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

1114_eonid-mardirosianԵւ այսպէս, հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների` Փարիզում կայացած հանդիպումը, որն իր վրայ է բեւեռել հասարակական եւ փորձագիտական շրջանակների սեւեռուն ուշադրութիւնը, անցաւ պատմութեան գիրկը: Այն Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի վերջին երեք ամիսների հանդիպումներից երրորդն էր, ինչը հաստատում է ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան լուծմամբ զբաղուող միջազգային միջնորդների` ներկայումս դիտուող աշխուժութիւնը:

Այնպիսի տպաւորութիւն է, կարծես ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ-երկրների միջեւ ծաւալուել է իւրատեսակ մրցակցութիւն` կարգաւորման գործընթացում դիւանագիտական նախաձեռնութեան համար: Օգոստոսին Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահները Ռուսաստանի ղեկավար Վլատիմիր Փութինի միջնորդութեամբ հանդիպեցին Սոչիում, իսկ արդէն Սեպտեմբերին Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերիի միջնորդութեամբ` Կալէսում: Եւ այժմ ահա, Ֆրանսայի նախագահի առաջարկով Փարիզում կայացած երկխօսութիւնից յետոյ «համալրուեց» Մինսքի խմբի համանախագահ-երկրների կազմակերպած հանդիպումների շարքը: Կարելի է ասել` ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը սկսել են որոշակի քայլեր ձեռնարկել լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ: Կը ցանկանայինք հաւատալ` ոչ իրենց աշխարհաքաղաքական շահերի պարունակում, այլ հէնց հին հիմնախնդրի վերջնական լուծման նպատակով` միջազգային իրաւունքի կանոնների ու սկզբունքների հիման վրայ եւ աշխարհաձեւաւորման զարգացման ժամանակակից միտումների հաշուառումով:

Փարիզեան հանդիպումը, ինչպէս եւ սպասւում էր, բեկումնային չդարձաւ: Ըստ էութեան, այն չէր էլ կարող այդպիսին դառնալ կողմերի` տրամագծօրէն հակառակ դիրքորոշումների պատճառով: Այդուհանդերձ, դատելով ինչպէս Հայաստանի եւ Ազրպէյճանի պաշտօնատար անձանց, այնպէս էլ ԵԱՀԿ միջնորդների մեկնաբանութիւններից, հանդիպումը յաջողուեց: Մասնաւորապէս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանն այն անուանեց կառուցողական, օգտակար եւ անկեղծ: Իր հերթին, ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքը Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումը գնահատեց որպէս դրական քայլ: Եւ դրա հետ դժուար է չհամաձայնել, քանի որ բարձր մակարդակով երկխօսութիւնը, այն էլ ժամանակակից աշխարհում առանցքային դեր խաղացող միջնորդ-երկրների հովանու ներքոյ, նպաստում է հակամարտութեան գօտում լարուածութեան թուլացմանը եւ իրավիճակի կայունացմանը, ինչը կարելի է միայն ողջունել: Առաւել եւս, որ նշուած բոլոր հանդիպումները կայացել են անցած ամրանը տեղի ունեցած զինուած միջադէպերով շփման գծում յարուցուած իրավիճակի կտրուկ սրման համապատկերին, որի պատասխանատուութիւնն ամբողջապէս կրում է Ազրպէյճանը:

Այդ տեսակէտից ուշադրութեան է արժանի այն փաստը, որ Փարիզում կողմերը նշեցին երկխօսութեան շարունակման եւ խաղաղ բանակցութիւններում առաջընթացի համար վստահութեան ամրապնդմանն ուղղուած ջանքերի կարեւորութիւնը: Էդուարդ Նալբանդեանի խօսքով, հանդիպման ընթացքում քննարկուել են ղարաբաղեան հակամարտութեան լուծմանը, ինչպէս նաեւ` վստահութեան ամրապնդման միջոցներին առնչուող բազմաթիւ հարցեր, որոնք Ֆրանսուա Հոլանտն առաջարկել է դեռեւս մայիսին` տարածաշրջանային իր այցի ժամանակ, եւ որոնց հաւանութիւն են տուել նաեւ համանախագահները: Ընդգծուել է խաղաղ կարգաւորման երկընտրանքի բացակայութիւնը: Բացի այդ, ձեռք է բերուել համաձայնութիւն` կողմերի միջեւ բարձր մակարդակով հանդիպումները շարունակելու, ինչպէս նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հովանու ներքոյ` հակամարտութեան արդիւնքում անյայտ կորածների մասին տեղեկութեան փոխանակման վերաբերեալ: Բայց եւ այնպէս, ստիպուած ենք հանդիպմանը գրանցուած դրական արդիւնքին մօտենալ զգուշաւոր լաւատեսութեամբ, քանի որ Ազրպէյճանի նախագահը բազմիցս հրաժարուել է ձեռք բերուած համաձայնութիւններից եւ շարունակել յարձակողապաշտ հայատեացութեան իր քաղաքականութիւնը:

Այդուհանդերձ, փարիզեան գագաթնաժողովին ձեռքբերուած արդիւնքները, կրկնենք, կարելի է միայն ողջունել, սոսկ մէկ վերապահումով` այդ ամէնը վերաբերում է մարդասիրական բնոյթի հարցերին` առանց անդրադառնալու բուն հիմնախնդրի լայնածաւալ կարգաւորման գործընթացին: Բնականաբար, նշուած խնդիրների լուծումը բանակցութիւնների համար նախադրեալներ եւ բարենպաստ հող է ստեղծում, դրանով հանդերձ, բարձրաստիճան գագաթնաժողովները չեն կարող փոխարինել զուտ բանակցութիւններին:

Այդ առումով ուշագրաւ է Ֆրանսայի նախագահի` փարիզեան եռակողմ հանդիպմանը հնչեցրած առաջարկութիւնը: Ընդգծելով սթաթիւս-քուոյի պահպանման անընդունելիութիւնը` Ֆրանսուա Հոլանտը Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարներին առաջխաղացման հասնելու համար կոչ արեց սկսելու համապարփակ խաղաղ համաձայնութեան մշակումը եւ իրենց բնակչութեանը պատրաստել խաղաղութեան:

Դառնանք սթաթուս-քուոյին: Հարկ է նկատել, որ այն փոխելու անհրաժեշտութեան մասին կարծիքներ տարբեր մակարդակներով հնչել են Ֆրանսայի նախագահից առաջ էլ: Հասկանալի է, որ եթէ կարգաւորման գործընթաց է ընթանում, ապա սթաթուս-քուոն բանակցութիւնների արդիւնքում պէտք է փոփոխութիւն կրի: Հարցն այլ բանում է` ի՞նչ է առաջարկւում ներկայ սթաթուս-քուոյի փոխարէն: Չէ՞ որ ներկայ պահին հակամարտութեան կողմերն ունեն կարգաւորման հեռանկարների բոլորովին տարբեր տեսլականներ: Եթէ գոյութիւն ունեցող սթաթուս-քուոյի փոփոխութիւնը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փաստացի անկախութեան միջազգային իրաւական ճանաչում, ապա հակամարտութեան հայկական երկու կողմերը դա կարող են միայն ողջունել: Բայց, ինչպէս յայտնի է, Ազրպէյճանը սթաթուս-քուոյի փոփոխութեան տակ նկատի ունի միայն ու միայն իր իրաւասութեան տարածումը Լեռնային Ղարաբաղի վրայ եւ ազրպէյճանցի փախստականների միակողմանի վերադարձը:

Ակնյայտ է, որ հակամարտութեան կարգաւորումը պաշտօնական Պաքուի պայմաններով բոլորովին անընդունելի է, քանզի յղի է նոր պատերազմով, ինչը, կը ցանկանայինք կարծել, գիտակցում են եւ իրենք` միջնորդները: Ինչպէս եւ գիտակցում են հէնց Լեռնային Ղարաբաղի` որպէս հակամարտութեան հիմնական եւ առաւել տուժած կողմի պարտադիր մասնակցութեան հրամայականը, ինչի մասին պաշտօնական Ստեփանակերտը բանակցութիւնների գործընթացում բազմիցս է յայտարարել: Հրատապ այդ հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների քաղաքական օրակարգում: Յուսանք, որ իրական բանակցութիւնների մեկնարկով ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները վերջապէս գործնականում կ՛իրականացնեն իրենց կողմից բազմիցս արուած յայտարարութիւններն առ այն, որ ղարաբաղեան կողմը որոշակի փուլում անպայման կը միանայ նրանց: Հակառակ դէպքում` մեծ է հաւանականութիւնը, որ այսպէս կոչուած համապարփակ խաղաղ համաձայնութիւնը, որի մշակման անհրաժեշտութեան մասին փարիզեան հանդիպմանը խօսեց Ֆրանսայի նախագահը, այդպէս էլ կը մնայ թղթի վրայ:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազատ Արցախ» պետական պաշտօնաթերթին
գլխաւոր խմբագիր

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )