Թուրք Բարձրաստիճան Զօրավարին «Յատուկ Նշանակութեան» Ելոյթն Առաջնագծում
ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Հնարաւոր չէր անտարբեր անցնել օրերս թուրքական մի շարք առաջատար լրատուամիջոցների գլխաւոր լուրերի շարքում տեղ գտած մի տեղեկութեան կողքով, որում նշւում էր, թէ թուրքական բանակի յատուկ նշանակութեան զօրքերի հրամանատարն այցելել է Ազրպէյճան, ապա հայ-ազրպէյճանական շփման գիծ (Արցախի հատուած), որտեղ հանդիպել է ազրպէյճանցի սահմանապահ զինծառայողներին, դիտել հայկական մարտական դիրքերը եւ յայտարարութիւններ արել: Ի հարկէ, թուրք բարձրաստիճան զինուորականի այցն առաջնագիծ իրադարձային էր, քանի որ յաճախակի Պաքու մեկնող թուրք զինուորականներն ամէն անգամ չէ, որ այցելում են հայ-ազրպէյճանական սահման (եւ ինչն աշխուժօրէն լուսաբանում են թուրքական աղբիւրները): Ուշադրութիւն էր գրաւում նաեւ նրա` իր զբաղեցրած պաշտօնին այնքան էլ չհամապատասխանող ելոյթն առաջնագծում` ազրպէյճանական բանակի զինծառայողների համար:
Այժմ` աւելի մանրամասն: Թուրքիայի զինուած ուժերի յատուկ նշանակութեան զօրքերի հրամանատար, զօրավար Զեքայի Աքսաքալլըն նոյեմբերի 6-ին այցով Ազրպէյճանում էր, իսկ նոյեմբերի 9-ին մեկնել էր առաջնագիծ, որտեղ զրուցել է Ազրպէյճանի զինուած ուժերի զինծառայողների հետ, դիպուկահար հրացանի նշանառման հեռադիտակով դիտել հայկական զինուած ուժերի մարտական դիրքերը: Հետաքրքրութիւն առաջացրած այցն առաւել մեծ ուշադրութիւն գրաւեց առաջնագծում թուրք զօրավարի` ազրպէյճանցի զինուորներին ուղղուած «ոգեւորող» խօսքով. «Ձեզանով հպարտանում եմ: [….] Թուրքիան մշտապէս Ազրպէյճանի կողքին է: Ազրպէյճանի եւ Թուրքիայի զինուորներն անպարտելի են: Պատերազմներում մենք սա բազմիցս ցուցադրել ենք»:
Այս խօսքերից յետոյ կարող ենք մտածել, որ թուրք զօրավարը կա՛մ յայտնի պատմական փաստերին չի տիրապետում, կա՛մ էլ ուղղակի իր շրջապատին յիմարի տեղ է դրել: Չգնալով վաղ անցեալ` բաւական է յիշել արցախեան պատերազմը, որտեղ ազրպէյճանցիները կատարեալ ռազմական պարտութիւն կրեցին, իսկ Թուրքիան, մեծ հաշուով, Ազրպէյճանի կողքին չեղաւ, ինչպէս փորձում էր համոզել բարձրաստիճան թուրք զինուորականը: Բաւական թոյլ ու անհիմն, «պաթոս 99 լվլ» մակարդակի ելոյթ էր` փաստերի խեղաթիւրումով: Միգուցէ լսարանի պահանջներն էին այդքան ցածր, թէ՞ ուղղակի դասախօսը լաւ պատրաստ չէր: Սա զօրավար Աքսաքալլըն ինքը կ՛իմանայ:
Չկենտրոնանալով միայն զօրավարի ասած խօսքերի վրայ` հարկ է կանգ առնել այս այցի միւս կէտերի վրայ: Մասնաւորապէս տեղեկութիւնները շատ են, որ ազրպէյճանական բանակի յատուկ ջոկատայինները պատրաստութիւն են անցնում կա՛մ Թուրքիայում, կա՛մ էլ թուրք ռազմական տեսուչների ղեկավարութեամբ: Թէեւ Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ ռազմական արհեստագիտութեան ոլորտին մէջ համագործակցութիւնը չի կարելի անուանել բարձր մակարդակի, այնուամենայնիւ, ռազմական կրթութեան առումով երկու պետութիւններն էլ սերտ համագործակցում են, ինչը ցոյց է տալիս թուրքական ռազմական եւ ռազմաբժշկական կրթական հաստատութիւններում սովորող ազրպէյճանցիների բաւական մեծ թիւը: Այնպէս որ, սպասելի է, որ այս այցի արդիւնքներով թուրք եւ ազրպէյճանցի յատուկ ջոկատայինների միջեւ համագործակցութիւնը կը խորանայ, նոր պայմանաւորուածութիւններ կը լինեն: Սա այն ոլորտը չէ, որի մասին բոլոր մանրամասները հասանելի կը լինեն հասարակութեան լայն շերտերին, սակայն մեր պետութեան համապատասխան կառոյցներն ուշադրութեան կենտրոնում պէտք է պահեն այն:
Յետ Գրութեան Փոխարէն
Սպասելի էր, որ թուրք զօրավարի այցն առաջնագիծ ու նմանատիպ յայտարարութիւնը կը գրաւի հայկական լրատուամիջոցների ուշադրութիւնը:
Բայց հայկական որոշ լրատուամիջոցներ փորձեցին լինել «Հռոմի պապից աւելի կաթոլիկ» այցը համեմելով սեփական պատումներով, որոնցից մէկն էլ այն էր, թէ թուրք զօրավարը ոչ միայն դիտել է հայկական մարտական դիրքերը, այլ նաեւ դիպուկահար հրացանով կրակ արձակել Արցախի դիրքապահների ուղղութեամբ: Թուրք զօրավարի այցի վերաբերեալ աղբիւրը` թուրքական պետական «Անատոլու» լրատուական գործակալութիւնն ու նրանից նիւթն արտատպած թուրքական լրատուամիջոցների մօտ որեւէ յիշատակում չկար կրակոցի մասին, իսկ այդ ո՞ր աղբիւրը նրանց յուշեց, թէ թուրք զօրավարը դիտելուց բացի` դեռ մի հատ էլ կրակել է Պաշտպանութեան բանակի դիրքերի ուղղութեամբ: Արդեօ՞ք պէտք է մեզ նման մօտեցում, երբ ինքներս ենք ստիպում թուրք զօրավարին «կրակել» մեր դիրքապահների ուղղութեամբ:
Եւ վերջում, նման ելոյթներ նախընտրող թուրք զօրավարի համար օգտակար է դիտել «անպարտելի ազրպէյճանցիներին» Արցախի հերոսամարտում յաղթած հայկական բանակին` իր ելոյթի եւ իրականութեան միջեւ տարբերութիւնները հասկանալու համար:
ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Թուրքագէտ
«Թուրքագիտական փորթալ»

