ՌՈՒՍԱԿԱՆ (ՄԵՏՎԵՏԵՒԻ) ՎՏԱՆԳԸ. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՒԻՆԵԼ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՆԸ

Արցախեան կարգաւորման գործընթացում այսօր սեղանին դրուած առաջարկները, ինչպէս պնդում են ընդդիմադիր Հայ ազգային քոնկրեսն ու մի շարք փորձագէտ-վերլուծաբաններ, աւելի լաւը չեն, քան 1997 թուականի փուլային տարբերակը, որին հակուած էր առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, սակայն դէմ էր Հայաստանի այն ժամանակուայ իշխանութեան մի թեւը` վարչապետ Ռոպերթ Քոչարեան, պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեան, անվտանգութեան նախարար Սերժ Սարգսեան, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասեան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարար Սամուէլ Բաբայեան: Հէնց նրանց ընդդիմութիւն էլ բերեց Տէր Պետրոսեանի հրաժարականին, թէեւ առաջին նախագահի հրաժարականի խորքային այլ պատճառներ եւս կային:

1997-ի փուլային տարբերակով Հայաստանին առաջարկւում էր Ազրպէյճանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ին յարակից` պատերազմում ազատագրուած բոլոր շրջանները, բացառութեամբ Լաչինի ողջ շրջանի (1835 քառ. քմ.), որի դիմաց հաստատւում էր խաղաղութիւն, վերաբացւում էին կոմունիկացիաները, ենթադրաբար` Թուրքիան վերջ էր տալիս շրջափակմանը եւ Հայաստանի հետ հաստատում դիւանագիտական յարաբերութիւններ, իսկ Լեռնային Ղարաբաղն ստանում էր միջանկեալ կարգավիճակ (այս մասին փուլային փաստաթղթում չէր խօսւում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնւում էր բաց, սակայն ակնյայտ էր, որ վեց շրջաններ յանձնելու դիմաց Հայաստանը Լեռնային Ղարաբաղի համար գոնէ ստանալու էր միջանկեալ կարգավիճակ` ամրագրուած անվտանգութեան միջազգային լուրջ երաշխիքներով):

Ըստ լրատուամիջոցներ սպրդող տեղեկութիւնների` այսօրուայ փաստաթղթով (Ռուսիոյ նախագահ Մետվետեւի նորացուած առաջարկով)` Հայաստանը, կարգաւորման այդ փաթեթը ընդունելու դէպքում, Ազրպէյճանին վերադարձնելու է հինգ շրջաններ, իսկ հինգ տարի յետոյ` Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինի «ոչ միջանցքային» մասերը: Փաստաթղթում պահպանուել է հանրաքուէի մասին կէտը, սակայն այդ հանրաքուէի անցկացման յստակ ժամկէտ չի նշւում եւ որ ամէնից վտանգաւորն է` Քարվաճառն ու Լաչինի շրջանի մեծագոյն մասը, բացի միջանցքից, վերադարձւում են յստակ ժամանակահատուածում` առանց շաղկապելու հանրաքուէի անցկացման հետ:

Եթէ հանրաքուէի յստակ ժամկէտներ չեն նշւում, սակայն նշւում են Քարվաճառի եւ Լաչինի «ոչ միջանցքային» մասերի վերադարձի յստակ ժամկէտներ, ապա աւելի նախընտրելի է Լաչինի շրջանն ամբողջութեամբ պահել եւ չամրագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, քան Լաչինի մեծ մասը հինգ տարի յետոյ վերադարձնել եւ դիմացն ստանալ հանրաքուէի անցկացման խոստում: Հետեւաբար, անգամ Տէր Պետրոսեանը, ով շարունակում է հայ-թուրքական եւ հայ-ազրպէյճանական հաշտութիւնը համարել առաջնահերթ, չի կարող հաւանութիւն տալ Մետվետեւի առաջարկներին:

Ազրպէյճանը արդէն պատասխանել է Մետվետեւի նամակին, այդ նպատակով օրերս Մոսկուա էր մեկնել եւ արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովի հետ հանդիպել Էլմար Մամետեարովը: «Մենք պէտք է շարունակենք քննարկումը: Սկզբունքները, որոնք ներկայումս քննարկւում են, քաղաքական փաստաթուղթ են, այլ ոչ թէ իրաւաբանօրէն պարտաւորեցնող: Կարծում եմ, որ պէտք է դուրս գանք դէպի իրաւաբանօրէն պարտաւորեցնող փաստաթղթի քննարկման մեկնարկը, ինչպիսին է խաղաղ պայմանագիրը: Ժամանակը դրա համար հասունացել է», ասել է Մամետեարովը: Մինչ այդ` առնուազն երկու անգամ Մամետեարովն ասել էր, որ անհրաժեշտ է ոչ թէ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնութեան գալ, այլ սկսել աշխատանքը համապարփակ փաստաթղթի` հակամարտութեան կարգաւորման վերջնական փաթեթի վրայ: Տպաւորութիւն է ստեղծւում, որ Մետվետեւի առաջարկները, սկզբունքօրէն անընդունելի են նաեւ Ազրպէյճանի համար, եւ Պաքուն սպասում է Հայաստանի պատասխանին:

Պէտք է յիշել, որ ոչ միայն կարեւոր է փաստաթղթի բովանդակութիւնը, այլ այն, թէ այդ փաստաթուղթը հակամարտութեան կողմերից որ մէկն է մերժում: Եթէ անգամ Մետվետեւի առաջարկներն անընդունելի են Հայաստանի համար, ապա, բնականաբար, հայկական կողմը կը ցանկանար, որ դրանք մերժէր Ազրպէյճանը:

Հայաստանի  արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը իր ռուս գործընկեր Սերկէյ Լաւրովի հետ հեռախօսազրոյցում հաւաստիացրել էր, որ առաջիկայում Երեւանը կը տայ իր պատասխանը: Շաբաթավերջին նախագահականի աղբիւրները հաղորդեցին, որ Հայաստանը եւս տուել է իր պատասխանը, սակայն դեռ յայտնի չէ պատասխանի բովանդակութիւնը: Անշուշտ, շատ բարդ է լինելու հայ ժողովրդին Հայաստանում, եւ յատկապէս Արցախում ու սփիւռքում բացատրել, թէ ինչու է Երեւանը գնում նման զիջումների: Աւելին, եթէ այսօրուայ առաջարկները նոյնքան անընդունելի են, ինչպէս 1997-ին, ապա ինչո՞ւ էր Հայաստանը անիմաստ 14-15 տարի վատնում` աւելի խորացնելով տնտեսական, հետեւաբար` նաեւ քաղաքական մեկուսացումը:

1997-ին Տէր Պետրոսեանի կողմից հաւանութեան արժանացած կարգաւորմանը դէմ դուրս եկան մարդիկ, ովքեր այսօր կամ իրենք են նոյն զիջումները անում կամ էլ լռում են: Ո՞ւր է Սամուէլ Բաբայեանը: Ո՞ւր է Ռոպերթ Քոչարեանը: Ո՞ւր է Արկադի Ղուկասեանը: Վստահաբար, նրանք ծանօթ են, թէ այսօր ինչ առաջարկներ է դրուած Հայաստանի եւ Արցախի առաջ, սակայն լռում են: Եթէ նրանք լռում են, որպէսզի ճնշումները նախագահ Սարգսեանի վրայ աւելի ուժեղանան, որից յետոյ «յաղթական» վերադառնան աշխուժ քաղաքականութիւն, ապա դա շատ աւելի անընդունելի կեցուածք է:

Անընդունելի կեցուածք են դրսեւորում նաեւ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները այն ժամանակ, երբ ղարաբաղեան կարգաւորման գործընթացը, թւում է, մտնում է զարգացումների վճռորոշ փուլ: Յուլիսի կէսերին շրջան այցելած համանախագահները չեն մեկնել Ստեփանակերտ: Այս անգամ պատճառը ոչ թէ եղանակային անբարենպաստ պայմաններն էին (համանախագահները սովորաբար հէնց վատ եղանակային պայմաններով են պայմանաւորում իրենց` Արցախ չմեկնելու չկամութիւնը), այլ այն, որ Բակօ Սահակեանը արձակուրդում է: Մի՞թէ հնարաւոր չէր արձակուրդի յարմար այլ ժամկէտներ ընտրել:

Միւս կողմից, պէտք չէ բացառել, որ Արցախի նախագահը հէնց այս ժամանակահատուածում է արձակուրդ գնացել, որպէսզի վերադարձից յետոյ յայտարարուի, որ ռուսական առաջարկը ընդունելի չէ: Գուցէ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի օգնութեամբ ժամանակ է ուզում շահել, որպէսզի կարողանայ համոզուել, որ Ազրպէյճանը մերժելու է Մետվետեւի առաջարկը:

Իսկ եթէ, ի վերջոյ, Հայաստանը չկարողանայ ոչ ասել Մետվետեւի առաջարկներին, ապա Տէր Պետրոսեանի տարիների պնդումը, որ աւելի լաւ առաջարկ, քան 1997-ի փուլայինն էր, «Աստուած էլ գայ», Հայաստանը չի ստանալու, մօտ է իրականութիւն դառնալուն: Լայն հաշուով, Տէր Պետրոսեանը չի էլ քննադատելու Սարգսեանին, ինչպէս չքննադատեց հայ-թուրքական գործընթացի ընթացքում: Տէր Պետրոսեանը միայն կարող է հերթական անգամ յիշեցնել, որ իր նախագահութեան տարիներին աւելի լաւ լուծում էին ստանալու եւ ի զուր Հայաստանը 15 տարի ժամանակ կորցրեց: Սարգսեանին կ՛աջակցեն նաեւ միջազգային ուժերը, ինչպէս եղաւ «ֆութպոլային դիւանագիտութեան» տարիներին:

Հայերը հոգեբանօրէն ընդգծուած ռուսամէտ են: Ռուսաստանը ընկալւում է Հայաստանի ռազմավարական գործընկերը: Հետեւաբար, հանրային ընկալման առումով շատ կարեւոր է, որ կարգաւորման առաջարկները, ԵԱՀԿ Մինսքի խմբի անունից ներկայացնում է հէնց Ռուսաստանը: Արցախեան հարցում Հայաստանի համար ամենաանընդունելի տարբերակը, եթէ ռուսական «արտադրութեան» է, աւելի հեշտ է մասուելու, քան ամենալաւ արեւմտեան կամ եւրոպական տարբերակը: Հայ քաղաքական միտքը արեւմտեան տարբերակը, անկախ բովանդակութիւնից, ընկալելու է որպէս դաւադրութիւն հայ ժողովրդի դէմ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES