Զէնքով, Բայց Նաեւ` Հայ Մարդու Աշխատանքով. Ինչպէ՞ս Ամրապնդել Հայաստան-Ազրպէյճան Սահմանը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սեպտեմբերի վերջերին Պաքուի իշխանութիւնները որոշում ընդունեցին Հայաստանի հետ սահմանների երկայնքով զինել քաղաքացիական բնակչութեանը: Իլհամ Ալիեւի հրամանագրում ասւում էր, որ շփման գծին հարող գիւղերի բնակիչներից անհրաժեշտ է կամաւորական պարեկային ջոկատներ ստեղծել: Աւելի վաղ` յուլիս-օգոստոսին, հայ-ազրպէյճանական սահմանի Տաւուշի հատուածում լարուածութիւնը հասել էր ամենաբարձր աստիճանի 1994-ի հրադադարից ի վեր: Կողմերը փոքր եւ միջին, որոշ դէպքերում` խոշոր տրամաչափի զէնքերից, գնդակոծում էին սահմանի երկայնքով տեղաբաշխուած գիւղերը:

Հէնց այդ օրերին հայկական փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում խօսւում էր հայկական գիւղերի բնակիչներին զինելու անհրաժեշտութեան մասին: Հայաստանի ղեկավարութիւնը, առաջին հերթին` Սերժ Սարգսեանը, կտրականապէս դէմ եղաւ: Փոխարէնը` Հայաստանի կառավարութիւնը Ազգային ժողով ներկայացրեց օրէնսդրական երկու փաթեթ, որոնք գրեթէ միաձայն ընդունուեցին նոյեմբերի կէսերին: Յունուարի 1-ից այդ օրէնքները երեք տարով մտնելու են ուժի մէջ: Ենթադրւում է, որ այդ օրէնքները հետագայում կ՛երկարաձգուեն, քանի որ առաջիկայ տարիներին դժուար է ակնկալել հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների կարգաւորում:

Ընդունուած օրէնքներից մէկով Ազրպէյճանին սահմանամերձ 31 համայնքների բոլոր բնակիչները կը ստանան ընկերային աջակցութիւն: Մասնաւորապէս` նրանք միայն մասամբ կը վճարեն ելեկտրական հոսանքի, կազի եւ ոռոգման ջրի դիմաց, ինչպէս նաեւ ամբողջապէս կ՛ազատուեն հողի յարկ եւ գոյքահարկ վճարելուց: Երկրորդ օրէնքով` սահմանամերձ այդ 31 գիւղերում իրականացուող տնտեսական գործունէութիւնը` արտադրութեան կազմակերպումը, գրեթէ ամբողջովին կ՛ազատուի հարկերից: Դա նշանակում է, որ իւրաքանչիւր հայ գործարար հնարաւորութիւն կ՛ունենայ իր պիզնեսը տեղափոխել սահմանամերձ հատուած կամ այնտեղ նոր պիզնես կազմակերպել:

Միայն ժամանակը ցոյց կը տայ, թէ այդ օրէնքների ընդունումը եւ կեանքի կոչումը ինչքանով է ամրապնդելու սահմանապահ հայկական գիւղը, հետեւաբար նաեւ` հայկական սահմանը: Սակայն արդէն իսկ ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւնները ճիշդ որոշում են կայացրել: Աւելի՛ն. նման որոշում պէտք էր կայացնել աւելի վաղ` 1994-ի մայիսեան հրադադարից անմիջապէս յետոյ:

Երբ Ազգային ժողովը ընդունեց երկու օրէնքները, Տաւուշի մարզի սահմանապահ եւ ամէնից խոցելի գիւղերից երկուսի` Չինարիի եւ Մովսէսի գիւղապետները շտապեցին Երեւան եւ համատեղ մամուլի ասուլիսում հայ գործարարներին` լինեն նրանք Հայաստանից կամ սփիւռքից, կոչ արեցին օգտուել օրէնքից, պիզնես դնել իրենց գիւղերում, եկամուտ ստանալ եւ տեղի բնակչութեան համար ապահովել աշխատատեղեր:

Հայաստան-Ազրպէյճան սահմանի վրայ, այդ թւում` Նախիջեւանի հատուածում, տեղաբաշխուած են 31 հայկական գիւղեր: Անշուշտ այդ գիւղերից բոլորը չէ, որ գտնւում են հակառակորդի ափի մէջ: Բայց այդ 31 գիւղերը ընդհանուր սահման ունեն Ազրպէյճանի հետ, հետեւաբար ընդունուած երկու օրէնքները տարածուելու են նրանցից իւրաքանչիւրի վրայ: Այդ 31 գիւղերը, ըստ սահմանից իրենց գտնուելու վայրի հեռաւորութեան, կարելի է բաժանել երեք խմբի` չափազանց վտանգաւոր, վտանգաւոր եւ անվտանգ:

Այսպէս` Կողբ, Սեւքար, Արծուաբերդ, Չորաթան եւ մի շարք այլ գիւղեր, որոնց վրայ տարածուելու է օրէնքը, անմիջական սահմանակից չեն Ազրպէյճանին, բայց նրանց մշակելի հողատարածքները սահմանակից են Ազրպէյճանին: Պատերազմի տարիներին այդ գիւղերը չեն գնդակոծուել, աւերածութիւններ չեն եղել: Հետեւաբար այդ գիւղերում բնակուողների համար հակառակորդի կրակից սպանուելու վտանգ չկայ:

Մի շարք գիւղեր, ինչպէս` Երասխը, Վահանը, Ճամբարակը, Կիրանցը, Պառաւաքարը, կարելի է դասել վտանգաւորների շարքում: Արցախեան պատերազմի տարիներին այս գիւղերը ենթարկուել են ռմբակոծութեան, մարդիկ են սպաննուել ու վիրաւորուել: Այսօր, սակայն, այդ գիւղերում հակառակորդի կրակից մարդկանց սպաննուելու հաւանականութիւնը շատ քիչ է, քանի որ հայկական զինուորական դիրքերը գերիշխում են, եւ ազրպէյճանական կողմը համեմատաբար զուսպ է:

Երրորդ` չափազանց վտանգաւոր խմբի մէջ պէտք է դնել այն գիւղերը, որտեղ «ոչ խաղաղութիւն, ոչ պատերազմ» վիճակը աւելի մօտ է պատերազմին: Այդ գիւղերն են` Չինարի, Մովսէս, Ներքին Կարմիրաղբիւր, Այգեպար, Բերքաբեր, Կոթի, Բարեկամաւան, Դովեղ եւ Բերդաւան: Այդ գիւղերում արդէն 25 տարի մարդիկ խաղաղ կեանք չունեն: 1994-ի հրադադարից յետոյ այս գիւղերում սպաննուել, վիրաւորուել, գերուել եւ պատանդ են տարուել տասնեակ խաղաղ բնակիչներ: Այս գիւղերը Տաւուշի մարզում են` Հայաստանի հիւսիսարեւելեան հատուածում:

Հայաստանի այս հատուածը ունի չափազանց կարեւոր, անգնահատելի եւ անփոխարինելի  նշանակութիւն երեք հիմնական պատճառներով: Առաջին` Ռուսաստանից Հայաստան հասնող կազատարը անցնում է Տաւուշի մարզով: Երկրորդ` Հայաստանից դուրս եկող միակ երկաթուղին, որով իրականացւում է երկրի ապրանքաշրջանառութեան աւելի քան 70 տոկոսը, անցնում է Տաւուշի մարզով: Երրորդ`  Հայաստանից դուրս եկող եւ Ռուսաստան հասնող ցամաքային միակ գործող ճանապարհը (Վրաստանի Քազպէկի-վերին Լարս անցակէտով) նոյնպէս անցնում է Տաւուշի մարզով: Պատահական չէ, որ պատերազմի տարիներին ազրպէյճանցիները վրաց-հայկական սահմանին մօտ հատուածներում պայթեցնում էին կազատարը (աւելի քան 40 անգամ), երկաթուղին (աւելի քան 20 անգամ), գերեվարում Հայաստանի քաղաքացիներին:

Ընդունուած երկու օրէնքները հնարաւորութիւններ են ստեղծում, որպէսզի հայկական պիզնեսը, գուցէ նաեւ հայրենասիրական մղումներով, մտնի սահմանամերձ եւ սահմանապահ գիւղեր: Կառավարութիւնն ու Ազգային ժողովը իրենց քայլն արել են: Մնում է, որ հայկական պիզնեսը արձագանգի եւ ներդրումներ կատարի Հայաստանի` Ազրպէյճանին հարող տարածքներում: Հողը, հայրենիքը պահում-պաշտպանում են ոչ միայն զէնքով, այլ` այդ հողի վրայ տուն ու գործարան կառուցելով, ապրելով, աշխատելով ու արարելով:

Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )