Խոցուած Սլացք

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ

Ես միշտ թեթեւ քայլքով եմ գնացել մարշալ Արմենակ Խանփերեանցի անուան ռազմական օդանաւորդութեան հիմնարկ, գնացել եմ լուսաբանելու ուսանողների երդման արարողութիւնները, աւարտական միջոցառումները կամ ռազմական կրթօճախի տարեդարձները, ուսուցման գործընթացը… Այս անգամ քայլերս ծանր են… Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ազրպէյճանական սահմանի արեւելեան հատուածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ազրպէյճանական զինուած ուժերի կողմից հրադադարի խախտման իբրեւ հետեւանք խոցուած ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ` հազարապետ Սերգէյ Սահակեանը, աւագ տեղակալ Սարգիս Նազարեանը, տեղակալ Ազատ Սահակեանը, այս կրթօճախի շրջանաւարտներն են…

Խոցուած Սլացք

Սերգէյը…

1202_sergeyՌազմական օդանաւորդութեան հիմնարկի պետի տեղակալ, գնդապետ Սիմոնեանի աշխատասենեակում եմ: Նա մի քանի րոպէ փորձում է զսպել յուզմունքը, ապա վառում է ծխախոտը եւ պատմում. «1994 թուականն էր, սեպտեմբերի 30-ը: Այսօրուայ պէս եմ յիշում` ստանձնել էի ուսումնական վաշտի հրամանատարի պարտականութիւնները: Երբ ծանօթացայ ուսանողներիս հետ, Սերգէյը միանգամից աչքի ընկաւ… Շատ անկեղծ ու լիաթոք էր ծիծաղում… Դէմքին, արտայայտիչ աչքերում անհուն բարութիւն կար… 1993 թուականին էր ընդունուել Երեւանի ռազմական օդանաւորդութեան հիմնարկի թռիչքատեխնիկական ուսումնարանը… Ընդամէնը 18 տարեկան էր, բայց այնքան ինքնավստահ էր, համարձակ… Եթէ այդպիսին չլինէր, դժուար թէ 90-ականներին` պատերազմի տարիներին, ընտրէր զինուորականի մասնագիտութիւնը… Յիշում եմ` ինչպիսի՛ աննկարագրելի ուրախութեամբ էր վազում դէպի ուղղաթիռը, ինչպիսի՛ եռանդով էր կատարում յանձնարարութիւնները… Թռիչքահրապարակ գնալու օրերին աշխարհն իրենն էր… Ու ոչինչ չէր փոխուել քսան տարիների ընթացքում… Ես գործի բերումով յաճախ էի լինում այն զօրամասում, որտեղ նա ծառայում էր… Երեք երեխաների հայր էր, փորձառու օդաչու, բազմաթիւ զօրավարժութիւնների մասնակից, զբաղեցնում էր ՄՈՒԷ ուղղաթիռային օղակի հրամանատարի պաշտօնը, բայց աչքերում ուսանողական տարիների նոյն փայլն էր նշմարւում, նոյն աշխուժութիւնը… Սերգէյը երկրորդ կարգի օդաչու է, մեր լաւագոյն օդաչուներից մէկը… Պարզապէս չեմ կարողանում տղաների մասին անցեալով խօսել… Ամէն ինչ այնքան անսպասելի է, այնքան թարմ են յիշողութիւնները… Օդաչուներս մի ընդունուած խօսք ունենք` օդաչուները չեն մեռնում, նրանք թռչում ու չեն վերադառնում…»:

Խոցուած Սլացք

Սարգիսը…

1202_sarkisԵս դուրս եմ գալիս սենեակից, եւ ինձ ծանօթ միջանցքը երկար է թւում, չափազանց երկար… Քայլում եմ դէպի Պատուոյ տախտակը: Մօտենում է օդանաւորդութեան ճիւղի թռչող սարքերի եւ շարժիչների ամպիոնի պետ, փոխգնդապետ Արթուր Բարսեղեանը: Նա ասում է, որ Պատուոյ տախտակին միշտ փակցւում են գերազանցիկների լուսանկարները, եւ որ իր ուսանողի` Սարգիս Նազարեանի անունը մշտապէս լաւագոյնների ցուցակում է եղել. «Սարգիսը 2006 թուականին ընդունուեց մեր հիմնարկ: Բարեկիրթ էր, զարգացած, օրինակելի` շատ սպաների եւ ուսանողների համար… Սովորում էր գերազանց, աւարտեց ոսկէ մետալով… Առաջին տարուայ դասընթացը ռուսերէնով էի անցկացնում (մասնագիտական գրականութիւնը այդ լեզուով էր), նա, ինչպէս եւ միւսները, դժուարանում էր այդ լեզուով վերապատմել կարդացածը… Բայց ի տարբերութիւն համադասարանցիների` կարմրում էր… Եթէ երիտասարդը կարմրում է, ուրեմն նա բազում դրական յատկանիշներ ունի… Հետագայում այնքան աշխատեց, որ զարմացրեց մեզ… Միշտ հաճոյքով էի մտնում լսարան, որովհետեւ գիտէի` Սարգիսի նման ուսանող է լսելու ինձ… Ես աւարտական տարում զրուցեցի նրա հետ, առաջարկեցի որպէս դասախօս ծառայութիւնը շարունակել մեր ամպիոնում, սակայն նա պատասխանեց, որ ուզում է տեսական գիտելիքները ամրապնդել գործնականում… Այնուամենայնիւ, մտադիր էինք նորից հրաւիրել… Իմ հազուագիւտ ուսանողներից էր, որ «Օդանաւորդութեան շարժիչների տեսութիւն», նաեւ «Կառուցուածք» առարկաներին տիրապետում էր գերգերազանցապէս… Պետական աւարտական քննութիւնների ժամանակ լսեցի նրա պատասխանը եւ հասկացայ, որ ի զուր չեմ ծառայում, հպարտ էի, որ նման օուսանող ունեմ, որ այդ աստիճանի կրթուած, խելացի սպայ եմ ուղարկում մեր բանակ…»:

Խոցուած Սլացք

Եւ Ազատը…

1202_azadՄտնում եմ լսարան: Հայեացքը հեռուն յառած` նստած է ուսանող Յարութիւն Սարոյեանը` ՄԻ-24 ուղղաթիռի օդաչու Ազատ Սահակեանի ամենամտերիմ ընկերը. «Երբ լսեցի այդ սարսափելի լուրը, աչքիս առաջ եկան մանկութիւնս, պատանեկութիւնս, ուսանողական տարիներս… Եւ ամէնուրեք նա էր` Ազատը` իր ընդգրկուն ժպիտով… Ես նրան յաճախ էի ասում, որ ինձ հանդիպած ամենաժպտերես մարդն է… Ազատի հետ ծանօթացել եմ, երբ ընդամէնը 7 տարեկան էի, միասին յաճախում էինք քարաթէի, շատ ճկուն էր… Դպրոցական տարիներին առանց նրա չէր անցնում եւ ոչ մի ռազմահայրենասիրական միջոցառում, ռազմագիտութիւն առարկան էլ հինգ մատի պէս գիտէր, ուստի ուսուցիչը խորհուրդ տուեց ընդունուել մարշալ Արմենակ Խանփերեանցի անուան ռազմական օդանաւորդութեան հիմնարկ… Չնայած ծնողների միակ արու զաւակն էր` տանը չառարկեցին… 2009 թուականին ընդունուեց… Երջանիկ էր` վերջապէս օդաչու էր դառնալու… Նրան միշտ կարելի էր տեսնել ցածր դասարանցիների հետ, խորհուրդներ էր տալիս, ինքնապատրաստման ժամերին էր օգնում… Սիրում էր կրկնել` ինչքան գիտելիքներդ հիմնաւոր են, այնքան օդում ապահով ես… Մեր վերջին հանդիպումը տեղի ունեցաւ օգոստոսին. երազանքներից էինք խօսում, ասաց` ուզում եմ Արցախի երկնքում թռչել… Երբ իմացայ, որ մասնակցելու է «Միասնութիւն-2014»  մարտավարական զօրավարժութիւններին, ուրախացայ նրա համար… Ինձ միամիտ չհամարէք, բայց քանի դեռ պաշտօնապէս Ազատի, Սերգէյի, Սարգիսի ճակատագրերն անյայտ են, ես հաւատալու եմ հրաշքի…»:

 

 

Share this Article
CATEGORIES