Ազնաւուրի «Հարցազրոյցը». Թուրքական «Քոլաժը»` 2015-ին Ընդառաջ

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

1203aznavourՇարլ Ազնաւուրի (պայմանական) «հարցազրոյցը» մեծ արձագանգ ստացաւ մեր հասարակութեան շրջանում: Սպասելի էր: «Հարցազրոյցը» ներկայացրած թուրքական թերթը չէր խուսափել վառ գոյներից ու զգայացունց գլխագրերից, բնականաբար նաեւ` մեծ չափաբաժնով ապատեղեկատուութիւնից: Մինչ հիմնական շեշտը դրւում է, թէ յօդուածում տեղ գտածը որքանո՛վ է արտացոլում Զուիցերիայում Հայաստանի դեսպան Ազնաւուրի իրականում ասածը կամ էլ ընդհանրապէս նման մի հանդիպում կամ զրոյց եղել է, թէ ոչ, կարեւոր է ուշադրութիւնը սեւեռել 2015 թուականին ընդառաջ այս քայլի դերի ու նշանակութեան վրայ:

Փորձենք վերհանել այս պատմութեան ստուերային, բայց ոչ պակաս նշանակալի կողմերը:

Նոյեմբերի 2-ին «Մոռացէք ձեր ատելութիւնը» գլխագրով յօդուած լոյս տեսաւ թուրքական «Փոսթա» թերթում, որտեղ, ըստ խիստ անվստահելի թուրքական լրատուամիջոցների, Ազնաւուրը զգայացունց յայտարարութիւններ է արել: Կանգ չառնենք յօդուածի բովանդակութեան վրայ, այն արդէն յայտնի է բոլորին եւ բաւականաչափ էլ քննարկուել է (յօդուածը գրելու պահին հարցազրոյցի յօրինուած լինելու մասին յայտնեց Ազնաւուրն ինքը, Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն էլ հերքողական բնոյթի մեկնաբանութիւններ էր տուել), փորձենք այլ կարեւոր շեշտադրումներին տեղ յատկացնել, որը կարող է այս աղմուկի մէջ ուղղակի կորել:

Աղբիւրը

Թուրքիայի դէպքում խիստ կարեւոր է պարզել այս կամ այն տեղեկութեան սկզբնաղբիւրը, այն հրապարակած լրատուամիջոցի գործելաոճն ու քաղաքական ճամբարը: Հարցազրոյցը ներկայացրած «Փոսթա»-ն Թուրքիայում դեղին մամուլի ամենաշատ վաճառուող ներկայացուցիչն է, պուլվարային թերթ է, որը «Տողան մետիա կրուփ»-ի մաս է կազմում: Իսկ այն, որ «Տողանն» Էրտողանի գլխաւորած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան իշխանութեան ընթացքում հարկային ճնշումներից յետոյ աւելի «լսող է» դարձել իշխանութիւններին, վերջին տարիներին յայտնի փաստ է: Ուստի յօդուածի` թուրքական իշխող շրջանակների կողմից պատուիրած լինելը բացառել պէտք չէ, նման ձեւակերպման համար հիմքեր կան: Յաւելենք նաեւ, որ թուրքական լրատուամիջոցները, մեղմ ասած, վստահելի չեն, մանաւանդ երբ խօսքը գնում է Ցեղասպանութեան մասին:

Գործող Անձինք

Թուրքական կողմից ուշադրութիւն են գրաւում յօդուածի հեղինակն ու թուրք դեսպանը: Էրքան Օզերմանը, ով էլ ներկայանում է յօդուածի հեղինակ, կապեր ունի Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան հետ, նա ինքը յօդուածում չի խուսափում նշել, որ ծանօթ է Փարիզում Թուրքիայի դեսպանին, ում ներկայութիւնը յօդուածում եւս հարցեր է ծնում` փորձում աւելի բարձր մակարդակ շնորհել «հանդիպմանը»: Ձեզ նոյնպէս հետաքրքի՞ր է թւում թուրք դիւանագէտի ներկայութիւնը (կամ այն, որ թուրքական աղբիւրը նշում է «հանդիպմանը» նրա մասնակցութեան մասին): Այսպիսով, կարող ենք ասել, որ այս արարքից թուրքական արտաքին գործերի նախարարութեան գործելաոճի ու մասնակցութեան հոտ է գալիս:

Խնդիր, Որը Լուծում Է Յօդուածը

Որո՞նք կարող են լինել նման յօդուած պատրաստելու նպատակները: Ի հարկէ, բնական է յիշել 2015 թուականի մասին, երբ լրանում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Պատմութիւնը ցոյց է տուել, որ Թուրքիան աշխուժօրէն օգտագործում է իր լրատուամիջոցները քաղաքական եւ քարոզչական խնդիրներ լուծելու համար, այդ թւում եւ` Ցեղասպանութեան հարցում: Յիշո՞ւմ էք, թէ անցեալ տարի որքա՛ն աղմուկ բարձրացրեց թուրքական իշխանամէտ «Սապահ» թերթի տեղեկութիւնն այն մասին, թէ Թուրքիան պատրաստւում է բացել Հայաստանի հետ սահմանային անցակէտը: Դրան յաջորդեցին Տաւութօղլուի այցը Երեւան, Էրտողանի ապրիլքսանչորսեան ուղերձը, ամենաթարմ օրինակներից է Էթիէն Մահճուբեանի նշանակումը Տաւութօղլուի խորհրդական: Այս ամէնը տեղաւորւում է Թուրքիայի` Հայոց ցեղասպանութեան հարցում որդեգրած քաղաքականութեան ընդհանուր պարունակում` քարոզչական գրոհ, պատրանք, դիւանագիտական պայքար, տարբեր ժխտողական թեզերի առաջքաշում: Ազնաւուրի «հարցազրոյցը» եւս այս շարքում իր կարեւոր տեղն ունի: Այս տեսանկիւնից արդէն երկրորդական է, թէ արդեօք «հարցազրոյցը» եղե՞լ է, թէ՞ ոչ: Աղմուկ էր պէտք, ուղերձներ էին պէտք, շոու էր պէտք, ապատեղեկատուութիւն էր պէտք, Թուրքիան սրանք ստացել է: Իսկ հայկական լրատուամիջոցների մի մասն էլ ակամայից օգնել է թուրքերին` տարածելու այն, ինչը նրանց պէտք էր տարածել:

Իսկ յօդուածում ինչպիսի՜ զիլ շեշտադրումներ էին` «բարի թուրքեր», «սիրուած թուրքեր», «Ազնաւուրի թուրք մայր», «Հայաստանի հրահանգներով չշարժուելու մասին մտքեր», ի վերջոյ` «մտերմիկ զրոյց», «մրցանակ»… «Քոլաժ»-ն այսպէս է լինում, թուրքական «քոլաժ»-ը:

Պէտք է նորից ու նորից յիշել` Թուրքիան 2015-ի նախաշեմին շարունակելու է զարմացնել իր յաճախ անսպասելի քայլերով, ինչպէս նաեւ` դրական փոփոխութիւնների պատրանք ստեղծելով: Թուրքիան աշխուժանալու միտումներ է ցուցաբերում, հետեւաբար մեզ առաւել քան հետաքրքիր զարգացումներ են սպասում:

Յ.Գ. Թուրքական մամուլում վերջին տարիներին թերեւս ամենաշատը քննարկուող հայ աստղերն են Շարլ Ազնաւուրն ու… Քիմ Քարտաշեանը: Ազնաւուրի հետ կապուած աղմուկն ապահովուած է: Յաջորդ «զոհը» Քի՞մն է:

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
«Թուրքագիտական»

«Փորթալ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )