Հայոց Վիշտը Անհուն «Մի Ծով»

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ

Սատար լինենք իրար, յուսալքութիւնը թող բուն չդնի մեր
սրտերում, մեր վիշտը տանենք տղամարդու պէս:

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Սպիտակ…

IMG0046Ուղղաթիռը մեր խնդրանքով ցածրացաւ, գնում է գիւղէ գիւղ… Սպիտակ ծածկերով տները տափակել են, նստել գետնին, անտէր մնացած անասունը` հաւ, ոչխար, տաւար, մոլորուած, անկեր – անջուր, դէս-դէն է վազում… Վերեւից երեւում է:

Սարերը թեթեւ ձիւնել են. թեթեւ: Բայց եւ այնպէս դեկտեմբերն է, սարերը` տկլոր, տները` փլուած: Մարդ ենք փնտռում ու չենք գտնում, չկան. սարսռում ես ամայութիւնից, բայց չի կարող պատահել, որ բոլորը… Վերջապէս նկատում ենք` ծուարել են դէզերի մօտ: Մի քանիսը վազում են բաց տեղ, ձեռով անում թէ` իջէք… Յետոյ կ՛իջնենք, իսկ այժմ ուղղաթիռը գնում է վիրաւորների յետեւից:

Սպիտակի վրայ ենք… Վերջապէս հարազատացաւ անունին` փոշից սպիտակ է ամբողջովին: Թւում է հազար-հազար ռումբ է ընկել քաղաքի վրայ, թւում է ոչ մի առողջ տեղ չունի քաղաքը: Չունի: Ծանր փոշին, սպիտակ ցինկի պէս ծանր փոշին կոլոլել է ամէն ինչ: Ծանօթ շէնքերի տեղերում հսկայ բուրգեր են` մրջնանոց յիշեցնող, ու նրանց վրայ նշմարւում են մրջիւնների նման դէս-դէն անող մարդիկ..

Դարավերջին մենք տեսանք դժոխքը… Ու դարձեալ հազարաւոր հայ մնաց անկացարան, բայց ո՞ւմ տանք մեր խաչն ու ճակատագիրը…

Պտտւում ենք փոշու, ամպերի մէջ, իջնում ստադիոնի դեռ կանաչին տուող դաշտում:

Բժշկական վրան, սպիտակ խալաթներ, բժիշկների տանջահար դէմքեր, աղիտեալների քարացած հայեացք, յուսահատ դատապարտուածութիւն, անհուն ցաւ… Էլի ինչ-որ վրաններ, փոքրիկ դաշտը շղթայած զինուորներ, կոյտ առած կատորֆիլ, դատարկ ու լիքը հազարաւոր շշեր հանքային ջրերի, հաց, հացի բոքոններ… դիակներ: Սպասում են դագաղների, որ հայի կարգով թաղեն, գոնէ դագաղով թաղեն: Այլանդակուած դիակների դարսակներ… Ջղաձիգ կեցուածքով, վերջին պահին ծառս եղած Աստուծոյ զարհուրելի անարդարութեան դէմ. մեռել չեն, հանգած չեն, համայն բողոք են ու ցասում…

Առաջին խօսքերը, որ լսում ենք ողջերից.

– Վրացիների չարը տանենք… Էս ոնց հասան, պէծի պէս հասան, էս ոնց են աշխատում, էս ինչքան են հարազատ…

Վիշտը մեր չափ չունի, վիշտը կռացել է մեզ, մեր սիրտը լցրել սեւ արիւնով, բայց չենք մոռանում, առաջին հերթին շնորհակալ ենք մեզ հասնողին: Բարեկամութիւն բառը շատ մաշեցինք եղած-չեղած տեղը բանեցնելով: Հերն անիծած սուտ խօսքի, կեղծ բարեկամութեան հերն անիծած, դրա աստառը մենք տեսանք: Վրացիների արածը, չէ՛, բարեկամութիւն չէ, հարեւանութիւն չէ, ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆ է: Մենք էլ չենք իմացել` հայի, վրացու արմատները շատ են խոր, շատ են խառը, շատ են միասին:

Զօրի Բալայեանն է, Արմէն Յովհաննիսեանը: Եուրի Ռոստը «Լիտգազետա»-ից, մէկ էլ Բակուրը հեռուստատեսութիւնից: Նկարեց. կը տեսնէք… Իմ նկարագրութիւնն աւելորդ կը լինի. տեսածս պատմելու չէ, ականջի համար չէ, աչքի համար է…

Ոմանք մեզ ղեկավարի, կարգադրողի տեղ են դնում. գանգատները բազմաթիւ են.

– Լաւ չի կազմակերպուած, չգիտենք ով է մեզ ղեկավարում…

– Եթէ առաջին օրուանից սկսէին փրկել, զոհերի թիւը պակաս կը լինէր…

– Բժիշկները կեցցե՛ն…

Կեցցե՛ն: Մենք էլ ենք տեսնում` գեր-գերազանց են աշխատում բժիշկները, գիշերը ցերեկ արած: Գեր-գերազանց են աշխատում օդաչուները, նրանց ղեկավարները, նուիրումով. դրան էլ ենք ականատես:

– Գիւղերում տաւարն անտէր է… Գողանում են…

– Ով ասես լցուել է քաղաքը, թալան է…

………………………………………………………………….

– Աչքովս եմ տեսել, փող, բան են գտնում, իրարից խլխլում: Մարադեորներ…

Մի շէնքի մնացորդ, հսկայ մի բուրգ, փշրուած ցեմենտ, տնային իրեր, քար, ասես ծամած սառնարաններ, մահճակալներ, ծամած երկաթ: Երեւանից փրկարար խումբ է աշխատում, ամբոխը շրջապատել է. աւերակների տակից ձայն են լսել: Ցեխի ու փոշու մէջ կորած տղերքը անցք են բացել, մէկը սողոսկել է ներս. ջանում են փրկել մի կնոջ, որ հրաշքով ողջ է մնացել թեք ընկած, հսկայ պանելի տակ: Մարմինն ազատ է, ոտքերը` գերութեան մէջ: Զգուշութեամբ անցքն են մեծացնում: Կեղտի մէջ կորած, հմայիչ դէմքով մէկը պառկել է պանելի երկարութեամբ… կողքին էլի մարդ կայ:

– Հեռու կացէք պանելից, աղաչում եմ հեռու, հազիւ է պահած, կ՛իջնի, երկուսն էլ տակին կը մնան, խնդրում եմ…

Հինգն աշխատում են, յիսունը` նայում` Սպիտակում: Տասն աշխատում են, հարիւրը նայում` Լենինականում: Բայց այդ հինգը կան, այդ տասերը կան, դրանց էլ է մեր ժողովուրդը ծնել… Աստուածային մեր ուստրերն ու դուստրերը…

Համբերութիւն, զգուշութիւն պահանջող չարչարանք: Ներսի տղան մեծ ու փոքր քարերի կտորներ է փոխանցում դուրս, պառկած ընկերոջը, աթոռի ոտ, ինչ-որ շորեր, բարձեր, ջարդած հայելի ու մէկ էլ անվնաս մնացած յախճապակեայ մեծ բաժակներ… Երկրորդ յարկի բնակարան է եղել. տիկինն իր բնակարանում է մնացել, թշնամի դարձած սեփական իրերի մէջ: Վզի թանկարժէք զարդն է ուղարկում, նշանի մատանին… Փոխանցում են մօտիկ կանգնած ամուսնոյն, յանդիմանական գլուխը տմտմբացնում է, ամաչում է, աչքերից թափող արցունքներով երեսի փոշու հաստ շերտը ցեխ սարքում…

– Այ կնիկ, էս ինչ ես անում դու ինձ հետ…

Անցքից սղոց են ուզում, յետոյ մեխ քաշելու աքցան, յետոյ աքցան, յետոյ էլի ինչ-որ գործիքներ ու նորից քարեր: Տղաները շարք են կազմել, ձեռքից ձեռք են փոխանցում այդ ամէնը, որ աւելորդ շարժում չլինի, փուլ եկածը էլի փուլ չգայ… Լարուածութիւնը հասնում է ծայրայեղութեան:

– Շուտ արէք, ձեզ մատաղ, շուտ արէք,- անօգնական աղերսում է ամուսինը:

– Ժողովուրդ, մի քանի րոպէ անշարժացէք, խնդրում եմ, քիչ մնաց…

Պառկած երիտասարդն է, սպիտակ ատամներն ու խոշոր աչքերն են միայն մաքուր: Գլուխը խոթում է անցքից ներս:

– Ի՞նչ… Ջո՞ւր…

– Խմելու ջուր հասցրէք…

Ջուրը յայտնւում է իսկոյն, լցւում բաժակի մէջ, որ ուղարկուի վիրաւոր կնոջը:

– Չէ,- երջանիկ ժպտում է երիտասարդը,- չեղաւ, էսքանը շատ է, ագահութիւն կ՛անի սաղ կը խմի, կը վնասուի…

Բաժակի տակ թողնում է մի երեք-չորս կում: Ազնուական են մեր երիտասարդները, թւում է ամէն ինչ գիտեն. բարի են, հոգով են իմաստուն:

Տիկնոջը հանում են լոյս աշխարհ… Երեք օր անց, երեք օրուայ դժոխքից փրկում են… Մի ակնթարթում բժիշկը սրսկում է. աղմուկ, ճիչ, լաց ու պատգարակով թռցնում են շտապ օգնութեան մեքենան, դէպի…

Հազարաւոր մահեր, բայց մի փրկուած կեանք ու այսքան ուրախութիւն…

Մի Կեանք…

Չիմացայ ժողովրդով շրջապատուած տղաների անունները, հնարաւոր չեղաւ մօտենալ: Ասենք ո՞ր մէկի անունն իմանաս, ո՞ր մի հերոսի:

Օգտւում ենք հաց ու պարէն բաժանող Եուրայի ուղղաթիռից, իջնում ենք Սպիտակի գիւղերը: Կանայք լաց-շիւանով շրջապատում են. վրան չկայ, խոտերի մէջ են ապրում, ուտելիքի պակասութիւն ունեն, տաք հագուստի:

– Մեզ մոռացել են,- գանգատւում են տղամարդիկ:

Էս ինչքան ենք մեր ժողովրդին սովորեցնել ղեկավարի, կարգադրողի: Ինչպէս եղաւ, որ նոյնիսկ հասարակ որոշում չեն կարող կայացնել առանց հրամանի…

Ստեփանաւան…

Զոհեր համեմատաբար քիչ է տուել, բայց կը տայ, կը լինեն, եթէ ամենաշտապ կերպով չհասնենք Ստեփանաւանին: Մի՞թէ եօթ-ութ օր էր պէտք, որ յիշէինք, տէր կանգնէինք: Մի տեղ` ամէն ինչի գերակուտակում, միւսում` ոչի՞նչ:

– Պէտք է մեռնէի՞նք, որ մեզ էլ տիրութիւն անէիք… – կուսշրջկոմի քարտուղարն է ահազանգում` Ճշմարիտեանը: – Շէնքերը, համարեա՛ բոլորը, անպիտան են ապրելու համար: Դեղորայք չկայ, սննդամթերքը պակաս է, ընտանիքները ծուարել են բակերում, իսկ առաջներս ձմեռ է: Ի՞նչ է լինելու, պետութիւնը ե՞րբ եւ ինչպէ՞ս է հասնելու, որ նորից տուն կառուցուի: Չէ՞ որ տների մեծ մասը հարկաւոր է հիմնայատակ քանդել:

Կորուստները անդառնալի են, ողջերի մասին մտածենք, մնացածները փրկենք: Այլեւս ոչ մի զոհ: Եթէ ոչ` մեղքը մերն է լինելու: Դանդաղելը մահացու է, մեր տեմպերը պէտք է խելայեղ դառնան, եթէ չենք ուզում, որ մեր ողնաշարը ջարդուի: Ու հարցեր կան, որ շտապ պատասխան են ուզում:

Մենք մեզ ինչպէս ենք պահում, ինչպէս ենք պահելու այս դժոխային քաոսում: Հացը Ստեփանակերտում պակասել է, բոքոնը երեք ռուբլով են վաճառել մասնաւորները: Սրա անունն ի՞նչ դնենք: Այսպիսիներով կարո՞ղ ենք դուրս գալ այս փորձութիւնից, կը կարողանա՞նք մեր տզրուկներին խեղդել: Բամբասողներին, գրողներին վերջապէս ուժ կը գտնե՞նք զսպելու:

Կը կարողանանք, եթէ մինչեւ խորքն ըմբռնենք աղէտի չափը:

Կարգուկանոն կը ստեղծե՞նք մենք` ինքներս, քաղաքացիներս, մենք` հայերս, այսօր, երբ հանրապետութեան հսկայ մի տարածք կործանուել է, երբ հարիւր հազարաւոր մարդ անօթեւան է, երբ այսքան մահ կայ, այսքան յուսալքութիւն, երբ ընդամէնը մէկ շաբաթ առաջ դողում էինք ամէն մի հայի կեանքի համար, աշխարհի չափ թանկ էր ու հաշուի մէջ, երբ պայքարում էինք ամէն մի գիւղ գնացողի շնչի համար, ամէն մի ծննդավայր վերադարձող արցախցու համար էինք պայքարում…

Տասն օր առաջ ուրիշ էինք, այսօր` ուրիշ, այսօր այլ խնդիրներ ունենք լուծելու: Համարեա՛ մէկ միլիոն մարդ պէտք է փրկուի, ծածկ ունենայ գլխին, արմատը հարազատ հողից չկտրի:

Ուրեմն կամք` երկաթեայ, միաբանութիւն` իսկական կարգապահութիւն` ամենախիստ: Արհաւիրք է, ամէն ինչի համար պատասխանատու ենք բոլորս: Յիշենք` աշխարհը մեզ է նայում: Մեր դէմքն ինչպիսի՞ն է տեսնելու…

Մեզ զգաստացնող, թէկուզ եւ դաժան, ճշմարիտ խօսքեր են պէտք, եւ այդ խօսքը պէտք է ասենք մենք ինքներս մեր լսելիքի համար:

Ճանաչենք մեզ, որպէսզի այս համազգային ողբերգութիւնից դուրս գանք աւելի առնական, աւելի վճռական, էլ աւելի հզօր ու մարդկութեանը պիտանի: Այսօր քարը քարի վրայ դնողն է հայրենասէր, ու հազարաւոր մեր բռունցքները բահ ու մուրճն է, որ պէտք է բռնեն:

Լենինական…

Մեր հրաշքը, մեր ամենահացոտը, մեր ամենաքաղցրը…

Ամէն տեղ, ուր եղել եմ, դժոխք է, Լենինականը` բազմապատկուած դժոխք… Որքան ինձ յայտնի է, Հայաստանի բոլոր կինոօպերատորները աղէտի վայրերում նկարահանում են. բազում տեսնելիք, բազում թեմա, բազում գոյն ու երանգ, բազում ցաւ ու դարդ…

Շատ-շատ են երկրի տարբեր տեղերից եկածները, արտասահմանցիները: Աշխարհի ուշադրութեան կենտրոնում ենք ակամայ, մարդկութիւնը վերջապէս բարի, օգնող ձեռք է պարզել մեզ, մեր պատմութեան մէջ առաջին անգամ: Հասանք սրան, բայց… Բայց ի՜նչ գնով…

Շնորհակալ ենք մեր երկրին, աշխարհին, մենք միայնակ այս ծանրութեան տակից դժուար դուրս կը գանք, շնորհակալ ենք, բայց ցաւը նախ մերն է ու ցաւի տէրը` մենք: Շիրակն ու Լոռին կաթուածահար են. ամուր պահենք մեր սրտերը. ճակատագրին հակառակ լինենք, ապրենք, գոյատեւենք: Կարգաւորենք մեր ներաշխարհը ու թող բարձրանայ մեր երակների արիւնը, կարծրանայ մեր կամքը: Մեզ կարեկցում են, շնորհակալ ենք հազար անգամ, մեզ շատ են կարեկցում` յանկարծ չթուլանանք ու սկսենք ինքներս մեզ խղճալ: Տասն ամիս մեզ հետեւել են հեռուից, հիմա տեսնում եմ մօտիկից, այժմ շօշափում են մեզ մատներով, տեսնեն ի՞նչ նիւթից ենք սարքած: Ուրեմն թող արդարանայ հայոց հանճարի հայի մասին ասուած խօսքը:

Ամէն մարդ չի կանայ կարդայ, իմ գիրն ուրիշ գրէն է. ՔԱՐԱՓ Է ՔԱՐ ՈՒ ԿՐԷՆ Է…

Աշխարհը մեզ է նայում մօտիկից…

ԼԵՆԻՆԱԿԱՆ. Ուժ է հարկաւոր, որ չփռուես գետնին ու գլուխդ քարերովը չտաս: Սոդոմ-գոմարա… Կործանուեց մեր աղու հացոտը…

Չկայ այն ուժը, այն մէկը, որ կարողանայ ամէն ինչ իր ձեռքն առնել ու ինչ-որ կարգ հաստատել: Չկայ ու չի էլ կարող լինել, եթէ  իւրաքանչիւրս չենք ու առաջին հերթին հպարտ գիւմրեցին, որ միշտ աչքի է ընկել ազգային իր արժանապատուութեամբ, որի զաւակները հայոց փառքը սփռել են աշխարհով մէկ: Սատարը լինենք իրար, յուսալքութիւնը թող բուն չդնի մեր սրտերում, մեր վիշտը տանենք տղամարդու պէս:

Քաղաքում սննդամթերքի գերակուտակում կայ, հացը թափւում է գետին, հացի հետ անխնայ ենք վարւում, ուտելիքը ոտի տակ թափուած է, ու մեզ դիտում են… Քաղաքը դեռ ջուր չունի, կոյուղին չի աշխատում, մարդիկ շատ են, մարդիկ բնական պէտքեր ունեն: Մտածել է պէտք շտապ…

Հոգեկան ցնցումներից քարացել են մարդիկ, անտարբերացել նոյնիսկ հիգիենայի հարցում: Սանիտարական վիճակը ծանր է, եթէ չասենք` ահաւոր: Ամենակտրուկ միջոցներով պէտք է դուրս գանք այդ դրութիւնից, եթէ չենք ուզում ցաւին մի նոր ցաւ աւելացնել: Պարապութիւնը կործանարար է, գործը, պարտականութիւնը, աշխատանքն է մեզ փրկողը, լաւագոյն սպեղանին, այսօր եւ վաղը հոգեկան փլուզումներից ազատողը` գործն է:

– Մեր քաղաքը ես չեմ թողնի գնայ… Խաչը մերն է, պիտի կրենք…

Դէ, արի լսի էս կնոջը, էս գիւմրեցուն ու կարողացիր արցունքներդ զսպել: Կանգնած եմ զարհուրելի մի շէնքակոյտի մօտ, շրջապատուած տասնեակ կանանցով. սպասում են, յոյս ունեն, որ կոյտերի տակից հանեն իրենց մեռելներին: Սպասում են, լաց են լինում, խօսում են…

– Պահանջենք հայոց կառավարութիւնից Հայաստանում աբորտները արգելեն…

– Ում էինք մի կտոր հաց տուել, որ էս բանը Երեւանին չեղաւ…

ԵՐԵՒԱՆ… Մայրաքաղաք… Յենարան, յոյս, ապաւէն: Ինչ է թելադրում, ինչ մթնոլորտ է ստեղծում հանրապետութիւնում, ինչ օրինակ է տալիս…

Այսօր կարեւորը քար տաշելն է, քարը քարի վրայ դնելն է:

Դատ ու դատաստանը վաղը կ՛անենք…

 

«Բագին»
Յունուար-փետրուար 1989

 

 

Share this Article
CATEGORIES