Համարկո՞ւմ, Թէ՞ Ինքնիշխանութեան Կորուստ 2015-ի Յունուարի 1-ից` Ռուսների, Պելառուսների, Ղազախների Հետ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Քսաներեք տարի առաջ` 1991 թուականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի խորհրդարանը պատմական քուէարկութիւն կատարեց` միաձայն վաւերացնելով  Հայաստանի անկախութիւնը Խորհրդային Միութիւնից: Այդ քուէարկութիւնից երկու օր առաջ հայաստանցիները բացարձակ մեծամասնութեամբ համաժողովրդական հանրաքուէում «այո» էին ասել Հայաստանի ինքնիշխանութեանը եւ անկախութեանը: Խորհրդարանի պատերը արձագանգում էին որոտընդոստ ծափահարութիւնները:

2014 թուականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը պատմական մէկ այլ քուէարկութիւն կատարեց: 103 կողմ, 7 դէմ եւ 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը վաւերացրեց Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցութեան պայմանագիրը: Քուէարկութիւնից յետոյ դահլիճում հնչեցին ծափեր, սակայն դրանք նման չէին 1991-ի սեպտեմբերի 23-ի ծափերին: Իսկ Ազգային ժողովի պատերից դուրս, մի քանի տասնեակ հայ քաղաքացիներ, դաւաճանի պիտակ էին կպցնում այն պատգամաւորներին, ովքեր կողմ քուէարկեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեանը:

Եթէ Հայաստանի իշխանութիւնները, նախքան դեկտեմբերի 4-ի քուէարկութիւնը համաժողովրդական հանրաքուէ անցկացնէին, ապա, անկասկած, ձայների ակնյայտ մեծամասնութեամբ հայաստանցիները կողմ կ՛արտայայտուէին ԵՏՄ-ին միանալու առաջարկութեանը: Սրանք սոցիոլագիական հարցումների արդիւնքներ են, որոնք անց են կացրել արեւմտեան կազմակերպութիւնները: Հայերի մեծամասնութեան համար ԵՏՄ-ն նոյն Ռուսաստանն է, որտեղից գալիս է Հայաստանի փողը, որտեղ աշխատանք են գտնում հարիւր հազարաւոր հայաստանցիներ: Շատ հայերի համար Ռուսաստանը նաեւ անվտանգութեան երաշխաւոր է եւ եթէ չլինի Ռուսաստանը, ապա թուրքերն ու ազրպէյճանցիները Հայաստանը կը խեղդեն արեան մէջ: Իրատեսական սպառնալիք է սա, թէ` ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ այսպէս են մտածում շարքային հայերը: Այդպէս են մտածում նաեւ քաղաքական ուժերը, եւ դա հաստատեց դեկտեմբերի 4-ի քուէարկութիւնը:

Միակ պատգամաւորը, ով ձեռնպահ մնաց, դաշնակցական Աղուան Վարդանեանն էր: ՀՅԴ խմբակցութեան միւս բոլոր պատգամաւորները կողմ քուէարկեցին: Ռուսաստանի, Ղազախստանի եւ Պելառուսի հետ նոյն միութեան մէջ լինելուն դէմ արտայայտուեցին Հայ ազգային քոնկրեսից (ՀԱԿ) Նիկոլ Փաշինեանը, անկախ պատգամաւոր Էդմոն Մարուքեանը եւ «ժառանգութիւն» խմբակցութիւնը ողջ կազմով, որոնց մէջ էր նաեւ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանեանը: Նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանը ներկայ էր դահլիճում, սակայն չքուէարկեց: «Բարգաւաճ Հայաստան»-ից աւելի քան տասը պատգամաւորներ, այդ թւում նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը, կամ բացակայում էին պատմական նիստից կամ չքուէարկեցին:

Հայաստանի խորհրդարանի պատմութեան մէջ քիչ են դէպքերը, երբ իշխանութիւնն ու ընդդիմութիւնը այսպիսի միասնականութեամբ կողմ են արտայայտւում որեւէ պայմանագրի վաւերացմանը: Իշխող Հանրապետական կուսակցութեանը միացան «Բարգաւաճ Հայաստան»ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Օրինաց երկիրը»: Այսպիսով, յունուարի 1-ից Հայաստանը կը լինի ԵՏՄ-ի կազմում: Դա առաջին հերթին նշանակում է, որ յետխորհրդային այս չորս հանրապետութիւնները կը գործեն մէկ միասնական տնտեսական դաշտում: Եթէ Պելառուսը ընդհանուր սահման ունի Ռուսաստանի, իսկ վերջինս` Ղազախստանի հետ, ապա Հայաստանը այս երեք երկրներից եւ ոչ մէկի հետ ընդհանուր սահման չունի: Տարիներ առաջ, երբ Հայաստանի իշխանութիւնները դէմ էին արտայայտւում ԵՏՄ-ին, որպէս խոչընդոտ նշում էին հէնց ընդհանուր սահմանի բացակայութիւնը:

Միայն ժամանակը ցոյց կը տայ` արդարացուա՞ծ էր ԵՏՄ-ին միանալու Հայաստանի ընտրութիւնը, թէ` ոչ: Որոշ փորձագէտներ եւ քաղաքագէտներ համոզուած են, որ ԵՏՄ-ն չի կայանալու, քանի որ Ռուսաստանը չունի այնպիսի տնտեսական ներուժ, որպէսզի մէկ միասնական տնտեսական դաշտում միաւորի իր կրտսեր դաշնակիցներին: Բացի այդ, այսօր արդէն բացայայտ են տնտեսական հակասութիւնները Պելառուսի եւ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպէս նաեւ` քաղաքական հակասութիւնները Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ Արցախի հարցում: Եւ ամէնից կարեւորը` Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ռուսաստանի կողմից ձեւաւորած կառոյցները կամ փլուզուել են կամ գործել թղթի վրայ:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութիւնը նոր էջ է բացում երկրի արտաքին քաղաքականութեան մէջ: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարութեան տարիներին Հայաստանը որդեգրել էր հարեւանների հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու ռազմավարութիւն: Դա իրականութիւն  չդարձաւ, քանի որ անմիջական չորս հարեւաններից երկուսը` Ազրպէյճանը եւ Թուրքիան, որդեգրեցին եւ շարունակում են թշնամական քաղաքականութիւն իրականացնել: Երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի ղեկավարութեան տարիներին Հայաստանը որդեգրել էր «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականութիւն, ինչը նշանակում էր բնականոն յարաբերութիւններ պահպանել համաշխարհային ուժային կենտրոնների` Մոսկուայի, Պրիւքսելի եւ Ուաշինկթընի հետ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը փորձեց իրականացնել «եւ-եւ»-ի քաղաքականութիւն, այն է` համագործակցութիւնը խորացնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ: Ներկայ պայմաններում, երբ Ռուսաստանն ու Արեւմուտքը նոր «պաղ պատերազմի» փուլ են մտել, Հայաստանի ո՛չ աշխարհագրական դիրքը եւ ո՛չ էլ ներուժը թոյլ չեն տալիս վարելու «եւ-եւ»-ի քաղաքականութիւն:

Հայաստանի իշխանութիւնները հաւաստիացնում են, որ ԵՏՄ-ին անդամակցելը չի վնասի ինչպէս  Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցութեանը, այնպէս էլ`  Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւնները: Անկախ նրանից, կը կայանայ ԵՏՄ-ն, թէ` ոչ, Հայաստանը պէտք է ձգտի հնարաւոր բարձր մակարդակի վրայ պահել հայ-վրացական եւ հայ-իրանական քաղաքական ու տնտեսական համագործակցութիւնը: Ընդհանուր սահմաններ չունենալով ԵՏՄ-ի հետ, Հայաստանի համար հայ-վրացական եւ հայ-իրանական գործընկերութիւնը կենսական է:

Աւելին, ժամանակն է, որպէսզի Հայաստանը հանդէս գայ արտաքին քաղաքական նախաձեռնութիւններով: Դրանց շարքում կարող են լինել եռակողմ Իրան-Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եւ Հայաստան-Իրան-Յունաստան ձեւաչափերով գործակցութիւնը: 1990-ականների կէսերին գործում էին արտաքին գործերի նախարարների մակարդակով Հայաստան-Իրան-Թուրքմենստան եւ Հայաստան-Իրան-Յունաստան գործակցութեան ձեւաչափերը: ԵՏՄ-ին անդամակցութիւնը պէտք չէ կապի Հայաստանի ձեռքերը եւ ոչ էլ սահմանափակի նրա ինքնիշխանութիւնը:

 

Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն

Յատուկ «Ազդակ»-ի համար 

Share this Article
CATEGORIES