Թուրքիայի Խորհրդարանում Հայոց Ցեղասպանութիւնը Ճանաչելու Քրտական Առաջարկը` Համապատասխան Քրտական Շահերին

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

1209_Sebahat-TuncelԹուրքիայի խորհրդարանի քիւրտ պատգամաւոր Սեպահաթ Թունճելը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին (խորհրդարան Ա.) է ներկայացրել մի առաջարկ, որով նախատեսւում է, որ թուրքական մեճլիսը Թուրքիայի նախագահին պիտի պարտաւորեցնի հրապարակայնօրէն ներողութիւն խնդրել քրտերի, ալեւիների կոտորածների, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան համար: Այս տեղեկութիւնն արագօրէն տարածուեց թուրքական լրատուամիջոցներում` մեծ աղմուկ առաջացնելով հարեւան երկրում եւ տեղափոխուելով հայկական լրատուական դաշտ:

Մասնաւորապէս, ըստ թուրքական աղբիւրների, քրտական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնից» կին պատգամաւոր Թունճելն իր առաջարկում Հայոց ցեղասպանութեան հետ մէկտեղ նշել է նաեւ Տէրսիմի (1937-1938), Մարաշի (1978), Սեբաստիայի (Սվազի) (1993), Չորումի (1980) քրտերի, ալեւիների ու «ձախերի» կոտորածների, 1980 թուականի ռազմական յեղաշրջմանը յաջորդած դէպքերի մասին: Ըստ առաջարկի, նախագահ Էրտողանը թուրքական պետութեան անունից բոլոր այս դէպքերի համար պաշտօնապէս եւ յստակ ձեւակերպուած ներողութիւն պէտք է խնդրի նախ թուրքական խորհրդարանի առաջ, ապա նաեւ` կոտորածների վայրերից մէկում: Այս քայլերից յետոյ 1 տարուայ ընթացքում պէտք է ստեղծուի խորհրդարանական յանձնաժողով, որ պէտք է կարողանայ մուտք գործել բոլոր պետական արխիւները, քննի բոլոր մանրամասները: Հայոց ցեղասպանութեան մասով առաջարկւում է ապրիլի 24-ը յայտարարել սգոյ օր Թուրքիայում, ինչպէս նաեւ` իրականացնել նիւթական ու բարոյական փոխհատուցում, կատարել որոշակի օրէնսդրական փոփոխութիւններ:

Շտապելով նշել, որ նման առաջարկի ընդունումը այժմեան Թուրքիայում իրականութիւնից բաւական հեռու է, այնուամենայնիւ, կարեւոր է հասկանալ, թէ ի՞նչ արձագանգներ կ՛ունենայ այս քայլը, ի՞նչ ուղերձներ է պարունակում այն, առաջին հայեացքից դրական թուացող այս առաջարկի տակ հայկական կողմի համար ինչ տողարակեր կան:

Նախ` առաջարկը ոչ թէ հայանպաստ է, այլ նախեւառաջ ծառայում է Թուրքիայի քրտերի քաղաքական շահերին: Թուրքիայի քրտերի քաղաքական շրջանակների աշխուժ մի զանգուած, Հայոց ցեղասպանութեան փաստը ճանաչելով հանդերձ, այն իրականացնելու պատասխանատուութիւնը հասցէագրում է Օսմանեան կայսրութեան ղեկավարութեանը, սակայն անհերքելի փաստ է, որ ամենատարբեր մակարդակներում քրտերի զգալի մի հատուած աշխուժօրէն մասնակցել է հայերի կոտորածներին ու թալանին: Քրտական ուժերն էլ, յաճախ շրջանցելով իրենց նախնիների` հայերի ջարդին մասնակից լինելու իրողութիւնը (անկեղծ լինենք` ոչ միշտ ու ոչ բոլոր դէպքերում), հայերի ցեղասպանութեան փաստը փորձում են շահարկել թուրքական պետութեան հետ իրենց յարաբերութիւնները կառուցելիս: Կարելի է ասել` ցեղասպանութեան հարցը քրտական քաղաքական ուժերի օրակարգում պաշտօնական Անգարայի դէմ կիրառուող կարեւոր լծակներից մէկն է: Սա հարցի մի կողմն է:

Հարցի միւս կողմն էլ այն է, որ Թուրքիայի քրտերը փորձում են թուրքական պետութեան կողմից քրտերի դէմ բռնաճնշումներն ու կոտորածները հաւասարեցնել ու համեմատել Հայոց ցեղասպանութեան հետ: Իրենց տարողութեամբ եւ էութեամբ դրանք խիստ տարբեր են: Բացի այդ, օրինակ,

30-ականների վերջին Տէրսիմի կոտորածների ժամանակ քիչ չէին թուրքական բանակի յարձակումներին զոհ գնացած հայերը:

Այսպիսով, տեսնում ենք, որ Թուրքիայի խորհրդարանին ուղղուած առաջարկում Հայոց ցեղասպանութեան յիշատակումը քրտերի, ալեւիների կոտորածների, բռնաճնշումների հետ միասին փորձ է հաւասարեցնել այդ աղէտները, որոնք իրենց նշանակութեամբ եւ ծաւալներով նոյն հարթութիւնում չեն: Եւ բացի այդ, եւս մէկ անգամ տեսնում ենք, որ քրտական օրակարգում Ցեղասպանութեան հարցը թուրքական պետութեան դէմ որպէս կարեւոր լծակ է դիտարկւում:

Հարկ է յիշել կարեւոր հանգամանք եւս` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան շարքերում կան նաեւ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսկ նոյն այս կուսակցութեան հիմնական ընտրազանգուածը հէնց ազգային ու կրօնական փոքրամասնութիւններն են: Այնպէս որ, նման առաջարկի ի յայտ գալը տեղաւորւում է ժամանակի պահանջների եւ քաղաքական տրամաբանութեան շրջանակներում:

Նոյն քաղաքական տրամաբանութեան շրջանակներում էլ տեղաւորւում է այն, որ այս առաջարկը Թուրքիայի ազգային մեծ ժողովում չի կարողանայ գտնել իրաւական շարունակութիւն, քանի որ թուրքական պետութեան հիմքերին է դէմ գնում, իսկ քրտական ուժերը հարեւան երկրի օրէնսդիր մարմնում փոքրամասնութիւն են եւ չունեն վճռորոշ ձայն:

Եթէ պատկերացնենք էլ, թէ այս ձեւաչափով առաջարկն ընդունւում է Անգարայում, ապա կարելի է ասել, որ Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը (ինչպէս եւ` վերը թուարկուած միւս կոտորածներն ու դէպքերը) դրանից բխող բոլոր հետեւանքներով, իսկ նման զարգացումը, հասկանում ենք, որ մեր օրերում իրականութեան հետ որեւէ աղերս չունի:

Կարծում ենք` առաջարկը բաւական աշխուժ կը քննարկուի եւ արդէն իսկ քննարկւում է թուրքական, հայկական, միջազգային լրատուամիջոցներում: Այն կ’ունենայ հիմնականում քարոզչական բնոյթ` չլուծելով քաղաքական կամ իրաւական լուրջ խնդիրներ:

Կարեւոր է սակայն, որ նման օրինագծերը (անգամ` տարբեր նպատակների ու տարբեր խնդիրներ լուծելու համար), կարող են քննարկուել Թուրքիայի խորհրդարանում: Եւ պէտք չէ մոռանալ, որ այս ամէնն ի յայտ է գալիս մի փուլում, երբ Թուրքիայի պաշտօնական եւ հասարակական շրջանակները սկսել են աշխուժօրէն խօսել Տէրսիմի կոտորածի մասին: Իսկ Տէրսիմի դէպքերի վերաբերեալ քայլերն ու քննարկումները, ինչպէս եւ «քրտական նախաձեռնութիւնը», օրըստօրէ աւելի մեծ կարեւորութիւն են ստանում Թուրքիայի կառավարութեան եւ նախագահի օրակարգում, քանի որ 2015-ի ամրանը երկրի գլխաւոր ընտրութիւններն են` խորհրդարանական ընտրութիւնները, իսկ իշխող ,արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը դէմ չի լինի քրտերի (ինչպէս եւ նախկինում), եւ ինչու՞ ոչ` նաեւ ալեւիների ձայներ ստանալ: Այնպէս որ, այս ամիսներին Տէրսիմի կոտորածների, Հայոց ցեղասպանութեան, Թուրքիայի հանրապետական շրջանի մի շարք սեւ էջերի շուրջ շահարկումները, քննարկումներն ու զարգացումները ծանրաբեռնելու են լրատուական դաշտն ու քաղաքական օրակարգը:

Յ.Գ. Թուրքիան հանրապետական շրջանում եւս օսմանեան աւանդոյթներից յետ չի կանգնել` Տէրսիմի կոտորածի, Չորումի, Սվազի, Մարաշի դէպքերի հետ մէկտեղ կարող ենք յիշել 1934-ին Թրակիայում հրեաների բռնաճնշումները, 1955 թուականի սեպտեմբերի 6-7 հայերի եւ յոյների փոկրոմները, 70-ականների քաղաքական եւ գաղափարական հողի վրայ մեծաթիւ սպանութիւնները եւ այլն, եւ այլն…

Քեմալական շարժման ժամանակ տեղ գտած աղէտներն էլ առանձին երկար մի շղթայ են կազմում:

 «Թուրքագիտական Փորթալ» 
ԵՓՐԱՏ ուսումնասիրութիւնների կենտրոն

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )