Պաքու-Գիւմրի Օդանաւի Կործանումը. Ինչպէ՞ս Է Դա Եղել Եւ Ինչպէ՞ս Է Պատմութիւնը Կեղծւում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1988 թուականի դեկտեմբերի 11-ի վաղ առաւօտեան Գիւմրիի օդակայանից 15 քիլոմեթր հեռաւորութեան վրայ, վայրէջքից մի քանի րոպէ առաջ, բախուելով մօտակայ լեռներին, կործանուեց Պաքուից Գիւմրի թռչող Իլ-76մ մակնիշի ինքնաթիռը: 69 ուղեւորներից եւ անձակազմի 9 անդամներից փրկուեց միայն մէկը` ազգութեամբ ազրպէյճանցի Ֆահրատտին Պալայեւը, ով բախտ էր ունեցել գտնուելու օդանաւի պոչի հատուածում տեղաւորած բեռնատար ինքնաշարժի մէջ: Հայաստանի տարածքում սա արձանագրուած ամենախոշոր օդային աղէտն է, որի մասին Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հաւանաբար քչերն են տեղեակ:

Մանրամասները կը շարադրեմ մէկ պարբերութիւնից, սակայն մինչ այդ բացատրեմ, թէ ինչո՛ւ եմ միայն 26 տարի անց անդրադառնում այս պատահարին: Ազրպէյճանական CBC (Caspian Broadcasting Company) արբանեակային հեռուստաընկերութիւնը, որը հեռարձակւում է հիմնականում ռուսերէն լեզուով (լուրերի թողարկումներ ունի նաեւ անգլերէնով, հայերէնով եւ պարսկերէնով), դեկտեմբերի 11-ի երեկոյեան հեռարձակեց մի ժապաւէն, որը պատմում էր Իլ-76մ-ի կործանման մասին` ծայրից ծայր կեղծելով պատմութիւնը:

Պաքուից Գիւմրի թռչող ինքնաթիռի կործանման մասին ժամանակին շատ քիչ բան է գրուել երկու պատճառով: Առաջին. Խորհրդային Միութեան տարիներին, անգամ 1988-ին, օդային աղէտների մասին ոչ միայն քիչ էին գրում, այլ փորձում էին դրանք թաքցնել հասարակութիւնից: Երկրորդ եւ հիմնականը` Իլ-76մ-ի կործանումը տեղի է ունեցել 1988-ի դեկտեմբերեան երկրաշարժից ընդամէնը չորս օր անց եւ, բնականաբար, 25 հազար մարդու կեանք խլած աղէտի խորապատկերում, օդային այս պատահարը չէր կարող համընդհանուր ուշադրութիւն գրաւել:

Ազրպէյճանը միայն վերջին տարիներին է քարոզչական նպատակներով մէջտեղ բերել օդանաւի կործանման դէպքը եւ դա փորձում է օգտագործել ընդդէմ Հայաստանի: Եթէ նախկինում ազրպէյճանական կողմը խորհրդաւոր էր համարում Իլ-76մ օդանաւի աղէտը, ապա այսօր ուղղակի մեղադրում է Հայաստանին, թէ իբր օդաչուներին միտումնաւոր տրուել են ոչ ճիշդ ուղղութիւններ, որի պատճառով օդանաւը բախուել է լեռներին: Իրականութիւնն այն է, որ օդանաւի կործանման պատճառը, ըստ «սեւ արկղի» եւ պաշտօնական եզրակացութեան, եղել է անձնակազմի սխալը: Փորձաքննութիւնը պարզել է նաեւ, որ անձնակազմը թռիչքից առաջ չի ունեցել բաւարար հանգիստ, իսկ նախորդող օրերին կատարել է մի քանի անընդմէջ չուերթներ:

Ի դէպ, 1988-ի դեկտեմբերեան այդ օրերին Հայաստանում եղանակային պայմանները եղել են խիստ անբարենպաստ: Այդ օրերին կործանուեց եւս մէկ ինքնաթիռ, որը օգնութեան էր գալիս Եուկոսլաւիայից: Այն ընկաւ Էջմիածին եւ Արմաւիր քաղաքների միջեւ ընկած դաշտավայրում: Պնդումներ կան, որ կործանումից հրաշքով փրկուել է ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Կորպաչովի օդանաւը: Գորբաչովը երկրաշարժի օրը Նիւ Եորքում էր: Նա դադարեցրեց այցը եւ ժամանեց աղէտի գօտի` Գիւմրի:

Պաքուն յայտարարում է, որ Իլ-76մ-ը ազրպէյճանական ինքնաթիռ էր եւ օգնութեան էր շտապում աղէտեալներին եւ «նենգ» հայերը խոցեցին այն: Իրականում օդանաւը պատկանում էր ԽՍՀՄ պաշտպանութեան նախարարութեանը` Լիտուայի տարածքում տեղակայուած ռազմաօդային ուժերին: Օդանաւի ողջ անձնակազմը` 9 հոգի, ռուսներ էին (ահա նրանց ազգանունները` Պրիլիով, Սոքոլով, Ռազումնի, Փլաշքին, Իվլեւ, Շերքով, Ռիպալչենքօ, Աւիլով, Ալթուխով): Ազրպէյճանական կողմը շարունակաբար յայտարարում է, որ օդանաւում ազրպէյճանցիներ էին, ինչը մասամբ է համապատասխանում իրականութեանը: Կործանուած օդանաւի կազմը, իրականում, բազմազգ էր` 50 ազրպէյճանցի, 13 լեզգի, 11 ռուս, 2 թաթար, 1 հայ եւ 1 հրեայ: Բոլորը ԽՍՀՄ զինուած ուժերի պահեստազօրի ծառայողներ  էին, որոնք Գիւմրի էին գալիս փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Միակ փրկուածը` ազրպէյճանցի Ֆահրատտին Պալայեւը, մահացաւ աղէտից 22 տարի անց` 2010 թուականին: Ազրպէյճանցիները յայտարարում են, թէ օդանաւի կործանումից յետոյ Պալայեւին Գիւմրիում միտումնաւոր կերպով օգնութիւն չի ցուցաբերուել, մինչդեռ իրականութիւնն այն է, որ Գիւմրիից ռազմական ինքնաթիռով նրան հասցրել են Մոսկուա, որտեղ բուժուել եւ վերադարձել է Ազրպէյճան:

Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ցնցել էր ողջ աշխարհը: Հայաստանը օգնութիւն էր ստանում ինչպէս արտերկրից, այդ թւում` սփիւռքից, այնպէս էլ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններից, այդ թւում` Ազրպէյճանից: Ճիշդ է, արցախեան խնդիրը արդէն ջրբաժան էր գծել հայերի եւ ազրպէյճանցիների միջեւ, տեղի էր ունեցել Սումկայիթի ջարդը, սակայն Հայաստանն ու Ազրպէյճանը դեռեւս գտնւում էին եւ մինչեւ 1991-ը գտնուելու էին ԽՍՀՄ կազմում: Աղէտի օրերին Հայաստանում հաւաքուեց ԽՍՀՄ ղեկավարութիւնը, որոնց մէջ էր նաեւ Ազրպէյճանի առաջնորդ Ապտուռահման Վեզիրովը: Ճիշդ է նաեւ, որ երկրաշարժի առիթով Հայաստանի ժողովրդին եւ ղեկավարութեանը ցաւակցութիւն յղեց Ազրպէյճանի կառավարութիւնը: Աւելի՛ն. Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը շնորհակալական վկայագիր արժանացրեց նաեւ Ազրպէյճանից եկած փրկարարներին (խումբը ղեկավարում էր Էմիլ Ախունտովը), ովքեր հաստատուել էին Գիւմրիին մերձակայ Ղարիբջանեան գիւղում եւ հիմնականում օգնում էին Ամասիայի շրջանի գիւղերին: Ամասիայի շրջանը աւելի քան 70 տոկոսով ազրպէյճանաբնակ էր:

Իրականում, Ազրպէյճանի օգնութիւնը Գիւմրիի երկրաշարժին եղել է խիստ սահմանափակ երկու հիմնական պատճառով: Առաջին, ինչպէս նշեցի, հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը արդէն սկսուել էր, երկրաշարժի օրերին Պաքուից Երեւան էին հասնում գնացքի վակոններ, որոնց վրայ մեծ տառերով հայ ժողովուրդը երկրաշարժի առիթով շնորհաւորանքներ էր ստանում: Այսօր էլ որոշ ազրպէյճանցիներ համարձակւում են բարձրաձայնել, որ ամաչում են իրենց հայրենակիցների այդ զազրելի արարքի համար: Երկրաշարժից յետոյ Ազրպէյճանի տարածքում թալանւում էին այն գնացքները, որոնք օգնութիւն էին բերում աղէտեալներին ԽՍՀՄ զանազան քաղաքներից: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ապրանքաշրջանառութեան շուրջ 85 տոկոսը իրականացւում էր Մախաչկալա (Տաղստան)-Պաքու-Նախիջեւան-Երեւան երկաթուղով:

Երկրորդ պատճառն այն էր, որ սգի մէջ գտնուող Հայաստանը չէր ցանկանում օգնութիւն ստանալ մի հանրապետութիւնից, որտեղ ամիսներ առաջ տեղի էր ունեցել Սումկայիթի ջարդը: Եղել են դէպքեր, երբ սահմանից հայերը յետ են ուղարկել Ազրպէյճանից ուղարկուած օգնութիւնը եւ այդ մասին իր «կեանքի դասեր» գրքում մանրամասն գրել է այն ժամանակուայ Հայաստանի կառավարութեան ղեկավար (վարչապետ) Ֆատէյ Սարգսեանը:

Երկրաշարժից տուժածներին օգնութեան նպատակով Ազրպէյճանից առաջին ինքնաթիռը Գիւմրիի օդակայանում վայրէջք է կատարել դեկտեմբերի 9-ի առաւօտեան: Այսօր ազրպէյճանական քարոզչութիւնը, խեղաթիւրելով իրականութիւնը` կեղծ լուրեր է տարածում, թէ իբր այդ օդանաւը վայրէջքից յետոյ 11 ժամ պահուել է Գիւմրիի օդակայանում, հայերը օգնութեան եկած ազրպէյճանցի փրկարարներին անգամ ջուր չեն տուել: Ազրպէյճանական CBC հեռուստաընկերութեան պատրաստած ժապաւէնում ասւում էր, որ «ազրպէյճանցի փրկարար Վակիֆ Ախունտովը Գիւմրիում փլատակների տակից դուրս է բերել մի ռուս երեխայի եւ մի ողջ հայ ընտանիք`  մօրը եւ երկու երեխաների, սակայն հայերը ինչ-որ գործիքով հարուածել են նրա մէջքին», քանի որ ազրպէյճանցի էր:

Անբարոյական կեղծիքները դրանով չսահմանափակուեցին: Ժապաւէնում ասւում էր, թէ իբր ֆրանսացի փրկարարները աղէտի գօտում յայտնաբերել են ազրպէյճանցի սպաննուած երեխաների, որոնց նախքան դեկտեմբերի 7-ը դաժանաբար սպաննել էին հայերը:

Ազրպէյճանական կողմը այսօր կրկին շրջանառութեան մէջ է դրել 1988 թուականի դեկտեմբերի 11-ին կործանուած Պաքու-Գիւմրի օդանաւի դէպքը` փորձելով հակակշռել եւ հաւասարութեան նշան դնել այս տարուայ նոյեմբերին Արցախ-Ազրպէյճան շփման գծին մօտ տարածքում խոցուած հայկական ուղղաթիռի միջեւ: Պաքւում հաւանաբար մտածում են այս եղանակով մեղմել միջազգային հանրութեան արձագանգը, որը թէկուզ անուղղակի կերպով, դատապարտեց ազրպէյճանական կողմի սադրիչ քայլը` ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռի խոցումը:

Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն
Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES