Թուրքիայում Հայ Լինելն Այսօր. Հայկական Եւ Թուրքական Ինքնութիւնն Այսօր
«ՌԻՓԷՐ ՖԻՈՒՉԸՐ»
«Արաս» հրատարակչութեան հիմնադիր Եդուարդ Թոմասեանի հետ զրուցեցինք «թուրքիացի» հայ լինելու, հայ ինքնութեան սահմանման մէջ տեղի ունեցած փոփոխութիւնների, այդ ինքնութեան արտայայտման միակ վայրերը հանդիսացող «եկեղեցու» եւ «դպրոցի» հետ յարաբերութիւնների, մահմետական հայերի շուրջ տեղի ունեցող քննարկումների եւ «կեանքը 20 պարտութեամբ» սկսելու շուրջ:
ՀԱՐՑՈՒՄ.- «Թուրքիացի» հայն ինքն իրեն բնորոշելիս ինչո՞վ է իրեն տարբերում սփիւռքի կամ Հայաստանի հայից:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Թուրք-հայերն իրենք իրենց տարբեր կերպ են բնութագրում, քանի որ իրենց նախնիների հողի վրայ են ապրում: Նրանք ապրում են իրենց հարազատ` պապերի ու տատերի եւ նրանց նախնիների հողերի վրայ: Սփիւռքի հայերը, այս կամ այն պատճառով, 19-րդ կամ 20-րդ դարերին արտագաղթել են: Գաղթականի կարգավիճակով են գնացել: Այնպէս որ, նրանք Փարիզ կամ Նիւ Եորք գնալով` փորձել են կեանքը շարունակել: Ամէն ջանք թափել են այնտեղ` այդ հողերի վրայ ամրանալու համար: Մենք մեր հողի վրայ ենք ապրում, դրա կարիքը չունենք: Օրինակ, անցեալ օրն էլ ասացի այդ մասին, շատ վառ օրինակ է. Ուիլիըմ Սարոյեանը Ֆրեզնօ է գնում, բայց նա երբեք չի զգում, որ այդ հողերին է պատկանում: Պատմուածքներից մէկում նրա հօրեղբայրը մահանում է, թաղումից յետոյ տուն են գալիս, հոգեհացի պահին ասում է` «Մենք հիմա՛ ամերիկացի դարձանք»: Այո՛, հազարամեակներ շարունակ մենք մեր ննջեցեալներին այս հողի տակ ենք թաղել: Մեր ինքնութիւնը` Թուրքիայում բնակուող հայերի ինքնութիւնը, կարող ենք այսպէս բնութագրել:
Հ.- Այս բնութագրումը փոփոխութիւնների ենթարկուե՞լ է վերջին տարիներին: Թուրքահայ հասկացութիւնը որեւէ փոփոխութիւն կրե՞լ է արդեօք:
Պ.- Ո՛չ, չեմ կարծում: Բայց, ի հարկէ, գուցէ ինքնարտայայտման ձեւն է փոխուել: Այսօր մեր ինքնութիւնը աւելի յստակ, աւելի բաց ու աւելի տեսանելի ձեւով ենք ապրում: Եթէ համեմատենք անցեալ տարիների` 1940-ականների, 50-ականների, 60-ականների, 70-ականների հետ, ապա այսօր աւելի նկատելի ենք: Ինչքան տեսանելի ապրենք, այնքան ներքին խաղաղութիւն կ՛ունենանք: Այլապէս, ստիպուած ենք լինում զսպել մեր ինքնութիւնը: Եւ դա շատ դժուար բան է:
Հ.- Ինքնութեան այս զսպումը տարիների ընթացքում իրենց վնասակար հետքը չի՞ թողնում արդեօք:
Պ.- Ի հարկ է թողնում է: Եթէ համայնքի տեսակէտից դիտարկենք, ապա պէտք է ասենք, որ այդ ճնշման պատճառով մարդիկ արտագաղթում են: Քանակական ու որակական առումով համայնքը վնաս է կրում: Գաղթողներն էլ այդ վայրերում չեն կարողանում լիարժէք դրսեւորուել, քանի որ ստիպուած են պայքարել կեանքի համար:
Հ.- Ինչպիսի՞ բաղադրիչներ ունի այս ինքնութիւնը: Ի՞նչ դեր են խաղում, օրինակ, լեզուն կամ կրօնը:
Պ.- Շատ բարդ է: Օրինակ, անցեալում հայի ու թուրքի ամուսնութիւնը շատ դժուար էր, դա լուրջ խնդիր էր, երբ ես երիտասարդ էի:
Ընդ որում, դա այսօր էլ է խնդիր: Բայց հիմա գոնէ կարող էք առաջարկութիւն անել, կարող էք ձեր ընտանիքի հետ կիսուել, քննարկել այդ հարցը, թէկուզ եթէ դէմ են դրան: Նախկինում դուք այդ մասին ձեր ընտանիքին չէիք կարող յայտնել: Ի հարկէ, այստեղ մի ուրիշ հարց էլ կայ, խնդիրը միայն այն չէր, որ թեկնածուն մահմետական էր: Իմ երիտասարդութեան ժամանակ յոյնի հետ ամուսնանալն էլ էր անընդունելի: Այս ամէնը ինքնութիւնը պահպանելու համար էր:
Հ.- Մտավախութիւն կար, որ երեխաները կը կորցնէին հայկական ինքնութիւնը: Այդպէ՞ս է:
Պ.- Այո՛: Պետութիւնն արդէն ոչ մի ջանք չի գործադրում, որպէսզի դու քո ինքնութիւնն ապրես, պաշտպանես, պահպանես ու զարգացնես: Նա ոչ միայն հնարաւորութիւններ չի ստեղծում, այլ նաեւ իր պարտականութիւններն էլ չի կատարում: Այդ դէպքում, դուք մնում էք միայնակ եւ ուրիշ ելք չէք ունենում, քան պարփակուել ձեր մէջ: Միայն եկեղեցու եւ դպրոցի դռներն են բաց մնում: Իրականում, դպրոցի դուռն էլ բաց չէ. ինչ-որ թուրք փոխտնօրէնի հսկողութեան, խնամակալութեան եւ նոյնիսկ պահակութեան տակ էք ապրում: Գրասեղանին էլ դրել է «Թուրք փոխտնօրէն» գրութեամբ մի ցուցանակ: Այդ դէպքում, ես էլ իմ սեղանին «Հայ տնօրէ՞ն» պէտք է գրեմ: Ինչքա՜ն զզուելի է:
Հ.- Հէնց եկեղեցին ու դպրոցն են ձեւաւորում այդ ինքնութիւնը, այդպէս չէ՞:
Պ.- Այո՛, որովհետեւ ձեր ինքնութիւնը զարգացնելու մշակութային կամ ընկերային այլ հնարաւորութիւն չկայ. պետութիւնն ու համակարգը թոյլ չեն տալիս դա:
Եթէ Թուրքիայում չապրէի, գուցէ եւ երեխաներիս չկնքէի: Մենք մեր երեխաներին փոքր տարիքից կնքում ենք, կրծքի երեխային` մինչեւ մէկ տարեկան: Ինչո՞ւ ես պիտի որոշեմ` զաւակս քրիստոնեայ է լինելու, թէ՞ պուտտայական կամ անաստուածեան: Բայց այս երկրում ապրելով` ես դա անում եմ որպէս հակազդեցութիւն` հակադրուելով պետութեանը, հակադրուելով համակարգի ճնշումներին, քանի որ նա չի ուզում տեսնել իմ ինքնութիւնը: Իսկ ես էլ իմ ինքնութիւնն արտայայտում եմ բոլոր հնարաւոր առիթներով` որտեղ յարմար է, թէկուզ հաւատացեալ չեմ: Միայն երկու վայրում ենք կարողանում մեր ինքնութեամբ դրսեւորուել` եկեղեցում ու դպրոցում: Այդ պատճառով էլ ամէն ինչ անում եմ ու կ՛անեմ, որպէսզի այդ երկու դռները բաց մնան:
Հ.- Ընդհանուր առմամբ համայնքն էլ նման մտավախութիւն ունի, կարծես թէ:
Պ.- Բնականաբար, բայց եթէ համեմատենք հասարակութեան մահմետական հատուածի հետ, կարծում եմ` հայ համայնքի համար այսօր եկեղեցին աւելի շատ մշակութային, աւանդական նշանակութիւն ունի: Մի խօսքով` հաւատքից չէ, որ եկեղեցի են գնում:
Օրինակ, օրուայ մէջ կամ կիրակի օրով եկեղեցին դատարկ է: Սակայն եթէ Զատիկին գնալու լինէք, ամենաշքեղ, ամենա«տեքոլթէ» զգեստները կը տեսնէք: Սխալ չհասկանաք, ես սիրում եմ տեքոլթէն, սակայն այն գեղեցիկ է, երբ տեղին է օգտագործւում: Այսինքն, Պոտրումում հագնելու շորը եթէ եկեղեցու բակում կամ եկեղեցում հագնէք, գեղեցիկ չէ: Ուզում եմ ասել` պէտք է հագնուել ըստ պատշաճի:
Հ.- Ժամանակին հայերն էլ էին մահմետականների նման եկեղեցում գլուխները քողով ծածկում, չէ՞:
Պ.- Անշո՛ւշտ, ժամանակին մայրս, զոքանչս առանց գլխաշորի եկեղեցի չէին մտնի: Ընդամէնը 40 տարի անցաւ: Մայրս արդէն չէր ծածկում գլուխը, բայց զոքանչս մինչեւ 80-90 տարեկան քողով էր մտնում եկեղեցի: Հիմա այդ կնոջ հաւատքը պէտք է յարգել, սա եմ ուզում ասել:
Հ.- Գուցէ խօսենք ինքնութեան վրայ ազդող այլ գործօններից, ինչպիսիք են մերօրեայ միութիւնները կամ թերթերը:
Պ.- Ի հարկէ, այսօր արդէն տարբեր իրավիճակ է: Գոյութիւն ունի երկու օրաթերթ: 1950-ականներին եղել է «Նոր օր» թերթը, այնտեղ աշխատող բոլոր ձախակողմեան գրողները, լրագրողները, ծաղրանկարիչները հալածանքի են ենթարկուել, ոստիկանութիւնում հարցաքննուել, կալանաւորուել, բանտարկուել են, իսկ 60-ականների կէսերին բոլորն էլ լքել են այս երկիրը: Մի քանիսն են մնացել միայն, մէկը միւսի ետեւից 15 լրագրող հեռացել է այս երկրից:
Մնացած թերթերն էլ միայն իրենց «անհամ ու տափակ» լուրերով են գոյատեւել, այսինքն առօրեայ կեանքի սովորական լուրերը հաղորդելով` մի կերպ գոյութիւն են քարշ տուել: Չեմ ուզում անյարգալից վերաբերուել միւս թերթերին. «անհամ ու տափակ» ասելով` փաստն եմ արձանագրում: Միեւնոյն ժամանակ, եթէ ես կարող եմ այսօր հայերէն լաւ արտայայտուել, այն բանի շնորհիւ է, որ հայերէն թերթ կարդալու ներքին կարգապահութիւն եմ ստեղծել իմ մէջ: Թուրքական թերթերը բառ առ բառ հայերէն էին թարգմանւում: Ուրիշ լուր չկար այդ թերթերում: Ուրիշ բան պէտք էր տեղի ունենար 50-ականներին, բայց նրանք էլ հետաքննութեան ենթարկուեցին` վախեցան, փախան, հեռացան երկրից:
– Այդ «ուրիշ բանը» գիտենք, որ «Արաս» հրատարակչութեամբ սկսուեց:
Այո՛, դա 20 տարի առաջ էր, բայց ասեմ, որ ես հայոց լեզու եւ գրականութիւն եմ ուսանել, սովորել եմ գրաբար. ուսուցիչ էի ուզում դառնալ: Առ այսօր գոյութիւն ունեցող Թուրքիայի Հայ ուսուցիչների միութիւնը ձախակողմեան հայեացքներիս համար դպրոցների տնօրինութիւնների վրայ ճնշում էր գործադրում, որպէսզի չդասաւանդեմ այդ դպրոցներում:
Հ.- Լո՞ւրջ էք ասում:
Պ.- Այո՛, լուրջ եմ, ի հարկէ: Բանասիրութիւնն էի աւարտել, բայց չէի կարող դասաւանդել: Յետոյ կեանքը շարունակուեց. պարտաւոր ես, մի բան պիտի անես: Հայրս մասնագիտութեամբ ադամանդագործ էր, ես էլ այդ արհեստն ընտրեցի` 33-35 տարեկանից յետոյ: Ինչեւէ, որոշ ժամանակ անց, երբ կարողացանք արդէն մեր ապրուստը վաստակել, հրատարակչութիւնը հիմնեցինք: Այսպիսով, ամէն ինչ նորից սկսուեց: Այսօր մենք փորձում ենք անել այն, ինչ նրանք չկարողացան, չհասցրեցին անել: 20 տարուայ ընթացքում 150 գիրք հրատարակեցինք: Աշխատում ենք տարին միջինը եօթ գիրք հրապարակել: Սա քիչ է, վերահրատարակութիւնների օգնութեամբ էլ` փորձում ենք այդ թիւը հասցնել 15-20-ի:
Հ.- Այն ժամանակ ձեզ խանգարողները, ձեզ խորհուրդ տուողները այսօր ձեր ընթերցողների շարքերո՞ւմ են:
Պ.- Ի հարկէ՛, այսպիսին է կեանքը: Օրինակ` Դպրեվանքի սանուց միութեան մէջ ժամանակին զբաղուել եմ երաժշտութեամբ ու պարով: Անատոլիայի աւանդական ժողովրդական պարերն էինք պարում: Որոշեցի մի դաշնամուր գնել, 70-ականներն էին` ձախակողմեան մթնոլորտի ամենաթունդ տարիները: Ամենամօտիկ ընկերներս ինձ քննադատեցին` «Ինչո՞ւ ես բերել այս բուրժուական գործիքը»:
Հ.- Անկախ նրանից, թէ դուք ձախակողմեա՞ն էք, թէ՞ բուրժուա, միեւնոյն է` մեղաւոր էք:
Պ.- Ես փորձեցի նրանց բացատրել: Եթէ երաժշտութեամբ պիտի զբաղուենք, սա հիմնական երաժշտական գործիքն է: Կարող ես այն չօգտագործել որպէս կատարողական գործիք, բայց պէտք է պարապես այդ հիմնական նուագարանով: Դժկամութեամբ ընդունուեց: Յետոյ այդ ընկերներս ամուսնացան, տուն-տեղ դրեցին, երեխաներ ունեցան, տան համար դաշնամուր առան, երեխաները դաշնամուր պարապեցին:
Հ.- Իսկ Հայաստանն ի՞նչ տեղ է գրաւում այս ինքնութեան մէջ:
Պ.- Երկար ժամանակ հայերը չէին կարող արտայայտուել Խորհրդային Միութեան մաս կազմող Հայաստանի մասին, քանի որ Թուրքիան ՕԹԱՆ-ի անդամ էր, եւ հակառուսական մթնոլորտը տիրապետող էր: Հայաստանի մասին որեւէ միտք արտայայտէիր, քեզ կ՛ասէին` «ով գոհ չէ` թող Մոսկուա գնա»:
Հ.- Արդիւնքում` անհասանելի վայր էր դարձել:
Պ.- Երկու պատճառով` թէ՛ հայ էինք եւ թէ՛ Հայաստանը համայնավարական էր: Այդ երկու վատ բաների համար երկար ժամանակ Թուրքիայում մարդկանց աչքի փուշն էինք: Միւս կողմից, Հայաստանն էլ մեզ նոյն ակնոցով էր նայում` «Եթէ դուք այնտեղ էք մնացել, թուրքերի հետ էք ապրում, ապա թուրքացած կը լինէք: Եթէ դուք արժանաւոր մարդիկ լինէիք, այդ «վատերի» հետ չէիք ապրի: Իսկ քանի որ ապրում էք նրանց հետ, ուրեմն հաստատ արիւնակցական մի կապ կ՛ունենաք նրանց հետ»:
Հ.- Արիւնակցական կապի հա՜րց էլ կայ, ուրեմն:
Պ.- Ես անձամբ դրա փորձն ունեմ, ապրել եմ այդ ամէնը: Մինչ այդ, յարաբերութիւնները եկեղեցական շրջանակներում էին: Միայն եկեղեցու հետ կապուած մարդիկ էին երբեմն գնում-գալիս: Այդ ամէնով հանդերձ, մի ազգականիս Խորհրդային Հայաստանից բերել տալու համար երեք տարի չարչարուեցի: Ոստիկանատուն էիր գնում, դիմում էիր գրում, ամիսներով քննում էին, տուն էին գալիս ստուգման, որոշում էին, թէ այդ մարդը կարո՞ղ է գալ, թէ՞ չէ: Նոյն կերպ, Հայաստանում էլ գործերը ամիսներով, տարիներով սպասում էին ներքին գործերի նախարարութեան ինչ-որ բաժնում: Ուզում եմ ասել` Հայաստան գնալը հեշտ չէր, դուրս գալը` նոյնպէս: Այդ ամէնն առնուազն երկու տարի էր տեւում, իմ դէպքում երեք տարի տեւեց: Բոլոր փաստաթղթերը յանձնում էինք: Միհրանն էլ նոր էր ծնուել, հարցրեցին` քանի՞ զաւակ ունես, աւել-պակաս հարցեր` հայերէն գիտեն-չգիտեն, մի թեթեւ էլ հարցաքննեցին: Ազգականիդ բերելու համար ստիպուած էիր այս ամէնին ենթարկուել: Զուր տանջանք: Միայն Թուրքիայում չէ, Հայաստանում էլ էր նոյնը: Այսինքն չեմ կարող ասել, թէ մէկը վատն էր, միւսը` լաւը:
Հ.- Երեւի հիմա դա այդպէս չէ:
Պ.- Չէ՛, հիմա այդպէս չէ, համեմատաբար ազատ ներս ու դուրս կարողանում ենք անել:
Երկու կողմերում էլ վերաբերմունքը որոշ չափով փոխուել է: Բայց երբեմն մեծամտանում են, «70 հազարին կը վտարենք» ասելով` սպառնում: Բայց այստեղ մարդիկ անօրինական են ապրում: Գում Գափու գնացէք, այնտեղ հայաստանցիները տեղացի հայերից շատ են: Եկեղեցի գնացէք` թէկուզ մէկ պոլսահայի չէք հանդիպի, բոլորն էլ Հայաստանից աշխատելու են եկել, եկեղեցում աղօթում են:
Հիմա անօրինական հայերի երեխաներն էլ են դպրոց ընդունւում, միայն թէ վկայական չի տրւում: Նրանք պարզապէս դասերի են յաճախում: Պետութիւնը նրանց ահա այսպիսի տարօրինակ մի «իրաւունք» տուեց:
Հ.- Վերջին տարիներին համաժողովների ընթացքում էլ արծարծուող իսլամացած հայերի ինքնութեան ընդունման հարցը կայ, մի քիչ էլ այդ մասին խօսենք:
Պ.- Իմ շրջապատում աւելի շատ սասունցիներ են, ես դպրեվանքում եմ սովորել, որտեղ իրենց ուսումն են շարունակել Անատոլիայից եկած աշակերտները: Աւարտելուց յետոյ, միշտ սասունցի ընկերներիս հետ եմ շփուել: Սղերդցի, մշեցի, պիթլիսցի ընկերներիս հետ կապերս միշտ պահպանուել են:
Նրանց մէջ լինելով` ես շուտ եմ նկատել իսլամացած հայերի գոյութիւնը: Օրինակ, մէկ ընկերս ասում էր` «հօրաքոյրս է գալու», եկաւ հօրաքոյրը, եկաւ նամազի պահը ու նա գնաց հետեւի սենեակ աղօթելու: Շատ էի զարմացել, բայց այդպիսով նրանց շուտ էի ճանաչել: Նրանք շատ ինքնամփոփ են ապրում ի հարկէ: Հետագայում արտասահմանից եկողներին հարցնում էի, թէ ինչպէ՞ս պէտք է վարուենք նման մարդկանց հետ, թէ ինչպէ՞ս պէտք է ընդունենք նրանց, թէ ի՞նչ են ներկայացնում նրանք մեզ համար:
Հ.- Այդ նոյն հարցադրումները դեռ այսօր էլ են այժմէական, այդպէս չէ՞:
Պ.- Այո՛, նրանք զարմացած ու ապշած դէմքիս էին նայում: Ես դիտաւորեալ էի հարցնում, նրանք չէին կարողանում պատասխանել: Ապա ես իմ կարծիքն էի յայտնում. ասում էի` «նրանք մեր քոյրերն ու եղբայրներն են»: Ապա ոմանք աւելի շատ էին ջղաձգւում, ոմանք էլ փափկում էին: Այսօր էլ շատ բան չի փոխուել: Այս հարցերը դերեւս օրակարգում են: Այստեղ ամենամեծ խնդիրն, ինչն իմ կարծիքով գրեթէ յաղթահարուած է, այն է, որ հայկական եկեղեցին ազգային բնոյթ ունի: Էքիւմենիք եկեղեցիներում ամէն ազգի ներկայացուցիչ կայ, սակայն հայերն իրենց եկեղեցու շրջանակում ուրիշ ազգերի հետ չեն շփուել: Ափրիկեցու կամ լեհի հետ միասին Աստծուն չեն երկրպագել: Այնպէս որ, հայի համար շատ դժուար է հաշտուել, համակերպուել, արիւնակից դառնալ մէկի հետ, որը թէկուզ քրիստոնեայ է, բայց այլադաւան կամ այլակրօն: Թէեւ նրանց այնքան էլ չեմ հաւանում, սակայն Էջմիածնի կաթողիկոսը մի յայտարարութեամբ ասել է, որ` «նրանք մեր եղբայրներն են»: Շատ տեղին է ասել: Ինչպէ՞ս է նա արտաբերել նման նախադասութիւն` դեռ զարմանում եմ:
Հ.- Սակայն Պոլսոյ պատրիարքարանը նման յայտարարութեամբ հանդէս չի եկել:
Պ.- Ո՛չ, չի արել նման յայտարարութիւն, չնայած որ պատրիարքի ընդհանուր փոխանորդի ազգականների մէջ էլ շատ մուսուլմաններ կան: Խեղճ մարդը չի էլ թաքցնում այդ բանը: Այդ մասին պէտք է աւելի յաճախ արտայայտուել. դա կը թեթեւացնի այդ մարդկանց բեռը:
– Մահմետական հայերի առջեւ ծառացած հարցերից մէկն էլ այն է, որ երբ ուզում են վերադառնալ իրենց հայկական ինքնութեանը, Պատրիարքարանը նրանցից պահանջում է քրիստոնէութիւն ընդունել: Մինչդեռ, շատերի համար հայ լինելը դաւանանքով չի բնորոշւում:
– Կարծես թէ պատրիարքարանի համար «առանց քրիստոնեայ լինելու հնարաւոր չէ հայ լինել»:
Քանի որ եկեղեցին ազգային բնոյթ է կրում: Սփիւռքում, մասնաւորապէս Ֆրանսայում, Ամերիկայում, մարդիկ կենցաղային հարցերը լուծելուց, տուն-տեղ դնելուց յետոյ, երրորդ փուլում եկեղեցի են կառուցել: Դպրոցները շատ աւելի ուշ են կառուցուել: Առանց եկեղեցու հնարաւոր չէ այս մարդկանց համար: Դէ հիմա արի ու ասա նրանց, որ` «այս մարդը թէ՛ հայ է եւ թէ՛ մուսուլման»:
Հ.- Չնայած որ կառավարութիւնը ամէն ինչի մասին մտածել է եւ ցեղային գաղտնաթիւերով հարցին «լուծում» է տուել: Կատակը մի կողմ, սակայն հնարաւո՞ր է ցեղային քոտն իմանալու համար դիմում ներկայացնել:
Պ.- Պոյաճըքէօյի եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը դիմում է կատարել, որպէսզի այդ թաղի բնակչութեան գրանցամատեաններում 02 գաղտնագիր (հայերի գաղտնաթիւը) ունեցողների ցուցակն ստանայ: Թաղային ընտրութիւններում օգտագործելու համար է արւում դա:
Հ.- Գոնէ պատասխան ստացե՞լ են:
Պ.- Կարծեմ` չեն ստացել: Ասել են, թէ իրենց մօտ նման տեղեկութիւն չկայ: Սակայն եկեղեցին հայի համար մեծ նշանակութիւն ունի: Մարդիկ չեն կարողանում պատկերացնել, թէ հայը կարող է անաստուած լինել, մուսուլման լինել:
Հ.- Թէպէտ կաթողիկէ հայեր էլ կան:
Պ.- 40-50 տարի առաջ, երբ մանուկ էի, առաքելական հայերի ու կաթողիկէ հայերի միջեւ ամուսնութիւնը ամօթ էր համարւում: Տներում, ընտանիքների ներսում` առաքելականներս կաթողիկէների նկատմամբ վիրաւորական կատակներ էինք անում, անեկտոթներ էինք պատմում: Նման միջավայրում մեծացած աղջիկը, օրինակ, չէր էլ կարող յայտնել ծնողներին, որ կաթողիկէի հետ է ուզում ամուսնանալ: Սակայն այսօր այդ առումով էլ լուրջ ջանքեր են գործադրւում: Հոգաբարձուների խորհուրդների ժողովներին, պատրիարքարանում թէ այլուր, հրաւիրւում են նաեւ կաթողիկէ հայերի հիմնադրամները:
Հ.- Մի այլ երեւոյթ էլ կայ` տարածքային ինքնութիւնների հարցը: Սփիւռքում դա շատ նկատելի է: Այստեղ Թուրքիայում էլ նման երեւոյթ կա՞յ արդեօք: Օրինակ, ասում էիք, որ թրակիացի էք:
Պ.- Կա՛յ, այստեղ էլ կայ: Վերջերս թրակիացի մի ծանօթս մահացաւ, թաղմանը նկատեցի, որ թրակիացին թրակիացու հետ է ամուսնացել, սեբաստացին` սեբաստացու հետ: Հիմա այդպէս չէ, միախառնուած ենք իրար հետ: Իմ անձնական փորձից օրինակ բերեմ. Մեզ` պոլսահայերիս համար թոքաթցիները, կեսարացիները «գաւառից» եկած, Անատոլիայից եկած «գիւղացիներ» էին` բառիս արհամարհական իմաստով: Այսօր այդ երեւոյթը Ամերիկայում, Քանատայում աւելի վառ է արտայայտուած: Օրինակ, Թոքաթում ծնուած ու հետագայում Քանատա գաղթած հայը չի ուզում, որ իր աղջիկը եգիպտահայի հետ ամուսնանայ` մերժում է: Լսուա՞ծ բան է դա: Լա՛ւ, ասենք` մերժում է, դեռ վերեւից էլ է նայում նրան: Քիչ է մնում` «կեղտոտ արաբ» ասի, բայց դա նկատի ունի:
Հ.- Ինչպիսի՞ փոխկապակցութիւններ էք տեսնում միւս` թուրքիացու, թուրքական, քրտական ինքնութիւնների հետ:
Պ.- Եթէ Թուրքիայում այս վերջին 30 տարիների քրտական իրողութիւնը չլինէր, մենք` հայերս էլ այսպէս հանգիստ չէինք կարող դրսեւորուել: Իրավիճակի բերումով, մենք էլ քրտերի կողքին կարողացանք հանգիստ շունչ քաշել, հրատարակչութեամբ զբաղուել, աւելի հեշտութեամբ ինքնարտայայտուել: Եթէ դա չլինէր, մենք դեռեւս «ընկճուած, շունչներս կտրած» պիտի ապրէինք:
Հ.- Կարծում եմ` «թուրքիացի» եզրոյթն էլ այդ գործընթացի արդիւնքն է:
Պ.- Ճիշդ է, դա չենք կարող ժխտել, այդ ճշմարտութեան վրայ պէտք է կառուցենք մեր ապագան: Քրտերն էլ պէտք է ճիշդ գնահատեն այդ ամէնը: Տիկին Պեսէի վերջերս ասածները եւ նրանից առաջ արուած յայտարարութիւնները բնաւ հաճելի չեն:
Հ.- Փարատուե՞ց արդեօք Պեսէ Հոզաթի յայտարարութեան պատճառած մտահոգութիւնը:
Պ.- Ո՛չ, Օճալանից ստացուած նամակում իւրաքանչիւրի համար մի պարբերութիւն կայ: Այն կարդալիս` կա՛մ կը հանգստանաք, կա՛մ էլ կ՛անհանգստանաք: Ամբողջական չէ նամակը: Նա չի ասում, որ Պեսէն սխալ է, ընդհակառակը, կրկնում է նրա ասածը: 1915 թուի ցեղասպանութիւն լինելու մասին պարզ ու յստակ յայտարարում է: Ինձ մօտ քաղաքական վերլուծութիւններ անելն այնքան էլ չի ստացւում, սակայն ինձ թւում է` դա կառավարութեանը յղուած ուղերձ է. «Արի, օր առաջ համաձայնութեան գանք, առջեւում 2015թ. մէկ տարի է մնացել, ձեռքիս դրա հետ կապուած յաղթաթուղթ ունեմ»:
Հ.- Վերջերս «Թարաֆ» օրաթերթում Մուճահիթ Պիլիճին քրտական ու հայկական ինքնութիւնների մասին մի յօդուած էր հրապարակել: Նա հետեւեալն էր ասում. «Երեւի թէ հայերը թէյի մէջ ոչ մի կերպ չհալչող շաքարի նման են զգում իրենց: Այնինչ, նրանք կ՛ուզենային հալչել ու ընդհանուր հասարակութեան մէջ տեղ գրաւել: Սակայն հասարակութիւնը նրանց պարտադրում է այդ ինքնութիւնից դուրս չգալ: Դրա համար էլ նրանք պարտաւոր են զգում մշտապէս պահպանել բարի մարդու կերպարը, քանի որ միայն այն դէպքում կարող են ընդունուել հասարակութեան կողմից»: Բարի համբաւ ունենալու այսպիսի պարտադրա՞նք է զգում արդեօք թուրքիացի հայը:
Պ.- Մեր առօրեայից մի օրինակ բերեմ ձեզ. քոյրս Քուրթուլուշում է բնակւում, որտեղ փողոցները միակողմանի եւ նեղ են, միայն մէկ մեքենայ կարող է անցնել: Մի օր, հակառակ ուղղութեամբ ընթացող մեքենան ինձանից պահանջում է յետ գնալ, յետ եմ գնում: Սակայն իրականում նա էր գտնւում սխալ ուղղութեան վրայ: Չգիտեմ` կարողացա՞յ բացատրել:
Հ.- Սակայն կարծում եմ` սա միայն ձեզ յատուկ չէ: Որպէս թուրքահայ` երեւի այնքան էլ հեշտ չէ նոյն բանը դիմացինից պահանջել:
Պ.- Դժուար է, ի հարկէ, քանի որ դու այս երկրում երկրորդ կարգի քաղաքացի ես: Անգամ քաղաքացի չես, օտար ես: Բաւական չէ օտար ես, լրտես էլ ես միաժամանակ: Այնպէս որ, երբ առաւօտեան վեր ես կենում` օրն արդէն 20 պարտութեամբ ես սկսում: Մեքենայ ես քշում, ստիպուած ես լինում սխալ ուղղութեամբ երթեւեկող մեքենային զիջել: Դա այդպէս է ի հարկէ, ես այդպէս եմ ապրում այդ իրականութիւնը: Մէկ-մէկ ինքս ինձ հարց եմ տալիս` արդեօք ե՞ս եմ սխալ վարւում:
Հ.- Սա նշանակում է, որ թուրքիացի հայն ինքն իրեն ազատ չի՞ զգում:
Պ.- Անշո՛ւշտ: Դուք ձեզ խեղճացած էք զգում, մանաւանդ երեկոյեան` մտածելով ցերեկը պատահածի մասին: Օրինակ, ես էլ կ՛ուզենայի ապրել իմ տղայիս` Միհրանի պէս, որը պարով է զբաղւում: Դա իմ խառնուածքի մէջ կայ: Բայց մենք ճնշուած սերունդ ենք: Երեկոյեան մտածում ես, թէ կեանքդ ինչպիսին կը լինէր, եթէ ամէն ինչ այլ կերպ դասաւորուէր: Այդ իրավիճակում քրտինքը վրայ է տալիս: Դժուար է:

