Ռուս – Թուրք – Ազրպէյճանական Վտանգը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 18-ին իր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում գովեստներ շռայլեց Թուրքիայի առաջնորդի հասցէին` նրան անուանելով քրեփքիյ մուժիկ (թարգմանաբար` պինդ տղամարդ): Երբ այս տարուայ դեկտեմբերի առաջին օրերին Ռուսաստանի նախագահը պետական այցով մեկնեց Անգարա, մի շարք լրատուամիջոցներ դա կոչեցին ռուսական ցարի այց օսմանեան սուլթանին: Վլատիմիր Փութինն ու Ռեճեփ Թայիփ Էրտողանը բնաւորութեամբ, ժողովրդավարութեան իւրօրինակ ընկալումներով եւ Արեւմուտքի նկատմամբ իրենց կոշտ մօտեցումներում բազմաթիւ նմանութիւններ ունեն: Փութինը յայտարարում է, որ Խորհրդային Միութեան փլուզումը մեծագոյն ողբերգութիւն էր եւ ձգտում է Պիելոռուսիայի, Ղազախստանի եւ Հայաստանի հետ ստեղծել Եւրասիական տնտեսական միութիւն: Էրտողանը չի ձգտում (յամենայն դէպս` չի յայտարարում) ինչ-որ ձեւով վերականգնել Օսմանեան կայսրութիւնը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմքում դրել է նորօսմանականութեան հայեցակարգ:
Ոչ վաղ անցեալի պատմութիւնը պէտք է դաս լինի Հայաստանի համար: Առնուազն մէկ անգամ (Լենին-Աթաթուրք պայմանաւորուածութիւնը` 1920-1921 թուականներին) հայկական շահը զոհաբերուել է յանուն ռուս-թուրքական բարեկամութեան: Երբ Փութինը մամուլի ասուլիսում յայտարարում է, որ Թուրքիան տարածաշրջանային խնդիրների լուծումներում պէտք է իր խօսքն ու դերակատարութիւնը ունենայ, կամայ թէ ակամայ մտածում ես Արցախի հարցի մասին: Հայաստանը բազմաթիւ շղթաներով կապուած է Մոսկուային: Եթէ ոեւէ հայի համար այս նախադասութիւնը վիրաւորական է կամ նուաստացուցիչ, ապա, եկէք, շղթաները դնենք մի կողմ եւ դա համարենք հայ-ռուսական գործընկերութիւն կամ բարեկամութիւն: Բայց դրանից իրերի դրութիւնը չի փոխւում: Ռուս-թուրքական մերձեցումը վտանգաւոր է Հայաստանի եւ հայկական շահերի տեսանկիւնից:
Լենին-Աթաթուրք դաշինքից եւ 1925 թուականի խորհրդա-թուրքական պայմանագրից ի վեր Մոսկուա-Անգարա կապերը այնքան ամուր չեն եղել, ինչպէս այսօր: Թուրքիան չմիացաւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, հակառակը` խոստացաւ դէպի Ռուսաստան աւելացնել այն ապրանքների մատակարարումները, որոնք նախկինում առաքւում էին Եւրոպայից: Ռուսաստանը դադարեցրեց Պուլկարիայով դէպի Եւրոպա նոր կազատարի կառուցումը եւ յայտարարեց, որ այն կ՛անցնի Թուրքիայի տարածքով: Այսօր Թուրքիայի ամենախոշոր երկրորդ առեւտրային գործընկերը հէնց Ռուսաստանն է: Աւելի՛ն. Ռուսաստանը Թուրքիայում պէտք է հիւլէական կառուցի:
Այն պայմաններում, երբ Հայաստանի կախումը Ռուսաստանից չափազանց խորն է, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան հասել են ռազմավարական գործընկերութեան, ապա վտանգ կայ, որ ռուսներն ու թուրքերը կարող են հայկական հարցում կայացնել որոշումներ` անտեսելով Հայաստանի եւ Արցախի շահը: Ճիշդ է, Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով հայ սահմանապահների հետ կանգնած են նաեւ ռուս սահմանապահները, իսկ Գիւմրիում տեղակայուած է ռուսական 102-րդ ռազմակայանը, սակայն ռուսները Հայաստանում առաջին հերթին ոչ թէ հայկական, այլ ռուսական շահն են պաշտպանում:
Ուշագրաւ էր, որ իր ասուլիսում, խօսելով արտասահմանում տեղակայուած ռուսական ռազմակայանների մասին, Փութինը ընդգծեց, թէ աշխարհում նման երկու ռազմակայան կայ միայն` Տաճիկստանում եւ Խրխըզստանում: Փութինը չյիշատակեց Գիւմրիի 102-րդ ռազմակայանը: Հաւանաբար այդ ձեւով նա ցանկացաւ ուղերձ յղել Էրտողանին, որ Հայաստանում տեղակայուած ռազմակայանը ուղղուած չէ Թուրքիայի դէմ: Յիշեցնենք, որ Գիւմրիի ռուսական ռազմակայանը ձեւաւորուել է 1992-ին` Խորհրդային Հայաստանում տեղակայուած նախկին խորհրդային 7-րդ բանակի հենքով: Այդ բանակը Խորհրդային Հայաստանում ունէր ԽՍՀՄ-ը Թուրքիայից պաշտպանելու առաջադրանք: Ինչպէս ռուս, այնպէս էլ հայ պաշտօնեաները բազմիցս յայտարարել են, որ ռուսական զօրքերը եւ սահմանապահները Հայաստանում են, որպէսզի պաշտպանեն մեր երկիրը Թուրքիայի հնարաւոր սպառնալիքներից:
Ռուսաստանը աննախադէպ խորացրել է նաեւ յարաբերութիւնները Հայաստանի մէկ այլ հակառակորդ պետութեան` Ազրպէյճանի հետ: Վերջին տարիներին Ռուսաստանը Ազրպէյճանին վաճառել է 4 միլիառ տոլար ընդհանուր արժողութեամբ զէնք եւ զինամթերք: Այս իրողութիւնը, անկասկած, մտահոգում է Հայաստանի ղեկավարութեանը եւ ժողովրդին, քանի որ Իլհամ Ալիեւը պատերազմով է սպառնում Արցախին ու Հայաստանին: Սակայն Հայաստանի համար ռուս-ազրպէյճանական ռազմավարական համագործակցութեան խորացման վտանգը վաճառուող զէնքը չէ միայն: Ի վերջոյ, Ազրպէյճանը ֆինանսական հնարաւորութիւններ ունի այլ երկրներից եւս զէնքեր գնելու, ինչը անում է:
Վտանգը այլ տեղում է: Եթէ Իլհամ Ալիեւը աւելի թեքուի դէպի Ռուսաստան եւ Եւրասիական տնտեսական միութիւն, հասկացնել տայ, որ կարող է անգամ անդամակցել այդ կառոյցին, պայմանով, որ Վլատիմիր Փութինը օգտագործի իր հեղինակութիւնը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մէջ, ապա նման զարգացումը կարող է իրական սպառնալիք լինել Հայաստանի եւ Արցախի համար: Այստեղ էլ պէտք է մեզ համար դաս լինի ոչ վաղ անցեալի պատմութիւնը: 1921-ի ամրանը հէնց Ռուսաստանն էր, որ Արցախը դրեց Ազրպէյճանի կազմում:
Դժուար է միանշանակ համաձայնուել այն տեսակէտի հետ, որ Հայաստանը Եւրասիական տնտեսական միութեանը անդամակցեց անվտանգութեան նկատառումներով: Աւելի պարզ` Հայաստանը չէր կարող ընդդիմանալ եւ ոչ ասել այդ կառոյցին անդամակցութեանը, քանի որ Փութինը Արցախի հարցում կը պաշտպանէր Ազրպէյճանին: Ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի անդամակցութիւնից յետոյ Արցախի հարցում ճնշումներ չեն լինի: Բացի այդ, չի երեւում, որ Ռուսաստանը եւ յատկապէս Պիելոռուսիան ու Ղազախստանը Արցախի հարցում բարեկամաբար են տրամադրուած Հայաստանի նկատմամբ:
Բոլոր երեք պետութիւնների խորհրդարանները վաւերացրել են Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի անդամակցութիւնը, սակայն յստակ եւ հրապարակաւ յայտարարել, որ Հայաստանը այդ կառոյցին անդամակցում է առանց Լեռնային Ղարաբաղի: Աւելի՛ն. ռուս պաշտօնեաները ակնարկում են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակէտ տեղադրելու հարցը դեռեւս որոշուած չէ: Այսպիսով, Ռուսաստանը, Պիելոռուսիան ու Ղազախստանը եւս մէկ անգամ ընդգծում են, այս դէպքում` յատուկ Ազրպէյճանի համար, որ ճանաչում են վերջինիս տարածքային ամբողջականութիւնը:
Մի կողմից ռուս-թուրքական, միւս կողմից` ռուս-ազրպէյճանական գործընկերութեան խորացման պայմաններում Հայաստանը պէտք է զարկ տայ երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութեանը մի քանի ուղղութիւններով: Առաջին` խորացնել Եւրոպական Միութեան, ՕԹԱՆ-ի եւ Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները: Երկրորդ` անմիջական երկու հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ պահել եւ նոր մակարդակի բարձրացնել գործընկերութիւնը: Երրորդ` քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցութիւն սկսելու ուղղութեամբ: Չորրորդ` վերականգնել 1990-ականների կէսերին գործող Հայաստան-Իրան-Յունաստան եւ Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ ձեւաչափով հանդիպումները: Այս ամէնը պէտք է անել ոչ ի հակակշիռ Ռուսաստանի, այլ` յանուն Հայաստանի ինքնիշխանութեան ամրապնդման:
Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն
Յատուկ «Ազդակ»-ի համար