ՅԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱ

2011 թուականի յունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրութիւնները, որոնց մասնակցում էին երկրի 15 կուսակցութիւնները ներկայացնող 7492 թեկնածուներ եւ 203 անկախ թեկնածուներ: Հիմնական պայքարն ընթացաւ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ), գլխաւոր ընդդիմադիր ուժ, քեմալական ուղղութիւնը ներկայացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) եւ Ազգայնական շարժում կուսակցութեան (ԱՇԿ), ինչպէս նաեւ քրտական Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան (ԽԺԿ) միջեւ: Վերջինս ընտրութիւնների ժամանակ հանդէս եկաւ անկախ թեկնածուների տեսքով` հետագայում խորհրդարանական խմբակցութիւն ձեւաւորելու հեռանկարով: Դրա պատճառն այն էր, որ ԽԺԿ-ն չէր կարող յաղթահարել խորհրդարան մուտք գործելու համար սահմանուած 10 առ հարիւրանոց նախընտրական շեմը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Եւրոպական Միութեան անդամ 47 երկրներում:

Ընտրութիւնների արդիւնքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) 550 մանտաներից 327-ը բաժին ընկաւ ԱԲԿ-ին, 135-ը` ԺՀԿ-ին, 53-ը` ԱՇԿ-ին, իսկ 35-ը` անկախ թեկնածուներին: 2007 թուականի յուլիսի 22-ի վաղաժամ ընտրութիւնների համեմատ` այս անգամ ԱԲԿ-ն հաւաքեց 3.17 առ հարիւրով աւելի քուէ, սակայն նրա խորհրդարանական մանտաների քանակը նուազեց 14-ով, ԺՀԿ-ի քուէներն աճեցին 5.13 առ հարիւրով եւ 23 մանտայով, ԱՇԿ-ն 1.23 առ հարիւրի եւ 18 մանտայի անկում ունեցաւ, իսկ անկախ թեկնածուները 1.33 առ հարիւրի եւ 9 մանտայի աճ արձանագրեցին:

Յատկանշական է, որ ԱԲԿ-ն յաղթել է 81 նահանգներից 66-ում, այդ թւում նաեւ Պոլսում ու Անգարայում: Ընդ որում, ԱԲԿ-ին յաջողուել է 12 նահանգներում 100 առ հարիւրով ստանալ բոլոր երեսփոխանական մանտաները: Այս անգամ որոշակիօրէն նուազել է քրտաբնակ շրջաններում ԱԲԿ-ի ստացած աջակցութիւնը, ինչի պատճառը վերջին շրջանում քրտերի հանդէպ ԱԲԿ-ի վարած կոշտ քաղաքականութիւնն է: Սակայն արեւելեան շրջանների կորուստները փոխհատուցուել են արեւմտեան շրջաններում գրանցած աճով: ԱԲԿ-ին չի յաջողուել որեւէ երեսփոխանական մանտա ստանալ քրտաբնակ Հաքքարի եւ Թունչելի (Տերսիմ), ինչպէս նաեւ` ազրպէյճանաբնակ Իգդիրի նահանգներում: Վերջին դէպքը շատ է զայրացրել Էրտողանին:

ԺՀԿ-ին յաջողուել է յաղթել միայն 8 նահանգներում: Խօսքը Թուրքիայի եւրոպական հատուածի եւ Եգէական ծովին յարակից 7 նահանգների (Զմիւռնիա) մասին է, ուր ԺՀԿ-ն աւանդաբար ուժեղ դիրքեր ունի: Բացի այդ, ԺՀԿ-ն յաղթել է արեւելեան Տերսիմ նահանգում, ինչը պայմանաւորուած է նրանով, որ այնտեղից է սերում ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըճտարօղլուն: ԱՇԿ-ին յաջողուել է յաղթել միայն Հայաստանին սահմանակից եւ ազրպէյճանական մեծ բնակչութիւն ունեցող Իգդիրում, ուր գերիշխում են հակահայկական տրամադրութիւնները: Անկախ թեկնածուները յաղթել են հարաւարեւելեան քրտաբնակ 7 նահանգներում:

Աչքի է զարնում այն, որ ԹԱՄԺ-ն այս անգամ աւելի երիտասարդ կազմ ունի. առաջին անգամ խորհրդարան անցնելու հնարաւորութիւն են ստացել 25 տարին բոլորած անձինք (նախկինում որպէս երեսփոխանական նուազագոյն տարիք էր սահմանուած 30-ը): Բացի այդ, ԹԱՄԺ-ում յայտնուել են 349 նոր երեսփոխաններ:

Այսպիսով, ԱԲԿ-ին յաջողուեց 3-րդ անգամ անընդմէջ (03.11.2002 – 34.28 առ հարիւր եւ 363 մանտա, 22.07.2007-46.66 առ հարիւր եւ 341 մանտա, 12.06.2011- 49.83 առ հարիւր եւ 327 մանտա) յաղթել խորհրդարանական ընտրութիւններում, ինչը բրիտանական «Տի Իքոնոմիսթ» պարբերականն անուանեց «հեթ-թրիք»: Ուշագրաւ է, որ ԱԲԿ-ն, ամէն անգամ տոկոսային առումով բարելաւելով իր ցուցանիշը, մանտաների քանակի աստիճանական կորուստ է կրել: Դա պայմանաւորուած է նրանով, թէ տուեալ դէպքում ընտրողները որչափ են իրենց քուէն տուել այն կուսակցութիւններին, որոնք չեն կարողացել յաղթահարել նախընտրական 10 առ հարիւրանոց շեմը. 2007 թուականին «կորել» էր ընտրողների քուէների միայն 13 առ հարիւրը, մինչդեռ 2002 թուականին այդ ցուցանիշը կազմել էր 43 առ հարիւր:

ԱԲԿ-ի ներկայիս յաղթանակը նշանակում է, որ այն առնուազն եւս 4 տարի պէտք է ղեկավարի Թուրքիան, ինչը 1946 թուականին բազմակուսակցական համակարգի ներդրումից յետոյ կը հանդիսանայ մրցանիշ: Դրան կարող է խանգարել միայն հնարաւոր զինուորական յեղաշրջումը, սակայն դրա հաւանականութիւնն օրէցօր աւելի է նուազում` հաշուի առնելով այն, որ Թուրքիայի Հանրապետութեան (ԹՀ) հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից կանխորոշուած երկրի աշխարհիկ վարչակարգի  հիմնական պահապաններ հանդիսացող զինուորականներն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը:

Ընթացիկ ընտրութիւններում Ժողովրդահանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) որոշակի յաջողութիւնը վկայում է նախորդ տարուայ մայիսին սեռական գայթակղութեան պատճառով հրաժարական տուած ԺՀԿ նախկին նախագահ Տենիզ Պայքալին փոխարինած Քեմալ Քըլըճտարօղլուի վարած ճիշդ քաղաքականութեան մասին: Վերջինս իրականացրել է մի շարք ներկուսակցական բարեփոխումներ` ընտրութիւններին ներկայանալով նոր գաղափարներով ու նոր խմբով: Նման թափի պահպանման դէպքում ԺՀԿ-ն հետագայ ընտրութիւններում կարող է լուրջ մրցակից հանդիսանալ ԱԲԿ-ի համար:

Ինչ վերաբերում է Ազգային Շարժում կուսակցութեան (ԱՇԿ), ապա թէեւ ընտրութիւններից առաջ նրա վերնախաւն «ինչ-որ մէկի» (ըստ ԱՇԿ նախագահ Տեւլեթ Պահչելիի` Էրտողանի) թեթեւ ձեռքով յայտնուել էր սեռական գայթակղութիւնների կիզակէտում, այնուամենայնիւ, դա նրա համար կործանարար չեղաւ, սակայն բացասական հետեւանքներ ունեցաւ: ԱՇԿ-ին յաջողուեց յաղթահարել նախընտրական 10 առ հարիւրանոց շեմը եւ պահպանել սեփական ներկայութիւնը ԹԱՄԺ-ում, սակայն` 18 մանտայի կորստեան գնով: Դա խօսում է այն մասին, որ թուրք ազգայնական ընտրազանգուածը, անկախ ամէն ինչից, հաւատարիմ մնաց կուսակցութեանը եւ տապալեց ԹԱՄԺ-ից ԱՇԿ-ին հեռացնելու շահագրգիռ կողմերի (առաջին հերթին ԱԲԿ-ի) ծրագիրը:

Ընտրութիւններից առաջ խորհրդարանում 8 ներկայացուցիչ ունեցող քրտամէտ Խաղաղութիւն եւ ժողովրդական կուսակցութիւնը (ԽԺԿ) այս անգամ կարողացաւ հասնել առաւել նշանակալից յաջողութեան եւ ԹԱՄԺ-ում մեծացնել իր ներկայութիւնը: Դա նրան հնարաւորութիւն է ընձեռում առաւել մեծ կշիռ ունենալ տարբեր օրինագծերի առաջքաշման ու հաստատման ժամանակ: Ինչպէս եւ սպասւում էր, քուրդ անկախ թեկնածուները ԹԱՄԺ-ում ձեւաւորեցին 3-րդ ընդդիմադիր խմբակցութիւնը` ԽԺԿ:

Ընտրութիւններից յետոյ թուրքական լրատուամիջոցները յայտարարեցին, որ 9 նորընտիր երեսփոխանների համար բանտից խորհրդարան տանող ճանապարհն անցնելու է դատարանի միջոցով: Նրանցից 6-ը ներկայացնում են ԽԺԿ-ն, 2-ը` ԺՀԿ-ն, 1-ը` ԱՇԿ-ն: Նորաթուխ քուրդ երեսփոխանները բանտում են յայտնուել քուրդ «ահաբեկիչ»ներին աջակցելու մեղադրանքով: Խօսքը Կիւլսերեն Եըլտըրըմի (Մարտին), Սելմա Ըրմաքի ու Ֆայսալ Սարըյըլտըզի (Շըրնաք), Հաթիփ Տիճլէի (Տիգրանակերտ), Իպրահիմ Այհանի (Շանլըուրֆա) եւ Քեմալ Աքթաշի (Վան) մասին է: ԺՀԿ-ի դէպքում նրա ներկայացուցիչները` լրագրող Մուսթաֆա Պալպայը (Զմիւռնիա) եւ գիտնական ու հասարակական գործիչ Մեհմեթ Հապերալը (Զոնկուլտաք), բանտում են յայտնուել «Էրկենեքոն» ահաբեկչական կազմակերպութեան գործի շրջանակներում, իսկ ԱՇԿ-ի միակ ներկայացուցիչը «Պալեոզ»ի (լախտ) գործով ձերբակալուած պաշտօնաթող զօրավար Էնկին Ալանն է (Պոլիս):

Յունիսի 23-ին Թուրքիայի Բարձրագոյն ընտրական խորհուրդը վեթօ դրեց Հաթիպ Տիճլէի երեսփոխանական լիազօրութիւնների վրայ` իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ Տիճլէն ահաբեկչութեան օգտին քարոզչութիւն կատարելու համար դատապարտուել է 1 տարի 8 ամիս ժամկէտով: Խորհուրդը գտնում է, որ Տիճլէն պատգամաւոր կարող է դառնալ 2014 թուականից ոչ շուտ:

Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրտերի շրջանում, որոնք քաոսային իրավիճակ առաջացրին Թուրքիայի տարբեր շրջաններում, այդ թւում նաեւ` Պոլիս: Միւս քուրդ նորընտիր երեսփոխաններն իրենց հերթին սպառնացին պոյքոթի ենթարկել խորհրդարանի աշխատանքները: ԺՀԿ-ն նոյնպէս սպառնաց վարուել նման կերպ` բանտից Պալպայի ու Հապերալի չազատման դէպքում:

Յունիսի 28-ին ԹԱՄԺ-ը նորընտիր կազմով հաւաքուեց առաջին անգամ, տեղի ունեցաւ 361 նորընտիր երեսփոխանների երդման արարողութիւնը: ԹԱՄԺ-ի պատմութեան ընթացքում առաջին անգամ երդման արարողութիւնն ուղեկցուեց առանց 189 երեսփոխանի մասնակցութեան: Փաստօրէն դրան մասնակցել են միայն ԱԲԿ-ն ու ԱՇԿ-ն: Չնայած ընդհանուր առմամբ ԺՀԿ-ն չմասնակցեց դրան, այնուամենայնիւ, չխախտեց աւանդոյթը, եւ ԺՀԿ ներկայացուցիչ Օքթայ Էքշին, ով ԹԱՄԺ ամենատարեց երեսփոխանն է, երդում տուեց եւ խորհրդարանի կանոնադրութեան համաձայն` ժամանակաւորապէս ստանձնեց ԹԱՄԺ նախագահի պաշտօնը` մինչեւ վերջինիս ընտրութիւնը:

Պէտք է նշել, որ ԺՀԿ-ի ու ԽԺԿ-ի խորհրդարանական պոյքոթը չկարողացաւ խանգարել ԹԱՄԺ-ի գործունէութեանը: ԹԱՄԺ-ի աշխատանքներին մասնակցող ԱԲԿ-ի ու ԱՇԿ-ի մանտաների քանակը (ընդհանուր` 380 մանտա) թոյլ էր տալիս ոչ միայն պարզապէս գործել, այլեւ` օրէնքներ ընդունել, ինչի համար պահանջւում է սահմանադրական մեծամասնութիւն (367 քուէ): Փաստօրէն, դրա համար ԱԲԿ-ն պարտական է ԱՇԿ-ին, ինչն էլ յարուցել էր ԺՀԿ-ի զայրոյթը: ԺՀԿ-ն ու ԱՇԿ-ն սկսեցին միմեանց մեղադրել դաւաճանութեան մէջ: ԱՇԿ նախագահ Տեւլեթ Պահչելիին հասցէագրած իր խօսքում Քըլըճտարօղլուն նշել է. «Ես կարող եմ ասել միայն մէկ բան: Մենք չենք դաւաճանում մեր ընկերներին»: Սրանով նա ակնարկեց այն, որ ԱՇԿ-ն պարտաւոր էր աջակցել ընդդիմութեան պոյքոթ որոշումին` ելնելով նրանից, որ այդ կուսակցութեան երեսփոխան Էնկին Ալանը դեռեւս ապօրինաբար պահւում է բանտում: Ի դէպ, վերջինս 1999 թուականին Քենիայում ղեկավարել է թուրքական յատուկջոկատայինների խումբը` ձերբակալելով քուրդ առաջնորդ Ապտիւլլա Օճալանին եւ նրան հասցնելով Թուրքիա:

Սակայն ԱՇԿ-ի վերնախաւն անպատասխան չթողեց Քըլըճտարօղլուի այդ մեղադրանքը: ԱՇԿ փոխնախագահ Ֆարուք Պալը յայտարարեց. «Այդ արտայայտութիւնը չի մեծացնում նրա համբաւը: Մենք նոյնպէս համաձայն չենք դատարանի որոշման հետ: Սակայն նման պահուածքով ԺՀԿ-ն դաւաճանում է իր 11 միլիոն ընտրողներին»: Իսկ ԱՇԿ վերնախաւի մէկ այլ ներկայացուցիչ` Օքթայ Վուրալը, իր հերթին նշեց. «Մենք երբեք չենք դաւաճանի ո՛չ մեր ընկերներին, ո՛չ էլ ժողովրդի կամքին: Մենք գիտենք, թէ ինչպէս է անհրաժեշտ ներկայացնել ժողովրդի կամքը»:

Յուլիսի 4-ին տեղի ունեցաւ ԹԱՄԺ նախագահի ընտրութիւնը: Միայն երրորդ փուլում ԱԲԿ ներկայացուցիչ Ճեմիլ Չիչեքը, յաղթահարելով պահանջուող քուէի շեմը, դարձաւ ԹԱՄԺ-ի 25-րդ նախագահ:

Չիչեքն անմիջապէս ձեռնամուխ եղաւ ընդդիմադիրների պոյքոթի արդիւնքում առաջացած խորհրդարանական ճգնաժամի հարթմանը: Յուլիսի 7-ին նա հանդիպումներ ունեցաւ Քեմալ Քըլըճտարօղլուի եւ քուրդ երեսփոխաններ Սըրրը Սաքըքի եւ Հասիփ Քափլանի, իսկ յաջորդ օրը` Սելահատտին Տեմիրթաշի ու Կիւլթան Քըշանաքի հետ: Չիչեքից առաջ էլ խնդրի հարթմամբ ստիպուած էր եղել անձամբ զբաղուել Կիւլը, որը յունիսի 30-ին հանդիպել էր Քըլըճտարօղլուի, իսկ յաջորդ օրը` քրտերի ներկայացուցիչներ Շերաֆէտտին Էլչիի եւ Ահմեթ Թիւրքի հետ:

Յուլիսի 6-ին թուրքական «Զաման» թերթը գրեց. «Նորընտիր երեսփոխանների երդման արարողութեան վերջնաժամկէտը սպառւում է յուլիսի 15-ին: Սահմանադրութեան 84-րդ յօդուածի եւ ԹԱՄԺ-ի ներքին կանոնակարգի 138-րդ յօդուածի համաձայն` մէկ ամսուայ ընթացքում, առանց յարգելի պատճառի, 5 նստաշրջանից բացակայած երեսփոխանները զրկւում են իրենց երեսփոխանական լիազօրութիւններից:

Դա նշանակում էր, որ երդման արարողութիւնը եւ ԹԱՄԺ-ի առաջին երկու նիստերը պոյքոթի ենթարկած ԺՀԿ-ի եւ ԽԺԿ-ի նորընտիր երեսփոխանները պէտք է կողմնորոշուեն մինչեւ յուլիսի 15-ը, քանի որ մինչ այդ տեղի են ունենալու ԹԱՄԺ-ի յաջորդ երեք նիստերը: Եթէ երեսփոխանական լիազօրութիւններից զրկուածների թիւը գերազանցում է ԹԱՄԺ-ի կազմի 5 առ հարիւրը (28 մանտա), ապա երեք ամսուայ ընթացքում անցկացւում են միջանկեալ ընտրութիւններ: Այդ դէպքում ԱԲԿ-ին կը յաջողուի ստանալ խորհրդարանական մեծամասնութիւն` 367 քուէ (2/3-ը): Դրա համար էլ պատահական չէր, որ Օճալանը, որը սկզբնական շրջանում ողջունել էր քուրդ երեսփոխանների պոյքոթը, յուլիսի 8-ին նրանց կոչ արեց երդում տալ խորհրդարանում:

Յուլիսի 8-ին Չիչեքի հետ ունեցած մօտ 40 րոպէանոց հանդիպումից յետոյ Էրտողանը յայտարարեց, որ խորհրդարանական ճգնաժամը մօտ է աւարտին: Դժուար է կարծել, թէ ԺՀԿ-ն ու ԽԺԿ-ն պատրաստ են զրկուել խորհրդարանում ներկայացուած լինելուց եւ միջանկեալ ընտրութիւնների միջոցով ԱԲԿ-ին սեփական ուժերով ցանկացած օրինագիծ հաստատելու հնարաւորութիւն ընձեռել:

Ինչ վերաբերում է կառավարութեանը, ապա յունիսի 14-ին վերջին անգամ հաւաքուեց Էրտողանի գլխաւորած թուրքական 60-րդ կառավարութիւնը: Նոյն օրը Չանքայա նախագահական նստավայրում Ապտիւլլա Կիւլն Էրտողանից ընդունեց 60-րդ կառավարութեան հրաժարականը` յանձնարարելով ձեւաւորել նոր կառավարութիւն: Վերջինս (61-րդ կառավարութիւնը) ներկայացուեց յուլիսի 6-ին: Այն շատ չէր տարբերւում նախորդ կազմից. դրանում յայտնուել էին 6 նոր անուններ, իսկ 3 նախարարներ էլ փոխատեղում էին կատարել: Փոխվարչապետեր դարձան Պիւլենթ Արընչը, Ալի Պապաճանը, Պեշիր Աթալայը եւ Պեքիր Պոզտաղը:

Յուլիսի սկզբին Էրտողանը խորհրդարանում ներկայացուած բոլոր ուժերին եւ երկրի հասարակական կազմակերպութիւններին կոչ արեց համատեղ աշխատել նոր սահմանադրութեան մշակման վրայ. «Եթէ մենք գանք համախոհութեան, ԱՇԿ-ի հետ յանգենք միացեալ կարծիքի, ապա կ՛իրականացնենք նոր սահմանադրութեան մշակմանն առնչուող մեր բոլոր պարտականութիւնները: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում ամենախոշոր ընդդիմադիր ուժը ԺՀԿ-ն է` մենք շատ ենք ցանկանում, որ այդ կուսակցութիւնն էլ ներգրաւուի այս գործընթացում: Դա շատ կարեւոր է ժողովրդավարական խորհրդարանական համակարգի զարգացման տեսանկիւնից»:

Ի դէպ, ընտրութիւններից առաջ բազմիցս խօսուել է, թէ Էրտողանն ընտրութիւններից յետոյ փոխելու է 1980 թուականի սեպտեմբերի 12-ին Թուրքիոյ պատմութեան ընթացքում ամենաարիւնալի ռազմական յեղաշրջման արդիւնքում` 1982 թուականի նոյեմբերի 7-ին, ընդունուած սահմանադրութիւնը, Թուրքիան անցում է կատարելու ամերիկեան կամ ֆրանսական օրինակով նախագահական համակարգին (երբ նախագահն առաւել մեծ լիազօրութիւններ կ՛ունենայ), իսկ Էրտողանը դառնալու է նախագահ:

Սակայն խորհրդարանական ընտրութիւններից օրեր անց թուրք պատմաբան Թարհան Էրկենը յայտարարեց, որ Էրտողանը չի փորձելու նախագահ դառնալ. «2012 թուականին (գարուն) կայանալիք նախագահական ընտրութիւններին մնացել է ընդամէնը մէկ տարի: Դա շատ սեղմ ժամկէտ է` սահմանադրութիւնում նախագահական համակարգի մասին ուղղումներ մտցնելու համար: Միեւնոյն ժամանակ, 2015 թուականին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների համար Էրտողանը չի կարող առաջադրել սեփական թեկնածութիւնը, քանի որ ԱԲԿ կանոնադրութիւնն արգելում է երեք անգամից աւելի դառնալ երեսփոխան: Էրտողանին պէտք չէ նախագահութիւնը, նա ցանկանում է պատմութեան մէջ մտնել որպէս «Քրտական հարցը» լուծած քաղաքական գործիչ, ինչից յետոյ կ՛աւարտի իր պատմական առաքելութիւնը»:

Թարհանի հետ համակարծիք է բրիտանական «Տի Իքոնոմիսթ» պարբերականը. «Էրտողանը կարող է կանգնել Քեմալ Աթաթուրքի կողքին: Էրտողանը պէտք է հրաժարուի ֆրանսականի նման նախագահական համակարգին անցում կատարելուց: Առաւել կենտրոնացուած ուժեղ նախագահական համակարգը վատ գաղափար է Թուրքիայի եւ հնարաւոր է` անընդունելի մնացեալ բոլոր կուսակցութիւնների համար: Էրտողանը պէտք է լուծի ամենակարեւոր խնդիրը` «Քրտական հարցը», որը 15 միլիոն քրտական բնակչութիւն ունեցող Թուրքիայի ամենալուրջ հարցն է: Էրտողանը 4-րդ անգամ չի կարող առաջադրուել որպէս երեսփոխանական թեկնածու, դրա համար էլ նշում են, թէ նրա հայեացքը գամուել է նախագահութեան վրայ: Սակայն Էրտողանը հիմնականում մտածում է պատմութեան մէջ հետք թողնելու մասին: Եթէ նրան յաջողուի ընդունել ազատական սահմանադրութիւն եւ լուծել «Քրտական հարցը», ապա նա կարող է տեղ զբաղեցնել Աթաթուրքի եւ այլ նշանաւոր թուրքերի կողքին»:

Այսպիսով, խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Էրտողանը պէտք է լուծի երկու հիմնական խնդիր` նոր սահմանադրութեան ընդունումն ու «Քրտական հարցի» ժողովրդավարական կարգաւորումը: Եթէ Էրտողանին յաջողուի նախագահական համակարգին անցում կատարելու հարցում ստանալ ընդդիմադիր կուսակցութիւնների եւ հէնց իր կուսակիցների համաձայնութիւնը, ապա յաջորդ տարի նա կարող է հնգամեայ ժամկէտով ընտրուել նախագահ` նոյն ժամկէտով եւս մէկ անգամ վերընտրուելու հնարաւորութեամբ: Հակառակ դէպքում Էրտողանը ստիպուած կը լինի 2015 թուականին լքել քաղաքական ասպարէզը:

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

«Նորավանք»

Share this Article
CATEGORIES