«ՄԵՏԻԱՄԱՔՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԿՈՄԻՏԱՍ» ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՏՆՕՐԷՆ, ՊԱՏՄԱԲԱՆ ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆԻ ՀԵՏ

ԹԱԼԷԱԹ ՓԱՇԱՅԻ ԶԵԿՈՅՑԸ, ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ, ՕՍՄԱՆԵԱՆ ԶԵԿՈՅՑ Է

Արա Սարաֆեան

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».- 2011-ի  ապրիլին Լոնտոնի «Կոմիտաս» հիմնարկը լոյս ընծայեց Արա Սարաֆեանի «Թալէաթ փաշայի զեկոյցը Հայոց ցեղասպանութեան մասին, 1917» աշխատութիւնը:

Սա Թալէաթ փաշայի անձնական թղթերում գտնուած եւ յայտնի թուրք լրագրող եւ պատմաբան Մուրատ Պարտաքչիի կողմից հրապարակուած զեկոյցի նոր գնահատականն է: Արա Սարաֆեանի խօսքերով, Թալէաթ փաշայի զեկոյցի` Պարտաքչիի վերլուծութիւնը սահմանափակ բնոյթ էր կրում եւ չէր արտացոլում փաստաթղթի իրական բովանդակութիւնը: Արա Սարաֆեանը պնդում է, որ 1917 թուականի զեկոյցը իրականում Հայոց ցեղասպանութեան յատուկ գնահատական էր:

«Մետիամաքս»ը զրուցել է Արա Սարաֆեանի հետ:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».- Ի՞նչ կարող էք ասել «Թալէաթ փաշայի զեկոյցը Հայոց ցեղասպանութեան մասին» փաստաթղթի վերաբերեալ:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Զեկոյցը յայտնաբերուել է 1982 թուականին, Թալէաթ փաշայի անձնական արխիւում, թուրք լրագրող եւ պատմաբան Մուրատ Պարտաքչիի կողմից: Նա մասնակիօրէն հրապարակեց այն 2005 թուականին, իսկ 2008-ին յաջորդեց ամբողջական զեկոյցը (բնօրինակի պատճէնով): Ես բնօրինակը անվիճելի փաստաթուղթ եմ համարում, չնայած Պարտաքչին իր ներածական մեկնաբանութիւններում նսեմացրել եւ անգամ խեղաթիւրել է հայերին վերաբերող մասը:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».- Ի՞նչ կերպ է զեկոյցը փոփոխուել կամ խեղաթիւրուել:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Մուրատ Պարտաքչին նախորդում է իր աշխատանքը «Ի՞նչ է պատահել 1915 թուականի ապրիլի 24-ին» նախաբանով եւ կրկնում այն պաշտօնական բացատրութիւնը, որ օսմանեան հայերը 1915 թուականին «տեղափոխութեան» են ենթարկուել: Նա հերքում է Հայոց ցեղասպանութեան մասին ցանկացած դիտարկում եւ Թալէաթի 1917 թուականի զեկոյցին բացարձակապէս ոչ սազական անուանում է տալիս: Այնուամենայնիւ, նա նշում է, որ իր կողմից ներկայացուող տեղեկատուութիւնը բաց է տարբեր մեկնաբանութիւնների համար:

2005-ին զեկոյցի հրապարակումից յետոյ գլխաւոր բանավէճերը «տարւում» էին թուրք պատմաբանների կողմից, որոնք ամէն կերպ մեղմացնում էին զեկոյցի կարեւորութիւնը: Նրանք մատնանշում էին այն փաստը, որ զեկոյցը չունի վերնագիր, ամսաթիւ եւ կարող էր գրուած լինել ցանկացած մէկի կողմից: Նրանք չէին մեկնաբանում այն հանգամանքը, որ այն Թալէաթի անձնական փաստաթղթերում է յայտնաբերուել, չէին քննարկում այն աւելի լայն պարունակում եւ չէին առաջարկում իրենց իսկ կողմից բարձրացուած հարցերի պատասխանները: Որքան գիտեմ, միայն մէկ անգամ թուրք պատմաբան Ֆուաթ Տունտարը քիչ թէ շատ անդրադարձել է զեկոյցին:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».- Դուք կարծում էք, որ թուրք պաշտօնական պատմաբանները թաքցրե՞լ են Թալէաթի զեկոյցը:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Այո՛: Նրանք իրենց հարցերն էին բարձրացնում` չյիշատակելով այն հանգամանքը, թէ որքան խորն էր Թալէաթ փաշան ներգրաւուած օսմանեան հայերի տեղահանման գործընթացի մէջ, եւ թէ ինչպիսի՛ արձանագրութիւններ է հաւաքել ընթացքում: Օրինակ, 1917-ի փետրուարին նա մի քանի շրջաբերական է ուղարկել մի շարք նահանգներ` հայերի մասին յատուկ տեղեկատուութեան տրամադրման պահանջով: Թալէաթի զեկոյցում առկայ տեղեկատուութիւնը նոյն առանձնայատուկ բնոյթն ունի, ինչպէս` տուեալ շրջաբերականի միջոցով իր կողմից հայցուող  տեղեկատուութիւնը: Հետազօտութեան մէջ ներառուած է տարբեր նահանգներում «բնիկ» եւ «արտաքին» հայերի, ինչպէս նաեւ «արտաքին» հայերի ծագման մասին տեղեկատուութիւնը:

Թուրք պաշտօնական պատմաբաններն անշուշտ գիտեն, որ շրջաբերականի  պատասխանները դեռեւս գտնւում են թուրքական արխիւներում, եւ դրանք պարզ ասում են, որ 1917թ. փետրուարին ուղարկուած շրջաբերականը առանցքային է եղել Թալէաթի զեկոյցի համար: Որոշ տեղեկութիւններ համապատասխանում էին Թալէաթի զեկոյցում տեղ գտած տուեալներին, սակայն դրանց մի մասն էլ թարմացուել է եւ մի փոքր տարբեր էին: Տուեալ արխիւային հետքը «Թալէաթ փաշայի զեկոյցը Հայոց ցեղասպանութեան մասին» աշխատութեան իմ ներածութեան էութիւնն է եղել:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».- Ինչպէ՞ս է 1917 թուականի տեղեկատուութիւնը վերաբերում Հայոց ցեղասպանութեանը:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Թալէաթի զեկոյցի նախաբանում ամփոփ վերլուծութիւն է ներկայացուած, որտեղ տեղեկութիւնների լրացուցիչ բաժիններ կան: Կայ մի սիւնակ, որտեղ ներկայացուած է 1914 թուին հայ բնակչութիւնը տարբեր նահանգներում` օսմանեան վիճակագրութեան համաձայն: Կայ նաեւ մէկ այլ սիւնակ` կազմուած 1917 թուականի հետազօտութեան արդիւնքներով: Այն ցոյց է տալիս իւրաքանչիւր նահանգում հայերի ընդհանուր թիւը, որոնք հաշուառուած էին այլ նահանգներում: Այս վերջին սիւնակը, ամենայն հաւանականութեամբ, ստեղծուել եւ ներառուել է ամփոփ վերլուծութեան մէջ յատուկ ցուցումով (հետաքրքրական է, որ չկայ մի սիւնակ, որտեղ գրուած է հայերի ընդհանուր թիւը տարբեր նահանգներում): Ամփոփ վերլուծութեան մէջ ներառուած տեղեկատուութեան շնորհիւ Թալէաթը կարող էր, օրինակ, տեղեկանալ Իզմիթում 1914-ին բնակուող հայերի քանակի մասին եւ տեսնել, թէ Իզմիթի որքան հայեր են մնացել իրենց հայրենի նահանգում կամ որեւէ այլ տեղ Օսմանեան կայսրութիւնում 1917 թուականին: Այս թուերը թոյլ են տուել Թալէաթին հետեւել, թէ քանի՛  իզմիթահայեր են բռնագաղթել իրենց հայրենի նահանգից եւ քանիսն են ողջ մնացել (կամ չեն մնացել) 1917 թուականին:

Ճիշդ այդ պատճառներից ելնելով` ես որոշեցի առաջին անգամ Մուրատ Պարտաքչիի կողմից հրապարակուած` Թալէաթի փաստաթղթի իմ վերլուծութիւնը անուանել «Թալէաթ փաշայի զեկոյցը Հայոց ցեղասպանութեան մասին, 1917թ.»: Հարկ եմ համարում նշել, որ ես կտրականապէս համաձայն չեմ Մուրատ Պարտաքչիի հետ, ով այդ նոյն զեկոյցը վերնագրել է «Հայոց բնակչութեան ընդհանուր քանակը տեղափոխումից յետոյ»: Եթէ զեկոյցը «տեղափոխութիւն» է նկարագրում, ապա կարելի էր ակնկալել, որ տեղափոխուածների մեծ մասը կը տեղակայուէր որեւէ այլ վայրում, մասնաւորապէս` տեղափոխման գօտում: Իրականում, օսմանեան հայերի մեծամասնութիւնը (կոպիտ հաշուարկով` աւելի քան 80 առ հարիւրը) փաստօրէն անհետացել է 1914-ի եւ 1917-ի միջեւ ընկած ժամանակահատուածում: Նրանց մեծ մասը, հաւանաբար, սպաննուել է, իսկ մեծ քանակութեամբ կանայք եւ երեխաներ ուղարկուել են մահմետական ընտանիքներ: Ինչ վերաբերում է մնացած «բնիկ» եւ «արտաքին» հայերին, գուցէ նրանց աւելի ճիշդ է անուանել Հայոց ցեղասպանութեան «պատանդ  զոհեր»: Նրանք օսմանեան պետութեան «խաղալիքները» դարձան, որը խաղում էր նրանց կեանքի հետ եւ ստիպում ձուլուել որպէս մահմետական-թուրքեր: Որոշ դէպքերում, օրինակ` Կեսարիա նահանգում, ապացոյցները վկայում են, որ նման զոհերի աշխուժօրէն ցրել են մուսուլմանական գիւղեր` ձուլման համար:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».-  Եւ այսպէս, Թալէաթի զեկոյցի համաձայն, քանի՞ հայ է «անհետացել»:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Զեկոյցի համաձայն, 1914 թուականին Օսմանեան կայսրութիւնում պաշտօնական տուեալներով հաշուարկուած էր 1 միլիոն 112 հազար 614 հայ: Ի հարկէ, այս թիւը ճշգրտման կարիք ունի, յատկապէս եթէ հաշուի առնենք, որ այդ թուականին պաշտօնական մարդահամար չէր անցկացուել: Թալէաթի ամփոփ վերլուծութիւնն ուշագրաւ ծանօթագրութիւն է ներառում, համաձայն որի, զեկոյցում նշուած հայերի պաշտօնական թիւը 1914 թուականին չէր ներառում կաթոլիկ հայերին եւ առաքելական ու կաթոլիկ հայերի (չէին ներառւում նաեւ հայ բողոքականները) թիւը ուղղել է ու ներկայացրել 1 միլիոն 256 հազար 403: Ծանօթագրութեան մէջ նաեւ նշուած է, որ հայերի ընդհանուր քանակը պէտք է հասցուի մօտ 1.5 միլիոնի` նրանց թիւը նուազեցնելու միտումը հաշուի առնելով: Նմանապէս, ծանօթագրութիւններում նաեւ նշւում է, որ նահանգների «բնիկ» եւ «արտաքին» հայերի քանակը հարկաւոր է 284,157-ից հասցնել մինչեւ 350-400 հազար: Այդպիսով, այդ տուեալների համաձայն, 1914 եւ 1917 թուականների միջեւ ընկած ժամանակահատուածում շուրջ 1 միլիոն 100 հազար հայ է անհետացել:

Ի հարկէ, այս տեղեկութիւնները պէտք է վերլուծուեն: Առաջին հերթին, պարզ չէ, թէ որքան հայ կար Օսմանեան կայսրութիւնում 1914 թուականին: Բացի այդ, կայ շուրջ 40 հազար հայ բողոքականների հարցը, որոնք չեն ներկայացուել Թալէաթի զեկոյցում (չնայած` նրանք էլ են մեծ մասամբ տեղահանուել եւ սպաննուել): Թալէաթի տեղեկատուութիւնը չի ներառում նաեւ մի քանի շրջանների տուեալներ: Առաջին հերթին դա Ջանիկն է (Սամսոն) եւ Էտիրնէն, որտեղ նոյնպէս տեղահանումներ էին իրականացւում: Բացի այդ, պարզ չէ, թէ քանի հայ է կարողացել փախչել դէպի արեւելք եւ ինչ եղաւ նրանց հետ դրանից յետոյ: Եթէ նրանք սովից կամ ցրտից են մահացել, արդեօք պէտք չէ՞ նրանք եւս համարուեն Ցեղասպանութեան զոհ:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».-  Ինչի՞ էք մտադիր հասնել` Թալէաթ փաշայի զեկոյցը ուսումնասիրելով:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Ես փորձում էի գնահատել Թալէաթի զեկոյցի կարեւորութիւնը իբրեւ պատմական փաստաթուղթ: Դա անելուց յետոյ, ես որոշեցի ներկայացնել զեկոյցի տուեալները որպէս պաշտօնական դիրքորոշում Հայոց ցեղասպանութեան նկատմամբ` օսմանեան փաստաթղթերի համաձայն: Փորձել եմ նաեւ հնարաւորութեան սահմաններում  ներկայացնել, թէ ինչպէ՛ս Օսմանեան կայսրութեան հայկական տարբեր համայնքներ վերապրեցին այդ ժամանակահատուածը: Ես չեմ փորձում ուսումնասիրել թուերը, դա կարող է արուել ժամանակի ընթացքում:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».- Ձեր աշխատութեան անգլերէնով հրատարակումից յետոյ անցել է մօտ երեք ամիս: Ինչպիսի՞ արձագանգներ եղան, յատկապէս` թուրքական պաշտօնական պատմաբաններից:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Իմ աշխատանքը շատ ընթերցողների կողմից ջերմօրէն է ընդունուել` ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ այլ երկրներում: Այնուամենայնիւ, այն դեռեւս գիտական արձագանգ չի ստացել: Երբ Մուրատ Պարտաքչին առաջին անգամ հրապարակեց Թալէաթի զեկոյցը, թուրք պաշտօնական պատմաբանների շրջանում համանման անհանգստութիւն էր տիրում: Անգամ  «Նիւ Եորք Թայմզ»ը իր 2009 թուականի մարտի 8-ի «Ամնեզիայի թիկնոցով ծածկուած` Ցեղասպանութեան մօտ մէկ միլիոն զոհ» յօդուածում մեկնաբանել էր այդ «լռութիւնը»:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».-  Չէ՞ք վախենում թուրք պատմաբանների կողմից ձեր հանդէպ անարդար վերաբերմունքից:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Ո՛չ: Իւրաքանչիւր մարդ, ով քննադատում է Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիայի պաշտօնական դիրքորոշումը, պէտք է պատրաստ լինի նման արձագանգին: Դա գործընթացի մի մասն է: Շուտով «Կոմիտաս» հիմնարկը աշխատութիւնը կը հրատարակի թուրքերէնով, եւ ես դեռեւս յոյսեր ունեմ, որ այն առողջ քննարկման առարկայ կը դառնայ:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».-  Ո՞վ է Թուրքիայի ձեր լսարանը:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Մարդիկ են, ում հետաքրքիր է Հայոց ցեղասպանութեան խնդիրը, եւ ովքեր պատրաստ են քննարկել այն պաշտօնական թուրքական դիրքորոշման սահմաններից դուրս:

«ՄԵՏԻԱՄԱՔՍ».-  Վստա՞հ էք, որ աշխատութեան թուրքերէն տարբերակը արդար դիտարկման առարկայ կը դառնայ` հաշուի առնելով այն ծայրայեղական կարծիքները, որոնք արտայայտուել են ձեր հանդէպ որոշակի շրջանակների կողմից:

ԱՐԱ ՍԱՐԱՖԵԱՆ.- Ծայրայեղական հայեացքներով մարդիկ կան ողջ աշխարհում: Սակայն իմ լսարանը տարբեր է: Բացի այդ, Թալէաթ փաշայի զեկոյցի մասին իմ աշխատանքը բարդ գիտական նիւթ չէ: Այն բաւական դիւրամարս է եւ յստակ: Դրա հիմնական մասը բաղկացած է Թալէաթի բնօրինակ զեկոյցում առկայ վիճակագրութիւնից: Զեկոյցի բնօրինակը Պարտաքչիի գրքում հասանելի է ճշգրիտ վերատպութեան ձեւաչափով  (բնօրինակ օսմանեան բնագիրը` թուրքերէն գրադարձութեամբ), այնպէս որ, դրա իսկութիւնը կասկածի ենթակայ չէ: Հայոց ցեղասպանութեան վերաբերող այս տեղեկատուութիւնը աւելի պարզ եզրերով եմ ներկայացրել` աւելացնելով երկու էական քարտէսներ: Աշխատութեան իմ վերլուծութիւնը տուեալներ է ներառում այն մասին, թէ որտեղից է ստացուել տեղեկատուութիւնը եւ ինչպէս է այն օգտագործուել Հայոց ցեղասպանութեան մասին Թալէաթի գնահատականներում: Հետազօտութիւնը հիմնւում է օսմանեան արխիւային նիւթերի վրայ եւ կարող է հեշտութեամբ հաստատուել Թուրքիայում:

«Թալէաթ փաշայի զեկոյցը Հայոց ցեղասպանութեան մասին, 1917» աշխատութիւնը եւ երկու քարտէսները կարող են ներբեռնուել այստեղից.

http://gomidas.org/NOTES_AND_STUDIES/Talaat%20Pasha%20Report%201917.pdf
http://gomidas.org/NOTES_AND_STUDIES/Talaat%20Pasha%20Map%201.pdf
http://gomidas.org/NOTES_AND_STUDIES/Talaat%20Pasha%20Map%202.pdf

Share this Article
CATEGORIES