ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ
Նախկինում հայահոծ Տիգրանակերտ քաղաքն այսօր էլ բաւական ուշագրաւ տեղ ունի Թուրքիայում` ազգային ինքնութեան հարցի զարգացման պարունակում: Ներկայումս առաւելապէս քրտերով բնակեցուած քաղաքում, որը ոչ պաշտօնապէս համարւում է քրտական մայրաքաղաք, ըստ տարբեր աղբիւրների, բնակւում են բռնի իսլամացուած հայութեան ուծացած սերունդներ: Դեռեւս 1894-96թթ. համիտեան կոտորածների ժամանակ Տիգրանակերտում բռնի կրօնափոխութեան են ենթարկուել շուրջ 25 հազար հայեր: Ճիշդ է` նրանց մի մասն աւելի ուշ վերադարձել է քրիստոնէութեան, սակայն որոշակի հատուած շարունակել է ապրել մուսուլմանի քողի ներքոյ: 1915-ի Հայոց ցեղասպանութեան տարիներին եւս Տիգրանակերտում տեղի է ունեցել որոշ թուով հայերի բռնի կրօնափոխութիւն, որը հետագայում աւարտուել է քրտացմամբ: Տարբեր աղբիւրներում հանդիպում ենք փաստերի, որ այսօր էլ Տիգրանակերտում մուսուլման հասարակութիւնը յստակ տարբերակում է կրօնափոխուած հայերի սերունդներին` նրանց համար կիրառելով «ֆըլա» (հայ) եզրը:
Վերջին ժամանակներս Թուրքիայում ընթացող ազգային ինքնութեան հետ կապուած գործընթացները բաւական աշխուժ դրսեւորւում են նաեւ Տիգրանակերտում: Յիշենք, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումից յետոյ հէնց տիգրանակերտցի մի քանի ընտանիք ինքնաբացայայտուեցին` յայտարարելով, որ հայ են եւ ցանկութիւն յայտնեցին վերամկրտուել որպէս հայ քրիստոնեաներ: Ներկայումս էլ ընթանում են Տիգրանակերտում գտնուող Մերձաւոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցու` Սուրբ Կիրակոսի վերակառուցման աշխատանքները, որին բացայայտ աջակցում է Տիգրանակերտի քիւրտ քաղաքապետը, որը յայտնի է հայերի մասին իր դրական յայտարարութիւններով: Այս ամէնը որոշակի ազդակ է ծառայում, որպէսզի ընդդիմադիր քրտերով բնակեցուած քաղաքում ապրող կրօնափոխուած հայերի սերունդներն առաւել յաճախ յայտարարեն իրենց մասին:
Մի քանի տարի առաջ Երեւանում Տիգրանակերտից գիտաժողովի մասնակցելու համար ժամանած քրտուհին մեզ հետ անձնական զրոյցում խոստովանել էր իր հայկական ծագման մասին: Նրա պատմութիւնը, ինչպէս ինքը փոխանցեց, տիպական է տիգրանակերտցի շատ կրօնափոխ հայերի ընտանիքների համար, որում համոզուեցինք հետագայ ուսումնասիրութիւնների ժամանակ: Հայկական ծագումով քրտուհին մասնաւորապէս նշել էր. «Ես միշտ գիտէի, որ իմ հայրական պապը հայ է: Մենք բոլորս գիտէինք, սակայն չէինք խօսում: Նա, ի հարկէ, չէր կարող ապրել որպէս հայ եւ ներկայանում էր որպէս քիւրտ: Ոչ մէկի հետ հայերէն չէր խօսում, բայց երբ իրեն հարց էինք ուղղում, երբեմն պատասխանը հայերէն էր տալիս»: Ուշագրաւ է, որ պապն իր ընտանիքին մանրամասն պատմել է Հայոց ցեղասպանութեան մասին` պատգամելով. «Սա այնպիսի ցաւ է, որ 100 տարի էլ անցնի` չի սպիանայ»:
Վերջին շրջանում տիգրանակերտցի կրօնափոխ հայերը համարձակութիւն են ունենում նաեւ թուրքական մամուլում յայտարարել իրենց մասին եւ ազգային ինքնութեան շուրջ քննարկումներն աշխուժացնել նոր հարցադրումներով: Թուրքական յայտնի «Ռատիքալ» թերթում վերջերս տպագրուել էր տիգրանակերտցի մի ծպտեալ հայի պատմութիւն: Ներկայումս Պոլսում բնակուող Մարի Էսքիճին պատմում է Տիգրանակերտում իրենց կենսակերպի առանձին կողմերի մասին. «Յաճախ հարկադրուած ենք եղել մուսուլմանի պէս ապրել: Մեզ պէս հարիւրաւոր հայ ընտանիքներ էլ ձեւացրել են, թէ իբր մուսուլման են: Աղօթելու եւ խաչակնքուելու համար իջնում էինք տան նկուղը»: Նրա պատմածներից պարզ է դառնում, որ կրօնափոխ հայերը երբեմն պահպանել են նաեւ հայոց լեզուն եւ իրար հետ շփուել մայրենիով: Այսօր կարող ենք հանդիպել բազմաթիւ փաստերի, վկայութիւնների, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանութիւնից յետոյ արդէն հանրապետական Թուրքիայում գոյատեւած հայութեան բեկորները նաեւ 20-րդ դարի կէսին են ենթարկուել բռնի կրօնափոխութեան:
Հետաքրքիր է նկատել, որ աւելի վաղ` 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կրօնափոխուած հայերը խնդիրներ են ունեցել արդէն 1950-ականներին իսլամ ընդունած հայերի հետ, եւ եղել է փոխադարձ անվստահութեան մթնոլորտ: Այս ամէնում կարեւոր դեր է խաղացել համատարած վախի մթնոլորտը Թուրքիայում, սակայն ինչպէս Մարի Էսքիճին է նկատում, տարբեր ժամանակաշրջաններում կրօնափոխուած հայերի համար փոխադարձ անվստահութեան շարժառիթներից է եղել նաեւ հետեւեալ հարցադրումը. «Իսկ եթէ իրօք մուսուլման է դարձե՞լ»: Էսքիճին փոխանցում է նաեւ, որ տիգրանակերտցի կրօնափոխ հայերը խնդիրներ են ունեցել նաեւ Պոլսոյ հայ համայնքի հետ. մասնաւորապէս, տեղափոխուելով Պոլիս, նրանք որպէս քիւրտ են ընկալուել տեղի հայերի կողմից եւ անգամ չեն կարողացել իրենց երեխաներին կրթութեան տալ հայկական դպրոցներում:
Վերջին օրերին թուրքական հեղինակաւոր «Հիւրրիյէթ Տէյլի Նիուզ» անգլիալեզու օրաթերթում տպագրուեց հայազգի լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուի հետաքրքրաշարժ յօդուածը, որի «գլխաւոր հերոսը» կրկին տիգրանակերտցի կրօնափոխ հայ է: Տիգրանակերտում բնակուող Գեաֆուր Թուրքալը թերթի հետ զրոյցում բացայայտ յայտարարում է. «Ես սիւննի մուսուլման եմ, բայց հայ եմ»: Գեաֆուրի հայրը եղել է հաւատացեալ մուսուլման, անգամ գնացել է ուխտի Մեքքա, իսկ իր երեխաներին դաստիարակել է որպէս սիւննի մուսուլմաններ: Այս ամէնով հանդերձ, տասնհինգ տարեկանում Գեաֆուրին յայտնել են, որ իրենք իրականում հայ են, իսկ իրենց ազգանունը Օհանեան է: Ինքնութեան երկուութիւնը, ինչպէս միշտ է պատահում, բազմաթիւ հոգեբանական խնդիրներ եւ հարցականներ է առաջացրել Գեաֆուրի մէջ, եւ այսօր նա եկել է հետեւեալ հանգուցալուծման. «Ես ապրում եմ որպէս մուսուլման, սակայն իմ արմատները եւ մշակոյթը չեմ ժխտում: Կրօնը կարեւոր չէ, սակայն ես ցանկանում եմ իմանալ եւ տիրապետել իմ մայրենի լեզուին»: Գեաֆուրի կարծիքով` հայկական ինքնութիւնը պէտք է կառուցուի ազգային պատկանելութեան շուրջ, այլ` ոչ թէ կրօնի: Գեաֆուրը նաեւ աւելացնում է, որ իրենք, այսինքն` Տիգրանակերտում բնակուող կրօնափոխ հայերի սերունդները, ճանաչում են իրար եւ համապատասխան շփումներ ունեն: Սակայն խօսելով քրիստոնեայ հայերի հետ իրենց շփումների մասին` նա կարծիք է յայտնում, որ կայ փոխընկալման խնդիր, աւելի՛ն. «Քրիստոնեայ հայերն արհամարհում են մեզ, կարծես` մենք ենք այս վիճակը նախընտրել»:
Նկատենք, որ տիգրանակերտցիները յայտնուել են իւրայատուկ վիճակում` շրջապատուած համատարած անվստահութեամբ. քրտերի համար նրանք շարունակում են մնալ հայ, թուրքական պետութեան համար` անվստահելի կրօնափոխներ, իսկ քրիստոնեայ հայերի համար` օտար, քիւրտ:
Ընթացող զարգացումները նորանոր փաստեր եւ հարցադրումներ են ի յայտ բերում, սակայն, միեւնոյն ժամանակ, ցոյց տալիս կրօնափոխ հայերի խնդրում եղած բազմաթիւ ընդհանրութիւններն ու որոշակի միջավայրով պայմանաւորուած տարբերութիւնները, որոնք կարեւոր են ուսումնասիրութիւնների ճիշդ ուղղորդման համար:
ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ
«Նորավանք»