ԿԱՐՍԸ ԸՆԴԴԷՄ ՍԵՒՐԻ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈԵՒԷ ՆԱԽԱԳԱՀ ԻՐԱՒՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Ամէն տարի օգոստոսի 10-ին Հայաստանում եւ սփիւռքում մամուլը չի մոռանում, որ 1920 թուականի այդ օրը Փարիզի մերձակայ Սեւր բնակավայրում ստորագրուել է պայմանագիր, որը, եթէ կեանքի կոչուէր, ապա Հայաստանի Հանրապետութիւնը կ՛ունենար 160 հազար քառակուսի քիլոմեթր տարածք: Սակայն այդ պայմանագիրը ոչ միայն մնաց որպէս հայկական չիրականացուած երազանք, այլ ստորագրումից ընդամէնը չորս ամիս անց` 1920թ. դեկտեմբերին, դաշնակից պետութիւնների լուռ համաձայնութեամբ եւ թուրք-պոլշեւիկեան դաւադրութեան արդիւնքում, Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը  կործանուեց` իր տեղը զիջելով Խորհրդային Հայաստանին, որն էլ կարճ ժամանակ անց` 1922թ. դեկտեմբերին, մաս կազմեց Խորհրդային Միութեանը` կորցնելով անկախութիւնը:

Այսօրուայ Թուրքիան, այդ պայմանագրի ստորագրումից անգամ 91 տարի անց, բանակցութիւններում փորձում է Հայաստանին առաջարկել, համոզել, յորդորել, ստիպել, որպէսզի վերջինս վերահաստատի Կարսի 1921թ. հոկտեմբերի 13-ի պայմանագիրը, որով գծուել են գոյութիւն ունեցող թուրք-հայկական սահմանները, այսինքն` որպէսզի Երեւանը ստորագրութեամբ հրաժարուի Սեւրից: Կարսի պայմանագրի վերահաստատումը նշանակում է հրաժարուել Սեւրից, այսինքն` ստորագրութեամբ հրաժարուել ոչ միայն Արեւմտեան Հայաստանից, այլեւ` Կարսի մարզից եւ Սուրմալուի գաւառից, որոնք սխալմամբ յաճախ անուանւում են Արեւմտեան Հայաստան: Կարսն ու Սուրմալուն` մայրաքաղաք Անիով ու Արարատ սարով, Արեւելեան Հայաստան են:

2009 թ. հոկտեմբերի 10-ի Ցիւրիխի արձանագրութիւնների ստորագրումով, փաստացի, առանց անունը նշելու, Հայաստանի գործող իշխանութիւնները վերահաստատեցին Կարսի պայմանագիրը: Ճիշդ է, այդ արձանագրութիւնները, որոնք պայմանագրեր են, բարեբախտաբար չեն վաւերացուել երկու երկրների խորհրդարաններում:

Հայաստանում քիչ չեն այն վերլուծաբաններն ու փորձագէտները, քաղաքական գործիչներն ու պետական այրերը (նրանց շարքին կարելի է դասել նաեւ առաջին ու գործող նախագահներին), որոնք մտածում են կամ համոզուած են, որ Կարսի պայմանագրի վերահաստատումից այսօրուայ Հայաստանը որեւէ բան չի կորցնում, քանի որ վերահաստատես, թէ ոչ, կայ իրականութիւն, կայ Թուրքիա-Հայաստան գործող սահման: Բացի այդ, նրանք մտածում են, որ եթէ Հայաստանը այնքան հզօրանայ, որ կարողանայ ուժով, այսինքն` պատերազմով ազատագրել Արեւելեան Հայաստանի զաւթուած մասերը կամ Արեւմտեան Հայաստանը, ապա կարելի է ստորագրուած պայմանագիրը ուղղակի մի կողմ նետել: Այս ամէնի մէջ, անշուշտ, տրամաբանութիւն կայ, սակայն, եթէ Հայաստանը տասը, հարիւր կամ հազար տարի յետոյ փորձի իրաւական ճանապարհով, այդ թւում` ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կազմակերպութիւնների դատարանով վիճարկել, ասենք, Կարսի պատկանելիութեան հարցը, ապա դրա հնարաւորութիւնը չի ունենայ, եթէ վերահաստատի 1921 թուականի Կարսի պայմանագիրը: Բացի այդ, կայ նաեւ հոգեբանական խնդիր. ինչո՞ւ պէտք է Հայաստանը հրաժարուի Սեւրից, ինչո՞ւ պէտք է Հայաստանը վերահաստատի Կարսի պայմանագիրը:

Մինչդեռ թուրքերի համար սա կարեւորագոյն հարցերից է: Միայն այն իրողութիւնը, որ այսօրուայ Թուրքիան տենդագին փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի թուրք-հայկական սահմանները, մեզ` հայերիս ու Հայաստանին մտածելու առիթ պիտի տայ: Եթէ այդքան անկարեւոր եւ միայն պատմական փաստաթղթեր են Սեւրի ու Կարսի պայմանագրերը, ապա ինչո՞ւ է դրանց այդքան կարեւորութիւն տալիս Թուրքիան:

Անկասկած, Հայաստանը պիտի չտարուի երազանքներով, գիտակցի, որ Թուրքիան այսօր ռազմական, տնտեսական առումներով տասնապատիկ գերազանցում է իրեն, որ Թուրքիան տարածաշրջանային ազդեցիկ պետութիւն է, արեւմտեան աշխարհի համար շատ աւելի կարեւոր է, քան Հայաստանը: Սրանք իրողութիւններ են, իսկ իրողութիւններն ընդունելն ամօթալի բան չէ: Միւս կողմից,  սակայն, Հայաստանի ոեւէ նախագահ, ոեւէ այլ պաշտօնեայ իրաւունք չունի ստորագրել փաստաթուղթ, որով ճանաչի ժամանակակից Թուրքիայի սահմանները: Այո, Հայաստանը չի կարող չճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, քանի որ միայն անդամակցելով ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին` ինքնաբերաբար ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, սակայն որեւէ երկրի տարածքային ամբողջականութիւն ճանաչելը մէկ բան է, սահմաններ ճանաչելը` բոլորովին այլ բան:

Պիտի բերել Հայաստանի երկու հարեւանների` Վրաստանի ու Ազրպէյճանի օրինակը: Այս երկու երկրները համարւում են ռազմավարական դաշնակիցներ, սակայն Թիֆլիսը չի ճանաչում Ազրպէյճանի սահմանները, քանի որ 7-րդ դարում կառուցուած եւ հէնց վրաց-ազրպէյճանական սահմանին գտնուող Դաւիթ Կարեճի վանականի համալիրի եկեղեցիներից մէկը Խորհրդային Միութեան տարիներին յայտնուել է Ազրպէյճանի տարածքում: Խորհրդային սահմանազատողները այդպէս էին գծել սահմանը: Ահա հէնց այդ մէկ եկեղեցու, կրկնեմ` մէկ եկեղեցու համար, Վրաստանը չի ճանաչել վրաց-ազրպէյճանական սահմանները:

Հայերը այսօրուայ Թուրքիայի տարածքում կորցրել են ոչ թէ մէկ, այլ հազար ու մէկ եկեղեցի: Հայերը այսօրուայ Թուրքիայի տարածքում կորցրել են իրենց բնօրրանը` երեքհազարամեայ ներկայութիւնը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

Share this Article
CATEGORIES