ՊԱՅՔԱՐ ՄԱՏՐԻՏԵԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՄԱՐ

ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ,
ԹԷԿՈՒԶ ԱՊԱՐԴԻՒՆ,
ՊԱՀԱՆՋՈՒԱԾ ԷՐ

Հայաստանի իշխանութիւնները նախագահներ Տմիթրի Մետվետեւի, Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ ձեւաչափով Սոչիի բանակցութիւններից առաջ եւ յետոյ յայտարարեցին, որ Երեւանը «այո» է ասել Մատրիտեան փաթեթին: Ազրպէյճանը, իր հերթին, չի ընդունում 2007-թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների ներկայացրած այդ առաջարկները` պնդելով, որ ղարաբաղեան կարգաւորման միջազգային նոյն միջնորդները 2009-2010թթ. ներկայացրել են նոր փաթեթ, որն ունի այլ անուն` Նորացուած Մատրիտեան, եւ Պաքուն «այո» է ասել այդ փաստաթղթին:

Մարտի 5-ի Սոչիի հանդիպումից յետոյ հակամարտութեան կողմերի յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ բանակցութիւններում լուրջ առաջընթաց չի գրանցուել: Նախագահ Սարգսեանը Լաթվիայի մայրաքաղաքում, որտեղ գտնւում էր այցով, մեկնաբանելով Սոչիի եռակողմ հանդիպման արդիւնքները, ասել է, որ Ազրպէյճանի դիրքորոշման մէջ որոշակի առաջընթաց կայ: Լաթվիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սարգսեանը կանխատեսել է, որ մօտ ապագայում հնարաւոր կը լինի որոշակի համաձայնութեան հասնել հակամարտութեան կարգաւորման երեք հիմնարար սկզբունքների շուրջ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականութիւն պահպանում եւ ազգերի ինքնորոշման իրաւունք: «Այդ սկզբունքների շուրջ համաձայնութեան հասնելուց յետոյ կարող է սկսուել բանակցութիւնների նոր փուլ: Սկզբունքների շուրջ համաձայնութիւնը միայն բանակցութիւնների սկիզբն է, ոչ թէ վերջը», ասել է Հայաստանի նախագահը:

Իր հերթին, Ազրպէյճանը յայտարարում է, որ Հայաստանի դիրքորոշման մէջ է նկատւում որոշակի դրական փոփոխութիւն եւ հէնց հայկական կողմն է Սոչիի բանակցութիւններում որոշ չափով հեռացել իր նախկին ապակառուցողական գործելաոճից: Նման իրերամերժ յայտարարութիւններն ու դրան զուգահեռ հայ-ազրպէյճանական եւ արցախ-ազրպէյճանական սահմանի երկայնքով շարունակուող խիստ լարուած վիճակը, որը յանգեցնում է ողբերգական ելքերով հրադադարի խախտման տասնեակ ու հարիւրաւոր միջադէպերի, ցոյց է տալիս, որ գործընթացը մնում է փակուղում:

Այդուհանդերձ, նախագահներ Սարգսեանի եւ Ալիեւի միջեւ նախորդ բանակցութիւններից Սոչիի հանդիպումն ամենակարեւորը եւ ամենապահանջուածն էր: 2010թ. ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնները մտել էին խորը փակուղի, եւ կար այդ փակուղուց դուրս գալու, ելքեր փնտռելու անհրաժեշտութիւն: Անշուշտ, չի կարելի պնդել, թէ փակուղուց ելքը եղաւ, սակայն նախագահներ Սարգսեանի եւ Ալիեւի հանդիպելու փաստն ինքնին չափազանց կարեւոր էր: Ի վերջոյ, շատ աւելի նախընտրելի է տասնամեակներ բանակցել, թէկուզ ապարդիւն, քան մէկ օր պատերազմել, իսկ նոր պատերազմի հաւանականութիւն միշտ էլ կայ, աւելի՛ն, պատերազմն այսօր շարունակւում է շփման գծի ողջ երկայնքով, որի ապացոյցներից մէկն էլ այն էր, որ հէնց Սոչիի հանդիպման նախօրէին եւ յաջորդ օրը սահմանի վրայ ազրպէյճանական փամփուշտներից զոհուեցին երկու հայ զինուորներ:

Խաղաղ բանակցութիւնները պատերազմը կանխելու ամենաիրական եւ վստահելի միջոցն է: Երբ հայ եւ ազրպէյճանցի հասարակութիւնները տեսնում են, որ իրենց երկրների առաջնորդները ձեռք են սեղմում (գուցէ դժկամութեամբ եւ քաղաքավարութիւնից դրդուած), բանակցում են, ապա նրանց մօտ, յատկապէս եւ առաջին հերթին ազրպէյճանցիների դէպքում, նուազում է պատերազմելու ցանկութիւնը: Իսկ նոր պատերազմի հաւանականութիւնը երբեք չի կարելի թերագնահատել:

Պաշտօնական Պաքուի ռազմական նախապատրաստութիւնները, այդ երկրի ռազմական պիւտճէի չափերը եւ այն քարոզարշաւը, որն իրականացւում է Ազրպէյճանի ներսում ամենաբարձր` նախագահի մակարդակով, լայնածաւալ նոր պատերազմ հրահրելու համար ստեղծում են բարենպաստ պայմաններ: Անշուշտ չի բացառւում, որ ռազմական գործողութիւնները չվերսկսուեն առաջիկայ 50-100 տարիներին, սակայն եթէ վաղը սկսուեն լայնածաւալ ռազմական գործողութիւններ, թող ոեւէ մէկը չզարմանայ, քանի որ հայ-ազրպէյճանական պատերազմը ամէն օր շարունակւում է Հայաստան-Ազրպէյճան եւ Արցախ-Ազրպէյճան սահմանի երկարութեամբ` խլելով նորանոր երիտասարդ կեանքեր:

1994թ. մայիսեան հրադադարից ի վեր հակամարտութեան կողմերը հէնց սահմանի երկայնքով տուել են շուրջ երեք հազար սպանուածներ: Սա պատերա՞զմ է, թէ՞ ոչ: Եթէ պատերազմ չէ, ապա ի՞նչ է սրա անունը: Պէտք է ընդամէնը քայլել սահմանի երկայնքով, հանդիպել տեղի բնակիչներին, որից յետոյ շատ պարզ կը հասկանանք, որ պատերազմը, անշուշտ, բառի ոչ դասական իմաստով, շարունակւում է:

Սոչիի հանդիպումը կարեւոր էր նաեւ նրանով, որ երեք նախագահների ընդունած համատեղ յայտարարութեան մէջ յստակ ասւում էր, որ պէտք է «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով», ինչպէս նաեւ` «պայմանաւորուեցին շարունակել եռակողմ ձեւաչափով իրենց հանդիպումները` ի լրումն ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահների աշխատանքի»:

Անշուշտ լաւ չէ, որ բանակցային գործընթացից շարունակում է դուրս մնալ հակամարտութեան հիմնական կողմ`  Լեռնային Ղարաբաղը: Լաւ չէ ու անընդունելի է, երբ հետեւողականօրէն փաստաթղթեր են ստորագրւում առանց Ստեփանակերտի իշխանութիւնների մասնակցութեան, սակայն սա այլ թեմա է:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս»ի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES