«ՋՐԱՅԻՆ ՄՏՐԱԿԸ» ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ

Ջուրը միշտ էլ բացառիկ նշանակութիւն է ունեցել Մերձաւոր Արեւելքի ժողովուրդների քաղաքական կեանքում: 20-րդ դարում Մերձաւոր Արեւելքում հակամարտութիւնների աւանդական պատճառ համարուել է նաւթային գործօնը: Պետութիւնները վիճել են սահմանների ճշգրտման շուրջ` յուսալով, որ աւազի իւրաքանչիւր քառ. քիլոմեթր կարող է դառնալ հարստութեան նոր աղբիւր: Աւելի՛ն. այդ սահմանների մեծ մասը որոշուել է նաւթի առկայութիւնը հաշուի առնելով: Մինչդեռ ջրի պաշարների օգտագործման հարցը ամենահաւանական տագնապածին գործօնն է Մերձաւոր Արեւելքի ապագայ քաղաքական կեանքում:

Թուրքիայից մինչեւ Օման, Եգիպտոս եւ Լիպիա տարածուող բոլոր երկրների գերխնդիրն այսօր ջրի կարիքների բաւարարումն է, քանզի գնալով խիստ անհամատեղելի են դառնում այդ երկրների բնակչութեան աճի եւ ջրի պահանջների չափերը: Տարածաշրջանի ամենամեծ գետի` Նեղոսի աւազանի բնակչութիւնը կրկնապատկւում է իւրաքանչիւր երեսուն տարին մէկ, մինչդեռ ջրի քանակը չի աւելանում: Աւելի՛ն. գետի ջրերի վերականգնման միջինը կազմում է տասնութ օր, իսկ մեծ լճերինը` հազար տարի: Այն էլ այն դէպքում, եթէ տուեալ ջրային աւազանի վերականգնմանը ոչինչ չխանգարի, այսինքն չլինեն խոշորածաւալ օգտագործումներ, ինչն անհնար է Մերձաւոր Արեւելքում: Այսպիսով, ստացւում է ջրի պակաս: Ըստ դոկտոր Ֆալքերմանի մեթոտի` եթէ տուեալ երկրի բնակչութեան իւրաքանչիւր շնչին տարեկան բաժին է ընկնում 1700 խոր. մեթրից պակաս ջուր, ապա այդ երկրում առկայ է «ջրային լարուածութիւն», իսկ եթէ այդ ցուցանիշը 1000 խոր. մեթրից ցածր է, ապա այդ երկիրը ջրի պակաս ունի:

1955թ. ջրի պակաս աշխարհում ունէին եօթ երկրներ, որոնցից երեքը` Քաթարը, Յորդանանը եւ Քուէյթը, գտնւում են Մերձաւոր Արեւելքում: 1990թ. սկսած վերոյիշեալ եօթին աւելացան եւս 13 երկրներ, որոնցից ութը` Ալճերիա, Իսրայէլ, Պահրէյն, Սէուտական Արաբիա, Սոմալի, Թունուզ, Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Եմէն, Մերձաւոր Արեւելքում են: ՄԱԿ-ի տուեալներով, 2025թ. եւս եօթ մերձաւորարեւելեան երկրներ` Եգիպտոս, Եթովպիա, Իրան, Լիպիա, Մարոք, Օման, Սուրիա, կը մտնեն այդ ցուցակի մէջ: Դա նշանակում է, որ Մերձաւոր Արեւելքում կը լինեն 18 երկրներ, որոնք կ՛ունենան ջրի պակաս: Մերձաւոր Արեւելքի բնակչութիւնը 1990թ. 314 միլիոն մարդ էր, 2020թ. այն կը կազմի 348 միլիոն մարդ, իսկ ջրի պահանջը տարէցտարի աւելանում է 470 միլիառ խոր. մեթրով: Դա 132 միլիառ խոր. մեթրով աւելի է, քան` ամբողջ ջրային պահանջները (այդ թւում` պահուստայինը) միասին վերցրած: Սա սպառնում է դառնալ լարուածութեան եւ տագնապածին աննախադէպ աղբիւր: Ստորեւ բերում ենք մերձաւորարեւելեան երկրների բնակչութեան ջրային պահանջներին առնչուող տուեալներ:

Երկիր Մէկ շնչին բաժին ընկնող ջուրը խոր. մեթրով

———————————–

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջրային պաշարների համատեղ օգտագործման վերաբերեալ որեւէ որոշակի համաձայնագիր չկայ: Նախկինում այդ յարաբերութիւնները կարգաւորուել են իսլամական օրէնքներով: Շարիաթի կանոններից մէկն ասում էր, որ այն մարդը, որը լաւ է փորում, իրաւունք ունի առաջինն օգտուել այդ ջրից, բայց նա չի կարող մերժել այլ մարդկանց եւ անասունների օգտուել այդ նոյն ջրից: Ոմանք ներկայում սկսել են շահարկել այս կանոնը եւ մեկնաբանել ուրոյն ձեւով: Գետերի ակունքները վերահսկող երկրները (օրինակ` Թուրքիան) պնդում են, որ իրենք պէտք է վերցնեն այնքան ջուր, որքան ուզում են, իսկ գետերի ստորին հոսանքներում տեղակայուած երկրները (օրինակ` Եգիպտոս) միշտ առարկել են այս տեսակէտի դէմ: Միջազգային իրաւունքի` ջրային հարցի հետ կապուած անորոշութիւնն առաջացնում եւ առաջացնելու է բազմաթիւ վէճեր: Եզակի դէպքեր կան, երբ ՄԱԿ-ը կամ Միջազգային դատարանը վճիռ արձակած լինեն սահմանային գետերի կամ լճերի ջրերի համատեղ օգտագործման վերաբերեալ:

Ջրային հարցը եղել եւ մնում է տարածաշրջանում ամենահին հակամարտութեան` արաբա-իսրայէլականի առանցքային հարցերից մէկը, իսկ Թուրքիան ջրային հարցերում լուրջ տարաձայնութիւններ ունի Իրաքի եւ Սուրիայի հետ: Մերձաւոր Արեւելքում առկայ են երեք խոշոր «ջրային համակարգեր»` Նեղոսի, Տիգրիս-Եփրատեան եւ Յորդանանի աւազանները: Երեքում էլ առկայ են ջրի լուրջ տարաձայնութիւններ եւ հակամարտութիւններ:

ՏԻԳՐԻՍ – ԵՓՐԱՏԵԱՆ ԱՒԱԶԱՆ

«Ջրային մտրակի» քաղաքականութեան կիրառման լաւագոյն հմտութիւնը դրսեւորում է Թուրքիան: Դեռ 1990թ. Թուրքիան որոշեց Աթաթուրքի ջրամբարի դիմաց նոր արհեստական լիճ կառուցել եւ այնտեղ ուղղել Եփրատի ջրերը: Այդ քայլով փորձում էր ճնշում գործադրել Սուրիայի վրայ, որպէսզի վերջինս դադարեցնի Քրտական աշխատաւորական կուսակցութեանը ցուցաբերուող օգնութիւնը: Այս նախագծի իրականացումը ջրի սով կ՛առաջացնէր նաեւ Իրաքում: Սուրիան եւ Իրաքը, որոնք մինչ այդ անհաշտ թշնամիներ էին (1975թ. այս երկրները քիչ էր մնում պատերազմ սկսէին Սուրիայում «Սաուրա» ջրամբարի կառուցման պատճառով), թողեցին տարաձայնութիւնները եւ սկսեցին զինուած հակազդեցութեան համատեղ ծրագրեր մշակել: Երեք շաբաթ անց Թուրքիան դադարեցրեց նախագծի իրականացումը:

Թուրք-սուրիական յարաբերութիւններն այժմ էլ լարուած են: Թուրքիան նախատեսում է Եփրատի աւազանում կառուցել 22 ջրամբար, որոնցից առայժմ կառուցուել է կէսը: Եթէ բոլոր 22 ջրամբարներն էլ կառուցուեն, Սուրիան կը կորցնի Եփրատի ջրերի 40 տոկոսը: Եփրատից յետոյ Թուրքիան նախատեսում է օգտագործել Տիգրիսի ջրերը: Դա ուղղակի հարուած է Իրաքի շահերին, որի ջրի պաշարների 90 առ հարիւրը կազմում են Տիգրիսի ջրերը: Դեռ 1990թ. սկզբներին Թուրքիայի նախագահ Սուլէյման Տեմիրելը յայտարարեց. «Ո՛չ Սուրիան, ո՛չ Իրաքը չեն կարող պահանջներ ներկայացնել Թուրքիայի գետերի նկատմամբ, ինչպէս Անգարան պահանջ չի ներկայացնում նրանց նաւթի նկատմամբ: Մենք իրաւունք ունենք ինչ-որ բան կիսելու` ջուրը` Թուրքիային, նաւթը` նրանց: Մենք չենք ասում` բերէք, համատեղ օգտագործենք նաւթային պաշարները, նրանք էլ պէտք չէ ասեն ջրի համատեղ օգտագործման մասին»: Տիգրիս-Եփրատեան աւազանը եւ երկու գետերի միացման շրջանը` Շաթ էլ Արաբը, իրանա-իրաքեան ութամեայ պատերազմի (1980-1988թթ.) հիմնական պատճառներից մէկն էր: Իրաքը ցանկանում էր Իրանի հետ սահմանը Շաթ էլ Արաբի կենտրոնից տեղափոխել դրա արեւելեան ափը, որից յետոյ նախատեսւում էր «կառուցել երրորդ գետը» եւ չորացնել Պասրայից հիւսիս ընկած ճահիճները, որտեղ ապրում էին Իրանի կողմից աջակցութիւն ստացող ընդդիմադիր շիիները:

ՆԵՂՈՍԻ ԱՒԱԶԱՆ

Ջրի հարցում ուժի դիմելու պատրաստ է նաեւ տարածաշրջանում ամենահաւասարակշռուածը համարուող երկրներից մէկը` Եգիպտոսը: Դեռ 1979թ. Եգիպտոսի նախագահ Անուար Սատաթը, խաղաղութեան պայմանագիր կնքելով Իսրայէլի հետ, յայտարարեց, որ բացի ջրի պատճառից, այլեւս երբեք ոչ մի պատճառով չի պատերազմի Իսրայէլի հետ: Սատաթն ուզում էր ջրային հարցն օգտագործել որպէս միջոց` Իսրայէլի վրայ ճնշում գործադրելու համար: 1978թ. եգիպտա-իսրայէլական բանակցութիւնների ժամանակ իսրայէլական կողմն առաջարկեց «ջրի համատեղ օգտագործման» ծրագրի շրջանակներում իրենց տալ Նեղոսի ջրի մէկ տոկոսը, այսինքն` տարեկան 800 միլիոն խոր. մեթր ջուր, որը ջրագծով Նեղոսի արեւելեան տելթայից պէտք է հասցուէր Սինայի թերակղզի, ապա` Իսրայէլ: Սատաթը յոյս ունէր, որ այդպիսով կը թուլանար Իսրայէլի ջրային կախուածութիւնը Յորդանանի արեւմտեան ափից, եւ վերջինս չէր առարկի այնտեղ պաղեստինեան ինքնավարութիւն ստեղծելու եգիպտական ծրագրերի դէմ: Սատաթը յոյս ունէր հետագայում այդ ջրագիծը հասցնել մինչեւ Յորդանան եւ Սուրիա: Սատաթի այս մտադրութիւնները չիրականացան եգիպտական բանակի բարձրաստիճան սպայակազմի եւ հրամանատարութեան կտրուկ առարկութիւնների պատճառով: Իսկ ՄԱԿ-ի նախկին քարտուղար Պութրոս Ղալին ուղղակիօրէն զգուշացրեց, որ «տարածաշրջանում յաջորդ պատերազմը կը լինի ջրի պատճառով»:

Եգիպտոսը ջրի հարցում խնդիր ունի Սուտանի, Եթովպիայի եւ Լիպիայի հետ: Եգիպտոսին անհանգստացնում են այն ծրագրերը, որոնք նախատեսում են ջրամբարներ կառուցել Եթովպիայի լեռնային շրջաններում: Դեռ 1989թ. նոյեմբերին Գահիրէում Եթովպիայի դեսպանից բացատրութիւն պահանջուեց, թէ ի՛նչ են անում իսրայէլացի ջրագէտները Եթովպիայում: Վերջիններս ուսումնասիրում էին Կապոյտ Նեղոսի շրջանը եւ հնարաւոր էին համարում բազմաթիւ ջրամբարների կառուցումը, որոնք կը պահպանէին 51 միլիառ խոր. մեթր ջուր: Եգիպտոսի խորհրդարանը յայտարարեց, որ կը սատարի կառավարութեանը, եթէ վերջինս Եթովպիայի դէմ ռազմական գործողութիւններ սկսի: Եւ սա միանգամայն բացատրելի էր, քանի որ Կապոյտ Նեղոսն ապահովում է Եգիպտոս մտնող ջրի 85 տոկոսը: Իսրայէլն այսօր էլ չի հրաժարւում Եգիպտոսի նկատմամբ Եթովպիայի միջոցով «ջրային մտրակի»  քաղաքականութիւն վարելու մտքից:

Եգիպտոսը խնդիրներ ունի նաեւ Սուտանի հետ, որի տարածքով հոսում է Սպիտակ Նեղոսը, որին էլ միանում է Կապոյտ Նեղոսը: 1959թ. համաձայնագրով Եգիպտոսը սկսեց ստանալ «սուտանեան ջրի»  60 տոկոսը: Այսօր Սուտանի արմատական կառավարութիւնը, որը լաւ յարաբերութիւնների մէջ է Իրանի հետ, փորձում է խուսափել այդ պայմանագրից, իսկ Գահիրէն մեղադրում է Սուտանին, եւ Նեղոսի հետ կապուած ցանկացած հարցում պատրաստ է դիմել ռազմական միջամտութեան:

Բարդութիւններ կան նաեւ Լիպիայի հետ յարաբերութիւններում: Լիպիայի առաջնորդ Քազզաֆիի կառուցած արհեստական «Մեծ գետը», որը ջուր է ապահովում Լիպիայի հիւսիսին եւ գոյանում է հզօր ջրմուղներով գետնի տակից հանուած ջրերից, ազդում է Նեղոսի մակարդակի վրայ: Եգիպտական աղբիւրները հաստատում են, որ կան ռազմական գործողութիւնների ծրագրեր, որոնք նախատեսում են մօտ ապագայում Չատի եւ  Սուտանի հիւսիսի, ինչպէս նաեւ Լիպիայի հարաւի գրաւում եգիպտական զօրքերի կողմից Քազզաֆիի նախագծի իրականացումը դադարեցնելու նպատակով:

ՅՈՐԴԱՆԱՆԻ ԱՒԱԶԱՆ

Մերձաւոր Արեւելքի երրորդ` Յորդանանի ջրային աւազանն ամենափոքրն  ու չնչինն է նախորդ երկուսի համեմատ եւ ըստ այդմ էլ այստեղ հակամարտութեան հաւանականութիւնը եղել եւ մնում է ամենամեծը: Յորդանան գետը, չնայած կարճութեանը, սահմանակից է այնպիսի երկրների, որոնք ռազմական ուժի գործադրման հարցում ամենափորձուածն են: Ջրային հարցը խիստ ցաւագին է Իսրայէլի համար: Դեռ 1919թ. Մեծն Բրիտանիայի վարչապետ Լ. Ճորճին ուղղուած նամակում Չ. Ուայզմանը գրում էր. «Նուազագոյն պահանջը Պալֆուրի հռչակագրի իրականացման հետ կապուած` այն է, որ հրէական ազգային օճախի ստեղծման հարցում սահմանները չեն կարող գծուել` ելնելով բացառապէս պատմական փաստերից: Մեր պահանջն այն է, որ հաշուի առնուի ժամանակակից տնտեսական կեանքի պահանջները: Պաղեստինի ամբողջ տնտեսական ապագան կախուած է ոռոգման եւ ելեկտրական հոսանքի համար ջրի մատակարարումից, եւ այդ մատակարարումը պէտք է լինի Յորդանանի ակունքներից ու Լիբանանի հարաւից»: Սրանք այն շրջաններն են, որոնք հետագայում գրաւուեցին Իսրայէլի կողմից: Իսրայէլի վարչապէս Մոշէ Շարեթը 1950-ական թթ. այն միտքն էր արտայայտում, որ վերոյիշեալ խնդրի իրականացման համար պէտք է Լիբանանի հարաւում ստեղծել մարոնի-քրիստոնէական վարչակարգ: Ջրի օգտագործման շուրջ առաջացած արաբա-իսրայէլական բախումներն ունեն իրենց պատմութիւնը:

1951թ. յունուարի 21-ին հրէական ազգային ֆոնտը համաձայնեց ֆինանսաւորել 250 միլիոն տոլար արժողութեամբ մի նախագիծ, որը նախատեսում էր ոռոգման ցանց ստեղծել Նեկեւի անապատում եւ Երուսաղէմի շրջանում: Պարզ էր, որ կառուցման աշխատանքները լինելու էին Սուրիայի կողմից վերահսկուող ապառազմականացուած գօտիների խախտման հաշուին: Ի պատասխան՝ արաբական երկրները 1956թ. օգոստոսին աշխատանքներ սկսեցին Եարմուք գետի ակունքներում: Մինչ այդ, Սուրիան կառուցել էր «Մակհիյապաթ» ջրամբարը, որը տարեկան Իսրայէլին զրկում էր 550 միլիոն խոր. մեթր ջրից: Սակայն, ի տարբերութիւն իսրայէլական ծրագրերի,  արաբական երկրների ծրագրի արդիւնքում Եարմուքի ջրերը նորից դառնալու էին Յորդանան: Իսրայէլական օդուժի յարձակումները Սուրիայի դէմ ստիպեցին արաբներին հրաժարուել Եարմուքի ջրամբարի կառուցման նախագծից: 1963թ. վերջերին Իսրայէլը Գալիլէեան լճի արեւմտեան ափին կառուցեց հսկայական ջրմուղ կայան, որը սկսեց տարեկան 440 միլիոն խոր. մեթր ջուր քաշել Մեռեալ ծովից դէպի Նեկեւի անապատ: Նախագիծը կոչուեց «ջրի ազգային Քուրիէր կամ փոխադրութիւն»: 1964թ. մայիսի 28-ին Իսրայէլն աւարտեց դրա կառուցումը: Ի զուր չէ, որ Եասեր Արաֆաթի հիմնադրած «Ֆաթհ» խմբի առաջին մարտական գործողութիւնը 1964-65թթ. ուղղուած էր վերոյիշեալ ծրագրի դէմ: Այս ծրագրին Սուրիան փորձեց հակազդել Պանիաս գետի ջրերը սեփական տարածք ուղղելու միջոցով, սակայն դա արդիւնք չտուեց:

1963թ. վերջին արաբա-իսրայէլական յարաբերութիւնները հասան իրենց լարուածութեան գագաթնակէտին: Իսրայէլի կառավարութիւնը յայտարարեց Յորդանանի ջրերի պատնէշման մասին, ինչը ջրի սով կարող էր առաջացնել հարեւան երկրներում: 1964թ. յունուարի 13-16-ը Գահիրէում համաժողով հրաւիրուեց, որին մասնակցում էին 13 արաբական երկրներ: Այստեղ առաջ քաշուեց Յորդանան գետի ջրերի օգտագործման հակածրագիր, որի արժէքը գնահատուեց 6,25 միլիոն սթերլին, իսկ իրականացումը նախատեսւում էր 18 ամսում: Պէտք է մասնակիօրէն փակուէին Յորդանանի ակունքները եւ շեղուէին հուները: Որոշուեց ստեղծել Միացեալ արաբական հրամանատարութիւն, որպէսզի Իսրայէլի կողմից վերոյիշեալ ծրագիրը ռազմական միջամտութեամբ խանգարելու դէպքում նրան հակահարուած տրուի:

Ի պատասխան Գահիրէի համաժողովի որոշումների` Իսրայէլի վարչապետ Էշքոլը յայտարարեց, որ ջրային պատնէշն, այնուամենայնիւ, կը դրուի, իսկ արաբական երկրների կողմից Յորդանանի ակունքները շեղելու դէպքում Իսրայէլը համապատասխան քայլեր կը ձեռնարկի:

1964-66թթ. Իսրայէլը յարձակման թիրախ դարձրեց Յորդանանում եւ Սուրիայում գտնուող ջրմուղ կայանները եւ ջրագծերը: 1967թ. Կոլանի բարձունքների բռնագրաւման հիմնական պատճառներից մէկը նաեւ Պանիաս գետի ջրերի օգտագործման հարցն էր: Իւրաքանչիւր իսրայէլացի գիտի, որ կարիք ունի այդ գետի ջրի իւրաքանչիւր կաթիլի: Բացի ռազմավարական նշանակութիւնից, Կոլանի վերադարձը թոյլ կը տայ Սուրիային վերահսկել Իսրայէլի ջրային քաղաքականութիւնը: Կոլանի ջրերը լցւում են Գալիլէեան լիճը, որը Իսրայէլի միակ մաքուր ջուր ունեցող աւազանն է, եւ ապահովում է Իսրայէլի ջրի կարիքների մէկ երրորդը: Միւս մէկ երրորդը գալիս է Յորդանան գետի արեւմտեան ափից: Իսրայէլը 1995թ. ուաշինկթընեան բանակցութիւնների ժամանակ պատրաստակամութիւն յայտնեց զօրքերը յետ քաշել մինչեւ 1923թ. մեծ տէրութիւնների կողմից որոշուած սահմանները, իսկ այդ դէպքում Սուրիայի սահմանը կ՛անցնէր լճից 10 մեթր հեռաւորութեան վրայ: Իսկ Սուրիան պահանջում էր վերականգնել 1967թ. յունիսի 4-ի սահմանները. այդ դէպքում սահմանը կը հասցուէր մինչեւ ծովափ, ինչը Սուրիային հնարաւորութիւն կը տար վերահսկել ջրի մի մասը:

Իսրայէլի կողմից վերահսկուող ջրի քանակութիւնը, սկսած 1967թ., կազմում է 500 խոր. մեթր մէկ անձի համար, իսկ 1991թ.` 375 խոր. մեթր, մինչդեռ պաղեստինցիների համար այն կազմում է 180 խոր. մեթր: Արեւմտեան ափում իսրայէլեան 100 բնակավայրերում ապրող 100 հազար հրեաներ օգտագործում են 100 միլիոն խոր. մեթր ջուր, իսկ մէկ միլիոն պաղեստինցիներ օգտագործում են ընդամէնը 137 միլիոն: Սա անհանդուրժողականութեան եւ թշնամանքի պատճառ է: Պաղեստինի արթեզեան ջրերի 80 տոկոսը` 615 միլիոն խոր. մեթր, վերցնում է Իսրայէլը: Արաբները դա համարում են «պաղեստինեան ջուր», որը բռնագրաւել է Իսրայէլը: Վերջինիս ջրի կարիքների 40 տոկոսը ապահովում են երկու արթեզեան ջրաւազաններ, որոնցից մէկը գտնւում է 1947թ. ՄԱԿ-ի կողմից հաստատուած իսրայէլական տարածքում, իսկ միւսը` Յորդանան գետի արեւմտեան ափին: Այսօր արաբա-իսրայէլական խաղաղութեան վերջնական պայմանագրի կնքման խոչընդոտներից մէկը ջրի հարցի շուրջ անհամաձայնութիւնն է: Քիչ հաւանական է, որ Իսրայէլը որեւէ տարածք կը յանձնի առանց տուեալ տարածքի ջրային պաշարների վրայ հսկողութիւն ունենալու: Հարցն աւելի կը բարդանայ այն առումով, որ 2020թ. Իսրայէլի բնակչութեան թիւը կը կազմի 8 միլիոն, իսկ պաղեստինցի արաբ բնակչութեան թիւը կը հասնի 7 միլիոն: Եւ վերջիններս պէտք է օգտագործեն նոյնքան ջուր, որն այսօր էլ համարում են անբաւարար:

Համաշխարհային դրամատունը խոստացել է ֆինանսաւորել Եարմուքի հետ կապուած սուրիական նախագծերը, եթէ Իսրայէլի հետ կնքուի խաղաղութեան վերջնական համաձայնագիր: Սա եւս պատճառ է, որ Իսրայէլը խուսափի համաձայնագրից: Ջուրը սկսում է կենտրոնական դեր զբաղեցնել արաբա-իսրայէլական վէճում: Հարցը բարդանում է այնքանով, որ հակասութիւններ կան ոչ միայն Իսրայէլի եւ արաբական երկրների միջեւ, այլեւ հէնց արաբական երկրների ներսում, եւ եթէ նախկինում այդ հակասութիւնները թաքցւում էին, ապա այժմ դրանք ակներեւ են: Վերոյիշեալ հարցադրումները թոյլ են տալիս յանգել հետեւեալ եզրակացութիւնների.

1.- Ջրային ճգնաժամը Մերձաւոր Արեւելքում միշտ էլ առկայ է եղել:
2.-  Ջրային խնդիրների լուծումը հնարաւոր է միայն տարածաշրջանային համագործակցութեան միջոցով:
3.-  Ջրային ճգնաժամը չի լուծւում ոչ թէ այն պատճառով, որ չկան լուծումներ, այլ` այն պատճառով, որ որոշ երկրներ չեն ցանկանում հրաժարուել «ջրային մտրակի»  քաղաքականութիւնից:

ԱՐՏԱԿ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ

Share this Article
CATEGORIES