2015-ԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ

Ներկայիս, աննախադէպ տնտեսական ճգնաժամի խորացման հետ մէկտեղ, մի միտք անընդհատ անհանգստացնում է ինձ: Եւ դա ոչ միայն Միացեալ Նահանգների, մասնաւորապէս` Քալիֆորնիոյ տնտեսութեան անմխիթար վիճակն է, այլ այն, թէ Ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ ինչպիսի՞ մեծ ու փոքր իրադարձութիւններ են նախորդում համաշխարհային թատերաբեմում:

Այս թեման յարիր չէ անհատական մտորումների համար միայն, այդ իսկ պատճառով թո՛ղ որ այսօրուայ արծարծուած նիւթը խթան հանդիսանայ աւելի «կարեւոր շրջանակներում» այն քննարկելու համար:

Բացատրեմ, թէ ինչո՛ւ:

Արեւմտեան խոշոր պետութիւններն այս պահին խիստ զբաղուած են իրենց առջեւ ծառացած տնտեսական հաշուեկշիռների կարգաւորումով եւ իւրաքանչիւր հարց, անկախ դրա կարեւորութիւնից, նախ եւ առաջ դիտարկուելու է տնտեսական օգտաւէտութեան լուսարձակի ներքոյ, այսինքն` թէ տուեալ խնդիրը որքանո՞վ է ձեռնտու տուեալ երկրի համար:

Իմ նախորդ ակնարկներից մէկում առնուազն մէկ անգամ նշել եմ, որ վաղուց արդէն ժամանակն է Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման համահայկական մի մարմին ստեղծել եւ սփիւռքի հետ մէկտեղ համախմբուած մարտավարութիւն որդեգրել` կապուած հետագայ քայլերի հետ: Հիմա արդէն ուրախութեամբ արձանագրում եմ, որ նման յանձնաժողով կազմուել է պետական մակարդակով: Այս յանձնաժողովի առջեւ կարող են շատ ցաւոտ հարցեր դրուել: Նրա ուշադրութեան կենտրոնում պէտք է լինի, թէ ինչպիսի՛ քայլեր են ձեռնարկուելու, որպէսզի աշխարհը, իր գլխացաւանքը թողած, արժանի գնահատական տայ 20-րդ դարի առաջին զանգուածային ոճրագործութեանը:

Հետեւեալ իրականութիւնը պէտք է հաշուի առնել վերը նշուած մարտավարութիւնը մշակելիս. միջազգային տնտեսական հեղինակաւոր շրջանները Թուրքիան համարում են ամենաարագ թռիչքով զարգացող առաջին պետութիւնը` համեմատելով այն Չինաստանի հետ: Աւելի՛ն. այսօր ամէն կողմից թուք ու մուր ուտող Յունաստանին կոչ են անում հետեւել Թուրքիայի օրինակին` տնտեսական ճգնաժամը յաղթահարելու համար:

Այս շաբաթուայ վերլուծական ակնարկներից մէկում առաջարկում են, թէ Յունաստանը կարող է դուրս գալ ծանր իրավիճակից, եթէ նմանակի Թուրքիայի մարտավարութեանը, եւ որպէս դրա հիմնաքար` նշւում է այդ երկրի կրած «զրկանքները», երբ վերջինս 2001 թուականին մխրճուած էր տնտեսական աննախադէպ ճգնաժամի մէջ: Որոշ տնտեսագէտներ հակաճառում են, թէ Յունաստանը չի կարող լիովին նմանակել իր աւելի մեծ հարեւանին, քանի որ չունի իր ազգային դրամանիշը: Մօտաւորապէս 10 տարի առաջ Թուրքիայի տնտեսութեան նախարար Քեմալ Տերվիշը կարողացաւ երկիրը նաւարկել ամօթալի ճգնաժամից դուրս, սակայն այսօր քչերն են նշում, թէ դա իրականում ինչի՛ հաշուին կատարուեց: Պաշտօնական վարկածն այն է, թէ թուրքական լիրան չտեսնուած ձեւով արժեզրկուեց, ինչն էլ շահագրգռեց ներդրողներին` թուրքական ապրանքներ գնելու եւ արտահանելու տեսանկիւնից: Չեն նշում, թէ ինչպիսի՛ ծանր զրկանքների եւ ծայրաստիճան աղքատութեան միջոցով երկիրը դուրս եկաւ ճգնաժամից: Չեն ասում, թէ հարիւր հազարաւոր, գուցէ եւ աւելի, հասարակ քաղաքացիներ երկրից դուրս փախան` ողողելով եւրոպական երկրների աշխատուժի շուկաները եւ առաջացնելով տեղական բնակչութեան զայրոյթն ու վրդովմունքը: Արտագաղթի հիմնական թիրախը Գերմանիան էր, ուր «սեւ» գործ կատարողների ճնշող մեծամասնութիւնը Թուրքիայից փախած քաղաքացիներն էին: Չեն ասում, թէ ԱՄՀ (Արժոյթի միջազգային հիմնադրամը) ինչպիսի խոշոր միջոցներ ներդրեց Թուրքիայի տնտեսութեան մէջ (կարծում եմ, կռահում էք, թէ ո՛ր պետութեան յորդորով):

Յունաստանի վարչապետ Կէորկիոս Փափանտրէուն ամենաբարձր ատեաններից այսօր կոչ է անում «հետեւել մեր հարեւան Թուրքիային»: Այս կոչի նպատակը հիմնականում փողոց դուրս եկած յոյներին լռեցնելն է. չէ՞ որ Թուրքիայում տնտեսական ծանր ճգնաժամի ընթացքում զգալի բողոքներ չարձանագրուեցին: Այն ժամանակ երկրի իշխանութիւններին յաջողուեց համոզել (գուցէ պարտադրե՞լ) արհմիութիւններին, համաձայնել այն մտքին, թէ երկրի` տնտեսական ճգնաժամից դուրս գալու կարեւոր նախապայմանը աշխատաւորների աշխատավարձերի 20 տոկոսի կրճատումն է: Ընդհանուր առմամբ Յունաստանում  կեանքի մակարդակը շատ աւելի բարձր է, քան Թուրքիայինը: Բայց Թուրքիան արդիւնաբերական հսկայ է համարւում, իսկ Յունաստանը մի փոքր շնչում է իր տեսարժան վայրերը զբօսաշրջիկներին տրամադրելի դարձնելու միջոցով:

Այսօր Թուրքիան եւս ունի իր տնտեսական խնդիրները, սակայն այն գրաւիչ է ներդրողների համար, քանի որ հեղինակաւոր տնտեսագէտների կարծիքով, երկրի տնտեսութիւնն առաջիկայ 20 տարիների ընթացքում աննախադէպ չափի աճ է գրանցելու: 2010 թուականին Թուրքիայի տնտեսութիւնն աճել է 8,9 տոկոսով: 2011 թուականի առաջին եռամսեակի ընթացքում այն գրանցել է 11 տոկոսի աճ` զգալիօրէն շրջանցելով «ահարկու» Չինաստանին: Եւրոպական տնտեսագէտների մի խումբ կոչ է անում Թուրքիային եւ մի շարք այլ պետութիւնների` չմիանալ այսպէս կոչուած «Եւրոզոնային», քանի որ ներկայումս Թուրքիան աւելի ճկուն է եւ հզօրանալու առիթ ունի, եթէ պահպանի անկախ տնտեսական քաղաքականութիւնը: Սրա հետ մէկտեղ պէտք չէ մոռանալ Միացեալ Նահանգների «նուիրուածութիւնը» Թուրքիային, որ նոյնիսկ մի քանի անսպասելի «ապտակ» ուտելուց յետոյ չի վարանում այդ երկրին ամենամօտ դաշնակցի տիտղոսը շնորհելու:

Ինչո՞ւ եմ այս ամէնը գրում: Ի՞նչ կարող ենք անել մենք, որ երդուել ենք չմոռանալ Ցեղասպանութեան զոհերի անմար յիշատակը: Նախ եւ առաջ կերտել  հեղինակաւոր մի մարմին, որի անդամների հեղինակութիւնն ԱՆԲԻԾ է, եւ ոչ ոք երբեւէ չի կարողանայ պնդել, թէ այս կամ այն երեւելին սրանից կամ նրանից «շահ է կորզել», ժողովրդի լեզուով ասած` «սեղանի տակից»: Ոեւէ պաշտօնեայ, ընդհուպ մինչեւ ամենաբարձրը, պէտք չէ պետական շահերը ստորադասի քաղաքական, ընտանեկան, խնամիական շահերին, եւ դրա լաւագոյն միջոցը երկրի գլխաւոր օրէնքի` սահմանադրութեան տառին հետեւելն է: Այսօր արդարացի չէ մատնանշել ղեկավարութեան շրջանակներում առկայ այս կամ այն թերացումը` առանց յիշատակելու, թէ հասարակ ժողովրդի մէջ էլ է ծառացած «ամենակարճ ճանապարհով իր նպատակին հասնելը», նոյնիսկ եթէ այդ ճանապարհը, մեղմ ասած, ուղիղ չէ: Կառավարութեան եւ ընդդիմութեան երկխօսութեան արդիւնքները մեկնաբանելիս` կառավարական երեւելիներից մէկը նշում էր, թէ` մենք` «անհամբեր ազգ ենք, ուզում ենք, որ վաղը ամէն ինչ ուղղուի, լաւանայ, բայց այդպէս չի լինում: Ժամանակ է պէտք®» եւ այլն:

Ժամանակ չկայ: Թուրքիայի տնտեսական հզօրութիւնը գովերգելու հետ զուգընթաց,  Հայաստանի տնտեսական բնութագիրը ընդհուպ մօտեցնում են Մատակասքարին, իսկ մեր տնտեսագէտները բողոքում են, թէ՝ «Մատակասքարի հետ չհամեմատէ՛ք»: Իրական չէ համեմատուել Թուրքիայի  տնտեսական թռիչքի հետ, այդ իսկ պատճառով պէտք է «խաղալ այն խաղաթղթերով, որոնք մեզ բաժին են ընկել»: Մտաւոր ներուժ (որ, ցաւօք, ցաքուցրիւ է լինում աշխարհով մէկ), ձեռներէցութիւն (որից, ցաւօք, աւելի շատ օգտւում են ուրիշ պետութիւններ), եւ իր նախադէպը չունեցող սփիւռք, ահա այդ «խաղաթղթերից» մի քանիսը: Սփիւռքի դերը չգնահատողները լուրջ միջամտութեան կարիք ունեն, իսկ սփիւռքահային արհեստական արգելակների դէմ կանգնեցնելը յանցագործութիւն է:

Վերջերս հանդիպեցի մի հաղորդագրութեան, թէ ինչպէ՛ս հայաստանեան պաշտօնեաներից մէկը սպառնացել է սփիւռքահայ գործարարին. «Ես ձեզ բոլորիդ կը նստացնե՛մ»: Սփիւռքահային դատի էին տուել հարկերից խուսափելու համար: Զգացական եւ անտեղի կը լինի դատողութիւններ անել այս կամ այն տեսակէտը պաշտպանելու համար, երբ գործի մանրամասնութիւններին տեղեակ չես: Բայց եթէ երկրում օրէնքից բացի այլ ճշմարտութիւն չընդունուի, կեղծիքները եւ չարաշահումները դաժանօրէն դատապարտուեն առանց հաշուի առնելու, թէ ով ում հետ է «խորոված կերել», այդ ժամանակ պարզ երեսով կարելի է յայտարարել. «Յարգելի՛ սփիւռքահայ, գիտենք, թէ որքան հայրենասէր ես, գիտենք, թէ որքան ես օգնել հայրենիքին, բայց այ այստեղ օրէնք ես խախտել եւ պիտի պատասխան տաս»: Իսկ եթէ 10-ին պատժից ազատում են, մէկին փորձում օրէնքի պահանջներին ենթարկել, այդ մէկը արդարաբար զարմանում է. «Ինչպէ՞ս դրանց հանդէպ ներողամիտ գտնուեցիք, իսկ ինձ նոյն քայլի համար պատժում էք»:

Սփիւռքահայն իր կերպարով չափազանց զգայուն է, եւ հայրենիքում փոքրիշատէ լուրջ օրինախախտման իւրաքանչիւր դէպք պէտք է լայն լուսաբանման արժանի դառնայ, որպէսզի արտասահմանում ապրող հայրենակիցների վստահութիւնը հայրենիքին հզօրացնելու հարցում նոյնիսկ փոքր կասկածի տակ չդրուի: Իսկ սփիւռքահայերին խորհուրդ է տրւում հեռու մնալ «թունաւոր» գնահատականներից. բազմիցս համացանցում կարդացել եմ` «Այդ ժողովրդի նպատակը սփիւռքահային կթելն է»: Իսկ մէկն այնքան հեռու էր գնացել, որ կոչ էր արել Հայաստանում որեւէ ներդրում չկատարել, քանի որ` «Այն պատրաստ չէ դեռ: Լաւ է արել Քըրք Քրքորեանը, որ Հայաստանին այլեւս չի օգնելու»: Ողորմելի՛ մարդ, իսկ ի՞նչ գիտես, թէ չի օգնելու կամ չի օգնում: Ինչո՞ւ են անբարեխիղճ մէկ կամ մի քանի յանցագործի նոյնացնում հայրենիքի հետ: Կամ ինչո՞ւ են կարծում, թէ իշխանութիւններն են հայրենիքը:

Իսկ ովքե՞ր են այդ իշխանութիւնները. մի՞թէ այլ մոլորակից են եկել: Չէ՞ որ ներկաները, նախորդները եւ դրանց նախորդներն էլ մեր ժողովրդից են սերել, եւ եթէ այս երեքին էլ հայհոյողների թիւն անթիւ անհամար է, որտե՞ղ է երաշխիքը, թէ չորրորդ խմբակն աւելի լաւը կը լինի, եւ հայհոյողների խմբակը չի կրկնապատկուի:

Օրէնքով ապրելը պէտք է դառնայ ապրելակերպ, միայն այդ դէպքում հաւատը կ՛ամրանայ, եւ պէտք եղած պահին ոչ ոք ետ չի նայի եւ կեանքը կը տայ հայրենիքի համար: Իսկ արտաքին քաղաքականութեամբ զբաղուող մեր պաշտօնեաները թող հաշուի առնեն, որ տնտեսական իրավիճակը գնալով աւելի խառնաշփոթ է դառնում, եւ ինչպէս երեւում է, առնուազն եւս մի քանի տարի պիտի շարունակուի այս ուղերթով:

2015-ի ապրիլի 24-ին երեք տարուց մի փոքր աւելի շատ ժամանակ է մնացել: Որքանո՞վ ենք մենք զգում այս ժամանակի ճնշումը եւ ի՞նչ ենք անում որպէս տեսակ, որպէսզի հարցը այնպէս դնենք, որ նոյնիսկ տնտեսական խառնաշփոթի մէջ գտնուող հզօրները ժամանակ ունենան մեկնաբանելու, թէ` «աշխարհի ամենահին ազգերից մէկի հանդէպ ոճրագործութիւն է կատարուել, եւ պէտք է արժանի գնահատական տալ», ոչ թէ արհամարհեն, ինչպէս դա արել են բազմաթիւ անգամներ:

Ինքնամաքրման ժամանակն է. պէտք է շտապենք:

ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Share this Article
CATEGORIES