ՅԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Յունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրութիւններից յետոյ վերստին կարեւորւում է այդ երկրի զարգացման ուղու, Մեծն Մերձաւոր Արեւելքում եւ աշխարհում նրա տեղի ու դերի հարցը:

Եթէ տասնամեակներ շարունակ Թուրքիան համարւում էր Արեւմուտքի պաշտպանական միջնաբերդը, ապա այսօր արտաքին ընդարձակման ուղեգիծ է բռնել: Փորձագէտները նշում են, որ Փոքր Ասիայում ներկայումս ձեւաւորւում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոն, որը ցոյց է տալիս իր ներուժը` սեփական քաղաքական խաղ տանելու համար: Եւ այդ ուժը կը ձգտի, օգտուելով արաբական աշխարհում յեղափոխութիւնների եւ ցնցումների ժամանակաշրջանից, գլխաւորել տարածաշրջանը` որպէս առաջնորդ երկիր:

Յայտնի է, որ ընտրութիւններում արդէն 3-րդ անգամ յաղթած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան արտաքին քաղաքական հայեցակարգն այն է, որ Թուրքիան ամենեւին էլ Արեւմուտքի ծայրամաս չէ, այլ գտնւում է Եւրասիայի կենտրոնում` պատմականօրէն եւ աշխարհագրօրէն կապուած լինելով այնպիսի կենսական կարեւոր տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Մերձաւոր Արեւելքը, Պալքաններն ու Կովկասը:

Ըստ վերոնշեալ հայեցակարգի, Թուրքիան պատմական կարեւոր փուլ է ապրում` փորձելով իր շուրջը ձեւաւորել ազդեցութեան, տնտեսական ու քաղաքական գործակցութեան ընդարձակ գօտի, բացառելով լարուածութիւնն իր սահմանների մօտ եւ հարեւան տարածաշրջաններում: Համարւում է, որ Թուրքիան տնտեսական մեծ կարողութիւն ունի եւ ձգտում է դառնալ նախկին օսմանեան տարածքի առաջատարը: Այդ պատճառով Անգարան այլեւս պէտք չէ թաքցնի իր մտադրութիւնները, իսկ տարածաշրջանի պետութիւնները դրա մէջ մեծ վտանգ չեն տեսնի, ընդհակառակը, կը ձգտեն ստանալ որոշ առաւելութիւններ` մուտք ունենալով դէպի թուրքական շուկայ եւ ապահովելով թուրքական ներդրումներ:

Փորձագէտների գնահատականով, Թուրքիան ընտրութիւններից յետոյ կը պահպանի իր արտաքին քաղաքականութեան բազմավեկտորութիւնը` շարունակելով իր ուղեգիծը ԵՄ-ին անդամակցելու եւ Մերձաւոր Արեւելքում ազդեցութիւնն ընդլայնելու ուղղութեամբ: Նրանք նաեւ կանխատեսում են, որ «Արաբական գարնան» պատճառով Թուրքիայի քաղաքական կշիռը տարածաշրջանում շարունակաբար աճելու է: Ինչպէս յայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Տաւութօղլուն` «մեր նպատակն է վերահամարկուել տարածաշրջանին»:

Հէնց այդ վերահամարկուել քաղաքականութեան պարունակում Թուրքիան մտցրեց առանց մուտքի արտօնագրերի դրութիւն Սուրիայի, Լիբանանի եւ Յորդանանի հետ: Բացի այդ, վերջին տասը տարում ԱԲԿ-ն տարբեր իսլամական կազմակերպութիւնների, այդ թւում` եղբայրութիւնների (թարիքաթների) եւ տնտեսական ընկերութիւնների միջոցով փորձում է ամրապնդել կապերը Մերձաւոր Արեւելքում գործող իսլամական կառոյցների, ներառեալ` քաջ յայտնի «Մուսուլման եղբայրների» հետ: Աւելի՛ն. պարբերաբար քարոզչական գրոհներ ձեռնարկելով Իսրայէլի դէմ` Էրտողանին յաջողուեց ձեռք բերել հասարակ մահմետականների համակրանքը:

Սպասւում էր, որ Ռ. էրտողանն իր երրորդ վարչապետութիւնը կը սկսի Պաքու կատարելիք այցից, սակայն պարզուեց, որ առաջին այցը կատարուելու է Եգիպտոս: Իսկ այն բանից յետոյ, երբ Թուրքիայի նախագահ Կիւլը յայտարարեց, թէ Թուրքիան պատրաստւում է ճանաչել Պաղեստինի անկախութիւնը, ակնյայտ դարձաւ, որ Անգարան գրաւը դնում է առաւելապէս իսլամական-արաբական ուղղութեամբ:

Վերջին շրջանում Ռ. էրտողանի կառավարութիւնը ջանքեր է գործադրել արաբական յեղափոխութիւններում խաղաղարար միջնորդի դեր ստանձնելու համար: Եգիպտոսում ցոյցերի ժամանակ Թուրքիայի վարչապետն առաջիններից էր, որ կոչ արեց Հիւսնի Մուպարաքին` հեռանալ նախագահի պաշտօնից, ապա Անգարան աշխուժ դիրք բռնեց նաեւ Լիպիայի եւ Սուրիայի ուղղութիւններով` հանդէս գալով միջնորդական առաջարկներով: Թուրքական կառավարութեան ներկայացուցիչները պարբերաբար հանդէս են գալիս յայտարարութիւններով այն մասին, որ Թուրքիայում իսլամի եւ ժողովրդավարութեան յաջող համատեղման փորձն օրինակ կը ծառայի արաբական շարժումների համար: Բացի դրանից, Թուրքիան ջանում է ցոյց տալ Արեւմուտքին, թէ որքանով կարեւոր երկիր է դէպի արաբական Արեւելք մուտք գործելու համար: Մասնաւորապէս Անգարան փորձում է համոզել Պրիւքսելին, որ Թուրքիային ԵՄ-ի կազմի մէջ ընդունելով` արաբա-մահմետական աշխարհում կը խթանուի ժողովրդավարութեան տարածումը:

Մինչդեռ այդ բոլոր յայտարարութիւնների տակ թաքնուած է արաբական աշխարհում քաղաքական իրական ազդեցութեան բացակայութեան փաստը: Անշուշտ Էրտողանը ձեռք է բերում արաբ բողոքաւոր զանգուածների համակրանքը, սակայն արաբական քաղաքական վերնախաւերի համար թուրքական խօսքն էական նշանակութիւն ունենալ չի կարող:

Յետընտրական զարգացումներն արդէն սկսեցին յանգեցնել Էրտողանի կառավարութեան համար ոչ այնքան ցանկալի հետեւանքների: Նախ, երկրի ներսում ուժգնացաւ քրտական շարժումը, ինչը նաեւ տարածաշրջանային զարգացումների արձագանգ է: Եւ անսպասելի սկսուեց թուրք-սուրիական յարաբերութիւնների վատթարացումը:

Դեռ մի քանի ամիս առաջ Սուրիայի հետ բարեկամական յարաբերութիւնները կազմում էին թուրքական արտաքին քաղաքականութեան անկիւնաքարերից մէկը: Իսկ այսօր Թուրքիայի վարչապետը հանդէս է գալիս ելոյթներով, որտեղ մեղադրում է Պաշշար Ասատի վարչակարգին` «անընդունելի գազանութիւններ կատարելու» մէջ: Նա յայտարարեց, որ Սուրիայում հնարաւոր են միջկրօնական բախումներ եւ այդ երկրի տրոհում: Դժգոհութիւն յայտնելով Սուրիայում քրտական շարժման աշխուժացման եւ սուրիացի փախստականների հոսքի կապակցութեամբ` Անգարան յայտարարեց թուրք-սուրիական սահմանին ազատ գօտի ստեղծելու մտադրութեան մասին: Աւելի՛ն. Անգարան զգուշացրեց Դամասկոսին, որ սահմանամերձ գօտում ցանկացած ռազմական գործողութիւն սուրիացի փախստականների դէմ կ՛ընկալուի որպէս գործողութիւն Թուրքիայի դէմ: Անթալիայում անգամ գումարուեց սուրիական ընդդիմութեան հաւաք: Ի պատասխան` Դամասկոսը մեղադրեց Անգարային Արեւմուտքի ճնշումներին միանալու քաղաքականութեան, ինչպէս նաեւ` Սուրիայում խռովութեան կազմակերպիչ համարուող «Մուսուլման եղբայրների» զինեալ խմբերին աջակցութիւն ցուցաբերելու մէջ: Իսկ Իրանը զգուշացրեց Թուրքիային` չընդունել իր տարածքում ՕԹԱՆ-ի զօրամիաւորումներ` Սուրիայի դէմ հնարաւոր յարձակման դէպքում:

Դա նշանակում է, ըստ թուրք փորձագէտների, որ թուրքական տարածաշրջանային քաղաքականութիւնը փակուղի է մտել: Անգարան հաշուարկել էր, որ արաբական պետութիւնները, որոնք ցնցումների փուլում են, ի վիճակի չեն լինի համարժէքօրէն արձագանգել թուրքական մարտահրաւէրներին: Այդ էր պատճառը, որ Սուրիայում խռովութիւնները սկսուելուց յետոյ Թուրքիան սկսեց պատրաստուել Ասատի վարչակարգի փոփոխութեանը` յոյս ունենալով այստեղ ձեռք բերել «վերահսկիչ փաթեթ»: Սուրիան, լինելով արաբական աշխարհի առանցքային երկիր, կարող է հանդիսանալ ինչպէս Թուրքիայի մերձաւոր գործընկերը, այնպէս էլ նրա ազդեցութեան սահմանափակողը տարածաշրջանում: Անգարայի համար կարեւոր է, որ Իրանը` Թուրքիայի դարաւոր աշխարհաքաղաքական մրցակիցը, կը զրկուէր իր սուրիական դաշնակցից: Թուրքական իշխող վերնախաւում այն կարծիքին են, որ սիւննիական աշխարհը ստիպուած կը դիմի թուրքական հովանուն` ընդդէմ շիի Իրանի: Պակաս կարեւոր չէ Անգարայի համար, որ սիւննիների միաւորման ընթացքում այն կ՛ամրապնդի գործընկերութիւնը Սէուտական Արաբիայի հետ, որը կարող է դէպի Թուրքիա ֆինանսական զգալի հոսքեր ապահովել: Մինչդեռ սիւննիականութեան պահապան սէուտական թագաւորութեան համար շատ կարեւոր է ճանապարհից հեռացնել շիի Իրանին եւ նրա ալեւի դաշնակից Ասատի վարչակարգին:

Միեւնոյն ժամանակ, եթէ Թուրքիան Սուրիայի դէպքում կրաւորական դիտորդ մնայ, ապա հետզհետէ սուրիական ցնցումները կարող են տարածուել նրա տարածքում` ներառելով քրտական շարժումը: Սուրիայի քրտերի գործողութիւններն Ասատի վարչակարգի դէմ հնարաւոր է, որ ձեռք բերեն ազատագրական պայքարի բնոյթ, եւ Սուրիայի տրոհման դէպքում կը ստեղծուի եւս մի քրտական ինքնիշխան միաւորում, որն իրաքեանի հետ միասին արդէն հսկայական արագութիւն կը հաղորդի թուրքական քրտաբնակ շրջաններում պայքարի ծաւալմանը: Ուստի, Էրտողանը շահագրգռուած է հնարաւորինս արագ կարգաւորել «սուրիական հարցը»: Արդէն հիմա թուրք պաշտօնեաները յայտարարում են, որ Սուրիայից փախստականների տեսքով Քրտական աշխատաւորական կուսակցութեան զինեալ խմբերը ներթափանցում են թուրքական քրտաբնակ շրջաններ:

Ինչ վերաբերում է Իրաքին, ապա, կարելի է ասել, հէնց այստեղ է վճռուելու Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութեան ճակատագիրը: Իրաքն այժմ շատ նպաստաւոր գօտի է Թուրքիայի կողմից ներդրումների եւ առեւտրի համար. Անգարան փորձում է այդ երկիրը ներգրաւել իր տնտեսական ու քաղաքական տարածութեան մէջ: Առաջին հերթին, Թուրքիան ձգտում է ամրապնդել թուրքախօս բնակչութեան դիրքերն Իրաքում` այն ներկայացնելով ոչ թէ որպէս ազգային փոքրամասնութիւն, այլ պետականակազմ ազգ` սիւննի արաբների, շիի արաբների եւ քրտերի հետ մէկտեղ: Բացի այդ, ներդնելով իրաքեան քրտաբնակ շրջաններում շուրջ 10 միլիառ տոլար` Անգարան նպատակ է հետապնդում համարկել այս երկրամասն իր տնտեսական տարածութեան մէջ:

Սակայն, միւս կողմից, այս պայմաններում հիւսիսային Իրաքի հետ սահմանի թափանցիկութիւնը թոյլ է տալիս երկու կողմերի քրտերին կանոնաւոր կերպով յարաբերակցուել, ինչն էլ աւելի է ուժեղացնում քրտական շարժումը:

Եւս մի կարեւոր գործօն, որ լրջօրէն սահմանափակում է Թուրքիայի տարածաշրջանային յաւակնութիւնները. Միացեալ Նահանգների ռազմական ներկայութիւնը Հարաւային Կովկասում, Մերձաւոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում: Ակնյայտ է, որ ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ եւրոպացիները թոյլ չեն տայ Թուրքիային աւելի աշխուժ դեր ստանձնել տարածաշրջանային խնդիրների կարգաւորման գործում, քան որպէս արեւմտեան շահերը սպասարկող ուժի:

Պարզ է նաեւ, որ Թուրքիայի աշխուժացումն արաբական Արեւելքում եւ Կովկասում կը բերի Իրանի, Ռուսաստանի, Սուրիայի, Իսրայէլի եւ այլ ուժերի հակազդեցութեանը: Այս առումով Թուրքիայի բախումն իր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ կամ ներգրաւումը տարաբնոյթ հակամարտութիւնների մէջ դառնում է էական գործիք` Թուրքիայի յաւակնութիւնները զսպելու համար: Որքան նոր թուրքական կայսրութեան նախագիծը խորանայ, այնքան այն աւելի ու աւելի յաճախակի բախուելու է տարածաշրջանային միւս հիմնական խաղացողների շահերի հետ:

Հետաքրքրական է, որ «զբաղուած լինելով» Լիպիայում` Արեւմուտքը կարծես Թուրքիայի ուսերի վրայ է դնում Պաշշար Ասատի վարչակարգի դէմ ճնշումների բեռը: Բաւական է նշել, որ Մեծն Բրիտանիայի արտաքին գործերի  նախարար Հէյկը յայտարարեց, որ` «մեր թուրք գործընկերները կ՛անեն ամէն հնարաւորը` Ասատի վարչակարգի վրայ ճնշումներ գործադրելու համար: Նրանք Ասատին կը հասկացնեն, որ նա կորցնում է իր իշխանութիւնը եւ պէտք է բարեփոխումներ իրականացնի կամ հեռանայ»:

Դրանով Թուրքիան փաստօրէն ընկնում է ծուղակի մէջ: Եթէ այն յաջողութեամբ կատարում է իր վրայ դրուած առաքելութիւնը, ապա ամբողջ արաբական աշխարհը ձեռք է բերում որպէս հակառակորդ, քանի որ արաբները չեն ների Օսմանեան կայսրութեան «ժառանգներին» արաբական գործերին միջամտելու փաստը: Բացի դրանից, Թուրքիան ուղղակիօրէն կը յայտնուի Իրանի շահերի դէմ բախման վտանգի առաջ: Իսկ ձախողուելու դէպքում` Թուրքիան ցոյց կը տայ բոլորին, որ ի վիճակի չէ կատարել իր կողմից հռչակուող տարածաշրջանային առաջնորդի դերը:

Վերջապէս, ինչպէս նշում են փորձագէտները, Թուրքիայի տնտեսական միջոցները կարող են չբաւարարել տարածաշրջանային առաջնորդ դառնալու համար, ինչպէս դա տեղի ունեցաւ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, երբ Անգարան փորձեց գրաւել առաջնորդող դիրքեր թուրքական աշխարհում:

Դեռեւս անորոշութեան մէջ են թուրք-իսրայէլական յարաբերութիւնները: Յայտնի է, որ Թուրքիայի եւ Իսրայէլի միջեւ գոյութիւն ունեն բազում աւանդական կապեր, յատկապէս` ռազմաքաղաքական բնագաւառում, ուստի, երկու կողմն էլ ձգտում են «չայրել կամուրջները»: Ուստի, հէնց յետընտրական շրջանում աշխուժացան Թուրքիայի եւ Իսրայէլի հաշտեցման փորձերը, ինչին առաւելապէս նպաստում է Սուրիայի դէմ ջանքերի համատեղման անհրաժեշտութիւնը: Հարկ է նշել, որ սուրիա-թուրքական մերձեցումը սկսուեց իսրայէլա-թուրքական յարաբերութիւնների վատթարացման ընթացքին զուգահեռ: Հիմա, կարծես թէ, սկսւում է հակառակ գործընթացը:

Իսրայէլն իր պաշտպանութեան նախարար Պարաքի միջոցով յայտարարեց, որ Երուսաղէմը պատրաստ է վերադառնալ Թուրքիայի հետ յարաբերութիւնների նախկին մակարդակին` մոռանալով անցեալում եղած վիրաւորանքները: Մինչդեռ սկզբից արտաքին գործերի նախարար Տաւութօղլուն, ապա վարչապետ Էրտողանն էլ պնդեցին, որ Թուրքիան չի գնայ Իսրայէլի հետ յարաբերութիւնների կարգաւորման, քանի դեռ իսրայէլական կառավարութիւնը ներողութիւն չի խնդրել 2010թ. մայիսին «ազատութեան նաւատորմիղի» հետ տեղի ունեցած միջադէպի կապակցութեամբ: Բացի այդ, Իսրայէլը պէտք է հանի Կազայի հատուածի շրջափակումը: Իսրայէլի կառավարութեան ղեկավարներն ի պատասխան յայտարարեցին, որ ներողութիւն խնդրելու համար առիթ չունեն եւ չեն պատրաստւում ազգային ստորացում թոյլ տալ: Փաստօրէն, Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման մասին բանակցութիւններն աւարտուեցին անարդիւնք:

Ամէն դէպքում Իսրայէլի հետ լիարժէք յարաբերութիւնների եւ դաշինքի վերականգնումը հաւանական չէ, քանի որ երկու պետութիւնների շահերը տարածաշրջանում մտել են խոր հակասութիւնների մէջ, որոնցից գլխաւորներն են` մերձաւորարեւելեան շուկաներում առաջնորդութիւնը եւ տարածաշրջանի տրոհումն աւելի փոքր միաւորների, մասնաւորապէս, նոյն Քիւրտիստանի ստեղծումը, որն ուղղակի բխում է Իսրայէլի շահերից ու հակասում Թուրքիայի շահերին:

Միաժամանակ, սուրիական դէպքերը ցոյց են տալիս, որ Մերձաւոր Արեւելքում գերիշխանութեան ձգտելու ճանապարհին` Թուրքիան ներքաշւում է տարածաշրջանային անկայունութեան ու ցնցումների մի փուլ, ինչը նման է Ա. Աշխարհամարտի մէջ Օսմանեան կայսրութեան ներքաշուելու ընթացքին:

Կարելի է եզրակացնել, որ «հարեւանների հետ զերօ խնդիրներ» սկզբունքի վրայ հիմնուած Թուրքիայի նոր տարածաշրջանային քաղաքականութիւնը, որն անուանեցին «նորօսմանականութիւն», փաստօրէն չաշխատեց: Թուրքիան առանձնապէս որեւէ լուրջ ազդեցութիւն ձեռք չբերեց, եւ ակնյայտ է, որ նրա` որպէս տարածաշրջանային տէրութեան, հնարաւորութիւնները մնալու են սահմանափակ, իսկ Թուրքիայի վրայ ճնշման առաւել ազդեցիկ լծակ է մնալու քրտական «խաղաքարտը»:

Ստեղծուած իրավիճակում Թուրքիան պէտք է կրկին ապաւինի ճկուն եւ մարտավարական դաշինքներին, քանի որ լուրջ ռազմավարութիւնը տարածաշրջանում ներկայիս արագընթաց զարգացումների պարագայում դառնում է պարզապէս անհնար: Թուրքիան դեռ օգտագործելու է իր ունեցած լծակներն ու խաղաքարտերը, որոնք են` ռազմական հզօրութիւնը եւ կայացած ուժային համակարգը, տնտեսական վերելքը, Պալքաններում, Կովկասում, Մերձաւոր Արեւելքում ու Կենտրոնական Ասիայում ազդեցութեան տարրերը, Միացեալ Նահանգների, ԵՄ-ի եւ Ռուսաստանի քաղաքական, ռազմական ու ուժանիւթային շահերի սպասարկումը:

ՍՈՒՐԷՆ ՍԱՐԵԱՆ

Share this Article
CATEGORIES