«ԴՐՕՇԱԿ»Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԸՆԿԵՐԱՅԻՆ ԲՈՂՈՔ, ՇԱՐԺՈՒՄ ԵՒ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ

2011 թուականն սկսուեց քաղաքական եւ ընկերային բուռն բողոքներով: Թունուզի քաղաքական յեղափոխութեան եւ Ալճերիայում, Մարոքում տեղի ունեցած նմանօրինակ իրադարձութիւններին յաջորդեց Եգիպտոսի հասարակութեան բուռն ընդվզումը, որը եւս պարունակում է ոչ միայն քաղաքական սրընթաց փոփոխութիւնների վիթխարի ձգտման, այլ նաեւ ընկերային լիարժէք յեղափոխութեան բնորոշ տարրեր:

Հայաստանեան քաղաքական բեմահարթակում էլ 2011 թուականն սկսուեց ընկերային բողոքներով, «փողոցային» առեւտրականների ցոյցերից յետոյ, անմիջապէս, բողոքի ցոյցեր անցկացրեցին` Երեւանի տօնավաճառների առեւտրականները` մաքսատուրքերի բարձրացման դէմ, կանանց նկատմամբ բռնութիւնների դէմ պայքարող հասարակական կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ խաղաղ պայմաններում զոհուած զինուորների մայրերը: Ընկերային սոյն բողոքները, թէեւ բխում են սահմանափակ թուով շերտերի շահերից, այդուհանդերձ դրանց գրեթէ համաժամանակեայ դրսեւորումները խօսում են հայաստանեան հասարակութեան ընկերային, խորը դժգոհութեան մասին, ինչն առայժմ արտայայտւում է ոչ միասնաբար:

Մարդու հասարակական կեանքի պատմութիւնը ցոյց է տալիս որ ընկերային տարանջատ բողոքների հանրագումարը, ընկերային գաղափարախօսութեան առկայութեամբ եւ տարածմամբ, ի վիճակի է վերածուել ընկերային մեծ շարժման:

Յատկապէս ժամանակակից հասարակական կեանքի փորձը ցոյց է տալիս, որ ընկերային բողոքի ալիքների վրայ բարձրանում են մի քանի հանրածանօթ գաղափարախօսական հոսանքներ:

– Պահպանողական հոսանքները, առհասարակ, ընկերային բողոքը դարձնում են քաղաքական իշխանութեան հակակշռման հարուածային մեքանիզմ որի միջոցով, ժամանակ առ ժամանակ, որոշակի փոփոխութիւններ են պարտադրում պետութեան ներքին կամ արտաքին քաղաքականութեան մէջ:

– Նոր ազատական հոսանքները ընկերային բողոքը յանգեցնում են քաղաքական համակարգի քատրային փոփոխութիւնների, եւ յաճախ, «գունաւոր յեղափոխութեան»` արդիական նոյնատեսակ ձեւանմուշներով, նախաձեռնում են դրսից առաւել կառավարելի եւ վերահսկելի իշխանութիւնների ձեւաւորմանը:

– Ընկերվար-ժողովրդավարական հոսանքները, ի տարբերութիւն վերոնշեալ երկու տեսակների, հիմնականում, ձգտում են համակարգային փոփոխութեան: Նրանք, արդարութեան գաղափար հաղորդելով ընկերային բողոքին, զերծ են մնում տարերայնութիւններից, մեքենայութիւններից եւ արկածախնդրութիւններից: Երբ ժողովրդավարական ընկերվարութիւնն է դառնում գերակայ գաղափարախօսութիւն եւ մղիչ ուժ, ապա շարժումը, հետեւողական կերպով, ձգտում է համակարգային բարեփոխումների, ընկերային բողոքը վերածւում է ոչ ընկերային խռովութեան, այլ` գիտակցուած ընկերային շարժման:

Ընկերային բողոքը Հայաստանում ի յայտ է եկել անկախութիւնից ի վեր: Սակայն կարելի է ասել, որ դրա տիրական գաղափարախօսութիւնը կամ պահպանողականութիւնն է եղել, կամ նոր ազատականութիւնը: Ժողովրդավարական ընկերվարութիւնը դեռ չի հասցրել դառնալ Հայաստանի ընկերային-քաղաքական ոլորտի գերակայ գաղափարախօսութիւնը: Թերեւս տուեալ իրողութեան բազմաբնոյթ պատճառներից մէկը` խորհրդային ամբողջատիրական համակարգի առարկայական փորձն ու թողած ենթակայական հետքերն են: Այսօր այս հետքերը թօթափելու դժուարին հրամայականի դէմ յանդիման են կանգնած հայկական ընկերվար-ժողովրդավարական հոսանքները:

Գաղափարական-քաղաքական ճակատի վրայ, հայկական ընկերվար-ժողովրդավարական հոսանքները պէտք է մի կողմից պայքարեն պահպանողական եւ նոր-ազատական գաղափարախօսութիւնների վնասակար ազդեցութիւնների դէմ, իսկ միւս կողմից, կազմակերպականօրէն, ստանձնեն ընկերային շարժման ղեկավարի ամբողջական պատասխանատուութիւնը: Մի կողմից պէտք է ձգտեն համակարգային փոփոխութիւնների, պայքարելով յանուն արդարութեան եւ անապահով շերտերի ընկերային շահերի պաշտպանութեան, իսկ միւս կողմից` պէտք է պահպանեն պետութեան ներքին կայունութեան եւ ազգային անվտանգութեան սկզբունքները:

Այսպիսով, հայկական ընկերվար-ժողովրդավարական ճակատի համար սպասւում է համախմբման դժուարին գործ` Հայաստանում ընկերային շարժումը առաջնորդելու համար եւ, միաժամանակ, պահանջւում է համապատասխան լրջութիւն, գաղափարական սկզբունքայնութիւն եւ պատասխանատուութեան գիտակցում:

Սա նշանակում է օր առաջ կազմել գաղափարական-քաղաքական ճակատ եւ մշակել ընկերային համալիր քաղաքականութիւն եւ գործունէութեան ծրագիր:

Համոզուած ենք, որ Հայաստանի եւ բովանդակ հայութեան շահերից է բխում իրականացնել այս գործը` գաղափարապէս եւ կազմակերպականօրէն տէր կանգնել մեր քաղաքացիների ընկերային բողոքին եւ շարժումը առաջնորդել դէպի համակարգային, արմատական փոփոխութիւններ:

 

Յունուար 2011

 

 

Share this Article
CATEGORIES