ՆԵՐԳԱՂԹԸ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՈՒՐԻՇ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՒ ԿԵՆՍԱԿԵՐՊ ՈՐՈՆՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆ – ԱԶՐՊԷՅՃԱՆ 2011. ԿԱՐԾԻՔՆԵՐ ՈՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ
Հայկական եւ ազրպէյճանական սփիւռքի եւ դրանց նշանակութեան մասին են ստորեւ ներկայացուող հարցազրոյցները: Հայաստանի եւ Ազրպէյճանի այսօրուայ իրականութիւններն իրենց ամբողջութեան մէջ ուրուագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագէտների հետ զոյգ հարցազրոյցների շարք) «Ռեգիոն» հետազօտական կենտրոնի եւ Ազրպէյճանում Խաղաղութեան եւ ժողովրդավարութեան հիմնարկի համատեղ ծրագրի մէկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ազրպէյճանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրոյցները միաժամանակ տպագրւում են «Հետք» եւ Ազրպէյճանում «Նովոյէ Վրեմեա» թերթերում: Ազրպէյճանում հարցազրոյցներն անցկացնում է Խաղաղութեան եւ ժողովրդավարութեան հիմնարկը:
«ՌԵԳԻՈՆ» ՀԵՏԱԶՕՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՍԻՎԻԼԻԹԱՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՏՆՕՐԷՆ ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆԻ ՀԵՏ
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ նշանակութիւն ունի Հայաստանի համար սփիւռքը, ինչպէ՞ս է պետութիւնը խրախուսում հայկական սփիւռքի հետ կապերի զարգացումը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մենք սփիւռք շատ աւելի շուտ ենք ունեցել, քան պետութիւն: Այդ պատճառով սփիւռքը կազմաւորուել, կազմակերպուել եւ գործում է իր աւանդական ձեւերով` պետութիւնից անկախ: Եւ պետութիւնը գիտի, որ սփիւռք եղել է հարիւրաւոր տարիներ, նոյնիսկ նախքան Ցեղասպանութիւնը, եւ ակնկալում է, որ սփիւռքը կ՛անի ինչ-որ բաներ թէ՛ իրենց եւ թէ՛ Հայաստանի համար, երբեմն` համակարգուած, երբեմն` ոչ: Սփիւռքը եւ պետութիւնն ընդունում են մէկը միւսին` յաճախ առանց իրար լաւ ճանաչելու:
Թէ ինչ նշանակութիւն ունի սփիւռքը Հայաստանի համար, թուերն արդէն իսկ կարող են շատ բան ասել: Մենք ունենք ազգ, որը երեք անգամ աւելի մեծ է, քան պետութիւնը: Սա արդէն նշանակում է, որ սփիւռքը կարող է Հայաստանին տալ ելք դէպի աշխարհ, աւելի շատ մարդկային պաշարներ եւ ցանցեր: Բոլոր նախադրեալները կան: Այլ հարց է, թէ Հայաստանը դա օգտագործո՞ւմ է, թէ՞ ոչ, կամ` սփիւռքը դա գիտակցո՞ւմ է, թէ՞ ոչ:
Սփիւռքի հետ համագործակցութեան ձեւերը տարբեր են: Նախ ասեմ, որ մենք ունենք աւանդական սփիւռք եւ նոր սփիւռք: Այն սփիւռքը, որ գոյութիւն ունէր նախքան անկախութիւնը, եւ այն սփիւռքը, որ գոյացել է անկախութիւնից յետոյ, տարբեր են, եւ հետեւաբար տարբեր են նրանց կապերը եւ համագործակցութիւնը Հայաստանի հետ: Նոր սփիւռքի կապերը Հայաստանի հետ անմիջական, ընտանեկան եւ ազգակցական են, միւսի պարագայում կապերը յաճախ վերացական են: Նոր սփիւռքը կազմակերպուած չէ, օգնում է ընտանիքին, մօրաքրոջը, քեռուն, բայց Հայաստանի զարգացմանը չի մասնակցում հաստատութենական մակարդակում: Սակայն հաստատութենական կապերն են, որ հետեւողական, մնայուն եւ նշանակալից ազդեցութիւն կարող են ունենալ Հայաստանի համար: Իսկ քանի որ նման կապերը պէտք է լինեն լուրջ եւ հետեւողական, շատերը չեն ընտրում այդ ճանապարհը: Միւս կողմից` հայաստանեան հաստատութիւնները չեն հեշտացնում նման յարաբերութիւնները, եւ արդիւնքում ունենք այն, ինչ ունենք:
Հ.- Ի՞նչ կարելի է ասել սփիւռքի ազդեցութեան մասին ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վրայ: Ի՞նչ գաղափարների շուրջ է այսօր հայկական սփիւռքը միաւորւում:
Պ.- Նորից պատասխանը միանշանակ չէ: Արտաքին քաղաքականութեան մակարդակում սփիւռքի ներկայութիւնը շատ կարեւոր է, որովհետեւ սփիւռքն անընդհատ փորձել եւ փորձում է տուեալ երկրի քաղաքական օրակարգում պահել Հայաստանին վերաբերող հարցերը: Այս պարագայում սփիւռքի կարողական օգտակարութիւնն արտաքին յարաբերութիւնների դաշտում շատ կարեւոր է եղել եւ կը լինի: Ներքին հարցերին սփիւռքը նոյն ձեւով չի վերաբերուել: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ դրսից հնարաւոր չէ ոչ՛ պատկերացնել, ո՛չ թելադրել եւ ո՛չ էլ դրա իրաւունքն ունի: Հետեւաբար սփիւռքի ազդեցութիւնը ներքին քաղաքականութեան վրայ շատ թոյլ է: Բայց նոյնը չի կարելի ասել սփիւռքի ղեկավարների մասին, որոնք կարող էին եւ կարող են աւելի հետամուտ լինել Հայաստանի զարգացման ներքին հարցերին:
Ղարաբաղի հարցն այն իրական հարցերից է, որի շուրջ սփիւռքահայերը միանշանակ կը միաւորուեն, որովհետեւ դա գոյատեւման հարց է: Ցեղասպանութեան հարցը նոյնպէս շատ իրական է, այսօր այն արդէն միայն անցեալի, պատմութեան եւ յիշողութիւնների հարց չէ, այլեւ արդիական խնդիր է, որովհետեւ Հայաստանի համար կարեւոր է ունենալ հարեւան, որը ժողովրդավար է, անկեղծ եւ ազնիւ` իր անցեալի հանդէպ:
Այս երկու հարցերից բացի, կան երկարաժամկէտ նշանակութեան հարցեր, որոնք կապուած են Հայաստանի գոյութեան եւ զարգացման հետ: Սփիւռքահայերը լաւ հասկանում են, որ իրենց ինքնութիւնը (ուզեն, թէ չուզեն, անկախ իրենց անմիջական կապերից) կապուած է Հայաստանի հետ: Եթէ Հայաստանը աղքատ ու թշուառ է, հայը ցանկացած երկրում այդպէս է ընկալւում: Եթէ Հայաստանը կենսունակ ու գործունեայ է միջազգային բեմերում, ապա Հայաստանից դուրս ապրող հայերն էլ այդպէս են իրենց զգում ու այդպէս են ընկալւում:
Սփիւռքից երիտասարդներ գալիս են «Սիվիլիթաս», ուզում են մնալ եւ աշխատել Հայաստանում: Նրանք երբեք եկեղեցու, կուսակցութեան կամ հայկական դպրոցի հետ կապ չեն ունեցել, բայց ինչ-որ մի պահից փորձում են իրենց ապագան գտնել Հայաստանում: Ես սա տեսնում եմ իմ ընտանիքում, իմ բարեկամների եւ ծանօթների ընտանիքներում:
Ի հարկէ, Հայաստանից արտագաղթ էլ կայ, եւ ներգաղթն ու արտագաղթն ապագայի յոյսի փնտռտուքների պատճառն են: Արտագաղթն այսօր փոքր աշխարհից դուրս գալու, ուրիշ տեղ ապագայ փնտռելու միջոց է: Ներգաղթը նոյնպէս ճանապարհ է ինչ-որ պատասխաններ գտնելու, ուղղակի արդէն ուրիշ պատասխաններ եւ ուրիշ կենսակերպ որոնող մարդկանց համար:
Ամէն դէպքում մենք պէտք չէ հեգնանքով եւ ափսոսանքով նայենք եկող եւ հեռացող մարդկանց, պէտք չէ նրանց որոշումը դիտենք որպէս վերջնական քայլ: Պէտք է գիտակցել, որ աշխարհը նմանուել է բացուող-փակուող դռների, եւ մենք պէտք չէ ասենք, որ մեզ լքում են, այլ ապրենք այնպէս, որ մարդիկ նաեւ վերադառնալու եւ հայրենիքում իրենց ուժերը ներդնելու հնարաւորութիւն ունենան:
Հ.- Ո՞ր երկրներում են առաւել շատ բնակւում սփիւռքի ներկայացուցիչները: Որքա՞ն խորն են նրանք համարկուած իրենց բնակութեան երկրներում, եւ ինչպէ՞ս է դա անդրադառնում նրանց ազգային ինքնութեան վրայ:
Պ.- Ակնյայտ է, որ Ռուսաստանն ու Ամերիկան են հայաշատ, բայց քանակը չէ, որ համայնքի ազդեցութեան միակ չափանիշն է: Կարեւոր են կազմակերպուածութիւնը, այդ երկրի համակարգի ընձեռած հնարաւորութիւնները լոպիստական գործունէութեան մէջ գործածելը, էական է համայնքի ղեկավարութեան կարողութիւնը` ճշգրտելու Հայաստանի խնդիրներն ու առաջնահերթութիւնները, եւ դրանք այնպէս ձեւակերպել, որ համահունչ լինեն այդ երկրի շահերի հետ:
Յատկապէս այսօր, երբ թէ՛ Ազրպէյճանը եւ թէ՛ Թուրքիան որոշել են մեր երկկողմանի հարցերը միջազգայնացնել, սփիւռքահայ համայնքների առկայութիւնն ու աշխուժութիւնը շատ կարեւոր են: Դա, ի հարկէ, կարող է երկու արտայայտութիւն ունենալ: Եթէ Թուրքիայի եւ Ազրպէյճանի համար իսկապէս կարեւոր են երկխօսութիւնը եւ փոխադարձ ըմբռնումը Հայաստանի հետ, ապա սփիւռքի համայնքները կարող են կապող օղակ հանդիսանալ:
Բայց եթէ Թուրքիան եւ Ազրպէյճանը (քանի որ նրանց պաշտօնական դիրքորոշումները նոյնն են, կարելի է նրանց մէկ միաւոր դիտարկել) ուզում են առաջ շարժուելու փոխարէն` միջազգային շրջանակներն օգտագործել նոր կեանք տալու համար ժխտողականութեանը, խեղաթիւրուած պատմութեանը եւ խճճուած տրամաբանութեանը` այդպիսով արդարացնելով սթաթիւս քուոն, ապա սփիւռքը կամայ թէ ակամայ ներքաշւում է դրանց սուր քննադատութեան մէջ, որն այսօր ժամանակավրէպ է: Որքան մեր նոր սերունդը շատ համարկուած լինի իր բնակութեան երկրներում, այնքան աւելի օգտակար կը լինի թէ՛ այդ երկրների, թէ՛ հայութեան եւ թէ՛ Հայաստանի համար:
Հ.- Ինչպէ՞ս են վերաբերւում կոչերին` անել ամէն ինչ ի նպաստ պատմական հայրենիքի եւ ամրացնել ազգային գիտակցութիւնը, երկրները, որտեղ կայ առաւել լաւ կազմակերպուած հայկական սփիւռք:
Պ.- Աշխարհն այլեւս այս կամ այն ընտրութիւնների շեմին չէ. այն առաջ է անցել: Ամերիկան օգնում է Ափրիկէին` առանց այնտեղ ազգականներ կամ ծանօթներ ունենալու, օգնում են եւ անհատները, եւ բարեգործական կազմակերպութիւնները, եւ պետութիւնը: Եթէ այլ ազգի ներկայացուցիչը լիարժէք, արդար, բարոյապէս ընդունելի մասնակցութիւն ունի իրեն հիւրընկալած երկրում եւ միաժամանակ ցանկանում է օգնել ուրիշ մարդկանց օտար երկրում, ապա գոնէ զարգացած երկրներում (Ամերիկայում եւ Եւրոպայում) սա ընդունուած է եւ միանշանակ որպէս դրական արարք է դիտւում:
Զարգացած երկրներում շատերն ապրում են միաժամանակ մի քանի երկրներում կամ մի քանի քաղաքներում, եւ սա երկուութիւն չի դիտւում: Գուցէ Ռուսաստանում այդպէս չէ, բայց Ռուսաստանն այսօր ինքնութեան բարդոյթներ ունի, դեռ փորձում է հասկանալ ինքն իրեն, եւ դա է պատճառը, որ մարդկանց մեղադրում է երկուութեան մէջ ու պարտադրում ընտրել` կա՛մ այստեղ, կա՛մ այնտեղ, նոյնիսկ երբեմն` ծայրայեղ մեթոտներով: Ռուսները չեն տարբերակում հային ազրպէյճանցուց, նրանց համար խնդիրը հայը չէ, այլ այն, որ մարդիկ ռուս չեն: Բայց եթէ Ռուսաստանն իրեն գերտէրութիւն է պատկերացնում, ուրեմն պէտք է ընդունի, որ ժողովուրդների նկատմամբ պէտք է հանդուրժող լինել: