«ԵՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՒԵԼԻ ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԱԾ ԼԻՆԷՐ» ԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂԸ

Արդէն մի քանի շաբաթ է` Հայաստանում էին գտնւում սփիւռքահայ երիտասարդ լրագրողները: Նրանց գալու առիթը Հայաստանի սփիւռքի նախարարութեան կողմից կազմակերպուած լրագրողների վերապատրաստման դասընթացներն էին: Դասընթացների աւարտից յետոյ հանդիպեցի 4 երիտասարդ լրագրողներին,  որոնց սպասում էի Երեւանի Հանրապետութեան հրապարակի 7 աղբիւրների մօտ: Հրապարակին կից սրճարաններից մէկում էլ մենք սկսեցինք զրուցել: Լրագրողները, ովքեր բաւական յոգնել էին այդ օրերին, խօսում էին բաւական խանդավառ, երբեմն` ընդգծուած հումորով, իսկ մերթընդմերթ էլ չէին կարողանում պարզապէս քողարկել այն իրականութիւնը կամ ներկան, որ ունի Հայաստանը:

Անուշը, Նարեկը, Նայիրին եւ  Արազը ներկայացնում էին աշխարհի տարբեր պետութիւններ: Մի փոքրիկ սեղանի շուրջ այդքան միջազգային միջավայր, թերեւս, դժուար էր պատկերացնել` Իրան, Միացեալ Նահանգներ,  Լիբանան եւ Անգլիա: Նրանցից իւրաքանչիւրը  հայրենիք գալով` ունէր իր ակնկալիքները, ինչո՞ւ չէ, նաեւ սպասումները: Հետաքրքիրն այն է, որ նախքան Հայաստան գալը` նրանց բոլորին համակել էր միեւնոյն վախի ապրումները, թէ արդեօ՞ք իրենցից առաւել արհեստավարժ լրագրողներ կը մասնակցեն դասընթացին, իրենք ի՞նչ պատրաստուածութիւն կ՛ունենան եւ այլն, եւ այլն: Եւ միգուցէ համեստութիւնից կամ ոչ մասնագիտական կրթութիւն ունենալուց էր, որ իրենք իրենց համարում էին սիրողական լրագրողներ: «Ճիշդն ասած, վախենում էի, որ միգուցէ միակ սիրողական լրագրողը ես լինեմ,  իսկ երբ եկայ, տեսայ, որ շատերն են սիրողական լրագրողի մակարդակի», ասաց Լոնտոնի «Համայնք» թերթի լրագրող Անուշ Գասպարեանը, ով իր բուն մասնագիտութեամբ քաղաքագէտ է:

Երիտասարդ լրագրողուհու ասելով` հայկական զանգուածային լրատուամիջոցներին ծանօթանալն իր համար առաւել քան լի էր բացայայտումներով: Նարեկ Սեֆերեանը, որ ինչպէս ինքն ասաց, ներկայացնում է Հնդկաստանը, բայց ուսանում է Միացեալ Նահանգներում, իրեն համարում է ազատ լրագրող, ասել է թէ` լրագրող, որ որեւէ լրատուամիջոցում հաստիքով չի սիրում աշխատել, մեծամասամբ թղթակցում է Միացեալ Նահանգներում լոյս տեսնող «Արմինիըն Ուիքլի»ն եւ «Արմինիըն ռիփորթըր»ին: Նարեկը եւս նախընտրում է քաղաքագիտութիւնը, ընդ որում` յատկապէս հայկական աշխարհի քաղաքականութիւնը: Ըստ նրա, հայկական զանգուածային լրատուամիջոցների մասին աւելի ընդգրկուն տեղեկատուութիւն ստանալով` պատկերը դարձել է աւելի տխուր: «Երբ որեւէ  լրատուական յօդուած եմ կարդում, այն կարդում եմ վերապահումով, միշտ հետեւում եմ այն աղբիւրին, թէ որտեղից է այն գալիս: Եւ Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ բոլոր լրատուամիջոցներն էլ իրենց աղբիւրներն ու ակունքներն ունեն: Ինձ համար աւելի պարզ դարձաւ, որ դա չափազանց մեծ ազդեցութիւն է թողնում յատկապէս մեկնաբանութիւնների վրայ,  ինչ-ինչ քաղաքական հետապնդումներ իրենց սուր արտացոլանքն են ստանում լրատուութեան մէջ: Երանի դա այդպէս չլինէր, եւ Հայաստանի լրատուական դաշտն աւելի հաւասարակշռուած լինէր», նշեց Նարեկը:

Հարցին, թէ արդեօ՞ք հիասթափուել է դրանից, նա պատասխանեց. «Չէ՛,  դա ծաւալի խնդիր էր: Չէի կարծում, թէ ծաւալն այդքան շատ կը լինի: Իրականում դա շատ նուրբ նիւթ է: Մենք աւարտական աշխատանքներ պէտք է գրենք, եւ ես գրելու եմ հէնց այդ նրբութեան մասին, թէ ի՛նչ է նշանակում ունենալ տեսանկիւն, եւ` ըստ այդ տեսանկեան մեկնաբանել»: Միեւնոյն ժամանակ զրուցակիցս կարծում է, որ միամտութիւն է կարծել, թէ անկողմնակալութիւն կայ լրագրութեան մէջ:

Նարեկի փոխանցմամբ,  հայաստանեան մերօրեայ լրագրութեան ասպարէզում իրեն խանգարում է այն հանգամանքը, երբ զանգուածային լրատուութեան միջոցները, ելնելով իրենց «բուն» նպատակից, երբեմն չեն ներկայացնում անգամ ճիշդ փաստերը: Իսկ Թեհրանի «Ալիք» օրաթերթը ներկայացնող Նայիրի Շիրվանեանի կարծիքով, լրագրութիւնն առաւել քան կարեւոր գործ է, երբ գիտակցում ես դրա արժէքը: «Հետաքրքիր է, երբ տեսնում ես, թէ՛ ինչքա՛ն կարեւոր գործ է: Եթէ ազգային տեսանկիւնից մօտենաս, ապա կը տեսնենք, թէ ինչքան կարեւոր կը լինի ամէն հայի ներդրումն այդ գործին, թէ՛ քարոզչութեան, թէ՛ տեղեկատուական պատերազմների դէմ, թէ՛ մեր ազգային հարցերի համար: Դա ինձ ամենաշատն է գրաւում, որ այն անձը, որ պատրաստւում է յօդուած գրել, իմանայ, թէ որտեղ պէտք է տպուի եւ այլն», նշեց Նայիրին, ում աւելի շատ գրաւել է ելեկտրոնային մամուլը:

Թեհրանից Հայաստան ժամանած լրագրողուհու կարծիքով, լրագրութեան ասպարէզում էական չէ մասնագիտական կրթութիւնը: «Այն մարդը, ով կը կարողանայ իր կարծիքը ճիշդ ձեւով գրել կամ լուսանկարով, ժապաւէնով ասել, եւ դա տեղադրել համացանցում կամ նոյնիսկ համայնքի փոքրիկ թերթում, կարեւոր կը լինի,  այդ մարդիկ աւելի լրագրող են, քան նրանք, ովքեր, օրինակ, գրում են, թէ այս համայնքում այս պարախումբը ելոյթ ունեցաւ», ընդգծեց Նայիրին: Արազ Գոճայեանն էլ, ով աշխատում է Պէյրութի «Ազդակ» օրաթերթում,  բոլոր ժամանակաշրջաններում էլ մշտապէս կարեւորուած է եղել զանգուածային լրատուամիջոցների դերը: «Ինչպէս գիտենք,  զանգուածային լրատուամիջոցները չորրորդ իշխանութիւնն են: Մամուլով է, որ սկսուեցին յեղափոխութիւններ: Եւ հիմա մամուլի միջոցով է,  որ շարունակւում են յեղափոխութիւնները: Անգամ պարզ Ֆէյսպուքը կարող ես օգտագործել` որպէս լրատուութիւն տարածելու միջոց, ինչը կարող է լինել սխալ կամ ճիշդ: Եւ այդտեղ ընթերցողն էլ կարող է իր կարծիքը գրել: Հետեւաբար լրագրողը հասարակութեան շրջանում վերլուծելու մտածողութիւն ձեւաւորողն է», շարունակեց լիբանանահայ լրագրողուհին: Նրա փոխանցմամբ, լրագրողը պէտք է ազատ մտածելու հնարաւորութիւն ընձեռի ընթերցողին: «Ամէն անգամ, երբ տպագրւում եմ, շողոքորթուած եմ զգում ինձ, որ այդ խմբագիրը սիրեց ասածս կամ էլ պարզապէս ուզում էր իր թերթի էջերը լեցնել», զրոյցին միջամտեց Նարեկը` իրեն բնորոշ մեղմ ծիծաղով: Ինչեւէ, երիտասարդ լրագրողները հասցրել էին նկատել Երեւանում տեղի ունեցած փոփոխութիւնները, երբ քաղաքի կենտրոնն,  այսպէս ասած, ծաղկում է, իսկ մնացած տեղերում ընկերային վիճակը ծանրանում է: «Հասարակութեան համար կեանքը թանկանում է,- նկատեց Անուշը:- Թող շատ քննադատական չհնչի, բայց մի քանի նկատառումներ պէտք է անեմ: Այն, որ Հայաստանի տնտեսութիւնը վատ վիճակում է, կաշառակերութիւն կայ, պատերազմական դրութեան մէջ ենք, այդ ամէնը պէտք է յաղթահարել, բայց ինձ ամենաշատը խանգարում է այն, որ այս երկիրը ազատ եւ արդար ընտրութիւններ չի տեսել, միգուցէ հանրաքուէն էր արդարը: Ինձ ուղղակի զարմացնում է Հայաստանի քաղաքական գործիչների փոքրամիտ լինելը: Այս երկիրը կա՛մ չի ունեցել, կա՛մ շատ քիչ է ունեցել օրինական իշխանութիւն», նշեց Նարեկը` աւելացնելով, որ փորքամիտ քաղաքական գործիչների պարագայում քաղաքացիները մտածում են, որ իրենց քուէն արժէք չունի, եւ պետութեան խնդիրներն իրենց չեն վերաբերում:

Արազի համար Հայաստան կատարած այս անգամուայ այցելութիւնը սփիւռքն ու Հայաստանը ճանաչելու լաւագոյն հնարաւորութիւնն էր: Ըստ նրա, սփիւռքում էլ տարբերութիւնները շատ են, եւ դա աւելի հետաքրքիր է երիտասարդ լրագրողուհուն, քան` Հայաստանի հասարակական կեանքի փոփոխութիւնները արձանագրելը: «Հայաստան գալով, իբրեւ սփիւռքահայ, ինձ աւելի շատ զբօսաշրջիկ եմ զգում, թէեւ հայկական ազգային կեանքում, ի հարկէ, ոչ Հայաստանում, վստահաբար ներդրում ունեմ, իսկ  Հայաստանի քաղաքացիների առօրեայ ապրումները հասկանալու համար պէտք է այստեղ ապրել մի քանի ամսով, աշխատել այստեղ: Դա է պատճառը, որ ինձ հետաքրքրում է միւս կողմը` Ռուսիոյ մէջ ապրող հայերը, Լիբանանում ապրող հայերը չասեմ հակապատկերներ են, բայց շատ տարբեր են», ընդգծեց Արազը: Իսկ Նայիրին հայաստանցիների կեանքում նկատել է անտարբերութեան դրսեւորումներ: Վերջինիս ասելով` նախկինում այն այդքան ընդգծուած չէր,  ինչքան այսօր: «Հիմնականում մտածում են Հայաստանից գնալու մասին: Արտագաղթը մեծ մասամբ պայմանաւորուած է անտարբերութեամբ», ասաց Իրանից եկած լրագրողուհին: Իսկ մնացեալ փոփոխութիւնների մասին լրագրողները պատրաստւում էին իրենց մտքերն արտայայտել սեփական յօդուածներում… Մնում է սպասել…

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Երեւան
Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES