«ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ՊԷՏՔ ՉԷ ԸԼԼԱՅ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԿԱԶՄԻՆ ՄԷՋ» Կ՛ԸՍԷ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ

Նախագահ Սարգսեան

Շաբաթ օր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան «Միասին» երիտասարդական շարժումի ներկայացուցիչներուն հետ Սեւանի մէջ իր ունեցած հանդիպման ընթացքին այլ հարցերէ բացի անդրադարձած է նաեւ ղարաբաղեան տագնապի լուծման խնդիրին:

Ստորեւ կու տանք հանրապետութեան նախագահին արտայայտած հիմնական միտքերը` ղարաբաղեան տագնապին վերաբերեալ:

«Եթէ հեշտ լինէր, խնդիրը վաղուց լուծուած կը լինէր: Բարդ է, որովհետեւ այդ խնդիրը ցաւոտ է ե՛ւ Ազրպէյճանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ազրպէյճանցիների, ե՛ւ հայերի համար, որովհետեւ խնդիրը խորը արմատներ ունի:

Տասնեակ տարիներ Ազրպէյճանի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղը ազրպէյճանական հող է եւ չեն փորձել իրենց ժողովրդի հետ անկեղծ, բաց խօսակցութիւն վարել եւ ասել` գիտէ՞ք, ժողովու՛րդ, դա հայկական հող է, այստեղ դարերով հայեր են ապրում, լաւ կը լինէր այս մարդկանց ազատութիւն տանք, որ իրենք էլ երջանիկ ապրեն, մենք էլ:

Մենք պարտաւոր ենք խաղաղ լուծման բանալին գտնել: Ի նկատի ունեմ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Ազրպէյճանը, թէեւ շատ դժուար է: Չեմ կարող յստակ ժամկէտ նշել: Ինչպէ՞ս կարելի է խօսել յստակ ժամկէտների մասին, երբ ամէն օր Ազրպէյճանի ղեկավարների շուրթերից հակահայկական խօսքեր են հնչում: Մենք մի տեսակ յարմարուել ենք դրան, սովորել ենք: Սա առաջին տարին չէ, երկրորդ տարին չէ, նոյն ձայնասկաւառակն է կրկնւում, ուղղակի մէկ-մէկ որոշակի նոր ելեւէջներ են մէջտեղ գալիս: Դուք ի հարկէ չէք կարող յիշել, բայց ձեր ծնողները, աւագ բարեկամները պէտք է որ յիշեն. 90-ականներին Ազրպէյճանի նախագահները` Մութալիպովն ու Էլչիպէյը նոյն երգն էին երգում` ինչքա՜ն հզօր է Ազրպէյճանը, ինչքա՜ն թոյլ են ու քիչ են հայերը, ղարաբաղցիները, Ազրպէյճանում 9 միլիոն են, իսկ Հայաստանում մնում է մէկուկէս միլիոն ժողովուրդ…: Մենք 20 տարի է` այս պատմութիւնն ենք լսում, եւ բոլորս համոզուեցինք, թէ ինչի կարող է բերել այս մեծախօսութիւնը: Ռազմական գործողութիւնները ոչ մի տեղ տանող ճանապարհ է, Ազրպէյճանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռութիւն ունենալ մեր նկատմամբ:

Թող մեր ընդդիմախօսները, ես ի նկատի ունեմ ե՛ւ հայ, ե՛ւ օտար, չփորձեն թուլութիւններ գտնել մեր մէջ, չփորձեն վախի ու արկածախնդրութեան նշոյլներ տեսնել: Այդ մարդիկ ճիշդ մարդիկ չեն ու սխալ մարդիկ են: Իմ խորին համոզմունքն է, որ իրօք պէտք է գտնել խաղաղութեան բանալին: Այո՛, պէտք է բոլորին ասուի` որն է լուծման քո նպատակը եւ ինչ ես ուզում այս լուծումով փնտռել-գտնել եւ ինչպէս ես փորձում դա անել: Եւ մարդիկ, ովքեր պետական բարձր պաշտօններ են վարում, պէտք է նայեն մարդկանց աչքերին ու ասեն` լուծման տարբերակն այս է: Ես նայում եմ ու ասում, որ պէտք է լինի խաղաղ ճանապարհ: Մեր տարբերակը մէկն է. Ղարաբաղը երբեք պէտք չէ լինի Ազրպէյճանի կազմում: Եւ կը հասնենք դրան:

Մեծ հաշուով խնդիրը լուծուած է: Ո՞վ է գնացել Լեռնային Ղարաբաղ եւ կասկածել, որ իրենք ինքնուրոյն պետութիւն չեն: Վաղուց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշուել է եւ ինքն է որոշում իր ճակատագիրը: Սա` մեծ առումով: Բայց իրականութեան մեջ պէտք է ճանաչուած լինէր: Անվտանգութիւնը պէտք է ամբողջապէս երաշխաւորուած լինի ոչ միայն ուժի միջոցով: Ամբողջ խնդիրը սա է: Ուշ թէ շուտ խնդիրը լուծուելու է: Ինչքան շուտ, այնքան շատ աւելի լաւ ե՛ւ Ազրպէյճանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի համար»:

 

Share this Article
CATEGORIES