«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱՊԷՍ ԼԱՑԻ» ԱՍՈՒՄ Է ՊՈՒՐՃ ՀԱՄՈՒՏԻ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ԽՄԲԻ ՄԱՐԶԻՉԸ

Պուրճ Համուտի պասքեթպոլի խումբը

Լիբանանահայ Ճոնին, ում անունը անձնագրով Յովհաննէս է, Հայաստան եկել է մասնակցելու համահայկական խաղերին: Ճոնիի հայրը ազգութեամբ արաբ է, իսկ մայրը` հայ: «Ընտանիքում բոլորս հայերէն ենք խօսում, անգամ հայրս: Օտար լեզուով խօսելն արգելուած է», նկատում է Ճոնին:

Երիտասարդ աթլեթը անթաքոյց պատմում է հայրենիք կատարած այցելութեան իր առաջին տպաւորութիւնների մասին: Ասում է` երբեւէ չէր պատկերացնում, որ կը տեսնի Արարատն այդքան մօտ: «Արտաշատում մարզւում էի, ու յանկարծ վազքի ժամանակ տեսայ Արարատը. այն այնքան գեղեցիկ էր: Կանգնեցի, արագ մօտեցայ պայուսակիս ու այնտեղից հանեցի լուսանկարչական սարքս», ասում է տղան` յուզուած աչքերը դարձնելով դէպի Լիբանանը ներկայացնող Պուրճ Համուտի պասքեթպոլային խմբի տղաներին: Վերջիններս հետեւում էին Փարիզ-Ուրմիա պասքեթպոլի խաղին, որից անմիջապէս յետոյ պէտք է իրենք մրցէին: «Չենք կարող ասել, թէ ինչպիսի արդիւնք կ՛ունենանք, բայց ամէն բան կ՛անենք, որ լաւ արդիւնքներ ունենանք, կամ, ինչպէս ասում են` գնդակը կը գլորենք, խաղը կը դառնայ», նշում է պասքեթպոլի խմբի տղաներից Հրակը` աւելացնելով.

«Համահայկական խաղերը Հայաստան-սփիւռք կապ ստեղծելու լաւագոյն միջոցներն են: Բաւական ուրախ ենք, որ եկել ենք»:

Խմբի անդամներից Արան եւս առաջին անգամ է եկել Հայաստան, եւ ասում է, որ նախ եւ առաջ իրենք նպատակ ունէին ներկայացնել իրենց խումբն ու ասելիքը: Ընդհանրապէս տղաները համահայկական խաղերին իրենց մասնակցութեան մասին խօսում էին խանդավառ` համոզուած լինելով, որ յաջորդ անգամ աւելի մեծ պատրաստուածութեամբ կը ներկայանան: Չնայած դրան, խմբապետ Սեւակի կարծիքով` այս անգամ էլ իրենք բաւական լաւ արդիւնքներ ունեցան, եւ դժգոհելու պատճառ չունեն: «Տկար խումբ չկայ, բոլորն էլ լաւն են, իսկ եթէ մեզնից հարցնէք` Պուրճ Համուտն ամենալաւ խումբն է», ասում է Սեւակ` միաժամանակ նկատելով, որ  խաղերի մթնոլորտն ընկերական է, իրենք ձեռք բերեցին ընկերներ: Իսկ խմբի մարզիչ Հրայր Տիշչէքէնեանը համահայկական խաղերին մասնակցելու մասին խօսում է նոյնքան յուզմունքով, ինչպէս խմբի անդամները: Ասում է` երբեւէ չի կարող նկարագրել այն զգացողութիւնները, որոնք ունէր խաղերի մեկնարկի օրը` մարզադաշտում տողանցքի ժամանակ:

«Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել բացման արարողութիւնը: Ամէն տեղերից եկած խմբեր, որոնք ամէնքն էլ հայեր են: Ուղղակի չեմ կարող այդ զգացումները հաղորդել: Մենք քայլում էինք, ու մարմինս փշաքաղւում էր: Իրականութիւնն ասեմ` ես անձնապէս լացի», նշում է Պուրճ Համուտի պասքեթպոլի խմբի մարզիչը: Հարցին, թէ ամէն տարի դժգոհութիւններ են լինում համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներից, Հ. Տիշչէքէնեանը պատասխանեց. «Ես ինքս միշտ լսել եմ դժգոհութիւններ, բայց կարող եմ ասել, որ այս տարի խաղերը բացառիկ կազմակերպուած են, ի հարկէ, թեքնիք սխալներ կան, որոնք անխուսափելի են, բայց դրանք կազմակերպչական խնդիրներ չեն: Կարող եմ ասել, որ խաղերը բաւական տպաւորիչ են», շարունակեց զրուցակիցս:

Լիբանանի պատուիրակութեան պատասխանատու Նշան Համամճեան

Համահայկական խաղերին Լիբանանի պատուիրակութեան պատասխանատու Նշան Համամճեանն արդէն երրորդ տարին է` ստանձնել է պատուիրակութեան պատասխանատուի, այսպէս ասած` առաքելութիւնը: Երեք տարիների ընթացքում փոփոխութիւններ նկատում է: Ըստ Ն. Համամճեանի` իսկապէս, այս տարի խաղերն աչքի են ընկնում բացառիկ կազմակերպուածութեամբ:

«Ես, որ միջազգային ողիմպիական խաղերի փորձառութիւնն ունեմ, տեսնում եմ, որ համահայկական խաղերի պատրաստուածութիւնը հասել է միջազգային ողիմպիական խաղերի մակարդակին: Անկարելի է, որ այն, ինչ կազմակերպում է հայրենիքը, մենք գոհ չլինենք», ընդգծում է Լիբանանի պատուիրակութեան պատասխանատուն, ում կարծիքով` յատկապէս այսօր պէտք է կարեւորենք Հայաստան-սփիւռք կապի անխախտելիութիւնը, եւ միշտ մտածենք, որ մենք պէտք  է հասնենք լաւագոյնին:

«Կարծում եմ` այսուհետ մենք պէտք է մեր խմբերն աւելի վաղ պատրաստենք: Հայրենիքից գնալուց անմիջապէս պէտք է սկսենք պատրաստել խմբերը, որպէսզի համահայկական խաղերի ժամանակ ունենանք կատարեալ պատրաստուածութիւն, ոչ թէ միայն ֆիզիքական, այլեւ նիւթական: Ամէն անգամ համահայկական խաղերին մասնակցելիս  նիւթական դժուարութիւնների առաջ ենք կանգնում», ասում է Ն. Համամճեանը:

Չնայած  բոլոր դժուարութիւններին, ուրախալին այն է, որ մարզադահլիճում, մէկ յարկի տակ հաւաքւում են տարբեր երկրներ ներկայացնող հայ երիտասարդներ, ովքեր առաջին հայեացքից իրար չճանաչելով, սկսում են մտերմանալ աներեւակայելի ձգողականութեամբ ու ջերմութեամբ: Հարեւանցիօրէն հետեւելով նրանց` անհնարին է չնկատել իրար նկատմամբ կարօտը: Կարօտ մէկի նկատմամբ, ում հետ րոպէներ առաջ ես ծանօթացել: Թերեւս հէնց դա է հայի տարօրինակ ու նախանձելի ուժը…

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Երեւան
Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES