ՀԱՅԵՐԸ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ. ՄԱՍԱՄԲ ՃԱՆԱՉՈՒԱԾ ԵՐԿՐԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱԼԵՔՍԱՆՏՐ ԱՆՔՎԱՊ

Օգոստոսի 26-ին Աբխազիայում կայացան նախագահական արտահերթ ընտրութիւններ. միջազգայնօրէն մասամբ ճանաչուած հանրապետութեան ամենաբարձր պաշտօնի համար պայքարում էին երկրի վարչապետ եւ երկար տարիների նախկին արտաքին գործերի նախարար Սերգէյ Շամպան, փոխնախագահ եւ նախագահի լիազօրութիւնները ժամանակաւորապէս կատարող Ալեքսանտր Անքվապը եւ նախկին փոխնախագահ Ռաուլ Խաճիմպան: Ըստ նախնական տուեալների,  ընտրութիւններում յաղթել է Անքվապը` դառնալով Աբխազիայի երրորդ նախագահը: Յիշեցնենք, որ մայիսի վերջերին Մոսկուայի հիւանդանոցներից մէկում, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ մահացաւ երկրի երկրորդ նախագահ Սերգէյ Պաղափշը: Աբխազիայի առաջին նախագահ Ալեքսանդր Արձինբան եւս անժամանակ մահացել էր հիւանդութիւնից:

2008 թուականի օգոստոսի 26-ին` ռուս-վրացական հնգօրեայ պատերազմից կարճ ժամանակ անց, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Վրաստանից անջատուած մէկ այլ միաւորի` Հարաւային Օսեթիայի անկախութիւնը: Անցնող երեք տարիներին Աբխազիայի անկախութիւնը ճանաչել են նաեւ Նիգարակուան ու Վենեզուելան, ինչպէս նաեւ` Խաղաղական ովկիանոսում գտնուող Նաուրու եւ Վանուատու գաճաճ  պետութիւնները: Կարճ ժամանակ անց, երբ Վանուատույում տեղի ունեցաւ իշխանափոխութիւն, այդ երկիրը յետ կանգնեց Աբխազիան ճանաչելուց: Աբխազիան ճանաչել են նաեւ Հարաւային Օսեթիան ու մէկ այլ յետխորհրդային չճանաչուած միաւոր` Մերձտնեսթրը:

Աբխազիայի տարածքը մօտ 8.7 հազար քառակուսի քիլոմեթր է: Սահմանակից է Վրաստանին, որից անջատուել է 1991 թուականին, եւ Ռուսաստանին, ինչպէս նաեւ Թուրքիային` Սեւ ծովի ջրերով: Աբխազները կովկասեան ժողովուրդ են, հաւատով` հիմնականում քրիստոնեայ, բայց նրանց մի հատուած դաւանում է իսլամ:

Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից յետոյ տոկոսային յարաբերակցութեամբ ամենաշատ հայեր բնակւում են հէնց Աբխազիայում, ըստ պաշտօնական տուեալների` բնակչութեան մօտ 21 տոկոսը: Աբխազիայի եօթ մարզերից երկուսում հայերը կազմում են մեծամասնութիւն` Սոխումի շրջանում` աւելի քան 60 տոկոս, Կակրայի շրջանում` մօտ 50 տոկոս: Չնայած հայաշատ լինելուն, Աբխազիայի եւ աբխազահայութեան (համշէնահայութեան) մասին հայկական մամուլում քիչ է գրւում: Օգտագործելով նախագահական ընտրութիւնների առիթը` Երեւանի մեր աշխատակից Թաթուլ Յակոբեանը, ով մի քանի անգամ եղել է Աբխազիայում, իսկ 2003 թուականին աբխազական պատերազմի մասին գրել հակիրճ մենագրութիւն, որոշեց յատուկ «Ազդակ»ի համար այս գրութիւնը պատրաստել:

Աւելի քան տասը տարի առաջ էր: Ռուսաստանի հարաւային Ատլէր (Սոչիի հարեւան) քաղաքից «Մարշրուտկայում» (14-15 տեղանոց հանրակառք) ուղեւորուեցի դեռեւս ոեւէ մէկի կողմից չճանաչուած Աբխազիայի Հանրապետութիւն` Սոխում  մայրաքաղաք, որտեղ մի քանի անգամ եղել էի դպրոցական տարիներին` Խորհրդային Միութեան գոյութեան օրօք: Այն ժամանակ Երեւանից Մոսկուա եւ ռուսական այլ քաղաքներ ամէնօրեայ գնացք էր աշխատում, որն անցնում էր Աբխազիայով: Գնացքների երթեւեկութիւնը դադարեց 1992 թուականին, երբ բռնկուեց վրաց-աբխազական արիւնալի պատերազմը` մէկ տարուան ընթացքում խլելով հազարաւոր կեանքեր, այդ թւում` վիրահայերի ու աբխազահայերի (համշէնահայեր):

Ատլերից Սոխում ճանապարհը տեւում է երկու ժամից պակաս: «Մարշրուտկայում» բոլորը խօսում էին ինձ համար անհասկանալի լեզուով: Մտածեցի, որ հաւանաբար աբխազերէն է կամ չերքեզերէն: Մէկ-մէկ հայերէն բառեր էի որսում: Սկսեցի աւելի ուշադիր լսել: Այսպէս, ողջ ճանապարհին, փոխանակ հիանալու Սեւ ծովի աբխազական ափերով ու փարթամ մերձարեւադարձային բուսականութեամբ, որոնք շատ նման են Միջերկրականի ափերին, ականջներս լարել ու փորձում էի հասկանալ, թէ այս մարդիկ վերջապէս ի՛նչ լեզուով են խօսում: Երբ հասանք Սոխում, ճամբորդներից մէկը` կարմիր շորերով մի գիրուկ կին, համոզուած ենթադրելով, որ հայ եմ, գրական հայերէնով հարցրեց. «Ինչո՞վ կարող եմ օգնել»: Ասացի, որ ամէն ինչ լաւ է, պարզապէս ուզում էի իմանալ, թէ ի՞նչ լեզուով էիք խօսում Ատլերից Սոխում ճանապարհին: «Համշէնի մեր բարբառով», ծիծաղեց տիկինը:

Հայերէնի տասնեակ բարբառներից ամէնադժուար հասկանալին հաւանաբար համշէնահայերէնն է, որը խօսւում է Աբխազիայում, Ռուսաստանի հարաւային շրջանում` Սեւ ծովի ռուսական հատուածում` Սոչիի շրջանում, ինչպէս նաեւ` այսօրուայ Թուրքիայի Ռիզէի ծովեզերեայ շրջանում ու դէպի Քաջքար լեռներ տանող հատուածում: Աբխազիայի համշէնահայերը աւելի քան հարիւր տարի առաջ, յատկապէս համիտեան ջարդերի ու 1915-ի կոտորածների ժամանակ  գաղթել են Օսմանեան կայսրութեան Տրապիզոնի, Օրդուի եւ Ջանիկի (Սամսուն) շրջաններից:

Համաձայն վիճակագրական տուեալների, 1886 թուականին հայութեան թիւը  Աբխազիայում եղել է հազարի շուրջ կամ բնակչութեան մօտ մէկուկէս տոկոսը: Տասը տարի անց` 19-րդ դարի վերջում, հայերի թիւը հասնում էր եօթ հազարի: 1914 թուականին Աբխազիայում հայերի թիւը արդէն 17 հազար էր:

Մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը`  Աբխազիայում հայերը բնակչութեան թուով զիջում էին տեղաբնիկ աբխազներին ու վրացիներին: Խորհրդային կարգերի հաստատումից յետոյ Աբխազիայում կտրուկ աճեցին վրացիների ու ռուսների քանակը: Խորհրդային վերջին մարդահամարի տուեալներով` վրացիները կազմում էին Աբխազիայի բնակչութեան մօտ կէսը: Աբխազները թուաքանակով երկրորդն էին, ապա գալիս էին հայերն ու ռուսները: 1989 թուականի մարդահամարի տուեալներով` հայերի թիւը հասնում էր գրեթէ 77 հազարի,  կամ` Աբխազիայի բնակչութեան շուրջ 15 տոկոսը:

Խորհրդային տարիներին աբխազները դժգոհում էին, որ Վրաստանը, որի կազմում էր Աբխազիան, իրականացնում է խտրական քաղաքականութիւն: Դրանում, անկասկած, կար ճշմարտութիւն, սակայն այսօր ոչ պակաս չափով խտրական քաղաքականութիւն իրականացնում են նոյն աբխազները միւս ժողովուրդների` հայերի եւ վրացիների նկատմամբ առաջին հերթին:

Հակառակ 1992-1993 թթ. տեղի ունեցած արիւնալի պատերազմին, վրաց-աբխազական հրադադարի հաստատումից յետոյ Աբխազիայի վրաց բնակչութեան մի հատուածը չարտագաղթեց կամ դուրս չքշուեց իր բնակավայրերից: 1998 թ. գարնանը բռնկուեց մէկշաբաթեայ վրաց-աբխազական նոր հակամարտութիւն, որի պատճառով եւս տասնեակ հազարաւոր վրացիներ հեռացան դէպի Վրաստան: Անգամ այս տեղահանումներից յետոյ վրաց-աբխազական սահմանային Կալիի շրջանում բնակչութեան  մօտ 98 տոկոսը շարունակում են մնալ վրացիներ:

Յիշեցնենք, որ վրաց-աբխազական պատերազմի տարիներին համշէնահայերը սկզբնական շրջանում չէզոքութիւն էին պահպանում, սակայն վրացական բանակի բռնութիւններից յետոյ անցան աբխազների կողմը, ստեղծեցին 300 հոգուց կազմուած  «Բաղրամեան» գումարտակը, տուեցին Աբխազիայի մօտ երկու տասնեակ հերոսներ: Վրացիները ամէն առիթով հայաստանցիներին ու վիրահայերին երեսով են տալիս, թէ աբխազահայերը կռուեցին իրենց դէմ: Նրանք մոռանում են, որ պատերազմական գործողութիւնները բացառապէս Աբխազիայի տարածքում են ընթացել, իսկ աբխազահայերը չէին կարող չկռուել իրենց երկրի, տունը պաշտպանելու համար: Բացի այդ, վրացիները մոռանում են, որ տասնեակ վիրահայեր կռուել են վրացական բանակի կողմից` ընդդէմ Աբխազիայի:

Աբխազիայում վերջին մարդահամարի` 2003 թուականի տուեալներով, բնակչութեան թիւը շուրջ 216 հազար է, որից աբխազները` մօտ 95 հազար, կամ` բնակչութեան 44 տոկոսը: Երկրորդ տեղում վրացիներն են` աւելի քան 46 հազար կամ 21, 5 տոկոս:  Հայերը, ըստ պաշտօնական տուեալների, թուաքանակով երրորդն են` մօտ 45 հազար, կամ` բնակչութեան 21 տոկոսը, ապա գալիս են ռուսները` 23  հազար, կամ` մօտ 11 տոկոս:

Սրանք պաշտօնական թուերն են, իսկ ահա ոչ պաշտօնական տուեալներով` Աբխազիայում թուաքանակով ամենամեծ ազգութիւնները վրացիները եւ հայերն են, որոնցից իւրաքանչիւրի թուաքանակը հասնում է մօտ 65-70 հազարի: Մօտաւորապէս 60-65 հազար է աբխազների թուաքանակը: Մարդահամարի տուեալների խեղաթիւրումը յօգուտ աբխազների եւ ի վնաս հայերի ու վրացիների`  հետապնդում է մի քանի նպատակ: Նախ` Աբխազիան հռչակել է անկախութիւն, հետեւաբար` միջազգային հանրութեան համար, որը Աբխազիան շարունակում է համարել Վրաստանի մաս, լիովին անհասկանալի կը լինէր, եթէ այդ երկրում աբխազները չկազմէին բնակչութեան մեծամասնութիւնը: Բացի այդ, աբխազները իրենք իրենց երկրի տէր են համարում եւ չեն ցանկանում իշխանութիւնից եւ պիզնըսից շատ մաս յատկացնել փոքրամասնութիւններին` առաջին հերթին վրացիներին ու հայերին:

Եթէ անգամ հայերը կազմում են բնակչութեան 21 տոկոսը, ինչպէս նշում են պաշտօնական թուերը, ապա նրանց ներգրաւուածութիւնը կառավարման համակարգում եւ պիզնըսում իրենց թուի համեմատ խիստ անհամաչափ է: Այսօր Աբխազիայի խորհրդարանում հայերն ունեն ընդամէնը 3 պատգամաւոր, որոնցից մէկը փոխխօսնակն է: Կառավարութիւնում չկայ ոեւէ հայ նախարար, ճիշտ է` կան մէկ փոխնախարար ու այլ պաշտօնեաներ:

Սրա հետ մէկտեղ պէտք է նշել, որ հայերին թոյլատրւում է ունենալ այնքան հայկական դպրոցներ, որքան անհրաժեշտ են համարում: Ցաւալի է, որ համշէնահայերը, յատկապէս քաղաքներում, նախընտրում են իրենց երեխաներին ուղարկել ռուսական դպրոցներ, որպէսզի նրանք հետագայում ուսումը շարունակեն  Ռուսաստանի համալսարաններում:

Այսօր Աբխազիայի տարածքում գործում է հայկական 32 դպրոց, որոնց մեծ մասը տարիներ անց կը կանգնին փակուելու վտանգի առաջ, քանի որ տարէցտարի պակասում է երեխաներին հայերէն ուսման տալու պատրաստ հայ ծնողների թիւը: Ի տարբերութիւն սփիւռքի այլ հատուածների, Աբխազիայից շատ քիչ հայեր են ցանկանում սովորել Հայաստանի համալսարաններում կամ տեղափոխուել Հայաստան: Աբխազահայերը, եթէ գաղթում են, ապա հիմնականում գաղթում են Ռուսաստան:

Կապը Հայաստանի հետ իրականացւում է Ռուսաստանի միջոցով, քանի որ վրաց-աբխազական սահմանը փակ է: Հայաստանից Աբխազիայ մեկնելու համար, կամ` հակառակ ուղղութեամբ, անհրաժեշտ է Երեւանից օդանովով հասնել Սոչի, ապա ռուս-աբխազական սահմանը հատել ցամաքով:

Հայերը Աբխազիայում հիմնականում զբաղւում են այգեգործութեամբ: Մերձարեւադարձային կլիման թոյլ է տալիս տարուայ բոլոր եղանակներին առատ բերք ստանալ: Եկամտի հիմնական աղբիւրը արեւադարձային մրգերն են` մանտարինը, նարինջն ու կիտրոնը: Կագրայի հատուածում հայերը հիմնականում ներգրաւուած են առողջարանային պիզնըսի եւ սպասարկման ոլորտներում: Այս շրջանում դեռ խորհրդային ժամանակներում կառուցուել են բազմաթիւ առողջարաններ: Ամրան ամիսներին մի քանի հարիւր հազար զբօսաշրջիկներ, հիմնականում Ռուսաստանից, հանգիստն են կացնում Սեւ ծովի աբխազական ափերին:

Աբխազիայի ողջ տարածքում ընդամէնը մէկ հայկական եկեղեցի կայ, որը կառուցուել է վերջերս: Ժամանակին Աբխազիայում գործում էին մի քանի հայկական կազմակերպութիւններ` «Կռունկ», «Մաշտոց», «Մշակութային կենտրոն», որոնք միաւորուել են, եւ դրանց հիմքով ստեղծուել է «Աբխազիայի հայկական համայնք»ը: Հայերն Աբխազիայում ունեն «Համշէն» անունով թերթը, որը լոյս է տեսնում հայերէնով եւ ռուսերէնով:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

Share this Article
CATEGORIES