ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ` ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ

Վերջին ամիսներում, կապուած արաբական  աշխարհում արագօրէն զարգացող իրադարձութիւններին, որոշակի փոփոխութիւններ են նկատւում միջինարեւելեան տարածաշրջանի ուղղութեամբ Արեւմուտքի եւ Արեւելքի մեծ տէրութիւնների աշխարհաքաղաքական ռազմավարութեան մէջ:

Յիրաւի, Միջին Արեւելքում տիրող իրավիճակն այնպիսի բարդ ու անկառավարելի վիճակի է հասել, որ կասկած չի յարուցում, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ անվտանգութեան պատկերը մօտ ապագայում հիմնական փոփոխութիւնների է ենթարկուելու: Դէպքերի արագընթաց զարգացումները եւ տարածաշրջանային ու վերտարածաշրջանային դերակատար ուժերի զանազան դիրքորոշումն ու յաճախակի միջամտութիւնը` արաբական աշխարհի փոթորկալից հասարակական-քաղաքական յեղափոխութիւններին, վկայում են, որ ստեղծուած փոթորկոտ դէպքերի արդիւնքում ձեւաւորուելու է արաբական-իսլամական նոր աշխարհի դիմագիծը, իսկ միջազգային տնտեսա-քաղաքական եւ ռազմավարական յարաբերութիւնների ոլորտում տեղի է ունենալու համաշխարհային մեծ տէրութիւնների անվտանգութեան եւ տնտեսական շահերի տեղաբաշխման նոր հաշուեկշիռների կազմաւորում:

Ինքնին յայտնի է, որ այսպիսի քաղաքական կնճռոտ պայքարում, ինչպիսին է Միջին Արեւելքի որոշ երկրների հասարակութիւն-իշխանութիւն խիստ հակադիր գօտեմարտը` նախկին աւանդական կառավարական համակարգը պահելու, իսկ միւս կողմից` ժողովրդի լայն զանգուածների հասարակական ազատութեան հասնելու բուռն պահանջները, որոնք բերում են այն բանի, թէ դիմակայող ուժերը չկարողանալով մրցակցին վերջնականապէս ասպարէզից դուրս մղել` դիմելու են երրորդ ուժի միջամտութեան աջակցութեանը:

Նկատի ունենալով Միջին Արեւելքի ռազմավարական, տնտեսական եւ նաւթա-կազային պաշարների կարեւորութիւնը` Միացեալ Նահանգների, Եւրոմիութեան, Ռուսաստանի եւ Չինաստանի համար, միանգամայն կարելի է ենթադրել, որ նշեալ տարածաշրջանում ծաւալուած տագնապը պահանջում է մեծ տէրութիւնների հետեւողական միջամտութիւնը, որով ներկայ փուլում Միացեալ Նահանգների ու նրա արեւմտեան դաշնակիցների համար առաջնային տեղ է գրաւում ռազմավարական ծրագրերի իրագործումը` նախընտրելով Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական, տնտեսական եւ քաղաքական ազդեցութիւնը թուլացնել Միջերկրական ծովի ու Պարսից ծոցի ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածաշրջաններում:

Նկատի ունենալով, որ Հիւսիսային Ափրիկէի եւ արաբական աշխարհում ծայր առած հասարակական յեղափոխութիւնները սկզբնական շրջանում ժողովրդավարական կարգեր հաստատելու եւ տնտեսական արդար պայմաններ ստեղծելու բնոյթ էին կրում, Միացեալ Նահանգների ներկայ դեմոկրատական վարչակարգն ու Եւրոմիութեան մեծ տէրութիւնները մի քանի անգամ երկկողմ ու բազմակողմ քննութեան առան արաբական աշխարհում ռազմական ու քաղաքական միջամտութեան հարցը, որին երբեմն վերապահօրէն միացան Ռուսաստանը եւ Չինաստանը, իսկ մի առ ժամանակ անց, հաշուի առնելով արեւմտեան ուժերի տարածաշրջանում ռազմական ներկայութեան աւելացման ուղղութեամբ տարուող ջանքերը, վերջին տէրութիւնները Սուրիայի եւ Իրանի հարցերով  յանդիմանում են իրենց արեւմտեան գործընկերների որոշումները:

Ուշագրաւ է, որ Միջին Արեւելքի քաղաքական տագնապի զարգացման ընթացքը ոչ միայն ներգործօն ազդեցութիւն է թողնելու աշխարհի մեծ տէրութիւնների աշխարհաքաղաքական ծրագրերի ու հաշուեկշիռների ճշգրտման վրայ, այլեւ խորապէս ազդեցութիւն է ունենալու Իրան-Արեւմուտք հակամարտութեան հետագայ գործընթացների վրայ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ վերջին ամիսներում Միջին Արեւելքում զարգացող իրադարձութիւնները, յատկապէս Սուրիայում ընթացող դէպքերը, որոշակիօրէն նոր հակադարձութեան դաշտ են ստեղծել Արեւմուտքի եւ Իրանի արդէն բաւական վաղեմութիւն ունեցող ռազմավարական խնդիրները լուծելու համար:

Յատկանշական է, որ կապուած Սուրիայում եւ Լիբանանում տեղի ունեցող քաղաքական իրադարձութիւններին` Միացեալ Նահանգներն եւ նրա դաշնակիցները Պաշշար Ասատի վարչակարգի եւ Լիբանանում նրա կողմնակից խմբաւորումների նկատմամբ զգալիօրէն  թշնամական դիրք են ընդունել: Այսպիսով, Սուրիայի վարչակարգի վրայ գործադրուող քաղաքական ճնշումներին ու տնտեսական շրջափակմանը վերջերս գումարուեց նաեւ Հիւլէական ուժանիւթի միջազգային կազմակերպութեան Վճռադատ խորհրդի բանաձեւը, որով Սուրիան համարւում է կասկածելի հիւլէական գործողութեամբ զբաղուող երկիր: Սա, անշուշտ, նոյն խնդիրն է, որով Միացեալ Նահանգներն եւ Եւրոմիութիւնը մեղադրում են Սուրիայի դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետութեանը:

Տուեալ իրավիճակում նախ եւ առաջ Միացեալ Նահանգներն եւ Եւրոմիութեան գլխաւոր երկրները լուրջ մտահոգ են Իրանի ազդեցութեան խորացումից` Միջին Արեւելքի երկրների հասարակայնութեան շարժումների մէջ: Այդ առումով` Ուաշինկթընը եւ նրա դաշնակից մեծ տէրութիւնները աշխուժօրէն վարում են Իրանին զսպելու քաղաքականութիւն` տարածաշրջանային ներթափանցման իրականացման հարցում: Անշուշտ, Իրանը մտադիր չէ ինքն իրեն զրկել նման հնարաւորութիւնից, երբ իր միւս հարեւան երկրներ` Սէուտական Արաբիան եւ Թուրքիան, Միացեալ Նահանգների հաստատումով, մեծապէս ծաւալում են իրենց քաղաքական, ռազմական եւ միջնորդական դերակատարութիւնը` ժողովրդական ընդվզումներով ալեկոծուած շրջապատի երկրներում:

Այս զարգացումների պարունակում նախ եւ առաջ Եգիպտոսի անցումային կառավարութիւնը վերանայելով նախկին տապալուած վարչակարգի արտաքին յարաբերութեան սպառած քաղաքականութիւնը` ցանկութիւն յայտնեց, մօտ երեսուն տարուայ ընդհատումից յետոյ, Գահիրէի յարաբերութիւնները Իրանի կառավարութեան հետ վերականգնել: Ինչպէս նկատւում է, իրանական կողմը հաշուի առնելով Միջին Արեւելքում եւ Պարսից ծոցի տարածաշրջաններում տիրող խիստ զգայուն իրադրութեան առկայութեան պայմանները` մեղմ կերպով արձագանգեց Գահիրէի ցանկութեանը, սակայն հէնց այդ նախնական շփումների քայլերը նոյնիսկ խանգարւում են Միացեալ Նահանգների ու Իսրայէլի նիւթած սադրանքների ու միջամտութիւնների պատճառով:

Միջին Արեւելքում տիրող այսօրուայ դրութեամբ` գաղտնիք չէ, որ Իրանի եւ Եգիպտոսի ներգործօն դերակատարութիւնը` շրջանի քաղաքական գործընթացների վրայ, կարող է շատ աւելի մեծ ազդեցութիւն ունենալ, քան` ՕԹԱՆ-ի անդամ Թուրքիայի կամ Միացեալ Նահանգների դաշնակից Սէուտական Արաբիայի եւ նրա հնազանդ փոքր արբանեակ պետութիւնների վերեւից պատուիրուած գործունէութիւնը:

Միջին Արեւելքում զարգացող քաղաքական-հասարակական իրադարձութիւններին զուգահեռ` արեւմտեան պետութիւնների դաշնութիւնը, ելնելով իր ռազմավարական շահերից, փորձում է պղտոր ջրից ձուկ որսալ, այն է` Իրանի ազդեցութիւնը թեւատել Սուրիայում, Լիբանանում եւ Պարսից ծոցի աւազանի մերձակայ երկրներում: Ակնյայտ է, որ նման մտադրութեան հեռանկարով է, որ Միացեալ Նահանգներն եւ եւրոպական գլխաւոր տէրութիւնները անդադար փորձում են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում Սուրիայի դէմ կտրուկ միջոցներ գործադրելու բանաձեւ անցկացնել: Այսպիսով, Արեւմուտքին հնարաւորութիւն կը տրուի, Լիպիայի օրինակին հետեւելով, Սուրիայի իշխանութիւնը տապալելու նպատակով, ուղղակի կամ հաւատարիմ դաշնակիցների օգնութեամբ, բոլոր միջոցներով ներգրաւուել Սուրիայի ներքին հարցերում: Նման գործընթացի իրականացման դէպքում, բնականաբար, կը թուլանան Իրանի եւ Լիբանանի Հըզպալլայի ու Պաղեստինի Կազայի հատուածի Համաս խմբակցութեան միասնական դիրքերը` տարածաշրջանում:

Հարկ է նշել, որ Ռուսաստանը, իր հերթին, մեծապէս շահագրգռուած է իր դիրքերը պահպանել Միջին Արեւելքի արաբական-իսլամական աշխարհում: Ի տարբերութիւն Միացեալ Նահանգների եւ Եւրոհամայնքի գլխաւոր ուժերի նախանշած ծրագրերի` Մոսկուան չի ցանկանում  Միջերկրական ծովի աւազանում կորցնել իր աւանդական դաշնակից Սուրիայի կառավարութեան հաւատարմութիւնն ու ռուսական զինատեսակների կարեւոր շուկան, մի բան, որը կատարուեց Իրաքի պարագայում: Հէնց այս նկատառումով է, որ Մոսկուան չի բաժանում Միացեալ Նահանգների ու Արեւմուտքի կողմից ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում տարուող ջանքերը` Սուրիայի դէմ բանաձեւ ընդունելու գործում: Եթէ Լիպիայի, Լիբանանի եւ Սուրիայի հարցերում Ուաշինկթընի վարած իշխանակործանման քաղաքականութիւնը յաջողութեամբ պսակուի, ապա կարելի է կանխատեսել, որ Իրանի դիրքորոշումը եւ քաղաքական ուղղուածութիւնն աւելի կը  մօտենայ Ռուսաստանին եւ Չինաստանին, սա ինքնին նշանակում է, որ Միջին Արեւելքի տագնապների հարցում նոր ճակատ կը բացուի Արեւմուտքի դէմ, որի գլխաւոր դերակատարներից է դառնալու Իրանը:

Ահաւասիկ, տարածաշրջանի իրադարձութիւնների զարգացումները ենթադրել են տալիս, որ մրցակցող կողմերի միջեւ չկայ քաղաքական տրամադրութիւնների փոփոխութեան նշան:

Ներկայ դրութեամբ` համաշխարհային եւ տարածաշրջանային բազմակողմ ուժերը Միջին Արեւելքում բոցկլտացող յեղափոխութիւնների կրակի հետ են խաղում, եւ յայտնի չէ, թէ շիկացած կրակի լեզուակները ո՛ր տէրութեանն են լափելու իրենց մէջ, իսկ  միւսներից ո՛ր մէկի շահերը երաշխաւորելու տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում:

ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ

«Ալիք»

Տես`

www.sharghnewspaper.ir
– «Համշահրի տիփլոմաթիք» ամսաթերթ
– «Քաղաքական-տնտեսական Էթթելաաթ» հանդէս
– Համացանցային լրատուական գործակալութիւններ

 

Share this Article
CATEGORIES