ԱՐՑԱԽԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ 1991-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՀՌՉԱԿՈՒԵՑ ԼՂՀ-Ն

Ազերիներու կողմէ լքուած ինքնաշարժներուն թիւերով կառուցուած պատ։ (Լուսանկարը՝ Սանահին Թորոսի)

1991 թուականի յունուարին, ապրիլին, անգամ օգոստոսի կէսերին Արցախում, Հայաստանում կամ սփիւռքում դժուար էր հաւատալ կամ պատկերացնել, որ շուտով` սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղը հռչակելու է իր անկախութիւնը: Պէտք է յետադարձ հայեացք նետես ոչ վաղ անցեալի պատմութեանը, աչքի անցկացնես ժամանակագրութիւնը, որպէսզի պարզ լինի, թէ ինչպիսի ծանր, անյուսալի թուացող, հակասական, բայց նաեւ հերոսական էր 1991 թուականը հայ ժողովրդի համար ընդհանրապէս: Այդ թուականի առնուազն երկու ամսաթուեր գրանցուել ու մնալու են հայոց պատմութեան մէջ. սեպտեմբերի 2-ը, երբ Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախութիւնը, եւ սեպտեմբերի 21-ը, երբ Հայաստանը անցկացրեց անկախութեան իր հանրաքուէն:

Այսօր, այդ պատմական թուականից երկու տասնամեակ անց, կարելի է ասել, որ ընտրուեց ճշգրիտ տարբերակը: Ճիշդ է, անցնող քսան տարիների ընթացքում աշխարհի որեւէ պետութիւն, այդ թւում անգամ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախութիւնը, սակայն դա չի նշանակում, որ հաշուարկը եղել է սխալ: Պէտք է հասկանալ, որ անկախութեան ճանապարհը լի է բազմաթիւ խոչընդոտներով ու խութերով, այդ ճանապարհը կարող է տասնամեակներ տեւել: Սակայն եթէ ժողովուրդը հաւատում է անկախութեան գաղափարին, ապա հասնում է այդ երազանքին: Այդ երազանքը մի օր դառնում է իրականութիւն:

Եկէք միասին մտովի տեղափոխուենք քսան տարի առաջուայ այդ օրերը: Երբ 1991-ի օգոստոսին ձախողուեց յեղաշրջման փորձը Մոսկուայում, Խորհրդային Միութեան փլուզումը աւելի արագացաւ: Խորհրդային բոլոր հանրապետութիւնների համար արդէն դարձաւ ակնյայտ, որ կայսրութեան տէ ժիւրէ գոյութիւնը շաբաթների ու ամիսների հարց է ընդամէնը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ խորհրդային 15 հանրապետութիւններից միայն վեցը` Պալթեան երեք երկրները` Լաթվիա, Լիթուանիա, Էսթոնիա, ինչպէս նաեւ Մոլտովան, Վրաստանը եւ Հայաստանը, իրենց անկախութիւնը հռչակել էին նախքան 1991-ի օգոստոսը: Միւս ինը հանրապետութիւնները, այդ թւում նաեւ Ազրպէյճանը, անկախութիւն հռչակեցին միայն օգոստոսեան ձախողուած յեղաշրջման փորձից յետոյ միայն:

Ազրպէյճանի անկախութեան հռչակումը, որը տեղի ունեցաւ 1991-ի օգոստոսի 30-ին, Արցախի ղեկավարութեանը եւ ժողովրդին կանգնեցրին փաստի առաջ: Հայաստանը իր անկախութիւնը հռչակել էր մէկ տարի առաջ`  1990թ. օգոստոսի 23-ին: Շատ կարեւոր մի իրողութիւն կայ այստեղ. Հայաստանն իր անկախութիւնը հռչակել էր Խորհրդային Հայաստանի` այսինքն` շուրջ 30 հազար քառակուսի քիլոմեթր տարածքի վրայ` առանց Արցախի կամ ինչպէս ընդունուած էր ասել` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ): 1991թ. սեպտեմբերի 21-ին, երբ տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան հանրաքուէն, այն անցկացուեց 30 հազար քառակուսի քիլոմեթր տարածքի վրայ` առանց Արցախի: Այսպիսով, 1991թ. Մոսկուայի օգոստոսեան խռովութեան օրերին Արցախը տէ Ժիւրէ Հայաստանի մաս չէր, իսկ տէ ֆաքթօ պատերազմի վայր էր հայերի ու ազրպէյճանցիների միջեւ: Պատերազմի այս` առաջին փուլում, որը կարելի է անգամ համարել նախապատերազմեան շրջան, առաւելութիւնը ակնյայտօրէն Ազրպէյճանի կողմն էր:  Միւս կողմից, Արցախը հոգեվարքի մէջ գտնուող Խորհրդային Միութեան մաս էր կազմում, Խորհրդային Միութեան քարտէսներում ԼՂԻՄ-ը նշւում էր Ազրպէյճանի կազմում, Քրեմլինի պաշտօնեաները Ստեփանակերտ այցելելու համար նախ մեկնում էին Պաքու: Ճիշդ է, Արցախը որեւէ կերպ չէր ընդունում Ազրպէյճանի գերիշխանութիւնը, սակայն 1990-1991 թուականներին, յատկապէս 1991-ի մայիս-յուլիս ամիսներին, երբ խորհրդային հրասայլերի ու զինուորների օգնութեամբ ազրպէյճանական զինուած խմբաւորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախեան դիմադրութիւնը, Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարութեան մի ստուար հատուած կողմ էր արտայայտւում քաղաքական բանակցութիւններ վարել Պաքուի հետ` դա համարելով չարեաց փոքրագոյնը:

Եւ ահա, երբ 1991-ի օգոստոսի 30-ին Ազրպէյճանը հռչակեց իր անկախութիւնը, Արցախին այլ բան չէր մնում, քան նոյնպէս հռչակել իր անկախութիւնը: Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցաւ ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունուեց  հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի «Խորհրդային Միութեան կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու կարգի» մասին օրէնքը: Այդ օրէնքի առանցքը Խորհրդային Միութեան կազմից դուրս գալու հանրաքուէի գաղափարն էր: Եթէ միութենական հանրապետութիւնը ցանկանում է դուրս գալ Խորհրդային Միութեան կազմից, ինչը թոյլատրում էր սահմանադրութեան 72-րդ յօդուածը, ապա ընթացակարգը հանրաքուէն է` ժողովրդական քուէարկութիւնը: Այսպիսով, Արցախն իր անկախութիւնը հռչակեց տէ ժիւրէ գոյութիւն ունեցող Խորհրդային Միութեան օրէնսդրութեան տառին ու ոգուն համապատասխան` չխախտելով որեւէ օրէնք եւ ընթացակարգ:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում տեղի ունեցաւ հանրաքուէ, արցախահայութիւնը բացարձակ մեծամասնութեամբ անկախ պետութիւն կերտելուն «այո» ասաց:

Ճիշդ է, արցախեան շարժումն սկսուել էր Միացումի գաղափարով, սակայն իրողութիւններն ինչ որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրութիւն, որը, տարիների հեռուից դատելով, կարելի է ասել` լաւագոյն ընտրութիւնն էր: Եթէ Արցախը իրեն հռչակէր Հայաստանի մաս, ապա միջազգային հանրութեան համար դա ընկալելի չէր լինի, աւելին` Հայաստանը անընդհատ դիւանագիտական հարուածներ կը ստանար:

Վերջին քսան տարիներին աշխարհի քաղաքական քարտէսի վրայ յայտնուել են տասնեակ նոր պետութիւններ, որոնցից վերջինը Հարաւային Սուտանն էր: Ե՞րբ է գալու Արցախի տէ ժիւրէ ճանաչման օրը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES