ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՒՈՐ ՃՇԴՈՒՄՆԵՐ. 1921 ԹՈՒԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՊՈԼՇԵՒԻԿ-ՔԵՄԱԼԱԿԱՆ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Իննսուն տարի առաջ այս օրը` 1921 թուականի մարտի 16-ին, Մոսկուայում կնքուեց պոլշեւիկ-քեմալական 16 կէտերից կազմուած դաշնագիրը, որն ուղղակիօրէն վերաբերում էր նաեւ Հայաստանին: Հէնց այդ չարաբաստիկ դաշնագրի հիմքով եւ նոյն տարուայ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի վերահաստատումով մեր երկիրը զրկուեց ոչ միայն աւելի քան քսան հազար քառակուսի քիլոմեթր տարածքից, այլ իր հիմնական խորհրդանիշերից` աստուածաշնչական Արարատ սարից, Բագրատունեաց չքնաղ Անի մայրաքաղաքից, Կարսից ու հայկական միջնաշխարհից` Նախիջեւանից:

Հայկական պատմագրութեան մէջ եւ ներքաղաքական խօսակցութիւններում գրեթէ անվիճելի ճշմարտութիւն է ընդունւում այն պնդումը, թէ 1921 թուականի մարտի 16-ի Մոսկուայի, ապա դրան յաջորդած Կարսի հոկտեմբերի 13-ի պայմանագրերը համեմատաբար աւելի տանելի են, քան 1920 թուականի դեկտեմբերի Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որը ստորագրել են Ալեքսանտր Խատիսեանն  ու Քեազիմ Քարապեքիրը, այսինքն` Հայաստանի Առաջին հանրապետութիւնն ու քեմալականները:

Մի կողմ թողնելով այն վէճը, թէ այս երեք պայմանագրերից որն է օրինական, որը` ապօրինի, եկէք միասին կարդանք այս երեք փաստաթղթերը եւ տեսնենք, թէ որն է աւելի վատը:

Ալեքսանդրապոլի դաշնագրի երկրորդ կէտով` «Կարսի նահանգը եւ Սուրմալուն (Արարատեան դաշտը Արաքսի աջ ափին- Թ. Յ.) համարւում են վիճելի մինչեւ երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարութիւնը կարող է յայտարարել հանրաքուէ` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը: Հանրաքուէի ժամանակ այնտեղ պէտք է մտնի հայ-թուրքական խառը ոստիկանութիւն»: Այսինքն, թէեւ 1920 թուականի աշնանը քեմալականները Քարապեքիրի հրամանատարութեամբ գրաւել էին Կարսը, Սուրմալուն ու անգամ Ալեքսանդրապոլը (այսօրուայ Գիւմրին), սակայն դեկտեմբերի 2-ի պայմանագրով Կարսն ու Սուրմալուն համարւում էին վիճելի եւ դրանց ճակատագիրը որոշուելու էր հանրաքուէով: Խորհրդային Հայաստանը արտաքին գործերի նախարար Ասքանազ Մռաւեանի ստորագրութեամբ Կարսից ու Սուրմալուից գրաւոր հրաժարուեց 1921 թուականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով:

Ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա Ալեքսանդրապոլի դաշնագրի 13-րդ կէտով` «Շարուրը եւ Նախիջեւանը ժամանակաւորապէս օժտւում են ինքնավարութեամբ` գտնուելով Թուրքիայի հովանաւորութեան տակ, մինչեւ որոշուի նրանց բախտը»: Մոսկուայի պայմանագրով արդէն աւելի յստակեցուեց, թէ ում է պատկանելու Նախիջեւանը: «Երկու կողմերը համամիտ են, որ Նախիջեւանի մարզը սոյն պայմանագրի Ա. յաւելուածում նշուած սահմաններում կազմի ինքնավար տարածք` Ազրպէյճանի խնամակալութեան ներքոյ, պայմանով, որ Ազրպէյճանը սոյն խնամակալութիւնը չի զիջի երրորդ պետութեան»,- ասւում է Մոսկուայի դաշնագրի երրորդ յօդուածում: Այսպիսով, Նախիջեւանի` Ազրպէյճանին փոխանցելու որոշումը կայացուել է ոչ թէ Ալեքսանդրապոլի, այլ Մոսկուայի պայմանագրով:

Պատմութեանը, որքան էլ այն դառը լինի, չի կարելի մօտենալ ընտրողաբար. մոռացութեան տալ այն հատուածները, որոնք քո համար անընդունելի են եւ շեշտադրել այն հատուածները, որոնք քաղաքական օգուտներ կարող են ապահովել: Այս առումով, անկասկած, որպէս փաստաթղթեր Մոսկուայի ու Կարսի դաշնագրերը շատ աւելի հակահայկական են, քան Ալեքսանդրապոլի դաշնագիրը:

Փաստաթղթերից բացի գոյութիւն ունի իրական վիճակ գետնի վրայ: Ինչպէս յայտնի է, 1920 թուականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացուեց: Սակայն դա չէր խանգարում, որպէսզի քեմալականները շարունակեն բռնագրաւման տակ պահել Ալեքսանդրապոլն ու շրջակայ  տարածքները եւ հայկական բնակավայրերում մահ ու աւեր սփռեն: Բառերով, որքան էլ սուր լինեն, անհնար է նկարագրել այն աւերածութիւններն ու գազանութիւնները, որ թողնում էին քեմալականները գրաւեալ հայկական հողում: 1920 թուականի նոյեմբերից մինչեւ 1921 թուականի ապրիլ Ալեքսանդրապոլն ու շրջակայ տարածքները մնացին քեմալականների ձեռքում:

Մռաւեանը Ազրպէյճանում Խորհրդային Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչ Միքայէլ Աթաբէկեանին եւ Կրիկորի Օրճոնիքիծէին յղած հեռագրում ընդգծում է, որ «թուրքերը կատարելապէս լկտիացել են» ու «քամում են կիսաքաղց երկրի վերջին հիւթերը»: «Երկիրը դատապարտուած է սովամահութեան, գնդակահարում են բոլորովին անմեղ բանուորների, քաղաքացիներին ուղարկում են Էրզրում, աննկարագրելի գազանութիւնների բազմաթիւ դէպքեր կան»:

Քեմալականները Ալեքսանդրապոլի շրջանից հեռացան միայն 1921-ի ապրիլի 22-ին` ռուսների ճնշման տակ: Ռուս պոլշեւիկները Ալեքսանդրապոլը Քարապեքիրի զօրքերից ազատելու համար որպէս հիմնաւորում բերում էին հէնց Մոսկուայի դաշնագիրը: Սա եւս պատմական փաստ է:

Սակայն, անգամ մարտի 16-ին ստորագրուած Մոսկուայի պայմանագրից յետոյ թուրքերը չէին հեռանում Հայաստանից: Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդային կոմիսար Կրիկորի Չիչերինը Օրճոնիքիծէին ու քեմալականների մօտ դեսպան Պուտու Մտիվանուն յղած հեռագրում ընդգծում է, որ «անհրաժեշտ է Ալեքսանդրապոլն անյապաղ ազատել թուրքերից»: «Մեր անունից կտրական բողոք յայտնէք Քարապեքիր փաշայի այն յայտարարութեան դէմ, թէ նա չի ցանկանում ազատել Ալեքսանդրապոլը եւ Ազգային մեծ ժողովի կառավարութեանը հաղորդեցէք, որ մենք վճռականապէս պնդում ենք, որ թուրքական զօրքերն անյապաղ հեռանան Մոսկուայում որոշուած սահմանից այն կողմ: Մատնանշէք, թէ ինչ ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ թուրքական զօրքերի ընդհարումը կարմիր բանակային զօրամասերի հետ»,- գրում էր Չիչերինը:

Ապրիլի 22-ին 11-րդ  կարմիր բանակի զօրամասերը Միխայիլ Վելիքանովի հրամանատարութեամբ մտնում են Ալեքսանդրապոլ: Ապրիլի վերջերին Հայաստանի ներքին գործերի ժողովրդային կոմիսար Պօղոս Մակինցեանը «կոմունիստէ թերթի հետ զրոյցում  ներկայացնում է Ալեքսանդրապոլի եւ գաւառի վիճակը. «քաղաքն աւերուած է: Ահա առաջին տպաւորութիւնը, որ ստանում ես քաղաքից` թուրքերի գնալուց յետոյ: Գտնուել են մեծ կոտորածների հետքեր: Միայն Նալբանդ կայարանի մօտ ձորում, որտեղով ես անձամբ անցայ ու տեսայ, կան մօտ 3000 դիակներ»:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս»ի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES
TAGS