ԵՐԳԵՐԷՆ ԱՆԴԻՆ…

«Բարձրագահ Աբուլն ու մթին սարեր
Մէջք-մէջքի տուած կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջաւախքից էլ վեր`
Բռնած պահում են մի ուրիշ աշխարհ»:

Փարւանայի ափի կախարդական շշուկներուն ու հրաւէրներուն ունկնդիր` «Փարւանա» առասպելը փառերգած հանճարեղ Յ. Թումանեանը միակ քերթողը չէր, որ կանգ պիտի առնէր Ջաւախք աշխարհի վեհափառ լեռներուն եւ անդնդախոր ձորերուն, հազարերանգ դաշտերուն եւ գեղատեսիլ ամպերուն դիմաց` երգելու լուսաջինջ խորհուրդն ու հմայքը այն «ուրիշ աշխարհին», որ ոգի է եւ աչք ու արիւն ալեկոծող մրրկաշունչ խռովք, հոգեկան երանութիւն եւ երկինքն ի վեր խոյացող յաղթագոռ հպարտութիւն: Ջաւախքի առասպելական անցեալի էջերէն «Թմկաբերդի առումը» պոեմը լուսագրած Ամենայն Հայոց Բանաստեղծը անշո՛ւշտ որ առանձին պիտի չմնար իր ջաւախքասիրութեան մէջ, որովհետեւ Վահան Տէրեանի յայտնութեամբ խորացած ու ծաւալած այս բացառիկ սէրը իր առինքնող թափին մէջ պիտի առնէր, չէր կրնար չառնել մեծանուն բանաստեղծին սերնդակից եւ իրմէ ետք լոյս աշխարհ եկած բազում քերթողներ, որոնք իրենց աչքերը Աստուծոյ հրաշագեղ պատկերին բացին այդ օրհնեալ հողին վրայ կամ վեհ ու վերամբարձ, աննման ու լուսաջինջ, դիւթական ու բազմախոց այս «ուրիշ աշխարհ»ը քնարերգեցին Վահան Տէրեանի ոսկեձայն քնարին թախծաշեշտ արձագանգներով:

«Մշուշի միջից,- տեսիլ դիւթական,-
Բացւում է կրկին Նայիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կայ այնքան,
Եւ այնքա՛ն ներում – ո՞ր երկրի սրտում…»,

ուր «զոհաբերումն այնպէս խնդագին» է, հոգին` անհաւատալի ըլլալու աստիճան «այնպէս վիրաւոր», «Եւ անպարտ երկիրն այնպէս արիւնոտ»:

Ուր կշռոյթ ու թափ առած են ո՛չ միայն Վահան Տէրեանի նուրբ հոգիին գերզգայուն լարերուն կշռոյթներով կարկաչած քնարերգութիւններուն մեծագոյն մասը, այլեւ` բազում քերթողներու սիրոյ ու ցաւի տաղերը` Դերենիկ Դեմիրճեանէն մինչեւ Մկրտիչ Սարգսեան եւ Ջիւանիէն մինչեւ նշանաւոր այլ քերթողներ…

… Եւ աւելի՛ն: Որովհետեւ Ջաւախքի հարազատ որդիներուն սրտայոյզ երգերուն չափ հոգեզմայլ ու առինքնող են այս հեքիաթային աշխարհի մէջ չծնած ու չապրած հաւատաւորներուն նոյնքան քաղցրահունչ տաղերը, երգերը Եղիշէ Չարենցի եւ Սիլվա Կապուտիկեանի, Վահագն Դաւթեանի եւ Լիւդվիգ Դուրեանի, Համլետ Կարճիկեանի եւ Թաթուլ Բոլորչեանի, որոնք այս հրաշագեղ հայաշխարհին հանդէպ իրենց ունեցած սէրն ու ազնուագոյն ապրումները երգեցին Վահան Տէրեանի նուիրուած քերթուածներով:

Սիրոյ եւ հաւատարմութեան քաղցրահունչ տաղարան մըն է հայրենի բանաստեղծ Վարդան Վանատուրի կազմած «Ջաւախքը երգերի մէջ» անուն ժողովածուն: Առաջինը իր տեսակին մէջ, որ, «բնականաբար, զերծ չէ ինչ-ինչ թերութիւններից», ինչպէս ամենայն համեստութեամբ կը խոստովանին հատորը կազմած եւ խմբագրած բանաստեղծները` Վարդան Վանատուր եւ Բագրատ Ալեքեան, քերթողագիրքը ընթերցողին դատաստանին յանձնած իրենց կարճ բացատրագիրով:

Էականը ա՛յն է, սակայն, որ այսօր կայ, գոյութիւն ունի «Ջաւախքը երգերի մէջ» բանաստեղծական այս կրկնապէս յուզիչ գրական յուշարձանը: Եղած է, կայ եւ պիտի շարունակէ գոյութիւն ունենալ տոկուն, մարտունակ եւ բազում սպառնալիքներ յաղթահարած անպարտելի Ջաւախքը: Այս փոքրիկ ու մեծ լեռնակղզին, որուն ուղիներով ծանօթ ու անծանօթ բազմաթիւ ճամբորդներ են անցած, որուն լեռներուն չափ հզօր ու ազատատենչ իր որդիները ապրած են հազար ու հազար զոհողութիւններով, որպէսզի իրենց հայրենի հողը լուսաւոր առաւօտներ դիմաւորէ միայն եւ հեռու մնայ ամէն տեսակի չար ոտքերու աւերէն ու բռնութիւններէն:

Այո՛, այս քերթողագիրքը հրաւէր մըն է: Կամքի, հաւատքի եւ պայքարի քաղցր հրաւէր մը, որպէսզի ապրի Ջաւախքը եւ երբե՛ք չկրկնուի անցեալի տխրայուշ պատմութիւնը:

Ջաւախքի հայաթափման վտանգին ի տես` այս հատորը նաեւ օգնութեան կանչ է, ուղղուած` ողջ հայութեան եւ, առաջին հերթին` նոյնինքն ջաւախքցիներուն:

Բայց նաեւ` ուխտ ու պատասխան:

«Ջաւախքն ապրում է եւ պիտի ապրի, յարատեւի իր զաւակների աննկուն կամքի հաստատումով եւ ապագայի նկատմամբ հոգելի հաւատով յաւիտեան…»:

Ա՛նկասկած:

Ս. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ

 

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ

1905 թուին, ամառը Ախալքալաքի գաւառում էի: Թափառումներիս ընթացքին հիւր եղայ Վահանենց ընտանիքի մօտ, Գանձա գիւղում:

Շրջակայ գիւղերից ահագին բազմութիւն կար հաւաքուած: Մի քանի ձեռք դաւուլ-զուռնա կար, կային եւ աշուղներ` սազերը կրծքերից կախ: Որոտում էին դաւուլ-զուռնաները եւ ուխտաւորների խմբերը պարում էին մատուռի շուրջը:

Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին եւ քէֆ անողներին:

Վահանի լեզուն բացուել էր, այլեւս չէր քաշւում ինձանից:

– Նայի՛ր,- ասում էր Վահանն ինձ,- ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գիւղացիները, ի՜նչ մտահոգ դէմքեր` արեւով, անձրեւով այրուած ու բովուած: Ի՜նչ դառն աղքատութիւն է կաթում վրաններից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թախծոտ ուրախութիւն է այս: Իբրեւ թէ ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչ վիշտ ու մորմոք կայ սրանց ուրախ երգերի մէջ: Դարերի տառապանքն է խօսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ո՞ւր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանեանը եւ դու, միայն երկուսդ, զգում էք մեր ժողովրդին:

Միւս օրը առաւօտեան, գնացինք տեսնելու Փարվանա լիճը եւ նրա ճերմակ ամրոցը, որը թէեւ առասպելը սուզել էր ջրի տակ, բայց ինչպէս վկայում են գիւղացիները, սուր աչքը վճիտ պահերին կարող է նշմարել բուրգերի ծայրերը…

Բարձրացանք մի բլրի վրայ, որ իշխում էր շրջակայքին: Վահանը յափշտակուած նայում էր` հայեացքը թափառելով ամէն կողմ եւ արտասանեց իւրովի

Յ. Թումանեանի «Փարվանայից» –

«Բարձրագահ Աբուլն ու Մթին սարեր»…

– Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը եւ նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…

– «Այս պատանու հոգին,- մտածում էի ես – պարուրուած է երազով, ինչպէս իր հայրենի լեռներն ու լճակները կապոյտ մշուշով»…

Գեղեցիկ գիւղ է Գանձան, բարձրադիր, ձորի վրայ կախուած, հոյակապ բնութեան մէջ:

Յոգնած արեւը թեքւում է դէպի Աբուլ լեռը…

Օ՜, Գանձայի քնարական երեկոներ, դուք թռցրիք Վահանի հոգին բանաստեղծական եւ գերզգայական ոլորտները, դուք անմահացաք նրա տաղանդի կախարդանքով, դարձաք երգ ու հեքիաթ, մաքուր սփոփանք եւ բարձր արուեստ…

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

(Հատուած)

 

ՋԱՒԱԽՔԸ ԵՐԳԵՐԻ ՄԷՋ


Փարւանա

Ախալցխա

ԴԷՊԻ ՏՈՒՆ

Օրը գնաց. տարաւ ճրագն երկնքի
Ու մարելով` փակեց դուռը ետեւից,
Մթնաժոռեց լեռնադաշտը վայրենի,
Սրթսրթում է քամին ազատ, հայրենի:

Ահա կապոյտ անդունդներից դուրս եկան
Մանկութ աստղերս իրենց ժպիտով մանկական.
Ճահի՜ճս ահա իր լռութեամբ սիրելի:
Եղէգնե՜րս միշտ մտորուն, թախծալի:

Օ, հայրենի՜ք, դաշտե՜ր մանկութ վայրենի,
Ես զգում եմ վրաս մի ձեռ գուրգուրոտ,
Որ քաշում է ինձ դէպի քունն հայրենի,
Մի քուն յաւերժ, այստեղ դաշտում երկնամօտ:

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃԵԱՆ

1910թ.

***

Ինչպէ՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզուած,
Պարզուած վերըստին սրերին սուրսայր.
Ինչպէ՞ս չըսիրեմ, հեզութեամբ լցուած
Դու, եօթնապատի՛կ խոցուած Տիրամայր…

Որքան որ ելան` արիւնիդ ագահ,
Դու կամաւոր զոհ-բոլորը տուիր.
Դու յաւէտ եղար անարատ վըկայ-
Չարերի կոխան, խաչուա՛ծ իմ երկիր:

Հրկէզ քո հոգին, որպէս առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու, արքայաբար` վեհ ու անհպարտ:

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահաւորուի՛ր խանդով խնդագին,
Վառի՛ր երկունքի գիշերում խաւար
Հրով մկրտուած նայիրեան հոգին…

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ

1915

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Դու արդէն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդէն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորից կը գաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրեւը լայ:

Երբ իջնի գիշերը ու անցած յուշերը,
Անցածի փշերը դառնօրէն խոցեն-
Ո՜րբ մենակ կը գաս դու եւ կ՛երգես քո սէրը,
Որ վերջի՜ն մեր սէրն է աշխարհում գուցէ:

Որբ, մենակ կը գաս դու եւ նորից քո երգը
Կը վառէ սրտում մեր կարօտանք ու սէր,
Անարեւ սրտում մեր կը վառէ քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսէ:

Եւ նորից կը զգան, որ մեր սրտին դու մօ՜տ ես,
Մորմոքող հրի՛ պէս մեր հիւանդ արեան,
Որ լուսէ երգին քո մեր հոգին կարօտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տէրեան…

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

1920

ՏԷՐԵԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

Այնպէս ներող են այստեղ սարեր, դաշտեր ու արօտ,
Այնպէս փափուկ են փակւում ծաղիկները փաղաքուշ,
Ասես շնչող քո կրծքից երգաշշունջ մի կարօտ
Դեռ գալիս է ու փռւում, ու դեռ տանջում է անուշ:

Այստեղ ամէն, ամէն ինչ քո երգով է շաղախուած,
Ժամի զանգերը լռած ղօղանջում են քո երգով,
Քո բառերով են իջնում մայրամուտ ու լուսաբաց
Քնքուշ, որպէս մութի թեւ, տրտում, որպէս երեկոյ:

Մթնշաղերը այն որբ ու աղբիւրները մանուկ
Քեզանով տէր ունեցան, օծուեցին շող ու շաղով.
Օրօրները տնօրեայ, հովուի կանչերը պարզուկ
Քո տողերով սրբացան, դարձան օրհնանք ու աղօթք:

Եւ այն ներող հիւղերը, հողուորները` շուրթը փակ
Մի առաւօտ զարթնեցին` գուրգուրուած ու վեհաշունչ.
Յիշողութեամբ օժտեցիր այս լեռները, եւ նրանք
Արմատի ուժն զգացին երակներում իրենց մունջ:

Ինչ միայն քար էր ու կաւ, դու մի նորոգ աստծու պէս
Արարեցիր վերստին, տուեցիր բոյր ու թրթիռ,
Ու մի պատառ այս հողը, որ լքուած հող էր կարծես,
Դու հայրենիք դարձրիր…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ

1985թ.

ՋԱՒԱԽՔ

Այնտեղ սրտի պէս սարերը բա՜ց են,
Եւ սրտի նման աղբիւրները պարզ,
Ծաղիկներն այնտեղ շաղերով թա՜ց են,
Երկինքը կապո՜յտ, երկինքը երա՜զ…

Կապոյտ լեռները ննջում են մուժում,
Արտում ձգւում է բարակ սայլուղին,
Կարօտի անուշ երգեր է յուշում
Գետակի վրայ կորացած ուռին…

Եւ այն հանդերում, արտերում արձակ,
Այն խոր ձորերում, գետափին այն ջինջ,
Մի խենթ մանկութիւն երգի պէս անցաւ,
Եւ մի սիրոյ վառուեց սիրով առաջին…

Հանդերում մնաց սեւաչ լեռնուհին,
Գարնան արեւոտ անձրեւի ներքոյ,
Քեզ հեռու տարաւ բարակ սայլուղին,
Քեզ ուրիշ ափեր կանչեցին երգով…

Բայց միշտ թովեցին հանդերը արձակ,
Լեռները կապոյտ, աղբիւրները ջինջ,
Ուր մի մանկութիւն երգի պէս անցաւ,
Եւ մի սիրտ վառուեց սիրով առաջին…

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍԵԱՆ

1958

ՋԱՒԱԽՔԻ ԱՌԱՒՕՏ

Արեգակի շողերը ձիգ, ջութակի ձիգ լարեր,
Թիթեռների թրթռացող թեւն է կպչում նրանց…
Ծաղիկները ցօղ շաղելով սկսում են պարել,
Կանաչ պարով արտն է վազում, ուրախ վազում հերանց:
Գետի ջրերն են եղէգի ստուերի հետ պարում,
Ուռենիներն հմայքն իրենց բորբոքում են պարով,
Ճիչով ճախրով ծիծառներն են պարով վերուվարում,
Պարով սահում են ամպերը կապոյտ ճանապարհով:
Լցւում են աղջիկները պարո՜ղ, պարո՜ղ լոյսով,
Աղբիւրի մէջ նրանց պարող ծիծաղն է վարարել,
Բայց բոլորի՜, բայց բոլորի՜ պարը միահիւսող
Իմ Փարւանա լիճն է պարում ալիքներով արեւ:

ԼԻՒԴՎԻԳ ԴՈՒՐԵԱՆ

1971

ՋԱՒԱԽՔ

Վահան Տէրեանի յիշատակին

Երկինքներն այնտեղ նման են ծովի`
Ափերին կանգնած արեւ ես գրկում,
Ոտքերիդ փարւում ամպերը ծաւի
Ու քեզ պահում են ծաղկոտ երկնքում:

Աղբիւրներն այնտեղ նման են սիրոյ,
Խմում ես, խմում բայց չես յագենում,
Հաւքերը այնտեղ ճախրում երամով`
Ծիածաններ են թեւերին տանում:

Լճերը այնտեղ նման են ցաւի,
Ինչպէս հանճարեղ ու զուլալ արուեստ,
Որ քեզ հանում են ցաւի անձաւից`
Դէպի ցնծութեան բարձունքները վէս…

Հովերը անտեղ համբուրում են զով,
Իսկ յետոյ… այրում խենթ ու անանուն,
Հողմերը այնտեղ ընկած են քնով,
Բայց իրենց ուժը լաւ են հասկանում…

Ծաղիկներն այնտեղ նման են վէրքի.
Կարող ես գգուել, բայց պոկել` բնա՜ւ…
Գագաթներն այնտեղ նման են երգի,
Որ չեն կարող միշտ ամպերում մնալ…

Սերունդներն այնտեղ նման են լոյսի`
Յար արարչագործ, ե՛ւ արդար, ե՛ւ սէգ,
Եւ լեռների հետ յաւերժ ուս-ուսի`
Աստղոտ են պահում երկինքն անեզերք…

ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿԵԱՆ

ՋԱՒԱԽՔԻ ՀԱՅԵՐԻՆ

Ձեր մէջ արեւն է անում հարսանիք,
Դուք արեւի պէս արեւ ինձ համար,
Երգ ու ծիծաղ էք, խինդ ու հայրենիք,
Ջաւախքի նման բարձր ու խոնարհ…

Դուք բարութիւն էք, անմարելի յոյս,
Աստծու ճամբորդը ե՛ւ պարզ, ե՛ւ յամառ,
Դուք ծովածաւալ կենդանութեան լոյս,
Ծիածանագոյն հրաշք մի աշխարհ…

Դուք յաւերժի հետ չէք ապրում օտար,
Դուք յաւերժի պէս յաւերժ անսահման,
Չարին վանում էք եւ չէք ապրում չար,
Ձեր երկրի կերպով լոյս էք աննման…

Ձեր մէջ արեւն է անում հարսանիք,
Դուք արեւի պէս արեւ ինձ համար,
Երգ ու ծիծաղ էք, խինդ ու հայրենիք,
Ջաւախքի նման բարձր ու խոնարհ:

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈՒՐ

Share this Article
CATEGORIES